ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
Օգոստոսի 20ին Երեւանում ստորագրուեց Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկէտի երկարաձգման մասին արձանագրութիւնը։ Բաքուի արձագանգը ի հարկէ բացասական էր 1992ին ԵԱՀԿի շրջանակում Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքուեց աւանդական սպառազինութիւնների կրճատման համաձայնագիր, որով սահմանւում էր Կովկասի երկրների սպառազինութիւնների մասնաբաժինը։ Մոսկուայի եւ Երեւանի վերջին համաձայնագրի ստորագրումը կարող է խախտել դրա պայմանները, թուրքազերիներին բնորոշ լկտիութեամբ ասաց Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, «մոռանալով» իր քաջարի նախագահի հաստատումը՝ Հայաստանի ողջ բիւջէն, ուստիեւ ռազմական կարողութիւնները քանիցս գերազանցող Ադրբեջանի ռազմական բիւջէի մասին։ Հիմա, երբ դաշնակից Ռուսաստանի օգնութեամբ Հայաստանը այդ անհաւասարութիւնը կրճատելու լրացուցիչ հնարաւորութիւն է ստանում, իրենց գայլային ոռնոցը կեղծակերպում են անպաշտպան գառնուկի մայունի։
Դժգոհ են սակայն ոչ միայն թուրքազերիները։ Անկախ պետութեան 19-20 տարիները, կարդում ենք ՀՀՇՀԱԿ-ական «Ժամանակ» թերթի Օգոստոսի 24ի առաջնորդող յօդուածում, անկախութիւնն ու ինքնիշխան պետականութիւնը «…ամրապնդուելու եւ հզօրանալու փոխարէն, դարձել են էլ աւելի վտանգուած, էլ աւելի թոյլ եւ խոցելի։ Ու երեւի պատահական չէ, որ… Հայաստանն իր անվտանգութեան ապահովման լիազօրութիւնը յանձնեց, ըստ էութեան, ռուս զինուորին»։ ՀԱԿի «մաս կազմող» պահպանողական կուսակցութեան քարտուղար Թաթուլ Մկրտչեանն, իր հերթին վստահ, որ Հայաստանից ռուսական բազաները դուրս բերելու համար ստորագրահաւաք կազմակերպելուն այլընտրանք չկայ, դա համարում է նաեւ «իշխանափոխութիւն իրականացնելու անուղղակի մեխանիզմ» )քարտուղարի այս եւ հետագայ դատողութիւնները տես՝ «Ժամանակ», Լ. Ա., 3 Սեպտեմբերի, 2010(։ Ինչո՞ւ այլընտրանք չկայ։ Որովհետեւ՝ «Եթէ պահպանողական ենք, ապա պարտաւոր ենք չհաշտուել օտարի ռազմական ներկայութեան հետ»։ Չուգունային տրամաբանութիւն։ Օրինակ՝ «լիբերալ» լինէին, հաշտուելո՞ւ էին, թէ ոչ, կը տեսնենք քիչ յետոյ։ Շարունակութիւնն աւելի հետաքրքիր է. «Իսկ եթէ ինքնուրոյն չենք կարողանալու լուծել ազգային անվտանգութեան խնդիրները, ապա պետութիւն ունենալու մասին մտածելը զուր է»։ Իսկապէս, քանի որ «ինքնուրոյն լուծելը» միակ փրկութիւնն է, պետութիւն չի կարող լինել։ Որովհետեւ ինքնուրոյն լուծել ազգային անվտանգութեան խնդիրները չեն կարողանում Հայաստանից շատ աւելի հզօր, բազում պետութիւններ։ Անգամ գերտէրութիւն ԱՄՆը, ՆԱՏՕի միւս անդամները առանց դաշնակիցների չեն ապահովում իրենց ազգային անվտանգութիւնը։ Իսկ Հայաստանը կարող է «ինքնուրոյն լուծել», քանի որ քաջնազարական ՀԱԿի մասեր կազմող իշխանսաքօներ ունի։ Բնականաբար, յայտնի չէ, «պահպանողական», ուստիեւ «չհաշտուելու պարտաւորութեամբ» տառապող քարտուղար իշխանսաքօն, միւսների հետ, «ինքնուրոյն», ինչը՞, ինչպէ՞ս պիտի «պահպանի» թուրքազերի թշնամիներից։
ՀԱԿի միւս «մաս կազմող» Լիբերալ կուսակցութեան նախագահ Յովհաննէս Յովհաննիսեանն էլ գտաւ. «…Եթէ սուվերեն պետութիւնը դադարում է սեփական սահմանները կ՛ամ սեփական շահերը պաշտպանել, եւ բերում է ինչ որ մի այլ մեծ երկրի եւ ասում է՝ արի իմ շահերն ու սահմանները պաշտպանի, ուրեմն այդ երկիրն էլ կ՛որոշի, թէ այս երկրում զարգացումները, այդ թւում ներքաղաքական խնդիրները ինչպէս պէտք է կարգաւորուեն… ես կարծում եմ, որ ոչ մէկը չի պատրաստւում Հայաստանի վրայ յարձակուել եւ ոչ մէկի վրայ Հայաստանը չի յարձակուելու… Ո՞րն է մեր շահն այստեղ. թող մէկը ինձ բացատրի։ Այն, որ ասում են, թէ մեր սահմանները կը պաշտպանե՞ն։ Ես համաձայն չեմ եւ չեմ հաւատում։ Աստուած մի արասցէ, ի վերջոյ այդ օրը որ գայ, որ պատերազմ կարող է սկսուել, ռուսն այդ րոպէին նայելու է ոչ թէ Հայաստանի, այլ՝ սեփական քաղաքական, իրավիճակային շահերին։ Այդ րոպէին, եթէ Ռուսաստանի շահը թելադրի, որ Հայաստանին իսկապէս պէտք է պաշտպանել, կը պաշտպանի։ Իսկ եթէ ոչ՝ ոչ, ինչ որ ձեւով համաձայնութեան կը գայ այլ երկրների հետ», )«Ժամանակ», Լ. Ա. 24 Օգոստոսի, 2010(։ Եթէ լիբերալ-երջանիկ թմբիրի մէջ ընկղմուած կուսակցապետն անտեղեակ է Ադրբեջանի՝ «պատերազմը չի աւարտուել» պնդումից, ռազմաշունչ յայտարարութիւններից, վերջին երկու ամսում Արցախի եւ նոյնիսկ Հայաստանի վրայ յայտնուած իսրայէլեան արտադրութեան ադրբեջանական անօդաչու սարքերից, որոնց ոչնչացնել չի յաջողուել )այս մասին տես «Առաւօտ», Սեպտեմբեր 10, 2010(, հրադադարի անվերջ խախտումներից, սահմանակէտերի վրայ արդէն քանի վիրաւոր ու զոհ տուած դիւերսիոն յարձակումներից, ապա ի՞նչ վիճակում են կուսակցութեան անդամները։ Ուրեմն, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան առաջին իսկ պատեհ առիթով չե՞ն յարձակուելու Հայաստանի վրայ։ Միթէ՞ այդ յայտարարութիւնների անհեթութեան ու դրանց հեղինակների անմտութեան ապացոյցը չեն նաեւ նախորդ յարձակումները, որոնք կրկնուեցին Օգոստոսի 31ին, ժամը մօտ 6:30ին, երբ Արցախի սահման թափանցել փորձող ադրբեջանական դիւերսիոն խումբը տուեց ամենաքիչը 7 սպանուած ու վիրաւոր ադրբեջանցի, )մէկ վիրաւոր՝ հայ(, ապա եւ Սեպտեմբերի 4ին, ժամը 6:50ին )ադրբեջանական 3 սպանուած դիվերսանտներն էլ սպայ են, վիրաւորների թիւը յստակ չէ(։ Երկուսը սպանուել են ականապատ դաշտով փախչելիս։ Արցախի սահմանի մօտ ընկած սպան ունեցել է խլացուցիչով հրազէն, արտասահմանեան արտադրութեան զինուորական դանակ, գօտկատեղում ձեռնաշղթաներ, ինչպէս երեւում է, Ադրբեջանին հայ ռազմագերի էր հարկաւոր ողջ աշխարհով իբրեւ հայկական «ագրեսիայի» փաստ ներկայացնելու, ՄԱԿի Գլխաւոր վեհաժողովի Սեպտեմբերի 9ի նստաշրջանում «Իրավիճակը Ադրբեջանի գրաւուած տարածքներում» բանաձեւի օգտին լրացուցիչ ձայներ հաւաքելու համար։ Բայց սադրանքը չստացուեց։ Ադրբեջանը յետաձգեց իր թերմաշ բանաձեւի քննարկումը։
Ադրբեջանական ստայօդ քարոզչամիջոցները գոռում-գոչում են, իբր յարձակումները նախաձեռնել է հայկական կողմը։ Դրանցից յետոյ, Ալլահը գիտէ, թէ ադրբեջանական դիւերասանտների դիակները ինչո՞ւ են յայտնւում Արցախի պաշտպանական սահմանների մօտ։ Իրենց հերթին, այս ամէնը չտեսնել դնելով՝ թուրքազերի հարեւանների հետ խաղաղ ապրելու հայանուն ջատագովները, որոնց գլուխներում Հայաստան-Արցախ անբաժանելիութեան գաղափար երբեք չի եղել, ծլվլում են, թէ ոչ մէկը չի պատրաստւում յարձակուել Հայաստանի )ուստիեւ Արցախի( վրայ։
Հնարաւո՞ր է 19-20 դարերում շուրջ երեք միլիոն հայ ցեղասպանած, եւ այժմ Հայաստանի վերացումը նիւթող թուրքազերիներին խաղաղութեան աղաւնիների փետուրներով զարդարել։ Պարզւում է՝ հնարաւոր է։ Նման մանկապարտէզային մտայնութեամբ, չգիտես որն ում, ինչ մասերը կազմող, կուսակցութիւն-դժբախտութիւնների պակասութիւն չկայ Հայաստանում եւ նրանցից աւելին չի էլ կարելի սպասել, գոնէ մի ուշիմ մանուկ, ինչպէս տեսնում ենք, չկայ նրանց շարքերում։ Վերջին հաշուով, կարեւոր չէ, այդ «պահպանողական», «լիբերալ» եւ այլ «մաս»ականներ իրենց պետերի հետ ի՞նչ են մտածում եւ ինչո՞վ են զարդարում հայ ժողովրդի արնածարաւ թշնամուն։ Այսուհանդերձ, «Ոչ մէկը չի պատրաստւում Հայաստանի վրայ յարձակուել», կամ՝ Ռուսաստանն առաջնորդւում է իր շահերով, եւ նմանաբնոյթ այլ «յայտնութիւններն» են պատճառը հայ-ռուսական պայմանագրում մեր շահը չտեսնելու, աւելին՝ վնասներ վերագրելու։
Ո՞ր մոլորակի վրայ, ո՞ր «անձնազոհ» երկիրն է երբեւէ արտաքին քաղաքականութիւն վարել՝ անտեսելով շահերի եւ ուժերի յարաբերակցութիւնները։ Եւ ինչո՞ւ յատկապէս Ռուսաստանը պիտի «էսթետիկական անշահ հաճոյքի» խաթեր պաշտպանէր Հայաստանը, եւ կապերը, թէկուզ տնտեսական, կտրէր թուրքազերի երկու պետութիւնից, երբ, միւսների խաղերի մասին չխօսենք, աշխարհը կառավարող Արեւմուտքը, չի խուսափում, անտեսելով իր բարձր արժէքները՝ հաճոյանալ նրանց։ Հակաօդային պաշտպանութեան ռուսական Չ-300 համակարգերի Ռուսաստանի համար շահաւէտ վաճառքը Ադրբեջանին, առաջին հայեացքից ընկալուեց որպէս դաշնակցային պարտաւորութիւնների խախտում, քանզի հաշուի չառնուեց, որ մերժուելու դէպքում Ադրբեջանը նմանատիպը կը գնէր մի այլ երկրից։ Սեփական առաջնահերթութիւնների տեսակէտից իսկ, շահերի եւ ուժերի բարդ յարաբերակցութիւնները այսպէս միակողմանիօրէն ընկալելն ու գնահատելը անօգուտ, աւելին, վնասաբեր զբաղմունք է։ Ճշմարիտ է, որ Ռուսաստանի շահը չպահանջի չի պաշտպանի Հայաստանին։ Առ հասարակ, ո՞վ, ո՞ւմ կը պաշտպանի՝ անտեսելով սեփական շահը։ Չմոռանանք 1917ի յեղաշրջումը, երբ բոլշեւիկների «Համաշխարհային յեղափոխութեան» զառանցանքն ու թուրք-բոլշեւիկեան բորենիական դաշինքն ամրապնդուեց Հայաստանի ահռելի զոհաբերութիւններով, բայց՝ նաեւ մեծապէս վնասելով Ռուսաստանին։ Այդպէս է ընթացել պատմութիւնը եւ տեսանելի հեռանկարում այդպէս է ընթանալու. վնաս հասցնելով Հայաստանին, կը վնասուի ինքը՝ Ռուսաստանը։ Նոյնն է Իրան-Հայաստան յարաբերութեան հրամայականը։ Այդ երկրների շահերը, կամայ թէ ակամայ, պահանջում են կամուրջ կապել Հայաստանի հետ, պահպանել, ամրացնել այն, շահերի փոխադարձ համընկնումով անխուսափելի, բնական դաշնակցութիւն:
Դառնանք, Հայաստանի անվտանգութեան ապահովման լիազօրութիւնը ռուս զինուորին յանձնելով անկախութիւնն ու ինքնիշխան պետականութիւնը էլ աւելի վտանգելու, էլ աւելի թուլացնելու՝ միւս անհեթեթ հարցադրմանը։ Բնաւ դժուար չէ հրաժարուել ռուս զինուորի ներկայութիւնից։ Ռուս-հայկական պայմանագրում նշուած է, որ մէկ կամ միւս կողմը առնուազն վեց ամիս առաջ նախազգուշացնելով՝ կարող է չեղեալ յայտարարել ռազմական դաշինքը )հասկանալի է՝ գոնէ այդքան ժամանակ կը պահանջուի ռուսական ռազմակայանն ու զինուորներին տեղափոխելու համար(։ Եթէ իրօք, «ՈՉ ՄԷԿԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅ ՅԱՐՁԱԿՈՒԵԼ», ինչպէ՞ս պնդում են Հ. Յովհաննիսեանն իր համախոհներով, տեղին կը լինէր հրաժարուել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԷԼ ԱՒԵԼԻ ՎՏԱՆԳՈՂ, ԷԼ ԱՒԵԼԻ ԹՈՅԼ ՈՒ ԽՈՑԵԼԻ դարձնող ռուսական օգնութիւնից։ Եւ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ սահմաններում, հայկական մեծածախս բանակ պահելու կարիք չէր լինի։
ՀՀՇ-ՀԱԿ, եւ սրա այլեւայլ «մասերի» առաջնորդ ու հայր ԼՏՊն դեռեւս 2008ի Յունուարի 11ի մամլոյ ասուլիսում զուր չյայտարարեց, որ Էստոնիան ունի հինգ հազարանոց բանակ, Բալթեան միւս երկրները՝ տասը հազարանոց։ Ուստի՝ լուծումը պարզ է. «…հաշտ ու խաղաղ ապրել մեր հարեւանների հետ։ Մեր ապահովութեան մեծագոյն երաշխիքը ոչ թէ միջազգային անվտանգութեան կամ պաշտպանական համակարգերին՝ ՆԱՏՕին կամ Հաւաքական անվտանգութեան պայմանագրին անդամակցելն է, այլ մեր չորս հարեւանների հետ նորմալ յարաբերութիւնների հաստատումը։ Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ Հայաստանը կ՛ունենայ տասը հազարանոց բանակ» )«Ժամանակ», Լ. Ա., 16 Յունուար, 2008(:
Վերը բերուած դատողութիւնները նոյն՝ տասը հազարանոց բանակ ունենալու «երազանքի» ձախաւեր կրկնութիւններն են։ ԼՏՊն, դա գոնէ պատկերացնում է Ղարաբաղի հարցի «լուծումից» յետոյ։ Բայց եթէ Արցախի հանրապետութեան գոյութեան փաստը ըստ էութեան հարցի լուծում չի համարւում, ապա ուրիշ լուծում չկայ, բացի Ղարաբաղի վրայ ադրբեջանական դրօշներ ծածանելուց, ինչպէս վերջերս նորից հրապարակաւ սպառնաց Իլհամ Ալիեւը Բաքւում, աշխարհի ամենամեծ, ադրբեջանական դրօշի բացման արարողութեան ժամանակ։
Բազմիցս ասել ենք՝ թուրքազերի հարեւանների հետ «նորմալ յարաբերութիւններ» հաստատելու միակ նախապայմանը եղել եւ մնում է առանց դիմադրութեան ՀԱՅԿԱԿԱՆ բոլոր ՏԱՐԱԾՔՆԵՐԻ մաս առ մաս յանձնումը՝ ժողովրդի արտագաղթով ու կոտորածներով հանդերձ։ Դա քանիերորդ անգամ յստակօրէն հաստատեց նաեւ աշխարհի փիլիսոփայութեան պրոֆեսորների մէջ ամենաթուրք եւ թուրքերի մէջ ամենափիլիսոփայ Ահմեդ Տաւութօղլուն՝ ճառախօսելով իմ հայրենի Իգդիրում. Թուրքիան մտահոգուած է Հայաստանի եւ Ադրբեջանի բախումներով, որոնց հետեւանքով, կան մարդկային զոհեր «Հարաւային Կովկասում տեւական խաղաղութիւն ապահովելու համար, անհրաժեշտ է վերադարձնել ադրբեջանական գրաւուած տարածքները»։ Թուրքական «տեւական խաղաղութեան» այս տեւական խաբէութեանը, այս անգերազանց լկտիութեանը վերջապէս ո՞վ պէտք է պաշտօնական բարձր մակարդակով հակադրի Ադրբեջանի բռնագրաւած Նախիջեւանի եւ հայկական այլ տարածքների վերադարձման պահանջը։
Որքան էլ ճգնեն ապացուցել, թէ ոչ, ԼՏՊի եւ լեւոնական զանգուածի «երազանքի», արդիւնքը Հայաստան-Արցախի զոհաբերումն է լինելու Տաւութ եւ այլ օղլուների ծաւալապաշտական նկրտումներին։ Ժողովուրդը ՀՀՇականներին պատահաբար չանուանեց նէոբոլշեւիկներ, տարատեսակը թրքամոլ բոլշեւիկների, որոնք )յիշենք միայն այս փաստը հայրենիքի գլխին նրանց բերած աղէտներից( կացինը տուեցին թուրք մսագործի ձեռքը՝ Հայաստանի առաջին հանրապետութեան բանակի ձերբակալուած սպաներին կոտորելու համար։ Որովհետեւ նրանք կռուել էին Արեւելքում «համաշխարհային յեղափոխութեան» դրօշակակիր թուրքերի դէմ։ Հիմա, հայանուն նէոբոլշեւիկները, ռուս զինուորին Հայաստանի սահմանից հանելու, տասը հազարանոց հայկական բանակ պահելու կոչերով, ո՞ր «խաղաղասէրների» ձեռքն են ուզում տալ կացինը։ Այս իսկ դիտանկիւնից, իրօք, ո՞վ կարող է «լիբերալ» կուսակցապետ Հ. Յովհաննիսեանին եւ նմաններին բացատրել՝ «Որ՞ն է մեր շահն այստեղ»։
Բացատրենք. մոռացե՞լ են թուրքական զօրամիաւորումների կուտակումները նորանկախ Հայաստանի սահմանին։ Մոռացե՞լ են Թ. Չիլեր-Ռ. Խասբուլատով գաղտնի համաձայնութիւնը։ Մոռացե՞լ են, ինչը խանգարեց Հայաստանի վրայ Թուրքիայի յարձակմանը։ Գոնէ փորձե՞լ են ճշդել՝ անկախ ու ինքնիշխան Հայաստանը, ի զօրո՞ւ է սեփական ուժերով դիմադրել, թէկուզ Ադրբեջանը մի կողմ դրած՝ ՆԱՏՕի երկրորդ խոշոր բանակն ունեցող հզօր հարեւանին։ Այժմ սահմանի երկայնքով տեղակայուած թուրքական բանակն ունի 600 արդիական տանկ, շուրջ 700 այլ զրահա-տեխնիկա, 500 միաւոր օդուժ )«Առաւօտ», Սեպտեմբեր 9, 2010(։ Թուրքերը բոլորովին «չպատրաստուեն յարձակուել»՝ կը բերեն շատ աւելին։ Ո՞վ, ինչո՞վ պիտի տայ հայանուն նէոբոլշեւիկների պոռոտախօսութեան պատասխանը, եթէ յանկարծ իրականութիւն դառնայ իրենց քաջնազարական-աճուճապաճուճական կործանարար առաջարկը՝ Հայաստանի անվտանգութիւնը ապահովել «անկախ-ինքնիշխանօրէն», տասհազարանոց բանակով, դուրս գալով ՀԱՊԿից, «չյանձնելով ռուս զինուորին»։
Հայ-ռուսական նախկին պայմանագրով ՌԴ ռազմակայանը ՀՀ զինուած ուժերի հետ պաշտպանում էր Հայաստան-Թուրքիայ՝ նախկին ԽՍՀՄ սահմանամասը։ Ներկայ պայմանագրում Ռուսաստանը ստանձնում է անվտանգութեան երաշխաւորումը Հայաստանի ողջ սահմանագծով՝ «անկախ այն հանգամանքից, թէ որտեղից կը բխի սպառնալիքը»։ Մտքի անբուժելի կուրութեամբ տառապողները լոկ չեն պատկերացնի, որ արդէն Թուրքիայի հետ հետզհետէ միաձուլուող Նախիջեւանն է միւս գլխաւոր սպառնալիքը, ուստի չափազանց կարեւորւում է ռուս զինուորի ներկայութիւնը յատկապէս նաեւ այդ սահմանում:
Նախկին 25 տարուայ փոխարէն, Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողութեան ժամկէտի երկարաձգումը 49 տարի՝ մինչեւ 2046 թուականը, ինքնին ռազմական ոլորտում երկարաժամկէտ ներդրումային քաղաքականութեան գրաւական է։ Պայմանագրով նախատեսուող ռուսական գերժամանակակից սպառազինութեանը տիրապետելը կը պահանջի պատրաստել արդի տեխնիկական գիտելիքներով ու հմտութեամբ օժտուած զօրամասեր։ Այդպիսով կ՛ապահովուի նաեւ ՀՀ զինուժերի որակական աճը, որը, քանակով ու զինուածութեամբ գերազանցող ադրբեջանական բանակին դիմադարձելու միակ միջոցն է։ Ինչպէս «Ազատութիւն» կայանով տրուած հարցազրոյցում նշել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, «Հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարաւորութիւն է տալիս հաւանական պատերազմի դէպքում նուազեցնել զոհերի թիւը նոյնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչութեան շրջանում, միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբյեկտների արագ ու ճշգրիտ խոցումը, գործողութիւնների վարման տարածքի ամբողջ խորութեամբ» )«Ասպարէզ», 26 Օգոստոս, 2010(։ Այսինքն՝ Բաքուն փորձի ռմբակոծել Երեւանը, կը ռմբակոծուի եւ ինքը։
Շարունակելով բացատրել՝ «Ո՞րն է մեր շահն այստեղ», ստիպուած ենք անդրադառնալ նաեւ այն հասարակ իրողութեանը, որ պաշտպանելով Հայաստանը թուրքական զօրամիաւորումների հնարաւոր ներխուժումներից եւ նպաստելով ՀՀ բանակի հզօրացմանը՝ Ռուսաստանը առնուազն անուղղակիօրէն ամրացնում է նաեւ Արցախի պաշտպանունակութիւնը։
Թ. Մկրտչեանն իր «կուսակցութիւնով» պահանջում են բացել ՊԱԿի արխիւները «Քաղաքական ու պետական գործիչների շարքերը օտարերկրեայ գործակալներից մաքրելու համար», «ռուսական գործակալները պատգամաւոր կամ նախագահ դառնալու նոյնիսկ երազանք չեն կարող ունենալ»՝ վճռական եզրակացութեամբ։ Ինքնամաքրման գերազանց առաջարկ։ Դա, գուցէ, ՀԱԿի եւ նրա «մասերի» առաջնորդ ԼՏՊի կապերը ՊԱԿի, ԿՀՎի, ի՞նչ իմանաս, օտարերկրեայ էլ ո՞ր մարմինների հետ վերջնականապէս բացայայտելու սկիզբը դառնայ։ Միայն թէ, նախագահութիւն նուաճելու հնարաւորութիւնից նրան զրկելու համար, աւա՜ղ, շատ են ուշացել։ ՊԱԿի պանծալի սպայ, ՀՀ առաջին նախագահ, ներկայ արատաւոր հասարակարգի հիմնադիր, ԼՏՊն այն դիպուկ բնորոշեց որպէս Աւազակապետական։ Ո՞վ աւելի լաւ կարող էր իմանալ իր արածի ու դրա հետեւանքների էութիւնը։ ՀՀՇական այդ աւազակապետութեան ծնած հրէշները Հայաստանի անկախութեան անցած տարիներին խժռեցին այն միջոցներն ու արժէքները, որոնք պէտք է ծառայեցուէին երկրի, ուստիեւ բանակի հզօրացմանը։ Որոշ դրականը, ինչ ձեռք է բերել Հայաստանն այսօր, նուազագոյնի նուազագոյնն է ունեցած ու ստացած հնարաւորութիւնների համեմատ։ Այսպիսի՞ «ազատութիւն», այսպիսի՞ «անկախութիւն-ինքնիշխանութիւնն» են ուզում պաշտպանել «անվտանգութեան ապահովման լիազօրութիւնը ռուս զինուորին» չյանձնելու ջատագովները, երբ ըստ ամենայնի, հզօր Հայաստանը, աշխարհի ողջ հայութեանն էլ հայրենադարձելուց յետոյ, միայնակ ի զօրու չէր լինելու պաշտպանուել թուրքազերիական բանակների համատեղ, անխուսափելի ներխուժումից։