Յարգելի հայրենակիցներ,

Աւարտին է մօտենում 2010 թուականը՝ տարի, որը հարուստ էր քաղաքական, տնտեսական, մշակութային իրադարձութիւններով: Մեր հանրապետութեան տնտեսութեան գրեթէ բոլոր ոլորտներում արձանագրուեց կայուն աճ: Կառուցուեցին նոր բնակելի շէնքեր, արդիւնաբերական օբյեկտներ, մշակութային եւ կրթական օջախներ: Էլ աւելի է բարձրացել մեր երկրի պաշտպանունակութեան մակարդակը, ամրապնդուել են Հայաստան-Արցախ-Սփիւռք կապերը: Սպորտի եւ մշակոյթի մեր ներկայացուցիչները փայլուն յաղթանակներ գրանցեցին միջազգային ասպարէզում:
Ցաւօք, անցնող տարում մենք ունեցանք նաեւ անդառնալի կորուստներ: Պետական սահմանները պաշտպանելիս զոհուել են զինծառայողներ:
Յաւե~րժ փառք ու պատիւ յանուն Արցախի անկախութեան ու ազատութեան իրենց կեանքը զոհաբերած մեր բոլոր հերոսներին: Թող 2011ը յաջող տարի լինի նրանց ընտանիքների եւ հարազատների համար:
Բարեկամներ, 2011 թուականին ազգովի կը տօնենք Արցախի Հանրապետութեան անկախութեան 20ամեակը: Անկախ եւ ինքնիշխան պետութիւն կառուցելու մեր կամքն ու վճռականութիւնը մնացել են անփոփոխ: Եւ ոչինչ չի կարող մեզ շեղել այդ ճանապարհից:
Այս տօնական պահին նախ եւ առաջ շհորհաւորում եմ մեր անվտանգութեան հիմնական երաշխաւորի՝ Պաշտպանութեան բանակի ողջ անձնակազմին, նրանց, ովքեր Նոր տարին դիմաւորում են խրամատներում ու դիրքերում՝ անսասան պահելով հայրենիքի սահմանները:
Շնորհաւորում եմ Հայաստանի եւ Սփիւռքի մեր քոյրերին ու եղբայրներին, ում գործուն մասնակցութեամբ է նաեւ զարգանում ու զօրանում Արցախը:
Թանկագին արցախցիներ, ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիդ այս ամենաջերմ տօնի առթիւ: Մաղթում եմ ձեզ քաջառողջութիւն ու երջանկութիւն: Թող 2011 թուականը մեր ժողովրդին բերի յաջողութիւն ու բարեկեցութիւն, մեր երկրին՝ խաղաղութիւն ու համերաշխութիւն: Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: