Սիրելի հայրենակիցներ,

Աւարտւում է 2010 թուականը: Այն բնութագրուեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների յաղթահարմանն ուղղուած ծանր ու լարուած աշխատանքով: Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին՝ մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսութեան մէջ, ամբողջութեամբ կատարեցինք պետութեան սոցիալական պարտաւորութիւնները, նոր թափ հաղորդեցինք ենթակառուցուածքների զարգացմանն ուղղուած աշխատանքներին:
Շօշափելի են յաջողութիւնները տեղեկատուական տեխնոլոգիաների, տուրիզմի, ներդրումների եւ արտահանման խրախուսման ոլորտներում: 2010 թուականը բնութագրուեց նաեւ գիտութեան, մշակոյթի եւ սպորտի բնագաւառներում նկատելի ձեռքբերումներով: Նոր որակի հասաւ էլեկտրոնային կառավարման համակարգը ու մեր երկրի քաղաքացիներին էլեկտրոնային ծառայութիւնների մատուցման գործընթացը:
Չնայած գիւղատնտեսութեան ոլորտում գրանցուած մտահոգիչ անկմանը՝ կառավարութեանը յաջողուեց իրականացնել սերմնաբուծութեան զարգացմանն ուղղուած ծրագիրը, սկիզբ դրուեց բուսասանիտարիայի ոլորտի բարեփոխումներին: Համոզուած եմ, որ 2011-2012 թուականներին մեր կատարած աշխատանքը կը տայ իր տեսանելի արդիւնքը:
Սիրելի հայրենակիցներ, մենք մուտք ենք գործում ոչ միայն նոր տարի, այլեւ նոր տասնամեակ: 2011 թուականին մեկնարկում են լրջագոյն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները:
Այդ բարեփոխումները յաջողութիւն կ՛ունենան միայն հասարակական լայն աջակցութեան ու համատեղ ջանքերի շնորհիւ: Ես համոզուած եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ աւելի լաւ ու հզօր Հայաստան ունենալու մեր երազանքը: Բոլորիս համար Ամանորեայ տօները կրում են յոյսի եւ բարութեան, ջերմութեան եւ միմեանց հանդէպ հոգատարութեան խորհուրդը: Եւ մենք նոր տարի ենք մուտք գործում հաւատով ու մեր երկրի համար առաւելագոյնն անելու կամքով ու վճռականութեամբ:
Մաղթում եմ, որ Նոր տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղութիւն, համերաշխութիւն եւ սէր:
Աստուած մեզ բոլորիս պահապան:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: