ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԱՍԱՃԻՒՂԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԵՒ ԱՆԴԱՄՆԵՐ,
Հայ Ոսկերչական Գործի Նուիրեալ Վարպետ-ստեղծագործողներ,

Ոսկերչութիւնը եղել եւ մնում է մեր ժողովրդի դարերից ժառանգած այն մասնագիտութիւններից մէկը, որն իր աւանդոյթներով եւ իւրայատուկ մեկնաբանութիւններով եւ կատարումներով առանձնացել է, տարբերուել, գնահատուել ու արժեւորուել աշխարհի ամենատարբեր երկրներում, հասարակութեան ամենաբարձրաճաշակ խաւերի կողմից: Հայ ոսկերչութիւնը գնահատուել է որպէս արուեստ, ստեղծագործութիւն, բարձրայարգ մետաղի եւ թանկարժէք քարերի ձեւաւորմամբ:
Մենք բարձր ենք գնահատում հայ վարպետների տաղանդը, հիանում եւ հպարտանում ձեզանով, ձեր յաջողութիւններով, որ ձեր գործերով փառք էք բերում հայ ժողովրդին: Իւրայատուկ եւ ոգեւորիչ էր Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ընկերակցութեան-Խմբ.) կողմից Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20ամեայ յոբելեանի պայծառ օրը ոսկերչական աննախադէպ ցուցահանդէսի բացումը մայրաքաղաք Երեւանում:
Մեր նախարարութիւնը սիրով միացաւ հայ ոսկերիչների ասոցիացիայի այս նախաձեռնութեանը՝ բացելով ցուցահանդէսը, որը հաճելի անակնկալներ պարգեւեց այցելուներին, հմայելով ոչ միայն հայերին, այլ մեր հազարաւոր հիւրերին, որ Հայաստան էին ժամանել մեր տօնախմբութիւններին մասնակցելու համար:
Աշխարհի բազմաթիւ ցուցասրահներում, հարիւրաւոր ոսկերչական սրահներում եւ անհատական հաւաքածուներում հայ ոսկերիչների տաղանդն ու ճաշակը ներկայացուել է առանձնայատուկ ոգեւորութեամբ ու դրսեւորումներով, իսկ Հայաստանում այն ապացուցեց մեր աշխարհասփիւռ հայութեան իր արմատներին հաւատարիմ լինելու անմնացորդ նուիրումը: Մեզ հիացրեցին ձեր համարձակ, արդիական ու աւանդական լուծումները, բարձրաճաշակ զարդանախշերը՝ քարի եւ ոսկու սիմֆոնիան, որ ներկայացուեց Երեւանում:
Կամ ինչպէս չհիանալ, չհպարտանալ «Էսթե»չ ընկերութեան գործունէութեամբ Մոսկուայում, այն լայնածաւալ ցուացահանդէս կենտրոնով, որը տնօրինում է մեր հայրենակից, ոսկերչական աշխարհում յայտնի Գագիկ Գէորգեանը: Մարդ, ով ոչ միայն փորձում է հետեւողականօրէն համախմբել ոսկերիչ-մասնագէտներին աշխարհով մէկ, այլ իր գիտելիքների, կազմակերպչական հմտութիւնների եւ համբաւի շնորհիւ ղեկավարում է նաեւ Ռուսաստանի Դաշնութեան ոսկերիչների տնօրէնների խորհուրդը:
Մնայուն արժէքները, կայուն աւանդոյթները շարունակւում են, ստեղծւում են նորերը, ծնւում են նորանոր տաղանդներ: Այսպէս է ամէն բնագաւառում, ուր կայ ստեղծագործութիւն ու արարում: Այսպէս է նաեւ ոսկերչութեան մէջ:
Չեմ կասկածում, որ Լոս Անջելեսի միութիւնը կարող է լաւ օրինակ ծառայել այլ եկրների համար, քանի որ ձեր համայնքն ամէնաոսկերչաշատ համայնքն է, ամենայայտնի համայնքը եւ ամենակազմակերպուածը:
Լոս Անջելեսում ոսկերիչների համախմբումը, կուռ եւ մնայուն կառոյցի գործունէութիւնը կարող է մեծ օգուտ տալ հայ ոսկերիչների ասոցիացիային՝ դառնալ հիմնարար կառոյցներից մէկը:
Վստահ եմ, որ Հայրենիքի եւ Արցախի ոսկերիչների հետ համագործակցելով, դուք կ՛ունենաք նոր ձեռքբերումներ, նոր վերելքներ, կը փորձէք օգնել մէկդ միւսին, կը փոխանցէք, կը հաղորդէք ձեր փորձը, հմտութիւնները, գաղտնիքները հայ ոսկերիչների շրջանում:
Վստահ ենք, որ կը ստեղծուի աշխարահասփիւռ հայ ոսկերիչների հզօր ցանց, որը կ՛օժանդակի հայ ոսկերիչների ասոցիացիային: Կազմակերպչօրէն ամրապնդուելով առաւել միասնական եւ համախմբուած կը դառնաք եւ ձեր նպաստը կը բերէք Հայրենիք-Սփիւռք գործակցութեանը:
Առաջարկում եմ քննարկել եւ յաջորդ տարի գումարել հայ ոսկերիչների համահայկական խոշոր համաժողով եւ ցուացահանդէս Հայաստանում:
ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը սիրով կը դառնայ համակազմակերպիչն ու ձեր օգնականը այդ գործում:
Մաղթում եմ ամենայն բարիք ու արգասաբեր աշխատանք ձեզ եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող եւ ստեղծագործող հայ ոսկերիչներին:
Թող ոսկու պէս միշտ բարձր լինի ձեր աշխատանքների յարգը, թանկարժէք քարերի նման գնահատուած լինի ձեր աւանդը՝ ի շահ մեր երկրի բարօրութեան եւ այն ապագայի, որի կերտողն ենք մենք:
Օգտուելով առիթից ուզում եմ շնորհաւորել ոսկերիչներին, «Ասպարէզ»ի ընթերցողներին, խմ-բագրակազմին եկող տարուան առիթով, մաղթել, որ 2012ը լինի խաղաղութեան, կայունութեան եւ հայ ժողովրդի երազների իրականացման տարի:
Յարգանքով
ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Դեկտեմբերի 6, 2011