ԳՐԱԿԱՆ

Էլենա Արմաշը (Մասեհեան) ծնած է 1978 թ. Թեհրան: Աւարտած է Թեհրանի Ազատ Համալսարանի Հայոց լեզու եւ գրականութեան ամպիոնը: Պաշտօնավարած է հայկական դպրոցներու մէջ՝ իբրեւ հայերէն լեզուի ուսուցիչ: Անդամակցած է «Պայման» Եռամսեայ պարբերականի խմբագրական կազմին, ուր լոյս տեսած են անոր յօդուածներն ու թարգմանութիւնները՝ պարսկերէն լեզուով: Իրանահայ գրողներու միութեան անդամ է եւ 2005ին իրանահայ պատուիրակութեան կազմէն մասնակցած է Հայաստանի մէջ կազմակերպուած երիտասարդ գրողներու առաջին համահայկական համագումարին: Տպագրուած է իրանական եւ հայաստանեան պարբերականներու մէջ: Փոխադրուած է Միացեալ Նահանգներ ուր կը շարունակէ ստեղծագործել:
ԱՐԱՐԻՉՆԵՐ
Այս օրերին
իմ չորս պատի անկիւններից
շշուկներ է լսւում անվերջ.
երկու հոգի փսփսում են,
մէկ ծիծաղում,
յանկարծ լռում,
Խորհում են լուրջ:
Այս օրերին
մենք երկուսս՝
Աստւած ու ես,
թեւանցուկ՝
ստեղծագործում,
քեզ ենք արարում:
ԾՆՆԴՈՑ
Ընտրեցին մի զոյգ համեստ մարդ ու կին,
թեւերը պոկեցին,
հրամայեցին աշխարհ գալ
ու ցած նետեցին ճիշտ ժամը եօթին:
Ընդամէնը քսանեօթ քայլ…
Դուռը թակեց
նրանք չկային
համերգ էին գնացել
նրան ծնելու ժամանակ չկար…
ՎԱՆԿԱՏՈՒՄԻՑ ԱՆՄԻæԱՊԷՍ ՅԵՏՈՅ
այս երգն անխօս
գրւել է միայն խաժերի համար
որ կշտամբում են
հրերը տռփոտ
որ յանձնւում են
առանց տրուելու
ու մարում յաւերժ
կիզելով բոլոր կրքերը լուրթ:
այս երգը ուշ
գրուել է վաղուց
ցուլերի համար անսանձ, ըմբոստ
որ բախտը թարս
խլել է նրանց ունակութիւնը
սիրահարուելու…
ո՞վ կ՛իմանայ
որ այս երգը գրւում է յաճախ
աշխարհից հեռու
մի մանկացած պօէտի կրծքում:
ՏՂԱՆ
I.
Փոքրիկ տղան
չորրորդ յարկի լուսամուտին նստած
անցորդների գլխին թքում
եւ աննկատ թաքնւում էր վարագոյրի յետեւում:
Փոքրիկ տղան
մայթում կանգնած
քար էր նետում հարեւանի լուսամուտին
ու թաքնւում պատի յետեւում:
II.
Փոքրիկ տղան
որ այլեւս փոքր չէ
կանգնած ամայի տան լուսամուտի առջեւ
թքում է այն փողոցի վրայ
ուր թաքցրել է իր մանկութիւնը
բայց չի թաքնւում:
Հասուն տղան
նորոգում է լուսամուտը
որ ջարդել է հարեւանի փոքրիկ տղան
ու թաքնուել իր մանկութեան օրերում:
ՏՈՒԱՅՏԱՆՔ
Գիշերում այս խոնաւ
ինձ միայն հետաքրքրում է
խխունջների անմիտ սողքը
անձրեւի տակ
ու մոռանում եմ,
որ շտապ պիտի ստեղծագործել
մինչ բացուելը ծիածանի …
Թաց է երեկոն
թրջուել է Աստուած
ու թաքնուել կարմիր գրքի էջերում.
ես փորձում եմ գտնել նրան
խխունջների հետքերով…
Երեկոն թաց է
իսկ ես խենթս
բուժում եմ
նեխած ուղեղս
բորբոսնած սիգարետներով
մինչ անձրեւը
կոյս տողերս է բռնաբարում
երգս դարձնելով մի լկտի գովազդ:
ԷԼԵՆԱ ԱՐՄԱՇ (ՄԱՍԵՀԵԱՆ)
Դեկտեմբեր 2007