ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Թուրք մեկնաբանները չեն կարողանում հասկանալ, թէ ինչո՞ւ է մեղադրական գործերով լցուած դարակներից մէկում դրուած Աթաթուրքի լուսանկարը: Որոշները կարծում են, որ դա կապուած է հայերի եւ յոյների ցեղասպանութիւններին նրա առնչութեան հետ» (3 Դեկտեմբերի, 2010թ., www.news.am):
Այս օրերին աշխարհը խօսում է Wikileaks-ի մասին, քանզի Wikileaks-ն է խօսում աշխարհի մասին: Բազմաթիւ հաղորդագրութիւնների մէջ եղաւ հետեւեալը. Wikileaks-ի տեղեկատուական պահոցներից մէկում՝ դարակի վրայ, դրուած է Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: Կարծիքներ հնչեցին, որ լուսանկարն ակնարկ է առ այն, որ Wikileaks-ն իր տրամադրութեան տակ ունի Աթաթուրքի մասին վարկաբեկիչ նիւթեր եւ պատրաստւում է դրանք հրապարակել: Ոմանք շտապեցին յայտարարել, որ այդ նիւթերը կարող են վերաբերել հայերի եւ յոյների ջարդերին Մուստաֆա Քեմալի առնչութեանը: Միգուցէ, սակայն դա վաղուց արդէն գաղտնիք չէ, պարզապէս մոռացուած է կամ աւելի ճիշտ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանաւորուած ուրացում: Առաջ այսպէս չէր:
Ի տարբերութիւն ներկայի՝ առաջ լրագրողներն աւելի անկախ էին, իսկ դիւանագէտներն՝ աւելի ազնիւ: Ժամանակի մամուլն ու դիւանագիտական զեկուցագրերը լեցուն են քեմալականների կողմից Հայաստանի Հանրապետութեան տարածքում (1920թ. Սեպտեմբեր-1921թ. Ապրիլ) եւ Կիլիկիայում (1920թ. Փետրուար) հայկական քաղաքացիական բնակչութեան ջարդերի, ինչպէս նաեւ Զմիւռնիայում (1922թ. Սեպտեմբեր) յոյների եւ հայերի կոտորածի մասին տեղեկութիւններով: Իզուր չէ, որ 1921թ. քեմալականների գլխամասային կառոյցը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովը, Մուստաֆա Քեմալին շնորհել է ղազի՝ անհաւատներին ոչնչացնող (Destroyer of Infidels) (John Gunter, Procession, New York, 1965, p. 95.) կամ քրիստոնեաներին ոչնչացնող (The Destroyer of Christians) (Harold C. Armstrong, Gray Wolf, Mustafa Kemal, An Intimate Study of a Dictator, New York, 1933, p. 152.) մականունը:
Իհարկէ, այդ նոյն օրերին նա եւ նրա կողմնակիցները Եւրոպայում յայտնի էին բոլորովին այլ մականուններով: Ահա թէ ինչ է գրում Մուստաֆա Քեմալի մասին 1936թ.ին ամերիկեան յայտնի լրագրող եւ բազմաթիւ արժէքաւոր գրքերի հեղինակ æոն Գիւնտէրը [John Gunter]. «Աթաթուրքը բռնակալների միջի ամենաբռին է: Նրա կողքին Հիտլերը փափկասուն է, Մուսսոլինին բուրումնախեղդ թիթիզ» (Ataturk is the roughneck of dictators. Beside him, Hitler is a milksop, Mussolini a perfumed dandy (John Gunter, նշվ. աշխ., էջ 96). John Gunter, Inside Europe, 1936):
Իսկ Բրիտանական կայսրութեան նախարարական չորս կաբինետների (1916-1930թթ.) փոխքարտուղար «Եւրոպայի կարեւորագոյն վեց մարդկանցից մէկը» (one of the six most important men in Europe) [http://en.wikipedia.org/wiki/Thomas_Jones_(T._J.]՝ Թոմաս æոնսը (Thomas Jones, Deputy Secretary to the Cabinet), երբ իր խղճի հետ միայնակ էր մնում, ապա քեմալականներին անուանում էր «Անկարայի մսագործներ» (Angora butchers) (Thomas Jones, Whitehall Diary, ed. by Keith Middlemas, Volume III, London, 1971, p. 55): Այսուհանդերձ, չեմ կարծում, որ եթէ Wikileaks-ը ինչ-որ բան հրապարակի Աթաթուրքի մասին, ապա դա կը վերաբերի քրիստոնեաների նկատմամբ նրա վարած քաղաքականութեանը:
Wikileaks-ի տեղեկատուական արտահոսքը ոչ առաջինն էր եւ ոչ էլ վերջինն է լինելու: Պարզապէս, եթէ առաջ այդ բանն արւում էր տպագիր մամուլի միջոցով, այսինքն՝ դանդաղ էր մատչելի դառնում հազարաւորների, գուցէեւ տասնեակ հազարաւորների համար, ապա այսօր ինտերնետը ցանկացած տեղեկութիւն անմիջապէս հասանելի է դարձնում տասնեակ միլիոնաւորների համար: Ժամանակին, երբ Թուրքիան կարողութիւն չունէր՝ փակելու ուրիշների բերանը, եւ եւրոպացիներն ազատ էին իրենց տանը իրենց մտքերն արտայայտելու հարցում, եւրոպացի դիւանագէտները, այսօրուայ բառապաշարով ասած, պարբերաբար տեղեկատուական արտահոսք էին կազմակերպում: Դա դրսեւորւում էր իրենց աշխատած երկրների եւ նրանց ղեկավարների մասին անկեղծ յօդուածներ եւ գրքեր գրելով: Այդ ժամանակ կեղծ բարեպաշտութիւնը դեռեւս պետական քաղաքականութեան մակարդակի չէր բարձրացուած:
Մեզ հետաքրքրող հարցի, այն է Քեմալ Աթաթուրքի մասին թերեւս ամենահետաքրքիր եւ ամենահաւաստի տեղեկութիւնների հեղինակը Հարըլդ Արմսթրոնգն (Harold Armstrong) է: Արմսթրոնգն առաջին աշխարհամարտից յետոյ՝ 1919թ. Ապրիլից (Harold Armstrong, Turkey in Travail, The Birth of a New Nation, London, 1925, p. 66) մինչեւ 1922թ. Յունիս (նոյն տեղում, էջ 230), եղել է Կ. Պոլսում Բրիտանիայի Գերագոյն յանձնակատարի ռազմական կցորդի պաշտօնակատարը (մինչեւ 1923թ., այսինքն՝ մինչ Թուրքիայի ինքնիշխանութեան վերականգնումը Թուրքիայի հետ չէին կարող լինել հաւասարազօր իրաւական յարաբերութիւններ: Ուստի, դեսպանների փոխարէն Թուրքիայում Գերագոյն յանձնակատարներ էին, իսկ ռազմական կցորդների փոխարէն՝ պաշտօնակատարներ), Բրիտանական կայսրութեան պաշտպանութեան նախարարութիւնում յատուկ ծառայութիւնների սպայ եւ թուրքական ժանդարմերիայի վերահսկիչը (Acting Military Attach to the High Commissioner, Constantinople; Special Service Officer in War Office and Supervisor of Turkish Gendarmerie) (Harold Armstrong, Travail, նշվ. աշխ., էջ iii, 75): Այսինքն՝ մէկը, որն, անմիջականօրէն վերահսկելով Թուրքիայի ներսում գործող գործակալական ցանցը, իրազեկ է դարձել բազմաթիւ քաղաքական գործիչների կեանքի մանրամասներին: Դրա համար նա ունէր լիազօրութիւններ եւ կարողութիւններ, ինչպէս նաեւ կատարելապէս տիրապետում էր թուրքերէնին:
Աւելի քան երեք տարի Թուրքիայում պաշտօնավարելուց յետոյ Հարըլդ Արմսթրոնգը, օգտագործելով տարիների իր հաւաքած տեղեկութիւնները, Թուրքիայի մասին սկզ-բնաղբիւրային նշանակութիւն ունեցող երկու գիրք է գրում՝ Harold Armstrong, Turkey in Travail, The Birth of a New Nation, London, 1925 [Թուրքիան երկունքի ցաւերի մէջ, մի նոր ազգի ծնունդ] եւ H.C. Armstrong, Gray Wolf, Mustafa Kemal – An Intimate Study of a Dictator, N.Y., 1933 [Գորշ գայլը՝ Մուստաֆա Քեմալ- մի բռնակալի անձնականի ուսումնասիրութիւն]: Յատկապէս բացառիկօրէն արժէքաւոր է նրա երկրորդ գիրքը:
Առ այսօր Քեմալ Աթաթուրքի մասին հարիւրաւոր գրքեր են գրուել: Սակայն դրանք աւելի շատ յիշեցնում են Ստալինի ժամանակ Ստալինի մասին գրուած գրքերը, քան լուրջ գիտական ուսումնասիրութիւններ են: Դրա համար մի շարք պատճառներ կան: Պատճառներից մէկն այն է, որ Թուրքիայի Հանրապետութեան քրէական օրէնսգիրքը (յօդուածներ 301; 305; 306) հնարաւորութիւն է տալիս հետապնդել Աթաթուրքի մասին ցանկացած հրապարակման հեղինակի, որի բովանդակութիւնը իշխանութիւնները կը համարեն վիրաւորանք, թէեւ իրականում այդպիսին կարող է եւ չլինել: Քանի որ բրիտանացի դիւանագէտ եւ հետախոյզ Հարըլդ Արմսթրոնգը վաղուց է մահացել, ուստի մտահոգութիւն չունենք նրա համար: Պարզապէս հատուածաբար մէջբերումներ անենք նրա գրքից՝ լուսաբանելու համար Մուստաֆա Քեմալի (հետագայում Աթաթուրք կամ Աթաթիւրք) կեանքի պակաս յայտնի կողմերը:
Ամենայն հաւանականութեամբ Wikileaks-ի ունեցած նիւթերը վերաբերում են Աթաթուրքի անձնական կեանքի ծածուկ կողմերին: Իսկ որ այդպիսի նիւթեր շատ կան, փաստ է: Ես ինքս եմ տարբեր արխիւներում կարդացել 1920-30ական թուականների զանազան դիւանագիտական զեկուցագրեր Աթաթուրքի մասին, որոնք արժանի են տպագրուելու Playboy-ի կամ Instinct-ի էջերում: Հարկ եմ համարում ընդգծել, որ քաղաքական գործիչների անձնական կեանքի մանրամասները արդէն անձնական չեն իրենց բուն էութեամբ: Անձնականը զգալապէս պայմանաւորում է մարդկային մտածողութիւնը, որն էլ իր հերթին որոշումներ կայացնելու հիմքն է: Որոշումներ, որոնցից հազարաւոր մարդկային կեանքեր եւ պատմական շրջադարձեր են կախուած: Անձնականի գործօնը քաղաքական գործչի դէպքում միշտ հասարակական հնչեղութիւն եւ հեռագնայ ազդեցութիւն ունի: Քաղաքական գործիչը չունի եւ չի կարող ունենալ անձնական կեանք: Քաղաքական գործչի կենսաձեւը կամաւոր ընտրութիւն է, որն ամէն անհատ անում է գիտակցուած: Սեռական կեանքը մարդու անձնական կեանքի կա-րեւորագոյն կողմերից է: Հե-տեւաբար, սեռական վարքագիծը շատ բան կարող է վկայել մարդու մասին, հսկայական նիւթ տալ՝ հասկանալու համար նրա ներաշխարհը եւ մտածողութիւնը:
Մուստաֆայի սկզբնական սեռական յարաբերութիւնների եւ կողմնորոշման մասին Արմսթրոնգի առաջին տեղեկութիւնը վերաբերում է Սալոնիկի կադետական դպրոցի (Military Cadet School in Salonika) երկրորդ տարուն (1894թ.): Այստեղ է, որ Մուստաֆայի թուաբանութեան ուսուցիչը՝ նրա անուանակից կապիտան Մուստաֆան, իր «հովանու» տակ է վերցնում 13-14ամեայ պատանուն. «Նրա [Մուստաֆա Քեմալի] ուսման երկրորդ տարում ուսուցիչներից մէկի՝ ոմն կապիտան Մուստաֆայի սիրտը կպաւ նրան» (In his second year one of the masters, a Capitan Mustafa, took a fancy to him) (H. C. Armstrong, Gray Wolf, Mustafa Kemal An Intimate Study of a Dictator, N.Y., 1933, p. 7): Հետաքրքրական է to take fancy (= to have a fancy, to fancy) դարձուածքի գործածումը Արմսթրոնգի կողմից: Անգլերէնում այն մի շարք իմաստներ ունի՝ սիրել, դուր գալ, տարուել (Անգլերէն-հայերէն բառարան, [խմբ. Հ.Ա.Ասմանգուլեանի, Մ.Ի.Յովհաննիսեանի], Երեւան, 1984, էջ 331-332), մէկի հետ կապուած զգալ, յատկապէս սէքսուալ կապով (to feel attached to, especially in sexual way) (Collins Cobuild on CD. 4th ed, 2003): Ի դէպ, հէնց այս կապիտան Մուստաֆան էլ կապուտաչեայ դեռատի Մուստաֆային տալիս է Քեմալ՝ կատարեալ, գեղեցիկ, սիրունիկ մականունը (H. C. Armstrong, Gray Wolf, նշ. աշխ., էջ 7):
Իր հետագայ վկայութիւններում Արմսթրոնգն աւելի է յստակեցնում իր միտքը. «Կապիտան Մուսթաֆայի ընկերութիւնն ու խնամքը նրան որեւէ լաւ բան չտուեց: Ընկերութիւնն ապառողջ էր: Նա հասունացաւ չափազանց արագ: Նախքան 14 տարեկան դառնալը նա արդէն անցել էր տղայութեան աստիճանը. խարխափումները սէքսի հետեւից. մանր կեղտոտութիւններ. նաեւ սկսել էր յարաբերութիւններ ունենալ հարեւանի աղջկայ հետ» (The friendship and protection of Captain Mustafa did him no good. The friendship was unhealthy. He developed overrapidly. Before he was fourteen he had passed the boy stage: the gropings after sex: the petty dirtiness: and he had started an affair with a neighbor՛s daughter) (նոյն տեղում):
Ուսումը շարունակելու համար Մուստաֆա Քեմալը նախ Սալոնիկից փոխադրւում է Մոնաստիր (Monastir, 1895թ.), ապա Կ.Պոլիս (1899թ.): Կ. Պոլսում երիտասարդ Մուստաֆա Քեմալը գլխովին խրւում է մեծ քաղաքի գիշերային կեանքի մէջ. «Նա միանգամից յախուռն ընկղմուեց մեծ քաղաք Կ. Պոլիս կեանքի մէջ: Գիշերը գիշերի յետեւից նա սրճատներում եւ ռեստորաններում ղումար էր խաղում եւ խմում: Կանանց հարցում նա բծախնդիր չէր: Մարմնի մի ուրուագիծ, մի կիսադէմ, մի ծիծաղ կարող էր նրա մէջ կրակ բորբոքել եւ մղել նրան ունենալու այդ կնոջը, ինչպիսինն էլ նա լինէր: Երբեմն դրանք կարող էին լինել Ղալաթիոյ [կամրջի] գարշահոտ փողոցների բոզանոցների յոյն կամ հայ պոռնիկները, ուր գալիս էին կաւատներն ու հոմոսեքսուալները՝ յագուրդ տալու իրենց բոլոր անառակութիւններին. յետոյ մի կամ երկու շաբաթ [կարող էր լինել] մի լեւանտեան (արեւելամիջերկրածովեան ժողովուրդների ընդհանուր անուանումը) տիկին նրա Փանգալդիում գտնուող տանը, կամ որեւէ թուրք աղջիկ Փերայի կամ Ստամբուլի ժամադրատներում, ով ոստիկանութեան ահից գալիս էր քողածածկ եւ յետեւի դռնից: Նա ոչ մէկին չսիրահարուեց: Նա երբեք չեղաւ սենտիմենտալ կամ ռոմանտիկ: Առանց խղճի խայթի՝ նա անցնում էր մի կնոջից միւսը: Նա բաւարարում էր իր ախորժակը եւ վերջ: Նա իր մտածողութեան մէջ ամբողջապէս արեւելքցի էր. կանայք որեւէ տեղ չունէին նրա կեանքում՝ բացի նրա սեքսուալ պահանջները բաւարարելուց: Նա մինչեւ յատակը խրուեց քաղաքի վաւաշոտ կեանքի մէջ» (At once he plunged wildly into the unclean life of the great metropolis of Constantinople. Night after night he gambled and drank in the cafes and restaurants. With women he was not fastidious. A figure, a face in profile, a laugh, could set him on fire and reaching out to get the woman, whatever she was. Sometimes it would be with the Greek and Armenian harlots in the bawdy-houses in the garbage-stinking streets by Galata Bridge, where came the pimps and the homosexuals to cater for all the vices; then for a week or two a Levantine lady in her house in Pangaldi; or some Turkish girl who came veiled and by back-ways in fear of the police to some maison de rendez-vous in Pera or Stambul. He fell in love with none of them. He was never sentimental or romantic. Without a pang of conscience he passed rapidly from one to next. He satisfied his appetite and was gone. He was completely Oriental in his mentality: women had no place in his life except to satisfy his sex. He plunged deep down into the lecherous life of the city) (H. C. Armstrong, Gray Wolf, նշ. աշխ., էջ 11):
Արմսթրոնգի յաջորդ վկայութիւնը Մուստաֆա Քեմալի անձնական կեանքի մասին վերաբերում է այն ժամանակահատուածին, երբ վերջինս Օսմանեան կայսրութեան ռազմական կցորդն էր Սոֆիայում (27ի Հոկտեմբերի, 1913թ.-2 Փետրուարի, 1915թ.): «Նա հետեւողականօրէն սենեկային պարեր սովորեց պարուսոյցի հետ եւ յետոյ պարում էր, երբ կար դրա հնարաւորութիւնը, սակայն միշտ այնպէս, կարծես ռազմական շքերթում լինէր: Նա սկսեց յաճախ այցելել հիւրասենեակներ եւ ջանում էր հասարակութեան վրայ թողնել նրբագեղ տպաւորութիւն, սէր էր անում Սոֆիայի տիկնանց հետ, բայց տիկնայք գտնում էին, որ նա չափազանց անճարակ է» (He learnt ball-room dancing, methodically with a teacher, and then danced whenever possible, but always as if he was on parade. He frequented the drawing-rooms and tried to become the society gallant, making love to the ladies of Sofia, but they found him excessively gauche) (նոյն տեղում, էջ 43):
Սոֆիայում Մուստաֆա Քեմալը սիրահարւում է Բուլղարիայի պաշտպանութեան նախկին նախարար, գեներալ Ստիլիան Կովաչեւի (Stiliyan Kovachev) դստերը՝ Դիմիտրինային (Dimitrina), սակայն մերժում է ստանում (նոյն տեղում): «Եւ Մուստաֆա Քեմալը՝ նեղացկոտ ու զգայուն, քան երբեւէ, դարձաւ աւելի միայնացած ու ինքնամփոփ: Նա սկսեց ատել հասարակութիւնը» (And Mustafa Kemal, touchy and sensitive, became more lofty and aloof then ever. He began to hate the society) (նոյն տեղում, էջ 44):
Խուսափելով բարձրաշխարհիկ հասարակութիւնից՝ Մուստաֆ Քեմալն աւելի ու աւելի էր ձգտում այլ միջավայրի. «Մուստաֆա Քեմալն իրեն շատ աւելի հանգիստ էր զգում մայրաքաղաքի տղամարդկանց, յատկապէս հաճոյակատար տղամարդկանց եւ թեթեւաբարոյ կանանց հետ: Սրանց հետ սրճատներում եւ բորդելներում (հանրային տուն-Խմբ.) խմում էր եւ գիշերներ լուսացնում: Նա ժամեր շարունակ ղումար եւ զառ էր խաղում իւրաքանչիւրի հետ, ով կը նստէր իր դիմաց: Նա տրւում էր բոլոր շուայտութիւններին եւ առլեցուն էր դրանցով: Նա փորձեց բոլոր զեխութիւնները, որի համար հատուցեց՝ վարակուեց վեներական հիւանդութեամբ եւ քայքայեց առողջութիւնը: Այս պատճառով կորցրեց կանանց նկատմամբ ունեցած հաւատը եւ միառժամանակ հմայուեց սեփական սեռով» (With men and especially men who were deferential and with the loose women of the capital, Mustafa Kemal was far more at ease. With these, in the cafes and the brothels, he drank and reveled night after night far into the dawn. He gambled and diced for hours against any one who would sit against him. He heaped up all the indulgences and glutted himself with them. He tried all the vices. He paid the penalty in sex disease and damaged health. In the reaction he lost all belief in women and for the time being became enamored of his own sex) (նոյն տեղում):
1914թ.ին սկսուեց առաջին աշխարհամարտը: 1914թ. Հոկտեմբերի 28ին թուրքական նաւերն ուխտադրժօրէն ռմբակոծեցին Սեւ ծովի ռուսական նաւահանգիստները, որի հետեւանքով Նոյեմբերի 3ին Ռուսաստանը, իսկ Նոյեմբերի 5ին Ֆրանսիան եւ Բրիտանիան պատերազմ յայտարարեցին Թուրքիային: Թուրքիան կրկին պատերազմի մէջ էր:
Մուստաֆա Քեմալի՝ պատերազմի տարիների անձնական կեանքի մասին ընդհանրապէս քիչ բան է յայտնի, եւ Արմսթրոնգն էլ իր հերթին քիչ բան է հաղորդում: Ակնյայտ է մի բան՝ այդ տարիներին ոգելից խմիչքներն այն աստիճան են քայքայում նրա առողջութիւնը, որ նա 1918թ. Ապրիլ-Օգոստոսին (Erik Jan Zurcher, The Unionist Factor, Leiden, 1984, p. 60)՝ պատերազմի ամենաթէժ պահին, ստիպուած բուժման նպատակով մեկնում է Կարլսբադ (Carlsbad, Karlovy Vary) [ներկայումս Չեխիա]: Նա, ինչպէս վկայում է Արմսթրոնգը, այցելում է աւստրիացի յայտնի բժիշկ Օտտօ Զուքերքանդլին (Zuckerkandl), որն էլ նրան զգուշացնում է, որ «եթէ չդադարեցնի խմելը, ապա կը մահանայ մէկ տարուայ ընթացքում» (If he did not stop drinking he would die in a year) (John Gunter, նշ. աշխ., էջ 97): Հարկ է ընդգծել, որ աւստրիացի բժիշկը սխալուեց. թէեւ Մուստաֆա Քեմալը շարունակեց խմել առաջուանից ոչ քիչ, այնուամենայնիւ ապրեց եւս 20 տարի՝ մինչեւ 1938թ.:
Օսմանեան կայսրութեան պարտութիւնից եւ Մուդրոսի զինադադարի ստորագրումից յետոյ (30 Հոկտեմբերի, 1918թ.) Մուստաֆա Քեմալը Սիրիական ռազմաճակատից վերադառնում է Կ. Պոլիս: Չնայած բազում ջանքերին՝ Քեմալը դարձեալ որեւէ պաշտօն չի ստանում նոր կառավարութեան մէջ: Աւելին, անգործ մնալով՝ մի փոքր տուն է վարձում Կ.Պոլսի արուարձան Շիշլիում եւ տրւում կեանքի վայելքներին: Այդ ընթացքում նրա միակ ընկերը գնդապետ Արիֆն (Arif) էր. «Նա քիչ ընկերներ ունէր եւ միակ մօտիկը գնդապետ Արիֆն էր» (խօսքը Մեհմէտ Արիֆ Այիչիի – արջ պարացնող – [Mehmet Arif Ayici] (1883-1926թթ.) մասին է, որին Քեմալը 1926թ. շինծու մեղադրանքով կախաղան բարձրացրեց): Արիֆը Գերմանիայում կրթութիւն ստացած շտաբային ունակ սպայ էր: Նա Մուստաֆա Քեմալից երիտասարդ էր (Մուստաֆա Քեմալը ծնուել է 1880թ. կամ 1881թ.ին): Նրանք իրար գիտէին դեռեւս Սալոնիկի եւ Մոնաստիրի օրերից; նրանք միասին ծառայել էին Սիրիայում, Բալկաններում եւ Գալիպոլիում: Զինադադարից յետոյ նրանք հաստատեցին սերտ ընկերութիւն: Նրանք միանման ճաշակ ունէին, երկուսն էլ կլանուած էին բոլոր ռազմական հարցերով, երկուսն էլ հաճոյք էին ստանում նոյն անբռնազբօս խօսակցութիւնից, շատ խմելուց եւ կանանց հետ անցկացրած խենթ գիշերներից: Մուստաֆա Քեմալի թշնամիներն ասում էին, որ նրանք սիրեկաններ են, քանի որ Արիֆը միակ մարդն էր, ում նկատմամբ Մուստաֆան բացայայտ սեթեւեթանք էր ցուցաբերում, գրկելով նրա վիզը՝ փաղաքշական անուններ էր տալիս (He had few friends and only one intimate, a Colonel Arif. Arif was a capable staff officer trained in Germany. He was a younger man than Mustafa Kemal. They had known each other since the days in Salonika and Monastir; they had served together in Syria, the Balkans and Gallipoli. After the Armistice they struck up a close friendship. They had common tastes; both were absorbed in all military matters; both enjoyed the same loose talk, the heavy drinking and the wild nights with women. Mustafa Kemals enemies said they were lovers, for Arif was the only person for whom Mustafa showed open affection, putting his arm round his shoulders and calling him endearing names) (H. C. Armstrong, Gray Wolf, նշ. աշխ., էջ 95):
Հետագայ տարիներին եւս Մուստաֆա Քեմալը պահպանում է իր յախուռն եւ ոչ խտրական սեռական կեանքը: 1921-1922թթ. Աթաթիւրքի անձնական կեանքի մասին Արմսթրոնգը գրում է հետեւեալը. «Քանի դեռ աշխատանք կար, դա խլում էր Մուստաֆա Քեմալի իւրաքանչիւր րոպէն. ոչինչ չէր կարող նրան շեղել: Երբ գործը թեթեւանում էր, նա դառնում էր դիւրագրգիռ եւ իր տեղը չէր գտնում եւ սկսում էր բախումներ ունենալ իր ենթակաների հետ: Այդ ժամանակ էր, որ Արիֆի եւ մէկ-երկու այլ տղամարդու հետ խրւում էր թունդ խմելու մէջ, որը զուգորդւում էր մինչեւ լոյս թղթախաղով, կամ բոզութեան էր գնում քաղաքի էժանագին բորդելների ներկուած կանանց մօտ» (As long as there was work, it absorbed Mustafa Kemals every minute: nothing could divert him. When work slackened, he grew irritable and restless and began to interfere with his subordinates. It was then that with Arif and one or two other men he would disappear on heavy drinking bouts which, with gambling, would last whole nights; or he went a whoring with the painted women of the poor brothels of the town (նոյն տեղում, էջ 139):
Բնական է, որ նման կեանքն իր բացասական ազդեցութիւնն էր թողնում Մուստաֆա Քեմալի առողջութեան վրայ: Բժիշկը նրան խորհուրդ է տալիս «աշխատել եւ խմել քիչ, կանոնաւոր կեանք վարել մէկի հետ, ով կը հոգայ նրա մասին» (work and drink less, and lead a regular life with someone to look after him) (նոյն տեղում, էջ 142): Այդ ժամանակ էլ նրա կեանքում յայտնւում է Ֆիքրիյէ Հանըմը. [Fikriye Hanum]. «Կործանումից նրան փրկեց Ֆիքրիյէ Հանըմը: Նա (Քեմալի) հեռաւոր բարեկամն էր Ստամբուլից (Partick Kinross, Ataturk, The Rebirth of a Nation, London, 1998, p. 97), ով բանակին կամաւորագրուել էր որպէս բուժքոյր եւ եկել Անկարա: Հէնց որ Քեմալը տեսաւ նրան, իսկոյն վերցրեց իր տուն» (From a break-down he was saved by Fikriye Hanum. She was a distant relative of his from Stambul who had volunteered as an army nurse and come to Angora. As soon as he saw her, Mustafa Kemal took her to his house) (H. C. Armstrong, Gray Wolf, նշ. աշխ., էջ 143):
Արմսթրոնգն այստեղ սխալւում է. Ֆիքրիյէն (1887-1924) Մուստաֆայի հեռաւոր բարեկամը չէր, այլ հարազատ մօրեղբօր աղջիկը, որոնց տանը մանկութեան տարիներին երկու տարի ապրել էր Մուստաֆան: Ֆիքրիյէն ժամանակին ամուսնացած էր եղել մի հարուստ եգիպտացի արաբի հետ, սակայն վաղուց բաժանուել էր (Partick Kinross, նշ. աշխ., էջ 141):
«Նա (Ֆիքրիյէն) հոգ էր տանում նրա (Քեմալի) բոլոր կարիքները, երբ հիւանդ էր լինում, խնամում էր նրան: Նա նրա (Քեմալի) սիրուհին էր եւ բացարձակ ստրուկը, որովհետեւ թուրք էր եւ արեւելցի: (…) Առժամանակ Մուստաֆա Քեմալը տարուած էր նրանով: Բայց շուտով յոգնեց: Աւելի ու աւելի յաճախ սկսեց գնալ իր ներկուած կանանց, իր հարբեցողութեան եւ թղթախաղի ընկերների մօտ (She watched over all his needs. When he was ill, she nursed him. She was his mistress and his absolute slave, for she was Turkish and oriental.(…) For a while Mustafa Kemal was absorbed in her. But very soon he tired. He went back more and more to his painted women, his drinking companions and his cards) (H. C. Armstrong, Gray Wolf, նշ. աշխ., էջ 143-144):
Մուստաֆա Քեմալի 1922-24թթ. կեանքը սիրային դասական եռանկիւնի է յիշեցնում: 1922թ. Սեպտեմբերին Մուստաֆա Քեմալը Զմիւռնիայում հանդիպում է Լաթիֆային [Latifa Usakligil (1898-1975թթ.)]: Հանդիպումը առժամանակ փոխում է նրա կեանքը: Ֆիքրիյէն դառնում է միանգամայն աւելորդ, դառնում է բեռ: Քեմալը նրան 1922թ. վերջին «բուժման» է ուղարկում Միւնխէն: 1923թ. Յունուարի 14ին մահանում է Մուստաֆա Քեմալի միակ ամենամօտ մարդը՝ մայրը՝ Զուբէյդան [Zubeida]: Նրա մահից հազիւ 15 օր յետոյ Քեմալն ամուսնանում է Լաթիֆայի հետ, որի հետ ապրում է 2.5 տարի (Մուստաֆա Քեմալը եւ Լաթիֆան պաշտօնապէս բաժանուել են 1925թ. Օգոստոսի 5ին, թէեւ արդէն մինչ այդ մէկ տարի առանձին են ապրել): 1924թ.ին Միւնխէնից վերադառնում է Ֆիքրիյէն, հանդիպում եւ փորձում է Մուստաֆա Քեմալից պարզաբանումներ ստանալ իր հետագայի մասին: Հանդիպման յաջորդ օրը Ֆիքրիյէին սպանուած են գտնում Մուստաֆա Քեմալի տան հետեւի փոսերից մէկում (H. C. Armstrong, Gray Wolf, նշ. աշխ., էջ 212): Ինքնասպանութեան առաջ քաշուած վարկածն առ այսօր լուրջ կասկածների տեղիք է տալիս (Dagobert von Mikusch, Mustapha Kemal, (trans. From German) New York, 1931, p. 334):
Ուրիշ ի՞նչ: Ոչինչ: Խնդալու կամ լալու կարծեմ պատճառ չիք:
Սպասենք Wikileaks-ի հետագայ բացայայտումներին: Եթէ նոր բան չլինի, ապա նախկին wikileaks-երը կան ու կան:
Ի վերջոյ, նորը լաւ մոռացուած հինն է:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ Մոդուս վիվենդի կեդրոնի ղեկավարն է: