ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հայթայեան» ապրանքանիշը շուրջ երեք տասնամեակ է, որ Միացեալ Նահանգներում եւ երկրի սահմաններից դուրս ասոցացւում (կ՛առնչուի-Խմբ.) է բարձրակարգ ու նրբագեղ ոսկեայ զարդերի արտադրութեան ու վաճառքի հետ:
Լեւոն-Շանթ Հայթայեանի հիմնադրած ընկերութիւնը դարձել է որակի ցուցիչ ու նրբաճաշակ ոճի չափորոշիչ՝ արժանի տեղը զբաղեցնելով ոլորտի համաշխարային շուկայում:
«Հայթայեան»ի արտադրած ոսկեայ զարդերը նաեւ արուեստի իւրատեսակ գործեր են, որ յաւէրժականի խորհուրդն են կրում իրենց մէջ՝ ամփոփելով նաեւ հայ ոսկերչութեան դարաւոր աւանդոյթները:
Հայթայեան ապրանքանիշի Բեվերլի Հիլզում գտնուող «Լիօն՛զ» խանութ-սրահն էլ իր իւրատեսակ փայլքով շուրջ մէկ տասնամեակ ամերիկեան բարձրաճաշակ հասարակութեան, հոլիվուդեան աստղերի, եւ գեղեցիկը գնահատողների սիրուած ու նախընտրած վայրերից է:
«Գործը պէտք է սիրով անես, շունչ ու հոգի պէտք է տաս ոսկուն, քանզի այն ոչ միայն աչքն է գոհացնում, նաեւ՝ սիրտը»: Այսպէս է իր յաջողութեան բանաձեւը ներկայացնում Լեւոն-Շանթ Հայթայեանը:

Մասնագիտական ոլորտում, սակայն յաջողութիւնը ամբողջական չէր լինի առանց «բարձրացիր բարձրացրու» ՀՄԸՄական կարգախօսով նաեւ առաջնորդուող Լեւոն-Շանթ Հայթայեանի անձնական յատկանիշների, որ իր վառ անհատականութեամբ, բարերարի ու հայրենասէրի բարձր կոչումներով է հատել ազնուութեան սահմանները:
ՆԱՆԷ.- Ինչպէ՞ս տեղի ունեցաւ ձեր մուտքը ոսկերչութեան աշխարհ:
ԼԵՒՈՆ-ՇԱՆԹ ՀԱՅԹԱՅԵԱՆ.- «Հայթայեան» ոսկեայ զարդերի ընկերութիւնը հիմնադրել եմ 1978 թուականին: Մինչ այդ զբաղւում էի հագուստի բիզնեսով, սակայն իմ որոշ յաճախորդներ խորհուրդ էին տալիս եւ պարբերաբար խրախուսում էին ինձ փոխել գործունէութեանս ոլորտն ու զբաղուել ոսկերչութեամբ: Լոս Անջելեսի կենտրոնում ոսկեայ իրերի խանութն էր սկիզբը, այնուհետեւ հիմնեցի փոքրիկ արտադրութիւն, որտեղ ինքս էլ սովորեցի ոսկերչութեան արհեստը: Արդէն 25 տարի է «Հայթայեան» ընկերութիւնն իր յարկաբաժինն ունի քաղաքի ոսկերչութեան կենտրոնը համարուող Սենթ Վինսենթ շէնքում եւ տասը տարուց աւելի գործում է «Լիոնզ Բեվերլի Հիլզ» խանութ-սրահը:
ՆԱՆԷ.- «Հայթայեան» ընկերութիւնն առաջարկում է ոսկեայ զարդերի բազմազան տեսականի, որոնցից իւրաքանչիւրն օժտուած է միայն իրեն յատուկ նրբագեղութեամբ եւ գրաւչութեամբ: Ո՞րն է ձեր ապրանքանիշի առանձնայատկութիւնը:

ԼԵՒՈՆ-ՇԱՆԹ ՀԱՅԹԱՅԵԱՆ.- Ես յատկապէս ուշադրութիւն եմ դարձնում գոյներին, քանզի ինձ համար գոյների ամուսնութիւնը շատ կարեւոր է, ըստ այդմ, ոսկեայ իւրաքանչիւր զարդի վրայ նախընտրում եմ կիրառել գունաւոր քարեր: Միաժամանակ, դրանք պէտք է համադրուած լինեն ներդաշնակօրէն՝ չխախտելու համար նրբաճաշակութիւնը: Դրա համար չափազանց կարեւոր է նաեւ քարերի որակը, որոնք ձեռք ենք բերում տուեալ հումքի լաւագոյն վայրերից՝ Բիրմայից, Հնդկաստանից, Աֆրիկայից, Կոլումբիայից: «Հայթայեան»ը բազմաճիւղ ընկերութիւն է, որ առաջարկում է բազմաթիւ հաւաքածուներ. մատանիներ՝ տղամարդու եւ կանացի մասնաւորապէս գունաւոր, վզնոցներ, թեւնոցներ, բրոշներ, ականջօղեր, ժամացոյցներ: Ոլորտի մասնագէտները միանգամից ճանաչում են «Հայթայան» ապրանքանիշը:
ՆԱՆԷ.- Ձեր յաճախորդների թւում են բազմաթիւ ճանաչուած մարդիկ, ո՞րն է Ձեր յաջողութեան գրաւականը:
ԼԵՒՈՆ-ՇԱՆԹ ՀԱՅԹԱՅԵԱՆ.- Գործը պէտք է սիրել. ինչ պատրաստես պէտք է սիրով ու հաւատով անես ու շունչդ տաս մետաղին, որ այն ամբողջանայ, այլապէս՝ կը մնայ որպէս պարզ ոսկու կտոր: Ոսկերչութիւնն այն գործն է, որ միայն գովազդով չես կարող սիրաշահել յաճախորդին, պէտք է կարողանաս յաղթահարել ժամանակի փորձութիւնը եւ նուիրուած ու ճշգրիտ աշխատանքով վաստակես յարգանք ու վստահութիւն: Ասում են, աշխատանքում, ոսկերիչի աչքն ու սիրտը, այսինքն՝ տեսողականն ու զգայականը, զուգահեռ են գործում, քանզի նրա ստեղծած արտադրանքը միայն աչքը չէ, նաեւ՝ գնորդի սիրտը պէտք է գոհացնի: Հայթայեանը գործունէութեան 33 տարիների ընթացքում մշտապէս փորձել է համաքայլ լինել ժամանակի պահանջներին եւ արդիւնքում ունենք հաւատարիմ յաճախորդներ, որ գործունէութեան ողջ տարիների ընթացքում մեզ հետ են եղել եւ իրենց զաւակներին էլ երաշխաւորել են մեր ծառայութիւնը:
Հայ ոսկերիչները դարերի ընթացքում մեծ ներդրում են ունեցել համաշխարհային ոսկերչութեան ասպարէզում: Այսօր Հայթայեան ապրանքանիշը առաջարկում է նաեւ հայ ոսկերչական աւանդոյթները ներկայացնող զարդեր՝ մասնաւորապէս յայտնի մանրադրամներ հայ թագաւորների պատկերներով:
Հայ ոսկերչական արուեստը եւ հայերի արտադրանքը, մասնաւորապէս՝ ոսկեայ դրամները ոսկերչութեան պատմութեան մեր համաշխարհային մակարդակով զօրաւոր գործեր են: Հայերին աշխարհում շատերը ճանաչել են որպէս տաղանդաւոր ոսկերիչների: Այսօր էլ, աւանդոյթը շարունակւում է եւ աշխարհի տարբեր անկիւններում կարելի է գտնել հայ ոսկերիչների, ովքեր մեծ յարգանք են վայելում տուեալ համայնքում: Երբ ամերիկացիները շատ անգամ ասում են ոսկերիչս հայ է, կարծում եմ՝ դա մեծ պատիւ է, քանզի դա նաեւ նրբաճաշակութեան ցուցիչ է: Այս գործում ամենահաճելին այն է, որ յաճախորդը ուրախ տրամադրութեամբ է այցելում եւ հեռանում մեր մօտից: Օրինակ, բժիշկի կամ իրաւաբանի այցելուները որեւէ ցաւ կամ խնդիր ունեն, իսկ ոսկերիչին դիմում են միայն ուրախ առիթների համար եւ մենք էլ մեր յաճախորդների հետ վայելում ենք նրանց ուրախութեան պահերը: Մենք ինքներս էլ ջանում ենք ստեղծել հաճելի մթնոլորտ, քանզի ոսկեայ զարդ ստեղծողն ու վաճառողն էլ պէտք է դրական լինի, որպէսզի իր արտադրանքի միջոցով կարողանայ փոխանցել ուրախութիւն, դրական լիցքեր:
ՆԱՆԷ.- 11 տարի առաջ Բեւերլի Հիլզի սրտում բացեցիք «Լիօն՛զ Բեվերլի Հիլզ» ոսկեայ զարդերի խանութ սրահը, որ փաստօրէն, ձեր գործունէութեան նոր փուլն էր խորհրդանշում:
ԼԵՒՈՆ-ՇԱՆԹ ՀԱՅԹԱՅԵԱՆ.- 2000 թուականի Դեկտեմբերի 23ին բացեցինք մեր խանութ-սրահը, որտեղ առաջարկում ենք ոսկեայ զարդերի բազմազան ու շքեղ տեսականիներ: Հայթայեան ապրանքանիշի հետ միաժամանակ խանութում վաճառւում են Եւրոպական, մասնաւորապէս Իտալիայի, յայտնի դիզայներների եւ ոսկերիչների արտադրանք: «Լիօն՛զ»ի իւրաքանչիւր ոսկեայ զարդ միակն է իր տեսակով, բացառիկ եւ թուարգրուած: Փորձում ենք, որ նոյն մոդելը նոյն քաղաքում երկու տիկին չկրեն: Ընդունում ենք նաեւ անհատական պատուէրներ տարբեր առիթների համար: «Լիօն՛զ»ում ստեղծուած է մտերմիկ միջավայր, որտեղ յաճախորդները նաեւ վայելում են գեղեցկութեան պահեր: Եղել են դէպքեր, երբ խանութի այցելուները հէնց սրահում առաջարկութիւն են արել իրենց սիրելիին, մենք էլ՝ հիւրասիրութիւն ենք կազմակերպել եւ կիսել նրանց երջանիկ ակնթարթները, այդպիսով միասին կերտելով նաեւ մեր ընկերութեան պատմութիւնը: «Լիօն՛զ»ում են տեղի ունեցել նաեւ ամերիկեան հեռուստատեսային յայտնի հաղորդաշարերի նկարահանումներ, այդ թւում՝ «Բեչըլըրս» հեռուստաշուի առաջին երկու մասերը, æեսիկա Սիմփսոնի շոուն եւ այլն:
ՆԱՆԷ.- Ձեր զաւակները արդեօ՞ք հետաքրքրուած են ձեր գործով:
ԼԵՒՈՆ-ՇԱՆԹ ՀԱՅԹԱՅԵԱՆ.- Վերջին տասը տարիներին, որդիս՝ Հայկը, ակտիւօրէն ներգրաւուել է ընկերութեան գործունէութեան մէջ եւ իր նոր գաղափարներով նպաստում է ընկերութեան զարգացմանը: Նրա մուտքը նշանաւորեց «Լիօն՛զ» խանութի բացումը:
ՆԱՆԷ.- Դուք մշտապէս ակտիւ ներգրաւուած էք եղել ամերիկահայ համայնքի կեանքում, տարբեր կազմակերպութիւնների անդամ էք:
ԼԵՒՈՆ-ՇԱՆԹ ՀԱՅԹԱՅԵԱՆ.- Անդամակցում եմ ՀՄԸՄի եւ եղել եմ այս կառոյցի նախագահը: Հիմնադրման սկզբից եղել եմ նաեւ Հայ Ոսկերիչների Միութեան գործուն անդամ, տարիների ընթացքում զբաղեցրել տարբեր պաշտօններ: Միութեան առաքելութիւնն է համախմբել աշխարհասփիւռ հայ ոսկերիչներին եւ նպաստել հայրենիքի ոսկերչական արտադրութեան զարգացմանը, ինչպէս նաեւ՝ հայ ոսկերիչներին ներգրաւել ոլորտի համաշխարհային շուկայում: Այս առիթով, կը ցանկանայի ընդգծել, որ շատ հպարտ եւ ուրախ ենք, որ Հայաստանում արտադրւում է որակեալ արտադրանք, որը միջազգային շուկայում արժանանում է բարձր գնահատանքի:
Մենք հայաստանեան ոսկերիչների պատրաստած ոսկեայ զարդերն ու ադամանդները իրացրել ենք Ամերիկայում, որտեղ դրանք ընդունուել ու սիրուել են:
Հայաստանի ոսկերչական արտադրութեան ներուժը շատ մեծ է, եւ եթէ հայրենիքում գործող մեր գործընկերները մշտապէս հետեւեն տեխնոլոգիական զարգացումներին եւ մասնակցեն միջազգային ցուցահանդէսների՝ մեծ յաջողութիւններ կը գրանցեն:
Միութեան՝ Ամերիկայի արեւմտեան ափի Լոս Անջելեսի մասնաճիւղը աշխարհում ամենամեծն է անդամների քանակով: Մենք հանդիպում ենք տարեկան ժողովների ժամանակ եւ փորձում գտնել միմեանց օգտակար լինելու, համագործակցութեան ձեւեր գտնել, փոխանակուել տեղեկատուութեամբ:
Հայ Ոսկերիչների Միութիւնը զօրավիգ է նաեւ հայ համայնքին: Մեր կազմակերպութեան, ինչպէս նաեւ անհատապէս ինձ համար չափազանց կարեւոր է հայ ապագայ սերունդների կրթութեան հարցը: Ըստ այդմ, մենք մշտապէս նիւթական աջակցութիւն ենք ցուցաբերում մեր շրջանում գործող բոլոր ազգային դպրոցներին:
ՆԱՆԷ.- 21րդ դարը բազմաթիւ մարտահրաւէրներ է առաջադրում: Ըստ ձեզ որն է հայերի համար դրանց դիմակայելու եւ յաջաղութիւններ արձանագրելու լաւագոյն բանաձեւը:
ԼԵՒՈՆ-ՇԱՆԹ ՀԱՅԹԱՅԵԱՆ.- Ամենապարզ ձեւն, ըստ իս, Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ վստահութեան ամրապնդումն է: Մենք պէտք է յարգենք, սրտաբաց լինենք միմեանց նկատմամբ: Հայը զօրեղ ազգ է եւ կարող ենք յաղթահարել իւրաքանչիւր մարտահրաւէր, եթէ միասնական լինենք ու սիրով:
====================================================================
