ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Վերջերս, ծանօթանալով լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման մասին Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ «G8»ի յայտարարութիւններին ու առաջարկներին՝ եկայ այն մտքին, որ այդ որոշումներն ուղղուած են մարդկութեան քաղաքակրթութեան դէմ:
Դատեցէք ինքներդ: Եթէ հայկական ուժերի կողմից ազատագրուած տարածքներն, էլ չեմ ասում Ղարաբաղը վերադարձնենք ադրբեջանցիներին, ապա այդ տարածքներում կ՛ոչնչացուեն դարեր շարունակ այդտեղ կառուցուած քրիստոնէական, իմա՛ հայկական յուշարձանները:
Ասածիս վառ ապացոյցները յայտնի են շատերին, որոնք գիտեն թէ ի՛նչ վիճակում են հիմա հայկական եկեղեցիները (եթէ նրանք շատ թէ քիչ պահպանուել են) ադրբեջանական տարածքներում: Քանի քանիսն են աւերուել եւ հողին հաւասարեցուել կամ վերածուել ախոռների, լաւագոյն դէպքում պահեստների եւ այլն: Ի՞նչ գնահատական կարելի է տալ Նոր æուղայի խաչքարերի աւերմանը: Դա անբացատրելի, անհասկանալի (քաղաքակիրթ մարդկանց համար) վայրագնութիւն է, որն ես կ՛անուանէի մարդկութեան քաղաքակրթութեան դէմ կատարուած յանցագործութիւն՝ CIVILID: Այո՛, ադրբեջանցիները շարունակելով իրենց վայրի, քոչուոր ցեղերի նախնիների «սխրագործութիւնները» (վայրագութիւնները)՝ մարդկութեան պատմութեան քաղաքակրթութեան 21րդ դարում կատարում են գործողութիւններ (մեղմ ասած), որոնք պէտք է որակուեն որպէս մարդկութեան քաղաքակրթութեան դէմ կատարուած յանցագործութիւն եւ դատապարտուեն Հաագայում, Փարիզում կամ մէկ այլ տեղ, ստեղծուած համապատասխան կառոյցների կողմից:
Խորհրդային «բարի» տարիներին ադրբեջանցիները հայկական եկեղեցին ամբողջութեամբ ծածկել էին հողաթումբով եւ հողաթումբի գագաթին մեծ ցուցատախտակի վրայ գրել՝ Փառք Ս.Մ.Կ.Կ.:
Այսինքն, նրանք շնորհակալութիւն էին յայտնում Սովետական Միութեան հիւմանիստական կուսակցութեանը, որն իրենց «հնարաւորութիւն» էր տուել իրագործելու նման ոճրագործութիւն:
Հարցնում եմ, որ ադրբեջանցիները (իմա՛ թուրքերը) նման առաւել մեծ ցուցատախտակներ պէտք է ամրացնեն նաեւ Նախիջեւանի եւ ամբողջ Ադրբեջանի սահմանների ելք ու մուտք անող ճանապարհների վրայ՝ շնորհակալութիւն յայտնելու Սովետական Միութեան Կոմունիստական (Բոլշեւիկեան) կուսակցութեանը, որն իրենց պետականութիւն տրամադրեց, որն իրենց նուիրաբերեց լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը:
Հաշուի առնելով այստեղից բխող բոլոր հետեւանքները, որոնք նշուեցին վերեւում, սրանք նոյնպէս պէտք է վերագրել մարդկութեան քաղաքակրթութեանը դէմ կատարուած յանցագործութեան: Նման կարգի յանցագործութիւն է հէնց Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կատարուած քայլերը: Ղարաբաղեան ազատամարտից յետոյ, Ադրբեջանի կառավարութեան կողմից ներկայացուած եւ թմբկահարուած մէկ միլիոն փախստականներին նրանք պարտադրաբար պահում էին քաղցած, կեղտոտ, անտանելի ճամբարային պայմաններում, ցոյց տալիս միջազգային զանազան կազմակերպութիւնների պատուիրակների, որպէսզի նրանք հաշուետուութիւններ գրեն եւ կարողանան զանազան ատեաններում ճնշումներ գործադրել Հայաստանի վրայ: Ոչ մէկի մտքով չանցաւ, կամ էլ չուզեցին ոեւէ մէկը հարց տայ, թէ՝ բա էդ ինչո՞ւ այդ փախստականներին չէք տեղաւորում այն հազարաւոր տներում եւ բնակարաններում, որոնք պարտադրաբար իրենց կեանքը փրկելով կամ էլ մահկանացուն կնքելով՝ թողել էին հայերը: Սա իրօք սեփական ժողովրդի քաղաքակրթական մակարդակի զարգացմանը արգելակող, նրանց թշուառութեան եւ աղքատութեան մէջ պահող գործողութիւններ են՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:
Ինձ չի զարմացնում, եւ նոյնիսկ ողջունում եմ Ֆրանսիայի պարլամենտի (խորհրդարանի) կողմից ընդունուած որոշումը՝ մուսուլմանական գլխաշորի վերաբերեալ: Ֆրանսիան համարւում է քաղաքակիրթ աշխարհի ժողովրդավարութեան, «մոդա»ի եւ այլ արժէքների կենտրոններից մէկը. նրանք այդ որոշումն ընդունելով, կարծում եմ, հետապնդում են մի քանի նպատակներ: Նախ այդ օրէնքով կանանց շնորհւում է ազատութիւն, որպէսզի իրենք կարողանան երեւալ որպէս կին, ցուցադրեն իրենց գեղեցկութիւնը, խորթ չերեւան շրջապատում եւ մարդիկ կարողանան տարբերել կանանց եւ տղամարդկանց: Թէ չէ, կապում են դէմքն ու արի տարբերի՝ կի՞ն է, թէ տղամարդ: Եւ յետոյ, այդ բազմապիսի շորերի տակ ահաբեկի՞չ է թաքնուած, թէ սովորական քաղաքացի:
Համաձայնենք, որ եթէ մարդիկ հագնուեն այնպէս, ինչպէս եւրոպացիները, ապա շատ աւելի հեշտ կը լինի նրանց վարքագիծը տեսնել, կռահել: Թէ չէ, բազմաթիւ մուսուլմանական ֆանատներ (մահապարտներ) կան՝ տարբեր երկրներում, որոնք նման հագ ու կապով կատարում են ահաբեկումներ ու պայթումներ:
Մեր հարեւան «եղբայրական» վրացիներն էլ յետ չեն մնում իրենց հարեւաններից: Կարելի է մտածել, որ այդ հարեւանները երկու կողմից ճնշում են գործադրում Վրաստանի վրայ, կամ էլ իրենք են սովորում եւ առիթն էլ բաց չեն թողնում վրացականացնելու այն, ինչ հայկական է:
Վրաստանում հայկական եկեղեցիների պատերից ջնջւում կամ դուրս են հանւում հայերէն գրուածքները, որպէսզի ցոյց տան, որ դրանք վրացական են եւ կարողանան տուեալ եկեղեցիների հողատարածքները սեփականացնել:
Ուրիշ երկրների մշակութային ժառանգութիւնները սեփականացնող, անտեսող, ոտնահարող գործողութիւնները նոյնպէս պէտք է որակուեն որպէս մարդկութեան քաղաքակրթութեան դէմ կատարուած յանցագործութիւն՝ CIVILID:
Թուրքիայում էլ առիթը բաց չեն թողնում քանդելու, անարգելու հայկական եկեղեցիները: Մամուլում այդ մասին բազմաթիւ հրապարակումներ եղել են:
Ես կ՛ուզէի նշել մէկ նկատառում, որ շատ ճանաչուած ճարտարապետներ եւ մասնագէտներ եկել են այն եզրակացութեան, թէ հայկական եկեղեցիների ճարտարապետական կառուցուածքը հիմք է ծառայել եւրոպական հանրայայտ գոթական (Gothic) ճարտարապետական ոճի ձեւաւորման: Հայաստանում միջին դարերից առաջ, 8-10-12 դարերում վերածնունդը աւելի վաղ արտայայտուեց, քան եւրոպական Renaissance-ը: Հայ ժողովուրդը աշխարհին տուեց Անանիա Շիրակացի, Ֆրիկ, Նարեկացի, Մխիթար Գոշ, Սարգիս Պիծակ եւ ուրիշ երեւելիներ, որոնց ստեղծած գործերը մնայուն արժէքներ են ներկայացնում: Ժամանակին Մեծն Բրիտանիայի թագաւորութեան արտաքին գործոց նախարար Գլադսթոնը ասում էր. «Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել մարդկութեանը»: Դա այն քաղաքակրթութիւնն է, որ եօթը հազար տարուայ աստղադիտարան ունի, 5500 տարի առաջ կաշուէ կօշիկ է կարել, որ կրողն է 2000 տարուայ թատերական ներկայացումների, որ… էլի շատ մնայուն արժէքների:
Եւ այս ամէնից յետոյ վստահելի է, կամ արդեօ՞ք «նպատակայարմար» է այդ տարածքները վերադարձնել վայրենի ժողովրդի: Առաւել նպատակայարմար է վերադարձնել հայկական պատմական տարածքները իր ժողովրդին, որպէսզի այդ տարածքներում գոյութիւն ունեցող պատմամշակութային կառոյցները կարողանան ծառայել մարդկութեանը: Դրանք մարդկութեան քաղաքակրթութեան զարգացման տարիների արգասիքն են, վկաները, որոնք դեռ շատ գաղտնիքներ ու անակնկալներ կարող են մատուցել մեզ, եթէ գտնուեն այնպիսի ձեռքբերումներ, որոնք կարօտ են մաքրելու նրանց վրայի դարաւոր փոշին, այն նստուածքները, որոնց տակ երեւում են մարդկութեան քաղաքակրթութեան զարգացման զարմանալի, անհաւանական, ինչ ու տեղ նաեւ բացատրելի քառուղիներ: Եւ պատկերացրէք, թէ ի՞նչ կը լինի այս եօթը հազար տարուայ մշակութային ժառանգութեան հետ, եթէ դրա՝ թէկուզ մի հատուածի տէրերը դառնան ազերի կոչուած ցեղերը:
Յարգելի ընթերցող, իմ այս մտորումներն ինձ յանգեցրին հետեւեալ եզրակացութեան, որ տարբեր ժողովրդների կողմից ստեղծուած պատմական յուշարձանների մշակութային կոթողների եւ այլ արժէքների ոչնչացումը, ժողովուրդներին քաղաքակրթական մակարդակից հեռու պահելու, նրանց իրաւունքները սահմանափակելու բոլոր տեսակի գործողութիւնները պէտք է որակուեն որպէս մարդկութեան քաղաքակրթութեանը դէմ կատարուած յանցագործութիւն՝ CIVILID:
Այս ձեւակերպումը ի հարկէ վերջնական չէ, եւ ինձ յայտնի է, որ ՄԱԿի «Եունեսքօ»ի համապատասխան կառոյցների կողմից նման գործողութիւնները տարբեր տիպի որակումների ու քննադատութեան են արժանանում: Քննադատական, պարսաւանքի եւ այլ տեսակի դժգոհութիւններ են արտայայտում նաեւ ճանաչուած մասնագէտներն ու քաղաքական գործիչները: Բայց այս ամէնը պէտք է դնել իրաւական հարթութեան վրայ: Յայտնի իրաւաբանները ցանկալի կը լինի մշակեն իրաւական այն նորմերը, պատասխանատուութեան այն չափերը, որոնցմով կարելի է դատապարտել ոեւէ անձի, կառավարութեան կամ պետութեան, միջազգային կամ ազգային կազմակերպութեան:
Սակայն, այս ամէնով հանդերձ, ես չեմ պատկերացնում, թէ ի՞նչ պատիժ կարելի է արժանի համարել օրինակ Նոր æուղայի հիասքանչ խաչքարերի վերացման պատասխանատուների համար:
Դրանք այլեւս չկան, դրանք չեն նորոգուի, վերականգնումն էլ աբսուրդ…