ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Ատրպեճանական իշխանութիւնները վերջերս առաւել յաճախակիօրէն կը փորձեն արմատաւորել «միջհամայնքային» հասկացութիւնը, որ ուղղուած է ղարաբաղեան հակամարտութեան էութիւնը աղաւաղելուն, նպատակ ունենալով ձեւափոխելու հակամարտութեան փաստացի եռակողմ ձեւաչափը՝ Պաքուին համար շահաւէտ երկկողմ ձեւաչափի:
Ի պատասխան Պաքուի իշխանութեանց այս ճիգերուն, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերու նախարարութիւնը հրապարակած է յայտարարութիւն մը, մերժելով միջհամայնքային բանակցութիւններ ձեռնարկելու ատրպեճանական առաջադրանքները:
Արցախի հանրապետութեան արտաքին գործերու նախարարութեան յայտարարութիւնը կ՛ըսէ.
«Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը հանդիսանում է ԽՍՀՄ կազմալուծման ընթացքում դէզինտեգրացիայի (կազմաքանդման-Խմբ.) բնականոն գործընթացի հետեւանքով առաջացած խնդրի լուծմանը քաղաքակիրթ մօտեցումներ ցոյցաբերելու՝ պաշտօնական Բաքուի անընդունակութեան արդիւնքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որ ձեւաւորուել է՝ լիովին համապատասխանելով ինչպէս այն ժամանակաընթացքում գործող օրէնսդրութեանը, այնպէս էլ բոլոր միջազգային նորմերին (չափանիշներուն-Խմբ.), Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի օբյեկտ (յարձակումի թիրախ-Խմբ.) է դարձել՝ ուղղուած ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկապէս բնաջնջմանը: Անյաջողութիւն կրելով իր իսկ կողմից սանձազերծուած պատերազմում՝ Բաքուն, դժբախտաբար, սկսել է հմտանալ քաղաքականութեան բնագաւառում ինտրիգների (դաւադիր խաղերու-Խմբ.) եւ սադրանքների մէջ: Ղարաբաղեան հակամարտութիւնը որպէս «միջհամայնքային» ներկայացնելու փորձերը պաշտօնական Բաքուի քարոզչական հնարքն են հանդիսանում, որը կոչուած է միջազգային հանրութեանը շեղել խնդրի իրական էութիւնից եւ հերթական անգամ վկայում է Բաքուի իշխանութիւնների մօտ հակամարտութիւնը խաղաղ կարգաւորելու քաղաքական կամքի եւ ցանկութեան բացակայութեան մասին:
««Միջհամայնքային» ձեւաչափը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնաւորապէս, միակողմանիօրէն վերադարձնել ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ՝ առանց լուծելու Ադրբեջանից տեղահանուած կէս միլիոն հայերի հարցը, նախկին «գաղութի» եւ նախկին «մետրոպոլիայի» խնդիրը ձեւափոխել տարածաշրջանի բնակիչների միջէթնիկական խնդրիներով, այն դէպքում, երբ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Բաքուի իշխանութիւնների ընդհանուր խտրական քաղաքականութեան հետեւանքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սուբյեկտայնութեան (գերիշխանութեան-Խմբ.) գործօնի անտեսումը եւ կայացած ղարաբաղեան պետութիւնը ներկայացնելը որպէս տարածք Ադրբեջանի կազմում՝ երկու համայնքների հաւասար իրաւունքներով: Վերջին հաշուով, Բաքուի հաշուարկներով վերոնշեալն ամբողջութեամբ պէտք է ընկած լինի «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման» ի սկզբանէ անկենսունակ ձեւաչափի հիմքում:
«Ղարաբաղեան կողմը «միջհամայնքային» մօտեցումը ոչ միայն անհեռանկար, այլեւ չափազանց վտանգաւոր է համարում, քանի որ այն խաղաղարար գործընթացը տանում է փակուղի եւ վարկաբեկում է ինքնին խաղաղարութեան գաղափարը, լրացուցիչ լարուածութիւն եւ անվստահութիւն է մտցնում հակամարտութեան կողմերի հասարակութիւնների միջեւ: Ադրբեջանական փոքրամասնութեանը նշուած կարգավիճակի արհեստականօրէն տրամադրման փորձը զուրկ է որեւէ իրաւական հիմքից, մասնաւորապէս, հակասում է Լեռնային Ղարաբաղը որպէս հակամարտութեան ինքնուրոյն կողմ ճանաչելու մասին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմանը (1994թ.)՝ առանց «համայնքները» յիշատակելու: Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ինքնորոշման իրաւունքը կախուած չի եղել հայերի եւ ադրբեջանցիների փոխհամաձանիւթեան առկայութիւնից: Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչները, ում Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների կողմից հնարաւորութիւն էր տրուել մասնակցել քուէարկութեանը եւ երկրի ճակատագրի որոշմանը, նախընտրել էին հեռանալ Ղարաբաղից եւ նորահռչակ Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացիներ դառնալ:
«ԼՂՀ քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի նախկին բնակիչների միջեւ կառուցողական երկխօսութիւնը հնարաւոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իրաւաբանօրէն ճանաչումից յետոյ: Միայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարութիւնների ուղղակի բանակցութիւններն են ընդունակ կոնկրէտ արդիւնք ապահովել խնդրի համապարփակ լուծման եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատման առումով»: