ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
ԳՈՒՊԱՐ
Եթէ չարութեան թունոտ սուսերով հատուի բարութեան յոյսի նարօտը, թող կայծակները ճայթեն ուժգնութեամբ ու չարութեանը մատնեն կորուստի գեհենական հոծ հրավառութեամբ։ Տիեզերական լաւի ու վատի ահռող բախումը պատահելու է այս արեւի տակ, եւ ոչ մի ստուեր չի պատի լոյսը հուր արեգական, քանզի բարին է յաղթելու չարին տարտարոսական, լուսաւորութեան ճառագայթներով. բախտաւորութեան նարօտով յոյսի օծանելու է կեանք ու յաղթանակ։
ՇԱՂ
Աշունը երփներանգ է թափում ամէնուր, թուխպ ու շող է պատում եթերին. գոյները գունատ են, մեղմիւ են օրաւուր. ուր որ է կը տեղան շիթերը, անձրեւի կաթիլներ թախծալուր, բայց ուրախ լիութեան երգերը…
ՆՊԱՏԱԿԱԴԻՐ
Գուցէ ես չեմ զօրել սանձելու քո ցանկութիւնների նժոյգները, այլ բաւարարուել եմ իմ ձիերի վարգով միայն։ Ո՜ւր է, որ փոթորկի պահին շղթայազերծուէի որպէս շանթը, ճայթէի որպէս ամպրոպը, փայլատակէի որպէս կայծակը, իրար կարելու երկնի ու երկրի հորիզոնի ճեղքը… Սէրն է իրար զօդում սիրող սրտեր, դաշն զգացումներ, իրար լրացնող ցանկութիւններ… Այլապէս, կան ձորեր, որ չեն լցւում լեռների փլուզումով։ Եթէ չկայ սէրը, ձորերը մնում են չլցուած. կարօտութիւնները մնում են չբաւարարուած. ձգտումները մնում են չհասած… Բոլոր կարկառուած շուրթերը չեն քամում սիրածի համը… Ծարաւներ կան, որ չեն յագենում. պապակներ կան, որ չեն զովանում։ Թող եզերքները մնան ծովերին. քամիները թող քերծեն քարափների լերկերը, լեռների ժայռերը, եւ հողեր, որ արգաւանդ չեն, չեն ծոցուորի բեղմնաւորութեան փոշով, սիրով, ցանկութեամբ… Աւարտներ կան, որ վերջնական են, հասնում են յաւիտենութեանը հասունութեամբ… Ուստի հաւատով սպառիր ճակատագիրդ, շահիր կեանքդ ամբողջական, համօրէն։ Որոնիր, որ հասնես, այլապէս ակնկալութիւնը յապաղում է, որ մնում է անյայտնագործ, չբաւարարուած, դժկամակ ու սրտակոտոր:
ՊԱՇՏԱՄՈՒՆՔ
Գունաւորուած ես, որպէս աշունը ծաղկաթառամ, տերեւների երփներանգ թորշոմութեամբ: Ծիծեռնակների մեկնող երամը տրտմութիւն է սփռում, պատմում է լքումների հեքիաթներ: Երազներ են, թրթիռներ են, լուրթ եթեր… Կեանքի յոգնութիւններով, հասունութեամբ եմ ժամանում ու հանգրուանում քո գրկում. տեղաւորւում եմ իմ ցանկութիւնների ջերմոցում… Պարգեւիր թռիչք ու ճախր յոյսերիս տարմերին, որ անցնեն ծովերի փոթորիկներից, իջնեն նպատակներիս մարգերում եւ համերգեն ձօներ քո փառքին ու վայելքին…
ԿԵԱՆՔ
Որ անցել ես ու անցնում ես՝ ամենեւին փոյթս չէ, չէ՞ որ շուրթս համբուրում ես, ու քո համն եմ առնում ես։ Որ երէկուայ իմ օրերում երիտասարդութեամբ ոգեւոր, խենթութիւններ էի անում քմայքներով անսովոր. որ ցանկութեան նժոյգիս հեծ, հուր տեչերիս դաշտերում, ծաղիկ ու վարդ էի պոկում, փուշ ու տատասկ խորտակում։ Այժմ կապել եմ խենթ նժոյգս տարեցութեան ախոռում, յամր քայլելով ժուռ եմ գալիս հարթ տենչերիս մարգերում, եւ ժուժկալ եմ արդէն դարձել վարդ ու ծաղիկ պոկելիս, բայց վայելքի համն ու բոյրը, սիրածներիս համբոյրը էլի՛ մէկ-մէկ, երբեմնակի, ըստ ցանկութեան ու տեղի, փրցնում եմ քո շուրթերից, ճաշակում եմ ոգելի, ու ժպտում եմ ջինջ գոհութեամբ, որ ճիշդ կերպն է երեւի՜…
ԳՈՀՈՒԹԻՒՆ
Ա.
Զնգում է զանգը ձայնեղ ղօղանջով, ի՛մ բախտն է ցոլում երկնաթիռ աստղով… Ծիրը ձգւում է լուսաւոր լանջով, ապագան պարզում շողով, շառայլո՜վ… Շողով, շառայլո՜վ աչքերս են փայլում, երջանկութիւնը շուրթս է համբուրում… Դառնամ վայելեմ կեանքը ոգելից, Աստծուս փառք տամ սրտիս խորանից…
Բ.
Երջանկութեան վրայ է, որ ծիածան է կամարւում. այդպիսով է բախտաւորութիւնը լինում լրիւութեամբ ակաղձուն։ Ծիածանի եօթը գոյներով, ծիածանի եօթն անգամ եօթը գոյներով, եօթն անգամ եօթը, եօթն անգամ եօթը գոյներով… Գոհութիւնն է բախտաւորւում։ Գոհութիւնս է, որ ապրում եմ, գոհութիւնս է, որ առողջ եմ, գոհութիւնս է, որ կարող եմ կարողութեամբ… Գոհութիւնս է, որ ասում եմ, ու լսում եմ սիրոյ խօսքեր, գրկիս կինը՝ կինն է մտքիս, գոհութիւնս է, որ իմ կեանքի մեղեդին երգաւորւում է բարբառով ուստրիս ու դուստրիս, գոհութիւնս է, որ զաւակներս աւելանում են փեսայով ու հարսով, գոհութիւնս է՝ բազմանում են ծլվլոցով թոռներիս. գոհութիւնս է, որ իմ երգը համաձուլւում է նրանց էլ համերգին… Գոհութիւնս է, որ գոհութեան համար գոհ փառք եմ տալիս Աստծուս… Գոհութեամբ փառաւորեսցուք։
ՓԱՌԱՒՈՐԵՍՑՈՒՔ
(Տարբերակ)
Երջանկութեան վրայ է ծիածանը կամարւում. այդպիսով է բախտաւորութիւնը լինում ամբողջական, համօրէն ակաղձուն ծիածանի եօթը գոյներով, ծիածանի եօթն անգամ եօթը գոյներով, եօթն անգամ, եօթն անգամ եօթը գոյներով… Գոհութիւնն է, որ ապրում ես. Գոհութիւնն է, որ կարող ես. գոհութիւնն է, որ վայելում ես. գոհութիւնն է, որ գրկիդ միջի կինը՝ կինն է սրտիդ միջի… Բազմանում ես ու ընդարձակւում՝ որպէս ընտանիք ու գերդաստան, ուստր ու դուստր, փեսայ ու հարս, թոռներ… Կեանքիդ երգը միաձուլւում է նրանց երգին, մեղեդին հնչում է այլեւս խմբերգութեամբ ու ծլւլոցով, ծլւլոցով… Հասունացած սիրոյ բերքերը համով են, համով են փառաւորութեամբ… Գոհութեամբ փառաւորեսցուք…
ՅՈՒՇԵՐ
Ես ելել եմ ու փողոցում ման եմ գալիս. քայլերիս հետ շատ հեռաւոր փողոցներ են միտս գալիս… Ի՜նչ մտքեր ու մտածումներ ու հեռաւո՜ր հրճուանքներ են ինձ ձայն տալիս… Ես յիշում եմ, որ մի բան էր, նորոյթ էր… չէր… Թէ հրաշք էր… Բայց յետոյ էր, որ իմացայ դա լոկ լոյսն էր… Որ քո գրկի փափկութեան մէջ աչքերիս էր պէծակ տալիս…
ԳԱՂՏՆԻՔԸ
Ով միայն անցեալով է ապրում, ներկայում դժբախտ է։ Ով միայն ներկայով է ապրում, ապագայի հանդէպ անյոյս է։ Ով միայն ապագայով է ապրում, ուրուական փնտռող ցնորամիտ է։ Բնական ու բանական մարդը ապրելու է՝ անցեալի լաւագոյն փորձառութեամբ, ներկայի իրական կարելիութեամբ, ապագայի վստահելի նախաձեռնութեամբ։ Այդ պատճառով էլ նա միշտ յոգնած է ու դժգոհ։ Երջանիկ մարդը՝ բախտա՛ւոր մարդն է, որ համատեղել, կամ չի համատեղել այդ բոլորը։ Իսկ ինչո՛վ է յաջողել՝ պահում է գաղտնի: