ԳԷՈՐԳ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ
«Յունիսի 12ի ընտրութիւններից յետոյ հայ-թուրքական յարաբերութիւններում անակնկալ զարգացումները չեն բացառւում», համոզուած է Թուրքիայի առաջատար իշխանամէտ պարբերականներից մէկի՝ «Սաբահ»ի մեկնաբան Եաւուզ Բայդարը:
Անձամբ իշխող վերնախաւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բաւական սերտ կապեր ունեցող լրագրողը անգամ չի բացառում, որ կարող է մի այնպիսի պահ գալ, երբ կողմերը կենտրոնանան ցիւրիխեան արձանագրութիւններից միայն մէկի վրայ:
«Եթէ Անկարան եւ Երեւանը համաձայնութեան գան, ապա չի բացառւում, որ վաւերացուի արձանագրութիւնների միայն մէկը, դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուեն: Որպէս արդիւնք՝ կարող են գլխաւոր հիւպատոսութիւններ բացուել Ստամբուլում եւ Երեւանում», նշում է Բայդարը՝ յատուկ ընդգծելով, սակայն, թէ շատ լաւ ըմբռնում է, որ «հայկական կողմի համար առանցքային խնդիրը սահմանի բացումն է»:
«Չի բացառւում, որ կողմերը համաձայնութեան գան: Ամէն ինչ բանակցութիւններից է կախուած: Ամէն դէպքում, նման զարգացման հնարաւորութիւնն առկայ է», նշում է «Սաբահ»ի յօդուածագիրը՝ չյստակեցնելով սակայն՝ արդեօք դա զուտ թուրքական կողմի՞ ցանկութիւնն է, թէ՞ կոնկրետ ինչ-որ առաջարկ, որ քննարկւում է դիւանագիտական շրջանակներում:

«Ազատութիւն» ռադիօկայանի այս հարցին Բայդարը պատասխանեց հայ լրագրողների հետ «Սաբահ»ի խմբագրութիւնում կազմակերպուած հանդիպման ժամանակ, որի նախաձեռնողներն էին Ստամբուլում գործող Քաղաքական գլոբալ գործընթացների ուսումնասիրութեան կենտրոնն ու Երեւանի Մամուլի ակումբը:
Յայտնի թուրք լրագրողի խօսքով՝ հայ-թուրքական յարաբերութիւններին անդրադառնալիս լաւ կը լինէր նաեւ յիշել այն դերակատարութեան մասին, որ արդէն մի քանի տարի է, ինչ ստանձնել է երկրի նախագահը:
«Սա Թուրքիան է, եւ ամէն տեսակի անակնկալների պէտք է պատրաստ լինենք: Թէեւ Ղարաբաղի հարցի պատճառով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը յայտնուել է մեռեալ վիճակում, այնուհանդերձ, կայ մէկը, որ ցանկանում է լուծել այս հարցը եւ ուշի ուշով հետեւում է դրան: Դա նախագահ Աբդուլլա Գիւլն է: Թէեւ նրա իշխանութիւնը սահմանափակ է, սակայն մոռանալ նրա ունեցած ազդեցութեան ու հնարաւորութիւնների մասին պէտք չէ», նշում է թուրք փորձագէտը:
Ինչ վերաբերում է թուրքական իշխող զոյգի երկրորդ՝ առաւել ազդեցիկ անդամին՝ վարչապետ Էրդողանին, ապա այստեղ, «Սաբահ»ի յօդուածագրի կարծիքով, ամէն ինչ աւելի բարդ է:
«Էրդողանն այս հարցում հաշուի է նստում մի շատ կարեւոր գործօնի՝ ադրբեջանցիների հետ: Հայ-թուրքական յարաբերութիւնների խնդրի վերադարձը օրակարգ, սակայն, կախուած է մի հանգամանքից՝ արդեօք իշխող կուսակցութեան ազդեցիկ անդամների մէջ կը գտնուե՞ն գործիչներ, որ կը կարողանան նրան համոզել, թէ դա անհրաժեշտ է», ասում է Բայդարը:
Նա նաեւ նշում է, որ տարածուած այն տեսակէտը, թէ Էրդողանը սկզբունքայնօրէն դէմ է Հայաստանի հետ յարաբերութիւնների բարելաւմանը, այնքան էլ ճիշտ չէ:
«Էրդողանն ամէն ինչ հասկանում է եւ յարաբերութիւնների հաստատմանը դէմ չէ: Նա, սակայն, զուտ էներգետիկ գործօնից ելնելով չի կարող Ադրբեջանի հետ հաշուի չնստել: Սրան էլ գումարած՝ չենք կարող չնկատել, որ վերջին չորս ամիսներին՝ ողջ քարոզարշաւի ընթացքում փաստօրէն, Էրդողանը խիստ ազգայնական հռետորաբանութիւն էր որդեգրել: Եւ եթէ հաշուի առնենք այն փաստը, որ ի դէմս Էրդողանի գործ ունենք խիստ պրագմատիկ եւ ամէն ինչ հաշուարկելու հակուած գործչի հետ, ապա համոզուած կարող եմ ասել՝ այն պահին, երբ նա քաղաքական շահաւէտութիւն զգա, հայ-թուրքական յարաբերութիւնների շուրջ կրկին առաջընթաց կ՛արձանագրուի: Աւելին, նրա այս ազգայնական յայտարարութիւնների տոնայնութիւնը մեղմանալու է Յունիսի 12ի ընտրութիւններից անմիջապէս յետոյ», ասում է Բայդարը:
Ամէն ինչ սակայն, ըստ «Սաբահ»ի յօդուածագրի, կախուած է առաջիկայ քուէարկութեան արդիւնքներից:
«Եւ եթէ Էրդողանի կուսակցութիւնը կարողանայ 40-50 տոկոս քուէ ստանալ, իրադարձութիւններն էլ կարծես հէնց նման ընթացքով են զարգանում, ապա այդ դէպքում Հայաստանի հետ յարաբերութիւններում կարող են աւելի անհաւանական եւ անսպասելի քայլեր արուել», նշում է Եաւուզ Բայդարը:
Ի դէպ, Եաւուզ Բայդարի տեղեկութիւններով՝ ծայրայեղ ազգայնականների խորհրդարանում յայտնուելու հաւանականութիւնը 50/50 է: Փակ հարցումները վկայում են, որ անցած տարի Անիի Մայր տաճարում խմբակային նամազ կազմակերպած կուսակցութեան վարկանիշը տատանւում է 9-11 տոկոսի միջակայքում:
Նոյն հետազօտութիւնների համաձայն՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման օգտին հանդէս եկող քրդամէտ «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութիւնն էլ յաջորդ գումարման մէջլիսում կարող է ունենալ առնուազն 30 տեղ՝ ներկայիս 20ի փոխարէն:
«Ազատութիւն», Ստամբուլ