
ԱԽԱԼՔԱԼԱՔ.- Ջաւախքահայութեան Իրաւունքներու Պաշտպանութեան համակարգող խորհուրդը, երէկ հանդէս եկած է յայտարարութեամբ մը, ուր կ՛ըսուի.
«Սոյն թուականի Յունուարի 22-23ը պաշտօնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Համաձայն մամուլում տարածուած տեղեկութիւնների, երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:
Հայ-վրացական յարաբերութիւնների հիմնաքարերից մէկը վրացահայութեան եւ ջաւախքահայութեան քաղաքացիական, կրօնական, լեզուական, կրթամշակութային իրաւունքների պաշտպանութիւնն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումն է:
Այդ հիմնախնդիրներից առաւել կարեւոր են.
1.- Ջաւախքում հայոց լեզուին կարգավիճակ տրամադրելու հարցը:
2.- Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրաւական կարգավիճակ տրամադրելը եւ խորհրդային ժամանակաշրջանում բռնագրաւուած եկեղեցիները վերադարձնելը:
3.- æաւախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալեանի ազատ արձակումը:
4.- Հայաստան-Ջաւախք սահմանակէտում վրաց սահմանապահների կողմից կիրառուող՝ հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման արգելքի վերացումը:
5.- Ջաւախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանեան գործիչների՝ Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը:
6.- Ջաւախքի հայկական դպրոցներում կրճատուած հայերէն դասաժամերի վերականգնումը:
Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցութիւնների ընթացքում քննարկել նաեւ վերոնշեալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարաւոր կը լինի կայուն եւ երկարաժամկէտ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական յարաբերութիւնների ամրապնդման համար»: