ԵԱՆԱ ԱՄԵԼԻՆԱ
Վերջին տարիներին Ադրբեջանում, չնայած այդ երեւոյթների դէմ իշխանութիւնների ակտիւ պայքարին, զօրանում է իսլամական արմատականութիւնը՝ ինչպէս շիա, այնպէս էլ վահաբական ուղղութեան։ Տեսանելի ապագայում դա կարող է էապէս մեծացնել հասարակական-քաղաքական անկայունութիւնը ինչպէս այդ պետութիւնում, այնպէս էլ ամբողջ կովկասեան տարածաշրջանում։
Ֆունդամենտալիստների ակտիւացումն (արմատականներու աշխուժացումը-Խմբ.) աճում է վերընթաց գծով, ինչը ցուցադրում են նրանց նկատմամբ կայացուող դատավճիռների քանակն ու ծանրութիւնը։ Օգոստոսի սկզբին Բաքուի Եասամալիի շրջանային դատարանը «Հաջի Սուլթանլի» շիիթական մզկիթի հինգ ծխականների 4ից մինչեւ 4.5 տարուայ ժամկէտներով բանտարկութեան է դատապարտել խուլիգանութեան եւ իշխանութեան ներկայացուցիչներին դիմադրութիւն ցոյց տալու կամ նրանց դէմ բռնութեան մեղադրանքով։ Շիաները դատապարտուել են այն ցոյցին մասնակցելու համար, որը Փետրուարի 13ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացուել է ի նշանաւորումն Մուհամեդ Մարգարէի վախճանուելու օրուայ։ Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչութիւնը դատապարտել է իրաւապահ մարմինների գործողութիւնները՝ նշելով, որ բռնութիւնը, նոյնիսկ չարտօնուած ակցիա (գործողութիւն, ցուցական արարք-Խմբ.) անցկացնելու դէպքում, անթոյլատրելի է, սակայն դա չի ազդել դատարանի վճռի վրայ։ Յունիսի կէսերին դատարանը ծանր յանցագործութիւններով տեւական՝ 4ից մինչեւ 15 տարուայ ժամկէտներով ազատազրկել է Ադրբեջանի 31 քաղաքացու, որոնք կապուած էին միջազգային ահաբեկչական ցանցի հետ։ Հետաքննութեան նիւթերի համաձայն՝ մեղադրեալները եղել են մի արմատական կրօնական խմբի մէջ (այս անգամ՝ վահաբական), որի նպատակն է եղել աշխարհիկ պետական կարգի տապալումը։ 2008 թուականի աշնանն այդ խումբը, որը ղեկավարում էր վահաբական ընդյատակի հետ վաղուց կապուած «Աբդուլլայ» մականունով Ազեր Միսիրխանովը, մտադրուել էր պայթեցնել Բաքու-Նովոռոսիյսկ նաւթամուղը եւ կատարել մի շարք այլ գործողութիւններ, սակայն դա անել չի յաջողուել։ Մեղադրեալների քանակը եւ նրանց նկատմամբ կայացուած դատավճիռների լրջութիւնը տպաւորիչ են։ Սակայն, ֆունդամենտալիստների դատական հետապնդումներից բացի, ադրբեջանական իշխանութիւններն, ըստ երեւոյթին, փորձելով նրանց զրկել յենարանից, կիրառում են նաեւ մզկիթների ֆիզիկական ոչնչացումը, ինչը կանխատեսելի բացասական արձագանգ է յարուցում իսլամական աշխարհում։ Վերջին տարիներին Ադրբեջանում զանազան պատրուակներով աւերուել է տասնմէկ մզկիթ, որոնց թւում են անցեալ տարի ոչնչացուած՝ Մուհամեդ Մարգարէի մզկիթը Բաքուի Եասամալիի շրջանում, Նաւթային քարերի մզկիթը (այն քանդելը բացատրուել է տեխնիկական վատ վիճակով) եւ «Հազրաթ Ալին Գերանբոյի Դալիմամեդլի աւանում։ Սուննիների մզկիթները սովորաբար փակւում են «վերանորոգման համար», «մինչեւ ահաբեկչական գործողութեան մասին գործով դատական հետաքննութեան վերջանալը» եւ նման այլ պատրուակներով։ Այդ ամէնն, իհարկէ, հաւատացեալների դժգոհութիւնն է յարուցում եւ ուժգնացնում ծայրահեղական տրամադրութիւնները մահմեդական միջավայրում։ Ենի Գիւնաշլի աւանի «Ֆաթմէի Զահրա» շիիթական մզկիթը քանդել բեկանուել է միայն Իրանի աննախադէպ միջամտութիւնից յետոյ։ «Սիոնիստները, վահաբականների հետ դաշնակցած՝ սադրանքներ են կազմակերպում Ադրբեջանի շիաների հանդէպ, հերթը հասել է նաեւ մզկիթներին», հանդէս գալով Կում քաղաքում, յայտարարել է այաթոլլա Նասիր Մաքարիմ Շիարազին։ «Մենք բացէիբաց յայտարարում ենք, որ, եթէ Ադրբեջանում չդադարեցնեն մզկիթների աւերումը, մենք կը հրամայենք դիմադրել»։ Եթէ ադրբեջանական իշխանութիւնները չփոխեն իրենց քաղաքականութիւնը, Իրանի հոգեւոր ղեկավարութիւնը հանդէս կը գայ Ադրբեջանի ղեկավարութեան դէմ ջիհադ արտօնող ֆետուայով, ընդգծել է նա։ Մայիսին, այդ վերջնագրից քիչ անց, «Ֆաթմէի Զահրա»ն փոխանցուել է Կովկասի մահմեդականների վարչութեան տնօրէնութեանը։ Ինչպէս Յուլիսին տեղի ունեցած մամլոյ ասուլիսում յայտարարել է Ադրբէյջանի հանրապետութեան (ԱՀ) կրօնական կառոյցների հետ աշխատանքի պետկոմիտէի նախագահ Հիդայաթ Օրուջեւը՝ ջանալով արդարացնել իշխանութիւնների գործունէութիւնը, քանդւում են, իբր, ոչ թէ մզկիթները, այլ իբր որպէս մզկիթ հանդիսացող շինութիւնները»։
«Թող ոչ ոք նոյնիսկ չփորձի Ադրբեջան ներմուծել ուրիշ երկրների կրօնա-պետական յարաբերութիւնները»- կոչ է արել նա՝ նկատի ունենալով իրանական այաթոլլայի յայտարարութիւնը։ «Այն փորձը, որ մենք ունենք այդ բնագաւառում, այն դիրքորոշումը, որը մենք ենք բռնած, օրինակ են հանդիսանում ուրիշ երկրների համար»։ Ակնյայտ է, որ դա սոսկ ուրախ դէմք ցոյց տալու փորձ է տանուլ տուած խաղում։ Եթէ Իրանն իրօք ջիհադ յայտարարի Ադրբեջանին, աշխարհիկ իշխանութիւններին, անշուշտ, չի յաջողուի դիմակայել կրօնական պայթիւնին։ Այդ գործում օգնական չեն լինի նաեւ հոգեւոր իշխանութիւնները։ Ինչպէս ցոյց է տալիս փորձը, չնայած Կովկասի մահմեդականների վարչութեան մզկիթները քանդելուն տրամադրելու թոյլ փորձերին (վարչութիւնը գլխաւորում է շիա, ազգութեամբ թալիշ Ալլահշուքիւր Փաշազադէն), դիմակայութեան ելքը լիովին կախուած է պետութեան բարի կամքից, ինչը խօսում է պաշտօնական հոգեւորականութեան թուլութեան եւ հեղինակազրկման մասին։ Ադրբեջանում կրօնական իրադրութեան վրայ արտասահմանեան ներգործութեան փորձերը նկատւում են ոչ միայն Իրանի կողմից։ Ինչպէս վերջերս յայտարարել է Ադրբեջանի շիիթամէտ Իսլամական կուսակցութեան նախագահ Մուհսեն Սամադովը, վահաբականները, օգտուելով տնտեսական ծանր իրադրութիւնից, երկրում ակտիւ քարոզչութիւն են վարում Սաուդեան Արաբիայի ֆինանսական աջակցութեամբ։ Համոզուած վահաբականներ են հանդիսանում շուրջ 15 հազար ադրբեջանցիներ, գտնում է Սամադովը։ Դաւանութեան ազատութեան պաշտպանութեան՝ Բաքուի կենտրոնի համակարգող, աստուածաբան Իլգար Իբրահիմօղլուն իրադարձութիւնների այդպիսի զարգացումը համարում է լիովին օրինաչափ։ Նրա կարծիքով, եթէ երկրում արհեստական սահմանափակումներ են ստեղծւում ճշմարիտ իսլամի զարգացման եւ հոգեւորականութեան համար, արմատական իսլամականների երեւան գալն անխուսափելի է։
«Ինձ թւում է, որ կրօնի վրայ պետական կառոյցների ուժեղ ճնշումը կարող է յանգեցնել Ադրբեջանում արմատականութեան աճին», գտնում է Իբրահիմօղլուն։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է կանխարգելիչ կրօնալուսաւորչական աշխատանք, այլ ոչ թէ ճնշում եւ արգելքներ։
Իր հերթին, Հիդայաթ Օրուջեւն իրադրութիւնը երկրում համարում է «կայուն եւ նորմալ»։ Ադրբեջանցի պետական գործիչների որոշ արտայայտութիւններ ցոյց են տալիս, որ երկրում իշխանութեան գլուխ են կանգնած բացայայտ անաստուածներ։ Դատելով որպէս խորհրդային տեսակի աթէիստ (կրօնքի դէմհանդիսացող-Խմբ.), Օրուջեւն ու շատ այլ պաշտօնեաներ իրենց ցուցումով քանդուող մզկիթներն անուանում են «թերակառոյց օբյեկտներ(հաստատութիւն-Խմբ.) »։ «Մզկիթ անուանուած թերակառոյց օբյեկտը քանդելուց ողբերգութիւն շինելը, դա իսլամի նկատմամբ կառավարութեան վերաբերմունքի ցուցանիշ հաշուելը ճիշտ չէ»,- պնդում է Հիդայաթ Օրուջեւը, այն դէպքում, երբ ցանկացած հաւատացեալի համար այդ խօսքերը վայրենութիւն եւ սրբապղծութիւն են։ Ադրբեջանական իշխանութիւնների քաղաքականութիւնն ունի իւր տրամաբանութիւնը։ Բայց եթէ վահաբականութեան վտանգն ակնյայտ է, իսկ սուննի մզկիթները փակելը կարելի է բացատրել որպէս փորձ՝ «դաս տալ» Թուրքիային, որը ժամանակաւորապէս ա՛յն դիրքը չի բռնել Հայաստանի հետ փոխյարաբերութիւնների հարցում, ինչպէս նաեւ լեզգիների եւ ոչ միայն Ադրբեջանում, այլեւ հարեւան ռուսաստանեան Դաղստանում ապրող միւս ժողովուրդների դիրքերին հարուած հասցնելու ցանկութեամբ, ապա ճնշամիջոցները շիաների դէմ, որոնք կազմում են երկրի բնակչութեան շուրջ 70 տոկոսը, առաջին հայեացքից, անհիմն են թւում։ Բայց միայն առաջին հայեացքից։ Շիաների հետապնդումները կապուած են, առաջին հերթին, երկրի ներքին քաղաքականութեան մէջ (յատկապէս Ադրբեջանի հարաւում ապրող պարսկախօս թալիշների շրջանում, որոնք պայքարում են իրենց իրաւունքների համար եւ Իրանն իրենց պատմական հայրենիքն են համարում) իրանական գործօնի համեմատաբար ուժեղացումից պաշտօնական Բաքուի երկիւղների հետ։ Իրանն Ադրբեջանի մերձաւոր եւ ամենահզօր հարեւաններից մէկն է։ Երկու երկրների յարաբերութիւններն ամենեւին անամպ չես անուանի ոչ միայն Իրանական Ադրբեջանի հիմնախնդրի պատճառով, այլեւ ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ Թեհրանի բռնած համեմատաբար հայամէտ դիրքի պատճառով։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ բուն աշխարհաքաղաքական գործօնը, որն արտայայտւում է միջազգային (եւ ամէնից առաջ՝ արեւմտեան) ասպարէզում Ադրբեջանը որպէս «Ժողովրդավարական արժէքներ» դաւանող եւ Իրանի դէմ պայքարում ԱՄՆի դաշնակիցը հանդիսացող «աշխարհիկ պետութիւն» ներկայացնելու՝ Բաքուի իշխանութիւնների փորձերի մէջ։
Թալիշ քաղաքագէտ Ֆահրադդին Աբոսզօդայի խօսքերով, շիիզմը, այսպէս կոչուած՝ «ադրբեջանցիների» ՝ բոլշեւիկների կողմից կազմաւորուած «Ադրբեջանական ԽՍՀ»ի բնակիչների համար մնում է որպէս միակ միաւորող գործօնը։
«Անցեալ դարի երեսնական թուականների վերջին Բաքուի իշխանութիւնները բռնութեամբ որպէս «ադրբեջանցիներ» են գրանցել երկրի ամբողջ շիա բնակչութեանը (անդրկովկասեան թաթարներին, թալիշներին, պարսերին (թաթերին), շիա քրդերին եւ այլոց)՝ նկատի ունենալով հէնց շիիզմին նրանց պատկանելութիւնը», պատմում է նա։ «Սուննիներն այն ժամանակ կազմում էին թաթարների (հիմնականում՝ Շիրվանում ) եւ թալիշների (Օստորոյի մի քանի գիւղերում) մի չնչին մասը։ Զինուորական յեղաշրջման միջոցով իշխանութեան գլուխ անցած Հէյդար Ալիեւը լաւ էր հասկանում, որ շիիզմի գործօնը, որի հիմքում ընկած են անարդար տիրակալի դէմ բացայայտ պայքարի սկզբունքները, կարող է ցանկացած պահի բնակչութեանը միաւորել իր կլանի դէմ։ Այդ պատճառով նա համաթուրքական եղբայրութեան էր կոչում երկրի թիւրքախօս բնակչութեանը, որի հիմնական զանգուածն էին կազմում սուննիները»։ Այդ կոչին, ներառեալ սուննիզմի ընդունումը, ձայնակցել են նաեւ ադրբեջանական ԶԼՄները (մամուլը-Խմբ.)։ Թալիշ քաղաքագէտը դրանում տեսնում է բացառապէս հակաշիիթական քաղաքականութիւն, սակայն չարժէ հաշուից դուրս թողնել նաեւ պանթուրանական նախագիծը, որի իրացումը իննսունական թուականների սկզբին-կէսերին դեռեւս համեմատաբար իրական էր թւում ինչպէս Անկարայի, այնպէս էլ Բաքուի համար՝ որպէս կրտսեր զուգընկերոջ։ Իզուր չէ, որ այն տարիներին ամբողջ Ադրբեջանով մէկ (եւ ոչ միայն այնտեղ) սկսեցին բացուել թուրքական լիցեյներ (մադրասաներ ), որոնց շրջանաւարտները, որպէս կանոն, սուննի-նուրսիստներ էին դառնում։ Այդ քաղաքականութիւնն իր պտուղները տուեց, եւ բաւականին մեծ թուով շիա թիւրքեր, ինչպէս նաեւ թալիշների որոշ մասը, անցան սուննիզմ։ Միաժամանակ երկրում ակտիւօրէն տարածուեցին զանազան իսլամական աղանդներ, ներառեալ վահաբականութիւնը։ Այդպիսի քաղաքականութեան արդիւնքը դարձաւ այն, որ Ադրբեջանի այսօրուայ բնակչութիւնն արդէն իրեն չի նոյնականացնում որպէս միասնական մահմեդական ամբողջութիւն, եւ դա լիովին համապատասխանում է Ալիեւների կլանի ռազմավարական նպատակներին, արձանագրում է Ֆահրադդին Աբոսզօդան։ Թւում է, սակայն, որ, խորամանկելով՝ Բաքուի իշխանութիւններն իրենք իրենց են խաբել։ Փշրելով Ադրբեջանի կրօնական միասնութիւնը, նրանք ակամայից նպաստել են հասարակութեան մէջ ֆունդամենտալիստական տրամադրութիւնների ուժեղացմանն ու զարգացմանը։ Հաշուի առնելով, որ տնտեսական դրութիւնը երկրում մնում է լարուած, գործազրկութիւնն ու սոցիալական այլ հիմնախնդիրներ, այդ թւում եւ Լեռնային Ղարաբաղից ու նրա յարակից նախկին ադրբեջանական եօթ շրջաններից փախստականների տեղաւորումը, մինչ այժմ լուծուած չեն եւ չեն կարող լուծուել տեսանելի ապագայում, պետութեան ներքին կայունութեան մասին չարժէ խօսել։ Շատ ադրբեջանցիների համար բնական ելք է դառնում արմատական իսլամը, որն առաջարկում է ինչպէս սոցիալ-տնտեսական, այնպէս էլ տարածաշրջանում եւ աշխարհում իրենց տեղը որոշելու հետ կապուած հոգեւոր հիմնախնդիրների լուծումը։ Գիտակցելով իսլամական սպառնալիքի աճը, պաշտօնական Բաքուն աւելի ու աւելի յաճախ է խօսում ԼՂՀի դէմ «փոքրիկ յաղթական պատերազմի» մասին՝ փորձելով այդ «փրկարար» միտքը ներշնչել երկրի բնակչութեանը։ Սակայն, քանի որ Ադրբեջանն ի վիճակի չէ փոքր ուժերով լուծել Ղարաբաղի հարցը, իսկ մեծ ուժեր նա չունի, իսլամական ֆունդամենտալիզմի հիմնախնդիրն իր կերպարանքի ամբողջ բազմազանութեամբ մօտ ժամանակներում ակնյայտօրէն օրակարգից չի հանուելու։
ԵԱՆԱ ԱՄԵԼԻՆԱ Կազանի դաշնային համալսարանի Եւրասիական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնի փորձագէտ է
«ՆՈՅԵՒ ԿՈՎՉԵԳ»
Հրապարակւում է որոշ կրճատումներով