ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ

Նատիա Մելքոնեան – Գրիգորեան,
Իմ հեռաւոր, իմ արգասաւոր, իմ տառապած քոյրս։
Իրանի իսլամական յեղափոխութիւնը մեզ բաժանեց իրարից, բայց մենք մնացինք միշտ հոգով կապուած, հաղորդակից։
Յեղափոխութիւնից, կամ իմ եւ իմ ընտանիքի Ամերիկա տեղափոխուելուց առաջ, Նատիան ինձ համար մտերիմ ու սրտակից ընկերուհի էր՝ մեր նախասիրած, մեր հասարակաց կրթադաստիարակչական, միութենական եւ կուսակցական ասպարէզներում։
Ես Նատիային գիտէի որպէս հաւատաւոր եւ ուղղամիտ գաղափարական, մեր պաշտած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անկոտրում զինուոր, որ շեղումներ չէր հանդուրժում, որ ցուցական, ֆանֆարային, անհամեստ գործելակերպը ցասում էր պատճառում նրան։ Քանի քանի անգամներ մտորել ենք միասին, քննադատել որոշ հարցերի եւ որոշ անձանց բռնած ընթացքն ու աւելորդ թմբկահարումները։ Մեզ համար, մեր օրինակը մեր հայրերն էին, իրենց ազգային կուսակցական անշահախնդիր եւ անձնուրաց գործունէութեամբ. իսկ մենք նրանց անկեղծ ու համեստ հետեւողը։
Ես Նատիային գիտէի որպէս գործունեայ միութենական, որ ի սրտէ նուիրուած էր մեր կազմակերպութեան, մեր «Արարատ»ի նպատակների իրագործմանը, որ անկեղծօրէն հաւատում էր հայ սկաուտի դաւանանքին եւ դրանք իր կեանքի սկզբունքներն էր դարձրել։
Ես Նատիային գիտէի որպէս սիրուած ու փնտռուած ուսուցիչ ու դաստիարակ, որ միայն ուսուցիչ չէր, այլ՝ կերտողն ու կոփողը մեր մատաղ սերունդների նկարագրի եւ ազգային ինքնութեան։
Հիմա, երբ ինձ յանձնարարուել է Նատիայի այս յուշերեկոյին խօսել նրա ազգային հասարակական գործունէութեան մասին, յետ եմ նայում եւ ակնածանքով ու խանդաղատանքով վկայակոչում եմ նրա ծաղկումը՝ երիտասարդ մտաւորականից եւ ուսուցչից մինչեւ հասուն ղեկավար, որ իսլամական յեղափոխութեանը յաջորդած ամիսներին արդէն մեր ազգային պայքարի առաջին շարքերում էր, որ պայքարում էր, եւ այդ պայքարի մէջ պարտութիւն չէր ճանաչում։ Հոգեվերլուծաբանները ասում են, թէ երբ մէկը մի աղէտալի փորձառութեան միջից է անցնում, նրա մէջ շեշտաւորւում է իր էութեան մի կարեւոր բնութագիծը, այսպէս պարզունակ կերպով ասած՝ չարը կամ բարին։ Նատիայի մէջ շեշտաւորուեց ու զարգացաւ էն բարին։ Նատիան դարձաւ ամենահոգատար ղեկավարը, վճռական ու նուիրաբերող, որ իր օրինակով էր ոգեշնչում։
Իրանի իսլամական յեղափոխութիւնից առաջ արդէն, 1972ից Նատիան տեսչի (տնօրէնի) պաշտօն էր վարում Քուշէշ ուղղեցոյց դպրոցում։ Իրականութեան մէջ նա այդ կրթական նոր համակարգի մէջ այդ դպրոցի առաջին եւ վերջին հայ տեսչուհին եղաւ։ Նատիան միջնակարգը աւարտելուց յետոյ, Դոկտ. Արմէն Հախնազարեանի քաջալերմամբ, ուսուցչական ասպարէզ էր մտել։ Դա 1957ին էր, Նատիան հազիւ 19 տարեկան։ Այդ ասպարէզում առաջացաւ նա եւ պէտք եղած գիտելիքները ամբարեց Շահնազի անուան հումանիտար գիտութիւնների ուսումնարանը աւարտելով։
Յեղափոխութեան առաջին ամիսների փոթորկալից իրավիճակը, մանաւանդ՝ մեր ազգային դպրոցների եւ ընդհանրապէս հայ կրթական հարցերի վտանգուածութիւնը ծանօթ է բոլորիդ։ Իսլամ մոլեռանդ իշխանութեան առաջին հարուածը մեր դպրոցներին՝ հայոց լեզուի, գրականութեան եւ պատմութեան դասաւանդման արգիլումն էր։ Նպատակը պարզ էր՝ հայ սերունդների ազգային դիմագիծը խեղել, թուլացնել նրա ազգային պատկանելիութիւնը։ Հայ քրիստոնէական կրօնն անգամ պարսկերէնով պիտի դասաւանդուէր։
Մեր ազգային կրթական կառոյցներին արմատական հարուած հասաւ երբ իսլամական իշխանութիւնը որոշում տուեց վերացնել հայոց դպրոցների հայ տեսուչներին եւ պարսիկ տեսուչ նշանակել։ Այսպիսի մի իրավիճակում, երբ իւրաքանչիւր ազգային հարց խճճուել ու խնդրայարոյց էր դարձել, երբ մեր ազգային կառոյցներին սպառնացող վտանգը իրականութիւն էր դարձել, Նատիան պիտի կողմնորոշուէր, նաւարկէր ու առաջնորդէր։
Իր գործակիցները այդ օրերին յիշում են, թէ երբ Նատիան գիտէր արդէն թէ պիտի պաշտօնից հեռացուի, առանց ընկրկելու, առանց ընկճուելու, կազմակերպեց ու կարգի դրեց դպրոցի թղթածրարներն ու արխիւները՝ որպէսզի որեւէ կասկածի կամ չարաշահումի առիթ չտայ պարսիկ տեսուչին։
Իր գործակիցները յիշում են նաեւ, թէ ինչպիսի արագութեամբ, Նատիան դպրոցի ճաշարանի եւ խոհանոցի շէնքի դուռը որ դէպի դպրոցի բակն էր բացւում, պատով ծածկեց։ Շէնքի մուտքը մնաց միայն եկեղեցու կողմից։ Այդպիսով, այդ շէնքը այլեւս դպրոցի մաս չէր կազմում, այլ՝ եկեղեցուն էր պատկանում եւ այդու՝ անձեռմխելի էր կառավարութեան եւ պարսիկ տեսչի համար։ Ասում են, թէ այդ շէնքի անունը դրել էին Հայաստան, որին մուտք չունէր պարսիկ տեսչուհին։ Ու տարիներ շարունակ, եւ մինչեւ այսօր, Հայաստան սրահը հաւաքատեղի է հայ ուսուցիչների եւ աշակերտների համար, մի տեսակ ապաստարան՝ պարսիկ պաշտօնեաների աչքից հեռու։
1984ին Նատիան հեռացուեց պաշտօնից եւ պարսիկ տեսչուհին եկաւ բազմելու Նատիայի ջանքերով կառուցուած այդ որակեալ դպրոցի փառքի աթոռին։ Նատիան ընկճուեց ու կոտրուեց, բայց շարունակեց պայքարը. դպրոցում մնաց որպէս թուաբանութեան ուսուցչուհի, բայց իրականութեան մէջ՝ որպէս ղեկավար, օղակը դպրոցի եւ տեսչուհու միջեւ, նրա յարուցած խոչընդոտներն ու խարդավանքները դիմակալող։ 1990ին Նատիան հանգստի կոչուեց, երբ չարաբաստիկ հիւանդութիւնը արդէն բուն էր դրել նրա վտիտ մարմնի մէջ ու իր ջլատիչ նշաններն էր ցոյց տալիս։
Այդ տարիներին, Թեհրանի Հայոց ազգային դպրոցների կենտրոնական հոգաբարձութեանը փոխարինեց Կրթական խորհուրդը, որի տարիների փոխ-ատենապետուհին ու յետոյ էլ ատենապետուհին էր Նատիան։ Նա ատենապետուհին էր նաեւ Կրթական Խորհրդին կից կազմուած Կրթադաստիարակչական յանձնախմբի։ Իր այս նոր հանգամանքներով, ու նաեւ որպէս անդամ Թեհրանի թեմի ազգային պատգամաւորական ժողովի, Նատիան լծուեց այս մակարդակներում տարուող պայքարին՝ դիմակայելու համար իշխանութիւնների հայ ազգային ինքնութիւնը խաթարող եւ իրանահայութեան մարդկային իրաւունքները անտե-սող քաղաքականութեանը։
Նատիայի մտայղացումով էր եւ նախաձեռնութեամբ, որ 1979ին կեանքի կոչուեց Թեհրանի Հայոց դպրոցների հայ ուսուցիչների միութիւնը, որն այսօր էլ շարունակում է իր գործունէութիւնը՝ Իրանահայ ուսուցիչների միութիւն անուան տակ։ Այս միութեան մէջ է, որ հայ ուսուցիչը գտաւ եւ գտնում է իր իրաւունքների պաշտպանութիւնը։ Այս միութեան մէջ է, որ նա գտնում է իր ասպարէզի վերելքի ճամբան՝ վերապատրաստման սեմինարներով, դասընթացներով եւ համագործակցութեան առիթներով՝ միշտ ի խնդիր ազգային կրթութեան եւ դաստիարակութեան վերելքի։
Նրա այս լայնածաւալ գործունէութիւնն ու ստեղծած աւանդը չէր կարող վրիպել Թեհրանի հայ հոգեւորական ղեկավարութեան ուշադրութիւնից։ 1994ին, ժամանակի Թեհրանի թեմի առաջնորդ Արտակ արք. Մանուկեանի խնդրանօք եւ Արամ Ա. վեհափառ կաթողիկոսի օրհնութեամբ, Նատիային շնորհուեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանը։
Համեստաբար մեժեց իր համար մեծարանքի երեկոյ կազմակերպելու առաջարկները։ Ինքը մնաց հաւաստի ու վստահելի խորհրդականը իր նախկին գործընկերների՝ երբ որ մի ազգային անլուծելի հարց էր ծագում, երբ կրթական հարցերով իշխանութեան կամ պարսիկ տեսուչների հետ բանակցութիւնների կարիք էր լինում։ Նատիան մնաց խորհրդատուն իր նախկին աշակերտների։ Քանի քանիսը իրենց կեանքի ճամբան են գծել հէնց Նատիայի խորհուրդներով։ Նատիան մնաց հաւատաւոր եւ օրինակելի անդամը Արարատի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ու բազմիցս կնքամայր հայ սկաուտի շարքերը մտնելու երդում տուող մատաղ սերնդի։ Այսուհանդերձ սակայն, իր կենդանութեան օրօք, քչերը տեսան նրա գործունէութեան ամբողջական պատկերը։
Թող այս յուշերեկոն՝ յետ-մահու այդ դերը կատարի՝ ի մխիթարութիւն իր հարազատների, ի պանծացումն մի համեստ զինուորի, մի խոնարհ հերոսի յիշատակի. բայց որ ամենից կարեւորն է, թող այս յուշերեկոյի պարզած պատկերը մի անշահախնդիր, անանձնական նուիրումով ներշնչուած ազգային հասարակական ու կրթադաստիարակչական գործունէութեան՝ օրինակ դառնայ այսօր եւ վաղը եկող մեր ազգային գործիչների համար։