ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տարին իր աւարտին է մօտենում: Սովորականի պէս մարդիկ զարդարում են իրենց բնակարանները, ոմանք փորձում են ձեւացնել, թէ ամէն ինչ առաջուայ պէս է, եւ ոչինչ չի փոխուել:
Ցաւալի է, բայց իրականութիւնն այլ պատկեր է ուրուագծում: Որոշ տնտեսագէտներ Միացեալ Նահանգներին այսօր «երկրագնդի հիւանդ մարդ» են կոչում, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ ամերիկացիները վերջին 20 տարիների ընթացքում սովորել են ապառիկով ապրել: Ապառիկ գնումներ կատարելն աստիճանաբար վերածուել է ապրելակերպի, իսկ նախկինում այն միայն ընտրեալներին էր հասու:
300 միլիոն բնակչութիւն ունեցող երկրում արդիւնաբերութեան մէջ ընդամէնը 8 միլիոն մարդ է զբաղուած, որը չափազանց թոյլ ցուցանիշ է: Միացեալ Նահանգների ապրանքաշրջանառութիւնն արտաքին աշխարհի հետ բաւական խոշոր բաց է գրանցել: Օրինակ, Միացեալ Նահանգների առեւտրային պակասուրդը Չինաստանի հետ 2008թ.ին կազմում էր $268 միլիարդ, իսկ այս տարի կարող է հասնել $270 միլիարդի:
Վերջին տասնամեակի գերտաքացումն իրեն աւելի քան զգացնել է տալիս այսօր. արդիւնաբերական բնագաւառի բազմաթիւ աշխատողներ ստիպուած են մօտ 1/3ով աւելի ցածր աշխատավարձի հետ հաշտուել: Տնտեսագէտների մի խմբի կարծիքով, վերջերս երկրի օրէնսդիր մարմինների կողմից վաւերականացուած անաշխատութեան նպաստների ժամկէտի երկարացումը վնաս է հասցնում երկրի տնտեսութեանն այն առումով, որ աշխատաւորները սովորում են նպաստ ստանալու գաղափարին: Նրանք առկայ աշխատանքները չեն վերցնում, որովհետեւ դրանց շուկայական պահանջի համեմատ տր-ուած աշխատավարձն աւելի քիչ է, քան նպաստները: Բայց նպաստները մի օր դադարելու են, եւ երկրի բնակչութեան մի հսկայ զանգուած ստիպուած է յարմարուել նոր պայմաններին:
Տնտեսագէտների մի ստուար խումբ այս պայմաններն ուղղակիօրէն բնորոշում են որպէս աղքատութիւն եւ հետեւեալ համեմատութիւնն են անում. եթէ տունը 5 տարի առաջ կարելի էր գնել $400000ով, ապա այդ տունն այսօր կէս արժէքն ունի շուկայում: Երբ տնտեսական ճգնաժամը սկսուեց, գնորդներից շատերը չէին ցանկանում համակերպուել այն մտքի հետ, որ իրենց ներդրումը հալչելու է՝ հաւանաբար յոյս ունենալով, որ ի վերջոյ տան արժէքը վերելք կը գրանցի: Ի վերջոյ այդպէս էլ կը լինի, բայց թէ երբ, այսօր շատերն են դժուարանում կանխատեսել: Ոմանք պնդում էին, որ 2009թ.ից տների արժէքները կը վերադառնան իրենց երբեմնի բարձունքներին. ինչպէս տեսանք, նրանք չարաչար սխալուեցին: Այժմ էլ 2012թ.ն են մատնանշում իբրեւ կտրուկ շրջադարձային տարի: Իսկ $400000ով անշարժ գոյք գնած ներդրողն արդէն հաշտուել է իր կորստի հետ. կա՛մ կորցրել է իր ներդրումը, կա՛մ էլ համապատասխան տեղաշարժեր է կատարել իր կենսակերպի եւ կամ ներդրումային փաթեթի մէջ: Փաստօրէն նա հաշտուել է իրականութեան հետ: Բայց այսօրուայ պայմանները չեն ցանկանում հաշտուել մեր ունեցած կորուստների հետ. սննդի արժէքը չի նուազել, հարկերն աւելացել են, ուսման համար գանձուող վարձերը աստղաբաշխական թուերի են հասել: Սա ոչ այլ ինչ է, քան պայմանների թելադրուած վիճակ, այլ կերպ ասած՝ կենսամակարդակի վատացում:
Միացեալ Նահանգների արդիւնաբերութիւնը ստեղծում է երկրի տնտեսական արտադրանքի ընդամէնը 10 տոկոսը եւ ապահովում աշխատուժի գրեթէ 9 տոկոսի զբաղուածութիւնը: Մինչդեռ Միացեալ Նահանգների աշխատանքի նախարարութեան տուեալներով այս ոլորտի աշխատատեղերի կրճատումը կազմել է ընդհանուր 8.4 միլիոնի 26 տոկոսը: Տնտեսութեան այս ճիւղը մեծ ներուժ ունի, եթէ հաշուի առնենք շինարարութիւնը, հանքահորային սարքաւորումներ արտադրող ընկերութիւնները, ինչպիսին է Քաթերփիլարը կամ գիւղատնտեսական սարքաւորումներ արտադրող աշխարհում ամենամեծ ընկերութիւնը՝ «Դիըր-Էնդ-Քո»ն: Սակայն այս ոլորտի ղեկավարները նշում են, որ նոյնիսկ տնտեսական վերականգնման դէպքում աշխատանքից ազատուած 2.2 միլիոն բանուորների մեծամասնութեան աշխատանքը չի վերականգնուի: Նրանց փոխարէն ընկերութիւններն աշխատանքի կ՛ընդունեն արտասահմանցիներ՝ զարգացող շուկաները խթանելու համար:
Վարկերը չմարելու պատճառով առգրաւուած բնակարանների հետ կապուած խնդիրների պատճառով ոլորտում աշխատում է 5.6 միլիոն մարդ, մինչդեռ 2006թ.ին այդ թիւը 7.7 միլիոն էր կազմում: Մարդահամարի արդիւնքների համաձայն ներկայումս շուկայում 6.3 միլիոն դատարկ բնակարան կայ, որոնք վաճառւում կամ վարձով են տրւում: Բնակարանների կառուցման ազգային ասոցիացիայի գլխաւոր տնտեսագէտ Դեւիդ Քրոուն նշում է, որ «աւելի նորմալ» ցուցանիշը 4 միլիոնն է:
Մէկ այլ փաստ. կրկին մարդահամարի տուեալներով ներկայումս եկամուտների անհաւասարութիւնը իր բարձրագոյն կէտին է հասել այն պահից, երբ 1967թ. բիւրոն սկսել է հետեւել այս ցուցանիշին: Մի խումբ տնտեսագէտների կարծիքով երկրի տնտեսութիւնը կարիք ունի հիմնական վերադասաւորման, բայց քաղաքագէտները քաջութիւն չունեն խոստովանելու, որ իրենք աւելի շատ վաղուայ օրուայ մասին են անհանգստացած, քան 10 տարի յետոյ սպասուող ապագայի մասին: Մասնագէտի կարծիքով, եթէ մենք ունենայինք պակասուրդի կրճատման 10ամեայ ծրագիր, հնարաւոր կը լինէր ծախսերն ուղղել անհրաժեշտ բարեփոխումներին: Սակայն Միացեալ Նահանգների քաղաքական գործիչները համարում են, որ չվճարումների շարանն աւելի լաւ է եւ շարունակում են ստել, որ երկիրն անվնաս դուրս կը գայ այս իրավիճակից:
«Դարձեա՞լ մռայլ պատկեր»,- կը մտածի ընթերցողը: Գուցէ եւ ճիշտ էք, դրամական/տնտեսական առումով: Մի խումբ առաջադէմ մտաւորականներ փորձում են ապացուցել, որ տնտեսական ճգնաժամն ամէն ինչի հետ մէկտեղ կարող է ստիպել, որպէսզի մարդիկ աւելի ամուր կառչեն իրարից՝ վերապրելու նպատակով: Եւ ակամայից յիշում եմ 70ական թուականները, երբ մի քանի ընտանիք ապրում էին մէկ յարկի տակ, չունէին ինքնաշարժ, ճոխ ռեստորանում չէին ճաշում, իրենց հանգիստը Հաւայեան կղզիներում չէին անցկացնում, Լաս Վեգասի ճանապարհն անգամ չգիտէին: Իսկ մթնոլորտը ջերմ էր:
«Ինքնուրոյնութեան կորուստ, ինքնավարութեան վախճան շատերի համար»,- կասէք, եւ միանգամայն համաձայն եմ ձեզ հետ: «Զգացական դաշտ անցանք», կը մտածէք, եւ չէք սխալուի: Չէ՞ որ անընդհատ տնտեսական բարեկեցութիւնը շատերի մօտ ինքնաբաւարարուածութեան այնպիսի մի աստիճանի էր հասել, որ իրենց կիսաստուած էին զգում: Միգուցէ որոշակի շտկումներ այսօր ինչ-որ չափով անհրաժեշտ էին: Իսկ թացն էլ չորի հետ է վառւում, ինչպէս ժողովուրդն է ասում: Այս առումով ուշադրութիւնս գրաւեց եւրոպացի երիտասարդ մի մեծահարուստի պատմութիւնը, որ տարեկան միլիոնաւոր դոլարի նուիրատուութիւն է կատարում, բայց չունի սեփական տուն, սեփական ինքնաշարժ, ճանապարհորդում է հանրակառքով եւ ուղեւորւում է այս կամ այն երկիր ոչ թէ սեփական, այլ հանրային ինքնաթիռով: Իհարկէ, կը մտածէք. «Շատ ունի, իրեն կարող է թոյլ տալ նման շռայլութիւն»: Պատկերացնու՞մ էք, թէ նրա շրջապատից քանիսն են նրան խենթ անուանում եւ ծաղրում մարդուն: Հա, ի դէպ չմոռանամ ասել, որ դեռ ծնողների հետ է ապրում:
Գրէք ինձ khachigmelekyan@aol.com հասցէով:
———————————————————————————————————————————————————
Եուան
Վաղուց ի վեր տնտեսագէտները քննարկում են եուանի միջազգայնացման հարցը, սակայն ներկայումս այդ հարցը կարծես աւելի լուրջ դիտարկում է պահանջում: Վերջին շրջանում չինական արժոյթը յիրաւի ամրապնդել է իր դիրքերը համաշխարհային շուկայում, այդ իսկ պատճառով երկրի ներսում տարակուսանք է առաջացնում եուանի միջազգայնացման ծաւալի եւ արագութեան վերաբերեալ, իսկ այլ երկրներում փորձում են գուշակել Չինաստանի այդ հնարաւոր քայլի դրդապատճառները:
Ենթադրաբար տարէցտարի եուանով կատարուող գործարքների ծաւալը կ՛աւելանայ, ինչը թոյլ կը տայ գործընթացն աւելի արդիւնաւէտ կազմակերպել եւ վերահսկել: Բացի այդ եուանը կը դառնայ միջազգային ներդրումների արժոյթ. արդէն իսկ երկրէն դուրս գոյութիւն ունեն եուանով արտայայտուած պարտատոմսեր, իսկ երկրի ղեկավարութիւնը արտասահմանցիների համար հեշտացրել է ներքին պարտատոմսերի շուկայում ներդրումներ կատարելու գործընթացը: Սեպտեմբերին, նոյնիսկ Մալազիայի կենտրոնական բանկը արտարժոյթով ունեցած իր պահուստների մի մասը վերածել էր եուանի:
Միջազգայնացումը երկու վտանգ է պարունակում՝ փոխարժէքի ազատականացում եւ ազատ փոխարկելիութիւն: Եթէ չինական պաշտօնեաները ցանկանում են, որ եուանն ընդգրկուի տարադրամների զամբիւղում, այն պէտք է ազատ փոխարկելի լինի: Այս փաստը նաեւ ենթադրում է, որ շուկան պէտք է կարգաւորի չինական արժոյթի փոխարժէքը:
Այսպիսով Չինաստանի կառավարութիւնը երկընտրանքի առաջ է կանգնած. փորձութեան ենթարկել մշտապէս կայուն մակարդակի վրայ պահուող փոխարժէքը, կամ փորձել համաշխարհային գերիշխանութիւն հաստատել եւ կասկածի տակ դնել Միացեալ Նահանգների գերակայ դիրքն աշխարհում: