ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ*
Ամերիկայի հայ վետերանների միութիւնը, Մայիս 8ին Գլենդէյլի «Անուշ» ճաշարանում, հանդիսաւորութեամբ նշեց Բ. Համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի դէմ տարած յաղթանակի 66րդ ու Շուշիի ազատագրման 19րդ տարեդարձները, ինչպէս նաեւ Երկրապահի եւ Մայրութեան օրերը: Այս տօների համընկնումը պատասխանատուութեան կնիքն էր դրել կազմակերպչական աշխատանքներին վրայ: Դա կարեւորւում էր նրանով, որ միութեան 14 տարուայ պատմութեան ընթացքում կազմակերպուած այս տօնակատարութիւններին առաջին անգամ իր մասնակցութիւնն էր բերել ԱՄՆում Հայաստանի ռազմական կցորդ՝ գնդապետ Մեսրոպ Նազարեանը:
Հանդիսութեան պատուաւոր հիւրերի թւում էին նաեւ Կալիֆորնիայում հայկական հիւպատոսութեան փոխհիւպատոս Մեսրոպ Շաբոյեանը, Գլենդէյլի քաղաքապետական խորհրդի անդամ Ռաֆֆի Մանուկեանը, «Մաշտոց» քոլեճի տնօրէն փրոֆ. Կարպիս Տէր Եղիայեանը, «Կամարակ» թերթի խմբագիր Յակոբ Մկրտչեանը, միութեան հիմնադիր նախագահ Վլադիմիր Կարապետեանը, ամերիկահայ գործարարների առեւտրի պալատի ներկայացուցիչ Էլիզա Նաւասարդեանը, Հիւս. Ամերիկայի Հայ աւետարանական միութեան առաջնորդ վեր. Ճոզէֆ Մաթոսեանը, Կալիֆորնիայի հայ գրողների միութեան անդամներ եւ Ամերիկայի հայ զինեալների միութեան ներկայացուցիչներ:
Հանդիսութիւնը իր Տէրունական աղօթքով օրհնեց քահանայ տէր Միքայէլը, որից յետոյ հանդիսավարի՝ տաղանդաւոր ասմունքող, բեմադրիչ, երգահան Անահիտ Հաճեանի երգի եւ խրոխտ երաժշտութեան հնչիւնների ներքոյ, դրօշակակիրների ուղեկցութեամբ, շարային քայլքով ճաշարան մտան մի կողմից՝ Բ. Համաշխարհային, միւս կողմից՝ Արցախեան ազատամարտի վետերանները:
Միութեան նախագահ Վիգէն Ղազարեանի ողջոյնի խօսքից յետոյ, «Կամարակ» թերթի խմբագիր Յակոբ Մկրտչեան ներկայացրեց Շուշիի գրաւման պատմական նշանակութիւնը՝ Արցախի պատերազմի ընթացքի ու յաղթանակի կերտման վրայ:
Միութեան անդամներին եւ հիւրերին իր շնորհաւորանքներն ուղղեց փոխհիւպատոս Մեսրոպ Շաբոյեանը, որից յետոյ գնդապետ Մեսրոպ Նազարեանն ընթերցեց ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի ուղերձը՝ ԱՄՆի հայ վետերաններին: Միութեան անդամներին իր ուղերձն էր յղել նաեւ ԱՄՆում Արցախի հանրապետութեան ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, որն ընթերցեց Անահիտ Հաճեանը:
Ընթերցուեց նաեւ Հայց. առաքելական եկեղեցւոյ Հիւս. Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի ողջոյնի եւ շնորհաւորական խօսքը, որն եզրափակւում էր առաքելական մէջբերումով. «Օրինակ եղիր հաւատացեալներուն՝ խօսքով, վարմունքով, սիրով, հաւատքով, մաքրութեամբ»: Նմանատիպ գաղափարներով օժտուած վետերաններին էլ ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի ստորագրութեամբ, հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար, գնդապետ Մեսրոպ Նազարեանը պատուոգրեր յանձնեց 20 վետերանների, այդ թւում՝ ազգային բարերար, ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի զինակից Վահէ Կազանչեանին: Եւս հինգ վետերաններ պաշտպանութեան նախարարի կողմից պարգեւատրուեցին ժամացոյցներով: Միութեան շնորհաւորագիր մը յանձնեց նաեւ «Մաշտոց» քոլեճի տնօրէն փրոֆ. Կարպիս Տէր Եղիայեանը:
Տօնակատարութիւնն իրենց անշահախնդիր մասնակցութեամբ ճոխացուցին ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, երգիչ Գէորգ Չաքմանեանը, ճանչցուած երգիչ եւ դերասան Ռազմիկ Մանսուրեանը եւ երգիչներ Նշան æաղացպանեանն ու Յովօն: Ռազմիկ Մանսուրեանի հզօր «պարիթոն»ով հնչեցրած երգերը, յատկապէս Տ. Չուխաճեանի «Կարինէ» օպերայից, աւելի ոգեւորեցին ներկաներին՝ յիշեցնելով իրենց երիտասարդութիւնը, մարտի մէջ ներգրաւուելու վճռականութիւնը: Գէորգ Չաքմանեանն իր հերթին, իր թաւշեայ ձայնով, երգերի կատարման վարպետութեամբ, ներկաներին տրամադրեց տօնակատարութեան հանդարտ պայմաններ:
Իւրօրինակ, փոքրիկ համերգային ծրագրով հանդէս եկաւ Նշան æաղացպանեանը, ով իր սեփական տեսաձայնային համակարգով կատարեց հայրենասիրական երգեր, որոնց ուղեկցում էր Արցախի ազատամարտէն տեսարաններով ու բնապատկերներով տեսարիզ մը՝ պատրաստուած յատուկ այս նպատակին համար, եւ անկէ օրինակ մը նուիրեց միութեան:
Շուշիի գրաւման գործողութեան մանրամասներին, զինուորների անօրինական սխրագործութիւնների մասին կարճատեւ տեղեկութեամբ հանդէս եկաւ արցախեան ազատամարտիկ ու ճանչցուած հաղորդավար Բալաբեկ Բարսամեանը:
Միութեան նախագահ Վիգէն Ղազարեան, իր շնորհակալական խօսքը ասաց «Անուշ» ճաշարանի տնօրինութեանը՝ ընթերցելով անոր նուիրուած եւ իր կողմից գրուած բանաստեղծութիւն մը, որում նշւում է երկար տարիների ընթացքում տնօրինութեան բարեհաճ վերաբերմունքը վետերանների հանդէպ: Ճաշարանի տնօրէն Սարգիս Սարգսեանը շարունակում է իր հօր՝ Սեպուհի, բարի աւանդութիւնները՝ վետերաններին տրամադրելով բացառիկ զեղչ եւ ուշադրութիւն:
Պէտք է շնորհակալութիւն յայտնել նաեւ Գլենդէյլի «Ռետ Քարփե»չ ծաղկի սրահի տնօրէն Անահիտ Պետոսեանի, ով զարդարեց սեղանները: Քանի որ այս օրը նշւում էր նաեւ Մայրերի տօնը, քանի մը ծաղկի սրահներ՝ «Քենթըսի ֆլաուըրզ» (տնօրէն՝ Սիլվա), «Լիթըլ պի ֆլաուըրզ» (տնօրէն՝ Հիլտա), «Ուոլթըրզ ֆլաուըրզ» (տնօրէն՝ Նաիրա), «Կարտըն ֆլաուըրզ» (տնօրէն՝ Ժիրայր Ղադիմեան) եւ «Պլու ֆրիս ֆլորըլ» (տնօրէն՝ æուլիէտա), վետերան կանանց տրամադրեցին ծաղկեփունջեր: «Սաութ քոսթ մետիքըլ թրենսփորթէյշըն»ի տնօրէն Մարտին Շուհաթեան, այս տարի եւս դրամական աջակցութիւն ցուցաբերեց միութեան եւ իր լուման ներդրեց նաեւ վեր. Ճոզէֆ Մաթոսեանը:
Հաճելի անակնկալ էր սպասում միութեան հիմնադիր նախագահ Վլադիմիր Կարապետեանին: Հաշուի առնելով նրա երկարատեւ աշխատանքն ու ջանքերը՝ միութեան հիմնադրութեան, կայացման ու հեղինակութեան բարձրացման գործում, միութեան անդամները նրան ճանաչեցին իբրեւ միութեան պատուաւոր նախագահ:
Նաեւ, Հոլիվուտի «Վան» փուռի տնօրէն Վարդանը եւ «Փանոս» խմորեղէնի խանութի տնօրէն Նորիկը վետերաններին հիւրասիրեցին համով խմորեղէններով, իսկ 10 վետերանների, որոնց ծննդեան տարեդարձը լրանում էր Մայիսին, նուիրեցին տորթեր: Ամբողջ տօնակատարութիւնը անցաւ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, որ լուսաբանուեց նաեւ «US Armenia» եւ «Հ1» պատկերասփիւռի կայաններից:
* Ամերիկայի հայ վետերանների միութեան քարտուղար եւ լրատուական ծառայութեան տնօրէն