ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Բանակցային գործընթացում նոր իրադրութիւն է ստեղծւում «Միջազգային իրաւունքը չի արգելում անկախութիւն հռչակել». այսպիսին եղաւ Հաագայի ՄԱԿի Միջազգային դատարանի վճիռը, որը Յուլիսի 22ին Բելգրադի նախաձեռնութեամբ քննել է 2008 թուականին Սերբիայից Կոսովօ երկրամասի անկախութեան հռչակման օրինականութեան մասին հարցը։ Ու թէեւ այդ որոշումը խորհրդատուական բնոյթ է կրում եւ պարտադիր ուժ չունի, ամէն կասկածից դուրս է, որ այն ունենալու է ինչպէս քաղաքական, այնպէս էլ իրաւական հետեւանքներ ժամանակակից աշխարհակարգի կերտման դեռեւս շարունակուող գործընթացի համար։
Հասկանալի է, Հաագայի դատարանի որոշումը մեզ հետաքրքրում է, ամէնից առաջ, լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում։ Ինչպէս յայտնի է, բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ապագայ քաղաքական կարգավիճակի որոշման վերաբերեալ միջնորդների կողմից առաջարկուած է միջազգային իրաւունքի երեք հիմնարար սկզբունք, որոնցից երկուսն են ինքնորոշման իրաւունքը եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքը։ Առաջին հայեացքից, այդ երկու սկզբունքները սուր հակասութեան մէջ են գտնւում իրար հետ եւ նոյնիսկ փոխադարձաբար բացառում են մէկը միւսին։ Բայց՝ միայն առաջին հայեացքից։ Այդպիսի խաբուսիկ տպաւորութեանը ոչ քիչ չափով նպաստել է պաշտօնական Բաքուի կոշտ, անհաշտ դիրքորոշումը, որը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր նկրտումներում բացարձակապէս ոչ մի փաստարկ չունենալով, բացառապէս տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ է հաշուարկ կատարել՝ այն դարձնելով դոգմա (քարացած վարդապետութիւն-Խմբ.)։ Իսկ իրականում՝ յիշատակուած երկու սկզբունքներն ունեն կիրառութեան կատարելապէս տարբեր ոլորտներ, գումարած որ Լեռնային Ղարաբաղը, ինչպէս արդէն բազմիցս է ապացուցուել, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ ամենեւին ոչ մի կապ չունի։ Ինչպէս էլ որ լինի, կարելի է արձանագրել, որ ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան միջեւ վէճը Հաագայում լուծուել է առաջինի օգտին։ Եւ պէտք է ասել՝ դա լիովին տրամաբանական է, քանզի, եթէ կարելի է այսպէս արտայայտուել, իրաւունքի «կարգավիճակն», այնուամենայնիւ, աւելի բարձր է, քան սկզբունքինը, առաւել եւս, որ տուեալ կոնկրէտ դէպքում խօսքը ազատ կամարտայայտութեան ուղիով իր ճակատագիրը որոշելու՝ ժողովրդի իրաւունքի մասին է։ Ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի կիրառմամբ Կոսովոյի անկախութեան հռչակումն օրինական ճանաչելով, Հաագայի ՄԱԿի Միջազգային դատարանը գործնականում յարգալից վերաբերմունք է արտայայտել ժողովրդի կամարտայայտութեան նկատմամբ։
Միջազգային դատարանի կողմից կոսովեան անկախութեան ճանաչումը հանդիսացաւ, ըստ էութեան, իրաւական նախադէպ։ Այո, նորագոյն պատմութեան մէջ եղել են Եթովպիայից Էրիթրէայի եւ Ինդոնեզիայից Արեւելեան Թիմորի անկախութեան ճանաչման փաստերը, սակայն այդ դէպքերում անջատման ակտերը կատարուել են մայր երկրների թոյլտուութեամբ։ Կոսովեան նախադէպի եզակիութիւնն էլ հէնց այն բանում է կայանում, որ Կոսովոյի պետական անկախութեան հռչակումը եւ արդէն տասնեակ երկրների կողմից, իսկ հիմա էլ Հաագայի դատարանի կողմից ճանաչումը տեղի է ունեցել Սերբիայի կարծիքին ու կամքին հակառակ։ Ի դէպ, Հաագայում ունկնդրումների ժամանակ ԱՄՆի ներկայացուցիչն ուղղակիօրէն յայտարարել է, որ միջազգային իրաւունքը «ե՛ւ չի արգելում անկախութեան հռչակումը, ե՛ւ դրա համար թոյլտուութիւն չի պահանջում»։ Այս խօսքերը լիիրաւ կերպով կարելի է հասցէագրել Ադրբեջանի նախագահին, ով նախանձելի յամառութեամբ շարունակում է պնդել, թէ ոչ ոք չի կարող առանց Ադրբեջանի համաձայնութեան որեւէ կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Աշխարհն, ինչպէս տեսնում ենք, փոխւում է։ Նոր աշխարհակարգի ձեւաւորման գործընթացը դեռեւս աւարտուած չէ, եւ աշխարհի քաղաքական քարտէզի վրայ նոր անկախ պետութիւնների յայտնուելը բացառուած չէ։ Սակայն այս հաշուով եկէք առանձնապէս չհրապուրուենք եւ, առաւել եւս՝ էյֆորիայի մէջ չընկնենք։ Այո, աշխարհը փոխւում է, սակայն դեռեւս ոչ ոք չի վերացրել տխրահռչակ երկակի ստանդարտներն ու քաղաքական նպատակայարմարութիւնը։ Եթէ վերցնենք նոյն Կոսովոն, ապա նա Լեռնային Ղարաբաղի համեմատութեամբ պետական անկախութեան աւելի քիչ իրաւունքներ ունի։ Չէ որ միջազգային իրաւունքի չափանիշներից մէկին համապատասխան՝ ժողովուրդը կարող է ինքնորոշուել իր պատմական բնակութեան տարածքում, ինչը Լեռնային Ղարաբաղի վերաբերմամբ ոչ ոքի մօտ կասկած չի յարուցում, իսկ կոսովցիներն ինքնորոշուել են պատմականօրէն իրենց չպատկանող տարածքներում։ Սակայն հէնց քաղաքական նպատակայարմարութեան պատճառով են նրանք ստացել արեւմտեան երկրների բացայայտ ու զօրեղ պաշտպանութիւնը, ապա եւ՝ նրանց կողմից Կոսովոյի երկրամասի անկախութեան ճանաչումը։ Այդ ամէնն իրօք այդպէս է, սակայն անկասկած է մի բան. կոսովեան նախադէպը կարեւոր դեր կը խաղայ լեռնայինղարբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում եւ կ՛ուժեղացնի ԼՂՀի բանակցային դիրքերը։ Ստեղծւում է նոր իրադրութիւն, եւ ղարաբաղեան կողմի ձեռքում ուժեղ յաղթաթուղթ է յայտնուել անկախ պետականութիւն ունենալու իր իրաւունքը, իսկ նշանակում է՝ նաեւ իր կենսական շահերը պաշտպանելու համար։ Մենք աւելի քան բաւականաչափ իրաւական փաստարկներ ունենք դէպի անկախութիւն մեր քայլերի իրաւաբանական անբասիրութիւնը հաստատելու համար, եւ եթէ համաշխարհային ընկերակցութիւնն ի դէմս Հաագայի դատարանի առաջնայնութիւնը ինքնորոշման իրաւունքին է տուել, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան՝ իր միջազգային ճանաչմանը հասնելու հնարաւորութիւնները նկատելիօրէն մեծանում են։ Պէտք է միայն կարողանալ միջազգային միջնորդներին համոզել այն բանում, որ ժամանակակից աշխարհը «ինչ կարելի է Եուպիտերին, չի կարելի Ցուլին» ժամանակավրէպ սկզբունքով կառուցելն անթոյլատրելի է։ Եւ նոյնիսկ՝ անբարոյ…
Լէոնիդ Մարտիրոսեան. «Ազատ Արցախ» օրաթերթի գլխաւոր խմբագիրն է: