
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Աշխարհի թատերաբեմում կատարուող իրադարձութիւնները սրընթաց յաջորդում են միմեանց: Աւելի քան մէկ ամիս առաջ խօսում էինք տնտեսական ճգնաժամի հետեւանքների մասին, դրանց գումարուեց Միջին Արեւելքում եւ Աֆրիկայում ձեզ յայտնի յեղափոխութիւնների ալիքը, այժմ էլ Ճապոնիան:
Երբ դուռդ թակում է դժբախտութիւնը, մոռանում ես, թէ ինչ տնտեսական դժուարութիւններ ունես, եւ ինչու տանդ պատերը սովորականից աւելի հին են, իսկ ինքնաշարժդ արդէն հինգ տարի է ինչ ունես: Առաջին հերթին աչքիդ առաջ է գալիս քո եւ մերձաւորիդ ապահովութիւնը, եւ ակամայից ասում ես. «Թքած ամէն ինչի վրայ, միայն առողջութիւն լինի»: Ճապոնիայի աւերիչ երկրաշարժից այս կամ այն չափով տուժածներին քիչ է հետաքրքրում, թէ այսօր ինչ ունեցուածք ունեն կամ ինչպիսի ապագայ էին նախագծել ընդամէնը երկու շաբաթ առաջ: Առաջնահերթն անձի ու նրա շրջապատի ապահովութիւնն ու անմիջական կարիքներն են:
Այսօր շարքային ճապոնացուն չի հետաքրքրում, որ աւելի քան 170 միլիարդ դոլար կը պահանջուի երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Նրա համար կարեւոր չէ նաեւ, որ ճապոնական բորսան աւելի քան 7 տոկոսի անկում է գրանցել, ինչը երկրի համար տնտեսական ճգնաժամի իրական վտանգ է ստեղծել: Օրակարգի միակ հարցն է, թէ ինչպէս դիմագրաւել հնարաւոր ցնցումները եւ (Աստուած մի արասցէ) ատոմակայանների հետ կապուած աննախադէպ գլխացաւանքը, որն անմիջական ազդեցութիւն կարող է ունենալ մարդկանց առողջութեան եւ գոյութեան վրայ:
Ճապոնական ատոմակայանների համակարգում գրանցուած պայթիւնների պատճառով, միջազգային հանրութիւնը վերստին հարցականի տակ է դրել միջուկային կայանների կառուցման եւ դրանց միջոցով աւելի մաքուր ուժանիւթ ստանալու նպատակայարմարութիւնը: Եթէ յիշում էք, ընթացիկ տարուայ սկզբին Միացեալ Նահանգների նախագահ Օբաման իր տարեկան զեկոյցում չափազանց կարեւորեց միջուկային էներգիայի՝ որպէս մաքուր ուժանիւթի ստեղծման հրամայականը: Անցեալ շաբաթուայ վերջին, Եւրոպայի տարբեր երկրներում տեղի ունեցան բողոքի հզօր ցոյցեր, որոնք կոչ էին անում ատոմային կայաններն արգելել: Միջազգային հանրութիւնն առաւել զգուշաւորութեամբ է վերաբերւում նոր ատոմակայանների ստեղծման գաղափարին՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ չնայած տնտեսական բաւական մեծ խնայողութեանը, ատոմակայանը, այնուամենայնիւ, պատուհաս է այնքան ժամանակ, որքան բնութիւնն իր անակնկալներն է մատուցելու, եւս մէկ անգամ ապացուցելով, որ անկախ մարդկութեան առաջընթացից, մարդ արարածն անզօր է արհաւիրքի առաջ:
Այստեղ հարկ եմ համարում յիշեցնել Մեծամորի ատոմակայանի մասին, որը շատերը որպէս ուժանիւթի խնդրի բարւոք լուծման աղբիւր են համարում, իսկ ոմանք պնդում են, որ դա մեր երկրի ու ժողովրդի գլխին կախուած պատուհաս է: Եթէ աշխարհի ամենաառաջաւոր երկիրը՝ Ճապոնիան, խնդիր ունեցաւ անվտանգութեան ապահովման հարցում, սանդղակի ո՞ր հորիզոնականի վրայ կը լինի մեր Հայաստանը, եթէ բնական աղէտ տեղի ունենայ… Ուրեմն որքանո՞վ է նպատակայարմար Հայաստանում ատոմակայան ունենալը:
Սակայն վերադառնանք մեր սկզբնանիւթին: Մասնագէտների մի խումբ պնդում է, որ ընդամէնը ժամանակի հարց է, թէ ե՞րբ Ճապոնիան կ՛ընկղմի տնտեսական նոր ճգնաժամի մէջ: Սա իր հերթին սպառնում է աշխարհի տնտեսութեան բարօրութեանը: Ճապոնիան աշխարհի երրորդ ամենախոշոր տնտեսութիւնն է: Բնականաբար, եթէ այն լուրջ խնդիրներ ունենայ, դրանք աշխարհի այլ հատուածներում էլ կ՛արտացոլուեն: Այնպիսի կարծիք գոյութիւն ունի, համաձայն որի, աղէտը կը խլի երկրի համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) 3%ը: Ճապոնիան ապահովում է աշխարհի ՀՆԱի 6%ը, եւ աղէտից տուժած երկրի տնտեսական ակտիւութեան նուազումը բոլորիս անհանգստութեան տեղիք է տալիս:
Տնտեսագէտների մէկ այլ խումբ էլ այն կարծիքն է արտայայտում, որ համաշխարհային տնտեսական աճը կը կազմի 4.4%, եւ Ճապոնիայի աղէտը զգալի բացասական ազդեցութիւն չի ունենայ: Երկրի խնդիրները կը դանդաղեցնեն նաեւ տարածաշրջանի զարգացումը: Չնայած ասիական տարածաշրջանում իր տնտեսական զարգացմամբ Չինաստանն է աչքի ընկնում, այն մեծապէս կախուած է Ճապոնիայից թէ՛ արտահանման, թէ՛ ներմուծման հարցում: Բացի այդ, ճապոնական կողմը բազմաթիւ ուղղակի ներդրումներ է կատարում Չինաստանում: Իսկ աշխարհն իր հերթին կախուած է Չինաստանից. եւս մէկ անհանգստութեան պատճառ՝ համաշխարհային տնտեսութեան համար:
Մէկ այլ խնդիր է դրամի արժեզրկումը: Եթէ տնտեսութեան աճը դանդաղի, արժէզրկումն էլ կը զսպուի: Սա իր հերթին դրական ազդեցութիւն կ՛ունենայ տնտեսութեան յարատեւ զարգացման վրայ: Սակայն եթէ տնտեսութեան ճիւղերը խնդիրներ ունենան առաջարկի հետ, հետեւանքները լրիւ այլ կը լինեն: Համաշխարհային ընկերութիւններն արդէն զբաղւում են աղէտի պատճառով առաջացած մատակարարման մասնակի խափանումը վերացնելու հարցով: Մէկ տարբերակն այն է, որ արտադրողները սպառեն իրենց արդէն իսկ կուտակած պաշարները՝ աւելացնելով պահանջարկը, հետեւաբար բարձրացնելով նաեւ ապրանքի գինը: Մինչեւ աղէտը, Ճապոնիան աշխարհում հումքի երրորդ ամենախոշոր սպառողն էր: Վերականգնուելիս երկիրը կ՛աւելացնի նաւթի սպառումը՝ փորձելով փոխարինել ատոմային էներգիայի մի մասի կորուստը: Այսպիսով պարզ է դառնում, որ համաշխարհային շուկայում պահանջարկը կը շարունակի աճել, նոյնը տեղի կ՛ունենայ վառելիքի գնի հետ, իսկ այս իրավիճակը կ՛աւելացնի ճնշումը կենտրոնական բանկերի նկատմամբ՝ դրդելով վերանայել իրենց վարած դրամավարկային քաղաքականութիւնը: Ի վերջոյ աղէտի հետեւանքները հարկ կը լինի վերացնել, ինչն էլ զարկ կը տայ տնտեսութեան զարգացման նոր փուլին: Կարեւորն է կարճաժամկէտում յաղթահարել աղէտի բոլոր բացասական հետեւանքները եւ չմոռանալ, որ դեռ շատ անելիք ունենք համաշխարհային տնտեսութեան վերականգնման հարցում: Գուցէ այս խնդրի յաղթահարումը թոյլ տայ յետագայում զերծ մնալ նմանատիպ ծաւալուն անկումներից:
Ասես քիչ գլխացաւանք կար, այս մէկն էլ աւելացաւ: Առաջիկայ մի քանի ամիսներին աշխարհի խոշոր պետութիւնները կանգնած կը լինեն մի շարք փորձութիւնների առջեւ: Թոյլ զարգացած եւ զարգացող պետութիւնները ներքաշուած են տարրական անհրաժեշտութեան առարկաների սղութեան թնջուկի մէջ, իսկ որոշ պետութիւններ անխուսափելիօրէն կը կանգնեն իրենց բնակչութեան մի զգալի մասի հնարաւոր սովահարութեան խնդրի առաջ: Սրանից կարող են բխել շատ անսպասելի հետեւանքներ՝ նոյն զարգացած երկրների համար: Եւս մէկ անգամ կ՛ուզենայի յիշեցնել, որ այսօր աւելի քան երբեք, աշխարհը փոխկապակցուած է, եւ ինչպէս մարդիկ, այնպէս էլ պետութիւններն ի վիճակի չեն վերապրել առանց արձագանգելու հարեւանի կարիքներին, քանի որ այդ խնդիրը վաղ թէ ուշ կարող է իրենց առջեւ կանգնել՝ ձեւափոխուած եւ աւելի մեծ գլխացաւանքի տեսքով: Տնտեսական առումով Ճապոնիայի անմիջական հարեւանները՝ Չինաստանը, Ռուսաստանը եւ Կորէան են բոլորից շատ հետաքրքրուած աղէտի հետեւանքների շուտափոյթ վերացման հարցում: Աշխարհն առայժմ հիմնականում մարդասիրական նկատառումներով է օգնութեան ձեռք մեկնում: Բայց կարեւոր է հասկանալ, որ ճապոնացի ժողովրդի բարօրութեան, երկրի տնտեսական առողջացման համար ամբողջ աշխարհը պէտք է ոտքի կանգնի: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թէ յաջորդ աղէտը երկրագնդի որ հատուածին է հարուածելու:
Երկրաշարժն իր աւերիչ լուման է ներդրել աշխարհի կարիքաւորների տարրական իրաւունքների վրայ գործադրուող ճնշման մէջ: Այս ամէնի հետ մէկտեղ աշխարհում բազմաթիւ մարդիկ կան, ովքեր իրենց դժբախտ են զգում միայն այն պատճառով, որ իրենց ընկերներից մի քանի միլիոնով պակաս կարողութիւն ունեն:
Դատէ՛ք ինքներդ.
Միացեալ Նահանգների բնակչութեան ամենաբարձր եկամուտ ունեցողների 5%ին է պատկանում երկրի հարստութեան 55%ը: Վերջերս հարցումներ են կատարուել երկրի այն բնակիչների շրջանում, ովքեր ունեն առնուազն 1 միլիոն դոլարի չափով ներդրումների ենթակայ ակտիւներ: Համաձայն այդ հարցումների միլիոնատէրերի 42%ը իրենց հարուստ չեն զգում: Նրանք պնդում են, որ այդ զգացողութեան համար հարկաւոր է առնուազն 7.5 մլն. դոլար ունեցուածք: Հարցուածներն անհանգստացած են, որ կարող են ամէն ինչ կորցնել: Եթէ հաշուի առնենք, որ հարցման մասնակիցների միջին տարիքը 56 է, բաւականին հասկանալի է, որ նրանց մտահոգում է արդեօք իրենք բաւարար միջոցներ կ՛ունենան թոշակի անցնելուց յետոյ կեանքի բարձր որակ ապահովելու համար: Այնուամենայնիւ նախորդ տարի անցկացուած նմանատիպ հարցման համեմատ այս տարի միլիոնատէրերն աւելի լաւատես են, քանի որ 2009ին իրենց հարուստ չէին զգում հարցուածների 46%ը:
Աշխարհի խնդիրների լոյսի ներքոյ այս միլիոնատէրերին միայն կարելի է ասել. «Խե~ղճ մարդիկ…»
Այսօրուայ համար այսքանը: Գրե՛ք ինձ՝ khachigmelekyan@aol.com