ՌՈՒԲԷՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Ռուսաստանում նորերս անցկացուած մարդահամարի արդիւնքները նացիոնալիստական (ազգայնական-Խմբ.) լրատուամիջոցները որակեցին որպէս ռուս ժողովրդի մահավճիռ: Նախորդ՝ 2002 թուականի մարդահամարի համեմատ երկրի բնակչութիւնը 145 միլիոն 166,7 հազարից կրճատուել է 2,2 միլիոնով եւ կազմել 142,905,2: «Ուժեղ սեռ» հասկացութիւնն այստեղ յաճախ է իրօք չակերտների մէջ առնւում, քանզի կանայք 10 միլիոնով աւելի են տղամարդկանցից: Այսինքն, բնակչութեան 46,3 տոկոսը տղամարդիկ են, 53,7 տոկոսը՝ կանայք:
Չնչին բացառութեամբ, ահա արդէն 40 տարի Ռուսաստանի բնակչութիւնը, այսպէս ասած, չի վերարտադրւում: Եթէ ոչինչ չփոխուի ու արմատական միջոցներ չձեռնարկուեն (եղածները նուազ արդիւնք են տալիս), ապա, ՄԱԿի կանխատեսումներով, 2050 թուականին երկրում կ՛ապրի ընդամէնը 100 միլիոն մարդ:
Նման ընդհանուր անմխիթար վիճակի ֆօնի վրայ ամենաապշեցուցիչն այն է, որ բնակչութեան աճի տեմպերով առջեւում են երկու պատերազմներ ապրած Չեչնիան՝ 115 տոկոս, եւ ահաբեկչութեան կենտրոն դարձած Դաղստանը՝ 115,6 տոկոս:
Ինչո՞ւ են մարդահամարի արդիւնքներն այդքան հիւանդագին ընդունում յատկապէս ռուս նացիոնալիստները: Որովհետեւ գտնում են, որ հէնց ռուս ժողովուրդն է դարձել մեռնող ազգ: Նրանց կարծիքով, իրականում բուն ռուսների կորուստը կազմում է 4 միլիոն, քանի որ աճ են ունեցել ոչ ռուսական ազգային ծայրամասերը, իսկ հարաւից շարունակւում է մեծ ներգաղթը Ռուսաստան:
Անշուշտ, ազգասէր ռուսները իրենք են նշում երկրում տարածուած ծայրայեղ հարբեցողութիւնը, թմրամոլութիւնը, աւտոաղէտները, զանգուածային աբորտները (վիժումները-Խմբ.), աւազակային պատերազմները եւ սպանութիւնները: Սակայն նրանց համար ստեղծուած իրավիճակի գլխաւոր մեղաւորը բարձրագոյն իշխանութիւնն է, որը ազգային (ռուսական) չլինելով (նկատի ունեն հրէական տարրի գերակայութիւնը), ռուս ժողովրդին զրկում է նրա ազգային նկարագրից ու մշակոյթից, նրա ֆունդամենտալ (հիմնասիւն-Խմբ.) հիմքերից ու ըմբռնումներից, որոնք էլ այդ հանրութեանը զրկում են պատմական կամքից: Իշխանութիւնը բոլոր միջոցներով մեռցնում է ռուս լինելու զգացումը, անողոքաբար չէզոքացնում է ազգային իդէալներ ձեւաւորող քաղաքական ուժերին, կառավարուող ԶԼՄ-ներն ու յատկապէս հեռուստատեսութիւնը ռուսներին ներկայացնում են որպէս դեգրադացիայի (քայքայման-Խմբ.) ենթարկուած կամազուրկ մի զանգուած եւ այլն:
Միաժամանակ հնչում են ահեղ զգուշացումներ:
«Ոմանք կարծում են,- գրում է նացիոնալիստական թերթերից մէկը,- որ մեր ժողովուրդը լուծւում է, հալւում ձեան պէս եւ կը կնքի իր մահկանացուն: Եւ առաջին հայեացքից հրէշաւոր տեխնոլոգիաները (արհեստագիտական միջոցները-Խմբ.) ասես ներգործում են՝ ռուսները գերադասում են մեռնել, քան դիմադրել: Սակայն ռուսների անտրտունջ, խաղաղ հեռանալու հաւաստիացումները սխալ են ու կեղծ: Բոլոր ժողովուրդների մէջ՝ մեծ թէ փոքր, աղէտի պահին յառնում է ինքնապահպանման խոր զգացումը: Ռուսները բաւարար ուժ ունեն այն բանի համար, որ ազգային արդարութեան ոտնահարուած զգացումը վերածուի ազգային ապստամբութեան: Այդ իմաստով ռուսական բունտն (ապստամբութիւնը-Խմբ.) անխուսափելի է»:
Իհարկէ, նոյնիսկ նման ծայրահեղական հետեւութեան յանգող ռուս ինտելեկտուալները (մտաւորականները-Խմբ.) հասկանում են, որ այդօրինակ համազգային ցնցումները կարող են հսկայական վնաս հասցնել հէնց ռուս ժողովրդին, ինչպէս եղաւ 1917ին եւ 90ական թուականներին, երբ արիւնոտ թէ խաղաղ յեղաշրջումները իշխանութեան գլուխ բերեցին բնաւ էլ ոչ ռուս տարրին, այլ ուրիշների, որոնց հեռահար պլաններում ռուսների շահերը վերջին տեղն էին գրաւում: Ուստի նացիոնալիստները կոչ են անում (մարդահամարն այստեղ սոսկ դրուագ է) կոփել ռուս քաղաքական, մտաւոր, կազմակերպական կամքը, յենուած ազգային վեհ գաղափարների վրայ, ստեղծել բազմապլան (բազմակողմանի մշակուած ծրագիր-Խմբ.) քաղաքական մի սուբյեկտ (մարմին-Խմբ.)՝ Ռուսական շարժում, որն ընդունակ լինի ազգային բողոքի անողոք ալիքը ուղղորդել դէպի ազգային կեանքի ու արժէքների վերահաստատումն ու զարգացումը, որպէսզի ռուսները անմիտ ու աւերիչ բունտի ուղին բռնելու փոխարէն դուրս գան արարման ճանապարհ:
Մոսկուա
NEWS.am