
ԳԼԵՆԴԷՅԼ, Քալիֆորնիա.- Հայ կրթական հիմնարկութիւնը մեծարելու է Յակոբ եւ Մինա Շիրվանեաններին, իր «Բովանդակ կեանքի ընթացքի ծառայութեան պարգեւ»ով (Lifetime Service Award), ՀԿՀի 60ամեակի տօնակատարութեան հանդէսին, Նոյեմբեր 6, 2010ին:
Շիրվանեանները այն առանձնայատկութիւնը ունեն որ անոնք ՀԿՀի ամէնէն երկարատեւ նուիրեալ անդամներն են, որոնք 50 տարուայ ընթացքում, գործնականապէս մասնակցել ու հովանաւորել են կազմակերպութեանը՝ երկուսն էլ լինելով ՀԿՀի վարչութեան անդամներ: Շիրվանեանները գործնական դեր են ունեցել, որ ՀԿՀ յաջողութեամբ նուաճէ իր նիւթական նպատակները, որոնց շարքում են՝ նիւթական օժանդակութիւն հայ ուսանողներին եւ կազմակերպութիւններին: Յակոբ Շիրվանեանի նախագահութեան ժամանակաշրջանում էր, որ կարեւոր հիմնադրամը հայթայթուեց ու UCLA-ի Հայոց արդի պատմութեան ամբիոնի ստեղծման գերագոյն նպատակը իրագործուեց:
Շիրվանեանները ոչ միայն անհաշիւ կամաւոր ժամեր են յատկացրել՝ օժանդակելու ՀԿՀի ծրագիրներին, այլ նաեւ եղել են գլխաւոր նուիրատուները ՀԿՀի նախագծերին: Նրանք նիւթապէս օգնել են հինգ դպրոցների վերանորոգմանը՝ Հայաստանում, Արցախում ու æաւախքում, նաեւ գնել են համակարգիչ մեքենաներ եւ դպրոցական պիտոյքներ, ու հովանաւորել են բազմաթիւ կրթաթոշակներ: Հայաստանի անկախութիւնից ի վեր, Շիրվանեանները զանազան առիթներով վերադարձել են հայրենիք, այցելել են ՀԿՀի միջոցով վերանորոգուած դպրոցները, շարունակել են նիւթապէս օգնել այդ դպրոցներին եւ մասնակցել են կրթաթոշակների բաշխման արարողութիւններին:
1956 թուին, Լոս Անջելըս հաստատուելուց ի վեր, Շիրվանեանները շատ գործունեայ են եղել Հայկական համայնքի կեանքում: Մինա Շիրվանեանը օգնել է ստեղծել Իրանահայ միութիւնը՝ լինելով իր առաջին նախագահներից մէկը: Յակոբ Շիրվանեանը տարիներ եղել է «Ֆերահեան» ազգային վարժարանի Խնամակալ մարմինի փոխնախագահ: Նրանք նեցուկ են կանգնել բազմաթիւ կազմակերպութիւնների, որոնց շարքում են՝ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Հայոց Առաք. եկեղեցին, «Ֆերահեան» միջնակարգ վարժարանը, Հայ Դատի յանձնախումբը, Հայ Օգնութեան Միութիւնը, Հայկական հիմնադրամը եւ շատ ուրիշներ:
Համայնքին իրենց ցուցաբերած նուիրեալ աշխատանքին համար, Շիրվանեանները արժանացել են Գարեգին Բ. կաթողիկոսի «Կիլիկիոյ Ասպետներ» շքանշանին եւ Արամ Ա. կաթողիկոսի «Կիլիկիոյ Իշխան» շքանշանին: Շիրվանեանները պարգեւատրուել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ամենաբարձր քաղաքացիական շքանշանով, նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի կողմից: Նրանք նաեւ մեծարուել են Հայ Դատի Արեւմտեան շրջանի «Ժառանգութիւն» պարգեւով ու «Էտվենթիսթ» հիւանդանոցի հիմնարկութեան մարդասիրական պարգեւով:
Շիրվանեանները նաեւ գործունեայ են եղել ԱՄՆի քաղաքական կեանքում: Յ. Շիրվանեանը այն առանձնայատուկ հայ անձնաւորութիւնն է, որ հինգ իրերայաջորդ նահանգապետների կողմից՝ Ռոնալտ Ռիկընի, Ճերի Պրաունի, Ճօրճ Տիւքմէճեանի, Փիթ Ուիլսընի եւ Կրէյ Տէյվիսի, նշանակուել է նահանգային զանազան յանձնաժողովների ու յանձնախումբերի անդամ:
ՀԿՀի տարեդարձի տօնակատարութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, Նոյեմբեր 6, 2010ին, նորակառոյց Ritz Carlton/JW Marriott LA Live-ում: Յաւելեալ տեղեկութիւնների ու հովանաւորութեան առիթների, կամ տոմսերի համար, խնդրում ենք հեռախօսել Դայեան Քաբրալոֆֆին՝ (310) 729-1552, կամ Մելոտի Պետրոսեանին՝ (818) 434-1167: