
ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Ներկայումս Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտօնը զբաղեցնող Ահմեդ Դաւութօղլուն, դեռեւս 2001թ. հրատարակած «Ստրատեգիական խորութիւն. Թուրքիայի միջազգային դիրքը» ստուարածաւալ աշխատութեան մէջ վերլուծելով Թուրքիայի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերն ու առաջնահերթութիւնները, տալիս է մի շարք տեսական գնահատականներ եւ առաջարկութիւններ: 2002թ. Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան (ԱԶԿ) իշխանութեան գալուց յետոյ քաղաքագէտ-վերլուծաբան Դաւութօղլուի հայեացքներին թուրքական քաղաքական շրջանակները սկսեցին աւելի մեծ կարեւորութիւն տալ, իսկ յետագայում, երբ նա ստանձնեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի պաշտօնը, այդ տեսական դրոյթները սկսեցին տեղ գտնել նաեւ գործնական հարթութիւնում:
Այսօր Թուրքիայում Դաւութօղլուի մշակած տեսութիւններից առաւել մեծ ճանաչում եւ տարածում է գտել, այսպէս կոչուած, նէօ-օսմանիզմի գաղափարախօսութիւնը, որի մի շարք դրոյթներ հետզհետէ աւելի ակներեւ են դառնում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ: Եթէ առաւել հանրամատչելի ներկայացնենք նէօ-օսմանիզմի հիմնական դրոյթները, ապա կարող ենք սահմանել հետեւեալը. Թուրքիան ձգտում է քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, հոգեւոր դերակատարում ունենալ, աւելին՝ լիդէրի (առաջնորդի-Խմբ.) դեր ստանձնել Օսմանեան կայսրութեան նախկին մի շարք տարածաշրջաններում, իսկ առաւել կոնկրէտ՝ Մերձաւոր Արեւելքում, Բալկաններում, Հիւսիսային Աֆրիկայում: Կովկասի պարագայում Թուրքիան փորձում է կիրառել «զրօ խնդիր հարեւանների հետ» սկզբունքը, սակայն, միեւնոյն ժամանակ, ձգտում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կոնֆլիկտներում (հակամարտութիւններու մէջ-Խմբ.), դառնալ իւրայատուկ «դատաւոր եւ հաշտարար»: Բացի այդ, Թուրքիան հարաւկովկասեան պետութիւններում, մասնաւորապէս՝ Ադրբեջանում եւ Վրաստանում ուժեղացնում է ներկայութիւնը յատկապէս տնտեսական ոլորտում:

Այսօր մասնագիտական եւ ոչ մասնագիտական շրջանակներում տարածուած է այն կարծիքը, որ հէնց Ահմեդ Դաւութօղլուն է նէօ-օսմանիզմի գաղափարախօսութեան առաջամարտիկն ու ճարտարապետը, սակայն առկայ փաստերը խօսում են այն մասին, որ նէօ-օսմանիզմի շուրջ մտորումներ, քննարկումներ եղել են նաեւ աւելի վաղ, ուղղակի Դաւութօղլուն մասնագիտօրէն համակարգել եւ մշակուած տեսք է տուել դրանց:
Նէօ-օսմանիզմի հետ ուղղակի աղերսներ ունեցող յայտարարութիւններ է արել ժամանակին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը՝ խօսելով բալկանեան մուսուլմանների մասին: Թուրք հրապարակախօս Ասլի Այդընթաշբաշըն վերյիշում է 1990ականների կէսերին իր զրոյցը այն ժամանակուայ Թուրքիայի մէջլիսում ներկայացուած «Ռեֆահ» (Բարօրութիւն) իսլամամէտ կուսակցութեան պատգամաւոր Աբդուլա Գիւլի հետ, որտեղ վերջինս պատմում է, թէ ինչպէս ինքն ու իր համախոհները երազում են Թուրքիայի եւ հարեւան արաբական երկրների միջեւ ստեղծել մի համադաշնութիւն, որտեղ Թուրքիային վերապահուած է առանցքային դեր: Արդէն այսօր, երբ վերոնշեալ մտքերի հեղինակը Թուրքիայի նախագահն է, նրանց երազանքները ձեռք են բերել աւելի համակարգուած բնոյթ եւ լուրջ տեղ զբաղեցրել թուրքական արտաքին քաղաքականութեան մէջ:
Այժմ ընդհանուր գծերով սահմանենք նէօ-օսմանիզմի գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ փորձենք դիտարկել դրանց գործնական կիրառութիւնը յատկապէս մերձաւորարեւելեան տարածաշրջանի վերջին դէպքերի համատեքստում: Նէօ-օսմանիզմը ձգտում է դիւանագիտական, քաղաքական, տնտեսական ակտիւ գործունէութիւն ծաւալել թիրախային տարածաշրջաններում՝ Մերձաւոր Արեւելք, Բալկաններ, Հիւսիսային Աֆրիկա, Կովկաս, միջնորդի դեր ստանձնել տարածաշրջանային կոնֆլիկտներում, դառնալ դէպի Մերձաւոր Արեւելք ժողովրդավարութիւն եւ արդիականացում «արտահանող» երկիր, իւրայատուկ միջնորդ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ եւ այս ու տարբեր այլ միջոցներով բարձրացնել Թուրքիայի հեղինակութիւնը թիրախային տարածաշրջանների երկրներում:
«Նէօ-օսմանիզմի կենսագործման համար կարեւոր է իսլամական, մասնաւորապէս՝ արաբական երկրներում համապատասխան տրամադրութիւնների ձեւաւորումը, որի ուղղութեամբ տարւում է նպատակաուղղուած քաղաքականութիւն»: Փաստենք, որ վերջին տարիներին Թուրքիան յատկապէս ակտիւ է աշխատում արաբական երկրների հետ իր յարաբերութիւնների սերտացման, հեղինակութեան բարձրացման ուղղութեամբ: Բաւական ցայտուն օրինակներից են Սիրիայի հետ Թուրքիայի յարաբերութիւնների ջերմացումը եւ տնտեսական ոլորտում արձանագրուած աճը: Սակայն շատ վերլուծաբանների կարծիքով՝ նէօ-օսմանիզմի առաջին բացայայտ եւ աղմկայարոյց դրսեւորումը տեղի ունեցաւ Դաւոսում, որտեղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոշտ քննադատութեան ենթարկեց Իսրայէլին՝ նրա պաղեստինեան քաղաքականութեան համար եւ լքեց դահլիճը: Այդ դէպքից որոշ ժամանակ անց Կազայի հատուածում ռազմական բախում տեղի ունեցաւ թուրքական նաւերի եւ իսրայէլական զինուած ուժերի միջեւ, որին հետեւեցին թուրք բարձրաստիճան ղեկավարների ծայրայեղ կոշտ յայտարարութիւնները եւ թուրք-իսրայէլական յարաբերութիւնների սառեցումը:
Հէնց այդ դէպքերից յետոյ էր, որ արաբական աշխարհում կտրուկ բարձրացաւ Թուրքիայի հեղինակութիւնը, յատկապէս հասարակական շրջանակներում դա առաւել քան ակնյայտ էր. բաւական է նշել, որ արաբական մի շարք երկրներում այդ օրերին տեղի ունեցող հակաիսրայէլական բողոքի ակցիաների ժամանակ մարդիկ ծածանում էին թուրքական դրօշը, պարզում էին Էրդողանի լուսանկարներով պաստառներ եւ այլն: Թուրքիայի հեղինակութեան աճին զուգահեռ արաբական աշխարհում կտրուկ աճում է նաեւ Էրդողանի անձնական հեղինակութիւնը. արաբական ԶԼՄի (զանգուածային լրատուական միջոցներու-Խմբ.) անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդիւնքում նա յայտարարւում է տարուայ մարդ, նրա անունով են կոչում նորածին երեխաների եւ այլն: Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հասցէին գովեստի խօսքեր են հնչում Պաղեստինում, Դաւութօղլուին համարում են նորօրեայ Հենրի Քիսինջեր, իսկ պաղեստինեան որոշ բարձրաստիճան պաշտօնեաներ բացայայտ կերպով նէօ-օսմանիզմի գաղափարախօսութիւնը համարում են Մերձաւոր Արեւելքի խնդիրների լուծման բանալի: Լիբիայի առաջնորդ Քադաֆին եւս օրերս խիստ ուշագրաւ յայտարարութիւն է արել, որն անմիջապէս լայն տարածում է գտել թուրքական ԶԼՄում: Ըստ այդ տեղեկատուութեան, Քադաֆին, խօսելով թուրք-լիբիական յարաբերութիւնների մասին, ասել է. «Մենք բոլորս էլ օսմանցի ենք»:
Վերլուծելով Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ տեղի ունեցող վերջին գործընթացները՝ կարող ենք սահմանել, որ նէօ-օսմանիզմի հռչակած թիրախների ուղղութեամբ Թուրքիան վարում է գերակտիւ (գերաշխոյժ-Խմբ.) քաղաքականութիւն, սակայն այս պահին, մեր կարծիքով, թուրքական իշխանութիւններն առաւելապէս աշխատում են արաբական երկրների հասարակութիւնների վստահութիւնը շահելու ուղղութեամբ, ուստի նրանց քայլերում գերիշխում են պոպուլիստական (ժողովրդականութիւն ձեռք ձգելու-Խմբ.) տարրերը:
Վերջերս արաբական աշխարհում տեղի ունեցող դէպքերը (թունիսեան, եգիպտական, լիբիական) լրացուցիչ առիթ են ընձեռում Թուրքիային՝ միջամտելու մերձաւորարեւելեան գործընթացներին, հաւատարիմ մնալով նէօ-օսմանիզմի սահմանած քաղաքական առաջնահերթութիւններին: Եթէ դիտարկենք արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ երրորդ պետութիւնների հետաքրքրուածութիւնը, ապա միանշանակ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում ամենաակտիւը Թուրքիան է: Մասնաւորապէս՝ եգիպտական դէպքերի ամենաթէժ պահերին թուրք բարձրաստիճան շատ գործիչներ հանդէս եկան յայտարարութիւններով, որտեղ կրկին աչքի ընկաւ նէօ-օսմանիզմի «ճարտարապետ» Դաւութօղլուն, որը միջնորդական յանձնառութեամբ այցելեց Մերձաւոր Արեւելք: Թուրքիայի ակտիւ շահագրգռուածութիւնը եգիպտական դէպքերով Դաւութօղլուն բացատրեց պոպուլիստական ձեւով. «Եգիպտոսի կայունութիւնը մեզ համար ունի ստրատեգիական (ռազմավարական-խմբ.) նշանակութիւն, եւ պէտք չէ, որ մէր ակտիւութիւնն ընկալուի որպէս այլ պետութեան ներքին գործերին միջամտելու փորձ»: Եգիպտոսը մեզ համար եղբայրական եւ բարեկամ երկիր է, ու այդ ամէնը հիմնուած է պատմական արմատների վրայ: «Մենք մեր արաբ եղբայրների խնդիրները համարում ենք մերը, նրանց հոգսերը մեր հոգսերն են»: Իր հերթին վարչապետ Էրդողանը կոչով հանդէս եկաւ՝ ուղղուած ե՛ւ Մուբարաքին, ե՛ւ եգիպտական ժողովրդին, որտեղ նա նշեց նաեւ, որ Թուրքիան մտահոգուած չէ միայն իր շահերով, այլ մտածում է նաեւ հարեւան երկրների ու ժողովուրդների բարօրութեան մասին: Մուբարաքի հրաժարականից յետոյ Թուրքիայի կառավարութիւնը հանդէս եկաւ նաեւ պաշտօնական յայտարարութեամբ՝ կոչ անելով Եգիպտոսի ժամանակաւոր կառավարութեանը հաստատել ժողովրդավարութիւն եւ երկրի ղեկը հնարաւորինս արագ փոխանցել ժողովրդի կողմից ընտրուած իշխանութեանը: Մուբարաքի տապալումից քիչ յետոյ Եգիպտոս այցելեց նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլը եւ կրկնեց իր երկրի կառավարութեան պաշտօնական յայտարարութեան վերոնշեալ կէտերը:
Արեւմտեան վերլուծաբանների ուշադրութիւնից եւս չի վրիպել Թուրքիայի ակտիւ քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում եւ վերլուծաբան Ջօշուա Վոքերը հեղինակաւոր Foreign Policy ամսագրում նշում է, որ Օսմանեան կայսրութեան անկումից յետոյ արդէն 21րդ դարում Թուրքիան կրկին ձգտում է վերադառնալ Մերձաւոր Արեւելք եւ դառնալ տարածաշրջանային որոշիչ ուժ: Ըստ Վոքերի, Օսմանեան կայսրութեան անկումից յետոյ մինչեւ այժմ Թուրքիան արաբական աշխարհում դիւանագիտական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում այսքան ակտիւ երբեւէ չի եղել:
Այս օրերին Թուրքիան տարածաշրջանում ակտիւ աշխատանքներ է տանում նաեւ լրագրողների եւ վերլուծաբանների մակարդակով: Իրադարձութիւնների ամենաթէժ կէտերում գտնուող թուրք լրագրողները, լուրերը հաղորդելուց բացի, ուսումնասիրում եւ ԶԼՄի միջոցով փոխանցում են արաբական հասարակութիւնների տրամադրուածութիւնները Թուրքիայի նկատմամբ: Թուրքական վերլուծական շրջանակները եւս բաւական ակտիւ են, օրինակ՝ TESEV հետազօտական հիմնադրամը վերջերս կատարել է մի ուսումնասիրութիւն, որը կրել է «Միջին Արեւելքում Թուրքիայի ընկալումները» վերնագիրը: Մասնաւորապէս՝ եգիպտացիների շրջանում արուած ուսումնասիրութեան արդիւնքում ի յայտ է եկել այն փաստը, որ հարցուածների 15 տոկոսի համար կարեւոր ու գայթակղիչ է Թուրքիայի իսլամական նկարագիրը կամ իսլամական պետութեան «թուրքական մոդելը»: Եւ պատահական չէ, որ այս օրերին յատկապէս թուրքական մամուլում շարունակ տարփողւում են (կը գովաբանուին-Խմբ.) Մերձաւոր Արեւելքում «թուրքական մոդելի» արատահանման մասին լուրերը: Ըստ տարածուած կարծիքի՝ Թուրքիան եւ, մասնաւորապէս, իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը կարողացել է յաջողութեամբ համադրել իսլամականութիւնը եւ Արեւմուտքի համար ընկալելի լինելու հանգամանքները, ուստի այդ մոդելը խիստ գրաւիչ կարող է լինել նաեւ իսլամական աշխարհի այլ երկրների համար:
Փաստօրէն, կարող ենք ասել, որ այս պահին Թուրքիայի գերակտիւ քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում պարունակում է մի քանի բաղկացուցիչ. նախ՝ Թուրքիան փորձում է օգտուել արաբական աշխարհում ընդգծուած լիդերի (առաջնորդ-Խմբ.) բացակայութիւնից եւ լրացնել այդ վակուումը (պարապութիւնը-Խմբ.), երկրորդ՝ Թուրքիան փորձում է առաւելագոյնս օգտագործել իսլամի եւ Արեւմուտքի համար ընկալելի լինելու համադրութիւնը եւ դառնալ ակտիւ միջնորդ Ա-րեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այս համատեքստում խիստ ուշագրաւ են նաեւ Թուրքիայի եւ Իսրայէլի յարաբերութիւններում ստեղծուած ներկայ վիճակը. Թուրքիան մի կողմից բացայայտ եւ կոշտ քննադատում է Իսրայէլին, սակայն միւս կողմից լիովին չի այրում կամուրջները եւ պահպանում է իր կարեւոր խաղաքարտը, այն է՝ անհրաժեշտութեան դէպքում կարող է ողջ իսլամական աշխարհի անունից խօսել Իսրայէլի հետ: Այս ամէնին զուգահեռ, Թուրքիան ձգտում է ուժեղացնել տնտեսական կապերն արաբական աշխարհի հետ, եւ թուրքական տնտեսութիւնը, սոցիալական ընդհանուր վիճակը եւս գայթակղիչ են դառնում արաբական երկրների համար:
Վերը բերուած օրինակները նէօ-օսմանիզմի տեսական դրոյթների գործնական կիրառման ակնյայտ դրսեւորումներ են, եւ աւելորդ չէ նկատել, որ այս ամէնը թուրքական իշխանութիւններն օգտագործում են ոչ միայն արտաքին քաղաքականութեան մէջ, այլեւ կանխատեսելի է դրանց լայն գործածումը ներքին քաղաքականութեան մէջ եւս: Թուրքիայի իշխող կուսակցութիւնը մի կողմից իսլամական աշխարհին ապացուցում է հաւատարմութիւնը համաիսլամական խնդիրների լուծման գործին, իսկ ներքին քաղաքականութեան մէջ ԱԶԿն իր կրօնամէտ ընտրազանգուածի առջեւ իւրայատուկ քննութիւն է տալիս: Սպասելի է, որ այս ամէնն էլ աւելի ցայտուն կ՛արտայայտուի մօտեցող խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում:
Սակայն չպէտք է կարծել, որ Թուրքիայի ձգտումները եւ յաւակնութիւններն արաբական աշխարհի հետ կապուած՝ միանշանակ են ընդունւում հէնց արաբական երկրներում: Օրինակ՝ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարութիւնը բաւական կոշտ արձագանգեց թուրքական պաշտօնեաների յայտարարութիւններին եւ յստակ նշեց, որ իր երկրի համար ընդունելի չեն ո՛չ թուրքական ԱԶԿի մոդելը, եւ ո՛չ էլ Թուրքիայի «մեծ եղբօր» յաւակնութիւնները: Արաբ վերլուծաբանները, երբեմն նաեւ հեգնանքով եւ չքօղարկուած քննադատութեամբ, նշում են, թէ շուտով Մերձաւոր Արեւելքում չի մնայ գէթ մէկ խնդիր, որի լուծմանը ներգրաւուած չլինի Թուրքիան: Իսկ որոշ թուրք վերլուծաբաններ կարծում են, որ այս օրերի ոգեւորութեան ալիքի հիման վրայ վերլուծութիւններ եւ հետեւութիւններ անելն այդքան էլ ճիշդ չէ, եւ այսօր չի կարելի ասել, որ արաբական աշխարհը լիովին պատրաստ է ընդունել Թուրքիայի առաջնորդութիւնը: Այստեղ երկրորդական չէ նաեւ արաբ ժողովրդի յիշողութիւնը, որում թուրք-օսմանեան անցեալն ամենեւին էլ դրական գոյներով չի պատկերուած:
Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի գերակտիւ քաղաքականութեան դրդապատճառների հարցում մեծ թուով վերլուծաբաններ իրաւացիօրէն կարեւորում են ԱՄՆ հանգամանքը: Արաբական աշխարհում մինչեւ վերջերս ԱՄՆ շահերի ներկայացուցիչը համարւում էր Եգիպտոսը, սակայն վերջին իրադարձութիւններից յետոյ պարզ է դառնում, որ կարող են փոխուել նաեւ ԱՄՆ խաղադրոյքները: Մի շարք վերլուծաբաններ նաեւ նէօ-օսմանիզմի գաղափարախօսութեան հետեւում տեսնում են ԱՄՆին եւ որպէս դրա ապացոյց նշում այդ գերտէրութեան ակնկալած շահերը: Մասնաւորապէս՝ Մերձաւոր Արեւելքի բարդ տարածաշրջանում ԱՄՆին առաւել ձեռնտու է քայլեր անել իր համար վստահելի մի գործընկերոջ միջոցով, որը միեւնոյն ժամանակ օտար չէ տարածաշրջանին, այլ դրա բաղկացուցիչ եւ կարեւոր մասն է կազմում: Ահա այդպիսի կապող օղակի դերի համար ամենաձեռնտու թեկնածուն հէնց Թուրքիան է, որը «սիրայօժար» առաջարկել է իր ծառայութիւնները՝ դրա փոխարէն ստանալով ԱՄՆ աջակցութիւնը: ԱՄՆը նաեւ բացայայտ մեսիջներ (պատգամներ-Խմբ.) է ուղարկում աշխարհին, որ Թուրքիան իր համար Մերձաւոր Արեւելքի ընդհանուր ներկայացուցիչը լինելու եւ միջնորդ դառնալու համար ընդունելի է: Մասնաւորապէս՝ Թուրքիան առաջին իսլամական երկիրն էր, ուր այցելեց Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ ընտրուելուց յետոյ: Եւ այսօր էլ պատահական չէ, որ արաբական երկրներում ընթացող յուզումների ժամանակ շատ յաճախ են այս հարցերի շուրջ տեղի ունենում հեռախօսազրոյցներ Օբամայի եւ Էրդողանի միջեւ, ինչը լայն տարածում է գտնում միջազգային մամուլում եւ բարձրացնում Թուրքիայի հեղինակութիւնը: Այս խաղում եւս թուրքական դիւանագիտութիւնը հանդէս է գալիս բաւական ճկուն, եւ ստեղծուած իրավիճակում Թուրքիային յաջողւում է այս պահին դառնալ ե՜ւ ԱՄՆ գործընկերը, ե՛ւ իսլամական աշխարհի շահերի ներկայացուցիչը: Այսինքն՝ գրեթէ բոլոր խաղացողների շահերը համընկել են, եւ Թուրքիան ձգտում է քաղել առաւելագոյն օգուտներ այս ամէնից: «Վաշինգտոնի նոր մերձաւորարեւելեան քաղաքականութիւնն առաւելագոյնս համապատասխանում է Մերձաւոր Արեւելքում Անկարայի յաւակնոտ ծրագրերի իրականացմանը»:
Ամփոփելով՝ նշենք, որ Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի գերակտիւ քաղաքականութիւնն ուշագրաւ դրսեւորումներ ու զարգացումներ է արձանագրում, եւ կարելի է ասել, որ արտաքին քաղաքականութեան մէջ նէօ-օսմանիզմը սկսում է տալ առաջին պտուղները: