
«Ասպարէզ» օրաթերթի շաբաթ օրուան համարում կարդացի Ռ. Հախվերդեանի հետ կայացած հարցազրոյցը, որն իմ մտքում առաջացրեց մի քանի հարցումներ, որոնք ներկայացնում եմ ստորեւ.
ա. Արդեօ՞ք 1915թ. եւ դրան յաջորդող տարիներին, թուրքական հրաշալի էլիտարը գոյութիւն ունէ՞ր: Եթէ կար այդ էլիտարն եւ ի տես Հայկական Ցեղասպանութեան լռեց, ապա այդ էլիտարն չի կարող հրաշալի լինել, այլ՝ յանցագործ:
բ. Եթէ թրքական հրաշալի էլիտարն ձեւաւորուել է վերջին տասնամեակների ընթացքում, ապա դժուար թէ հրաշալի լինի, որովհետեւ էլիտարն ձեւաւորւում է ժամանակի ընթացքում՝ իր հիմքում ունենալով մշակութային համապատասխան աւանդոյթները, որոնք բացակայում են թուրքերի պարագային:
գ. Ինչո՞ւ մինչ այս թուրքերը լռել էին երկար ժամանակ: Նրանք այն ժամանակ սկսեցին հանդէս գալ, երբ հայերը բարձրաձայն աղաղակեցին Ցեղասպանութեան մասին: Արդեօ՞ք կասկածելի չէ նրանցից շատերի բուն ինքնութիւնը:
Ինչ վերաբերում է «Թոյնով լեցուն կուժին», ապա այն կոտրելու պարտականութիւնը հայկական կողմի ուսերին չի դրուած, այլ այն կողմին, որ շատ վաղուց թոյնով լցուած է եղել հայութեան հանդէպ եւ կոտրել է այն հայութեան գլխին՝ ցեղասպանութիւն գործելով:
Յիշեցնենք նաեւ Յ. Թումանեանի իմաստուն խօսքը. «Ուր ահեղ կռուով չի մտնիլ արքան, ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ»: Արդեօ՞ք թուրք աշուղներ չեն, որ փորձում են արուեստի դռնով մտնել Հայաստանի բերդից ներս: Ովքե՞ր են նրանց առջեւ դարպասներ բացողները:
Տողերիս հեղինակը, անձամբ, պարոն Ռ. Հախվերդեանի գեղարուեստի երկրպագուներից է եղել: Ափսո՛ս.
Կ.Ք.
——————————————————————————————-
Սիրելի եւ յարգելի խմբագիր
«Ասպարէզ»ի,
Հիացումով եւ յուզումնախառն յարգանքով կարդացի Յասմիկ Թաշճեանի մասին գրուած դամբանական-յօդուածը: Արտակարգօրէն մաքրամաքուր հայերէնով շարադրուած այդ ոգեկոչումը հիանալիօրէն կը շաղկապուի այդ վսեմ հայուհիին տարաբախտ կեանքի տուայտանքներուն հետ:
Շարունակական տառապանքներով շաղախուած հայու ճակատագիրը դառնութեան դրոշմը զետեղած է իրերայաջորդ սերունդներու հոգեվիճակին վրայ:
Բայց ահա ազնուութեան մարմնացում՝ սխրալի բացառութիւն մը եւս: Ի՞նչ գեղեցիկ հայերէնով մը բնորոշուած է հանգուցեալ տիկին Յասմիկը՝ իբրեւ «տառապանքի դիցուհի մը»: Այս ասութիւնը մեզ կը յիշեցնէ Շէյքսբիրի հետեւեալ պատգամը մարդկային ազնուահոգի վարքագիծի մասին՝
Thou hast been one, in suffering all that suffers nothing (Համլէթ, 3րդ. արար, բ. մաս):
Բիւր յարգանք իր չքնաղ յիշատակին:
ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ
3 Սեպտեմբեր 2010