Իշխանութիւնը Վտանգում Է Երկիրը
«Լրագիր»ի թղթակից ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆԸ հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Արա Նռանեանի հետ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Կառավարութիւնն իր այս տարուայ առաջին նիստում քննարկել է 2011 թ. ծրագիրը: Իսկ Տիգրան Սարգսեանն իր ելոյթում նշեց կառավարութեան առաջնահերթութիւնները: Ձեր կարծիքով, որքանով է այդ ծրագիրն արդիւնաւէտ եւ որքանով կառավարութիւնը կը կարողանայ այն իրագործել:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Ցանկացած երկրի բարձրաստիճան ղեկավարի այս կամ այն խօսքը միշտ արժանանում է լուրջ ուշադրութեան: Այն ելոյթները, որոնք նախանշում են մէկ եւ աւելի տարիների տնտեսական եւ քաղաքական կուրսը (ուղղութիւնը-Խմբ.), ընդունուած է համարել ծրագրային: Հայաստանում վերջին տարիներին ծրագրային ելոյթների պակաս չի զգացուել: Տարբեր ժամանակահատուածներում մեր ժողովրդին մատուցուել են ռազմավարական բազմաթիւ խնդիրներ, առաջնահերթութիւններ, կարեւորագոյն մարտահրաւէրներ, հիմնախնդիրներ, որոնք պատրաստւում է լուծել իշխանութիւնը: Սակայն մինչ օրս դրանցից ոչ մէկը իր լուծումը չի ստացել: Հասարակութիւնը նոյնիսկ չի տեսնում դրանց լուծման միտումները: Յաճախ կատարուող քայլերը տանում են բոլորովին այլ ուղղութեամբ՝ էլ աւելի խորացնելով դժուարութիւնները: Հայաստանում տեղի է ունենում պրոբլեմների կուտակում, որովհետեւ դրանք առաջանում են աւելի արագ, քան հասցնում է լուծել իշխանութիւնը: Աւելի ճիշդ կը լինի ասել, ոչ մի պրոբլեմի լուծում տեղի չի ունենում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Ինչո՞ւ:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի գոյութեան եւ գործունէութեան տրամաբանութիւնն ուղղուած է ոչ թէ երկրի զարգացմանը եւ պետութեան հզօրացմանը, այլ իշխանութեան պահպանմանը: Տպաւորութիւն է, որ Հայաստանում միշտ նախընտրական մթնոլորտ է: Իշխանութեան համար պրոբլեմները ոչ թէ լուծելու, այլ վարկանիշ հաւաքելու համար յարմար առիթ են: Բացայայտ պրոբլեմները, հասարակութեան ցանկացած անդամի կողմից գիտակցուող հիմնախնդիրը, նոյնիսկ՝ տրիւիալ (աննշան-Խմբ.) ճշմարտութիւնները իշխանութեան կողմից մատուցւում են որպէս նրանց կողմից կատարուած լրջագոյն բացայայտումներ, իսկ դրանց գիտակցումը՝ որպէս մեծագոյն նուաճումներ: Դա լաւ երեւոյթ չէ: Բոլոր ուղղութիւններով ձախողուած իշխանութիւնը մատուցւում է ժողովրդին որպէս մեծագոյն բարիք եւ իմաստութեան շտեմարան… Դա արդէն անցել ենք խորհրդային տարիներին: Եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ նմանուենք այսօրուայ մի շարք ասիական աւտորիտար ռեժիմներին: Դա լաւ աւարտի չի բերելու:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Կառավարութեան նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսեանը 2011 թուականը որակել է «բացառիկ» տարի՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Դուք ինքներդ տեսնո՞ւմ էք դրա նախադրեալները:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Երբ իշխանութիւնը յայտարարում է, որ որոշել է լուծել այս կամ այն ոլորտի խնդիրները, նշանակում է, որ հարկաւոր է մտահոգուել եւ ուշադիր լինել այդ ոլորտի նկատմամբ: Այս կառավարութեան առանձնայատկութիւններից է դարձել հռչակուող առաջնահերթութիւնների եւ իրականացուող քաղաքականութեան անհամապատասխանութիւնը: Բոլորովին վերջերս կառավարութիւնը մերժեց ԱԺ մի խումբ պատգամաւորների առաջարկութիւնը 58.35 մլն. դրամի շրջանակներում աշխատող տնտեսվարողների շրջանակն ընդլայնելու առաջարկութիւնը: Օրինագծեր են բերւում Ազգային ժողով, որոնք կարծես թէ մի փոքրիկ թեթեւացման պատրուակով միաժամանակ ներդնում են նոր տեղեկանքներ, նոր ընթացակարգեր, նոր բարդութիւններ եւ դժուարութիւններ տնտեսվարողների եւ անհատ քաղաքացիների համար: Կառավարութիւնը գրեթէ իւրաքանչիւր օրէնսդրական փաթեթով Ազգային ժողովից ստանում է նորանոր լիազօրութիւններ օրէնքից դուրս բացառութիւններ կիրառելու կամ արտօնութիւններ տրամադրելու համար: Այսպիսի քայլերը հակասում են կառավարութեան հռչակած սկզբունքներին: Այս ամէնը նշանակում է կոռուպցիոն ռիսկերի (կաշառակերութեան վտանգի-Խմբ.) աւելացում եւ տնտեսվարողների որոշակի շրջանակի նկատմամբ կառավարութեան բարեացակամ վերաբերմունքի պատճառով այդ բնագաւառում կենտրոնացուածութեան մակարդակի բարձրացում՝ իր բոլոր բացասական հետեւանքներով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Ձեր կարծիքով, 2011 թ տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի՝ իշխանութիւնները շատ են խօսում բարեփոխումների, սոցիալական ուղղուածութիւն ունեցող պետական բիւջէ ունենալու մասին:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Իշխանութիւնը վերջին երկու տարիներին պարզապէս զբաղուած է ռեսուրսների կուտակմամբ: Կուտակումը գնում է երկու մակարդակով՝ թէ անձնական, թէ պետական: Ներկայ տնտեսական համակարգի պահպանումը մոլեգնող գնաճի հետ միասին յանգեցնում է որոշ մարդկանց մօտ եկամուտների կենտրոնացման եւ գերշահոյթների:
Կառավարութիւնը նոյնպէս կուտակում է: Կառավարութիւնը վերջին տարիներին չգնաց թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման, իսկ շատ ծախսատար, ծանր ու վիճայարոյց նոր կենսաթոշակային համակարգի ներդնումը նախատեսեց 2014 թուականին: Այս ամէնի նպատակը 2012 եւ 2013 թուականների ընտրութիւններն են: 2011ի վերջին կառավարութիւնը կը յայտարարի 2012ից թոշակների եւ աշխատավարձերի աճի մասին, նպատակ ունենալով պահել այդ տրամադրութիւնը մինչեւ 2013 թուականի ընտրութիւնները: Իսկ դրանից յետոյ… Այսինքն գործում է հետեւեալ սխեման՝ գումարների կուտակում հասարակութեան աղքատացման հաշուին, այնուհետեւ փող ծախսելով իշխանութեան պահպանում, որից յետոյ կրկին կուտակում՝ բնական է հասարակութեան եւ պետութեան հաշուին եւ այդպէս շարունակ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Այնուամենայնիւ, ինչու է իշխանութիւնը գնում իմիտացիոն (ձեւական, նմանակում-Խմբ.) բարեփոխումների ճանապարհով եւ իրական բարեփոխումներ չի անում: Ի՞նչն է նրան խանգարում, միթէ՞ իշխանութիւնները չեն ցանկանայ գնալ իրական փոփոխութիւնների:
ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ.- Իսկ ինչու պէտք է իշխանութիւնը անի իրական բարեփոխումներ: Իրական բարեփոխումներ անել, նշանակում է չկառչել իշխանութիւնից: Իրական բարեփոխում անել նշանակում է չվախենալ իշխանութիւն կորցնելուց: Նշանակում է լինել նորմալ իշխանութիւն, յետոյ նորմալ ընդդիմութիւն եւ հակառակը: Նշանակում է ձեւաւորել այնպիսի հասարակութիւն, որտեղ լաւ են զգում ոչ միայն իշխանաւորները, այլ բոլորը, այդ թւում նրանք, ովքեր չունեն ոչ մի լծակ: Պահանջւում է առաջնորդուել ոչ թէ անձնական, այլ ազգային եւ պետական շահերով: Իսկ այսօր իշխանութեան ներկայացուցիչները կարծում են, որ միայն իրենք են արտայայտում պետական շահը եւ իրենց սեփական շահը հէնց պետական շահն է:
Հայաստանում իրական բարեփոխում նշանակում է նոր իշխանութիւն՝ նոր մտածելակերպով եւ նոր մարդկանցով: Դա նշանակում է ներկայ իշխանութեան հեռացում: Իսկ քանի որ ներկայ իշխանաւորները իրենց այլ դերում չեն պատկերացնում, ապա կառչելով իրենց աթոռներից՝ վտանգում են մեր ազգի եւ երկրի ապագան: