«Կարծում եմ, պէտք չէ խօսել դժուարութիւնների մասին: Դրանք միշտ էլ կան: Աւելին, Լիբանանում մինչեւ անգամ սուրճ էի վաճառում: Այն տարիներին՝ 1966-68թթ. հայերը հիմնականում թրքախօս էին: Շատ յաճախ նրանց համար սուրճ էի տանում ու ցաւով տեսնում, թէ հայերն ինչպէս էին վարժ խօսում թուրքերէն, լսում թուրքական երգեր: Ամէն բան թուրքերէնով էր: Միշտ բողոքում էի, ասում էի՝ ինչո՞ւ հայերէն չէք խօսում: Դրա համար ինձ օգնութեան եկաւ երգը: Սկսեցի երգել «Տլէ եաման»ը, «Արմէնեան հողը», «Մասիսը մերն է» եւ հայրենասիրական ու աշուղական բազմաթիւ երգեր:
Աստիճանաբար, մարդիկ սկսեցին հրաժարուել թուրքերէնից: Իմ թողարկած ձայներիզներն արագ սպառւում էին: Քարոզչական աշխատանքների մէջ սկսեցին ներգրաւուել նաեւ երիտասարդներ, ովքեր զբաղւում էին պատերին փակցնելով թռուցիկներ, որոնցում ասւում էր, որ թուրքերէնին պէտք է պատասխան տալ հայերէնով»:
ՀԱՐՑ.- Իսկ երաժշտական կրթութիւն ունէի՞ք:
ԼԵՒՈՆ ԳԱԹՐՃԵԱՆ.- Ծնուել եմ Սիրիայում (Հալէպ): Դեռ մանկութիւնից մասնաւոր հետաքրքրութիւն ունէի երգ-երաժշտութեան նկատմամբ: 1958թ. փոխադրուեցի Լիբանան, որտեղ ընդունուեցի Լիբանանի պետական երաժշտանոց: Այստեղ էլ ձայնամարզութեան յատուկ դասեր ստացայ օփերայի հռչակաւոր երգչուհիներ՝ ռումանահայ Արաքս Սվաճեանից ու լիբանանահայ Լիւսի Գարկայեանից: Իմ նպատակը հայ երգի տարածումն էր ամէնուր:
ՀԱՐՑ.- Հայկական թրքախօս միջավայրի դէմ պայքարելը դժուար չէ՞ր:
Լ.Գ.- Բնականաբար, դժուարութիւնները բաւական շատ էին: Սակայն որեւէ մէկին չէիր կարող այպանել թրքախօսութեան համար, ինչպէս օրինակ, կային բնակավայրեր՝ Մարաշ, Այնթափ եւ այլն, որտեղ թուրքերը մեծամասնութիւն էին կազմում: Դա լուրջ պատճառ դարձաւ, որ հայերը դիւրութեամբ մոռանային իրենց լեզուն:
ՀԱՐՑ.- Դուք սփիւռքահայ գաղթօճախներում պայքարում էիք թրքախօսութեան դէմ, այնինչ այսօր Հայաստանում, թուրքական ու արաբական երգերը մեծ պահանջարկ են վայելում: Առհասարակ ծանօ՞թ էք հայկական երգարուեստում տեղի ունեցող աղաւաղումներին:
Լ.Գ.- Մի կողմից Հայաստանում դասական հրաշալի երգարուեստ կայ, միւս կողմից՝ «ռապիզ»ների շառաւիղներ: Մեր հայ ժողովուրդը «ռապիզ»ը չի ընդունի: Ես վստահ եմ, որ մենք նորից կը վերադառնանք Կոմիտասին, մեր մաքուր երգերին: Որտեղ յեղափոխութիւն է տեղի ունենում, այդտեղ նման երեւոյթները շատ են՝ գողութիւն, աւազակութիւն եւ այլն: Պակաս ուրախալի չէ այն, որ այսօր հայ երեխաները մեծ հետաքրքրութիւն են ցուցաբերում ժողովրդական երգերի նկատմամբ: Իսկ «ռապիզ»ը գերեզմանոցի վրայ երգուող երգ է: Հայը ինչ կապ ունի այդ երգերի հետ, որտեղի՞ց բերեցին ասպարէզ, ինչպէ՞ս կարելի է թոյլ տալ, որ հայը թուրքական բառերը թարգմանի ու երգի: Այնինչ մենք ունենք իսկապէս հանճարե՛ղ երգեր են… Մենք Սփիւռքի մէջ կեանքի ու մահու պայքար ենք մղում, որպէսզի հայոց լեզուն պահպանենք ու տեղի հայութիւնը կապենք հայրենիքին, մինչդեռ այստեղ այդպիսի տգեղ երեւոյթներ են կատարւում: Վերջերս մի երգ եմ գրել՝ «Արի քո տուն» վերնագիրով.
Արի քո տուն, արի քո տուն,
Հերիք մնաս դու որբ, անտուն.
Ինչո՞ւ մնալ պանդուխտ երկրում,
Հայրենիքը մեզ է կանչում:
ՀԱՐՑ.- Ասում էք՝ արի տուն, իսկ ծանօ՞թ էք այդ տան վիճակին:
Լ.Գ.- Թող մեր տան մէջ քոյր եղբայր իրար ծեծեն, բայց այդ մասին չգնան դրսում պատմեն: Դա է հայրենասիրութիւնը: Մի օր մեր հայրենիքից գողերն ու աւազակները կը փախչեն, ու հայրենիքը կը մնայ հայերին: Ես յոյս ունեմ, որ ամէն ինչ կը շտկուի:
ՀԱՐՑ.- Քանի՞ անգամ էք Հայաստան այցելել:
Լ.Գ.- 19րդ անգամն եմ գալիս, ու ամէն անգամ մեծ համերգներ եմ ունենում: Համերգներով հանդէս եմ եկել Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում, ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, այս անգամ էլ՝ Յունիսի 22ին, համերգ եմ ունեցել Արամ Խաչատրեան համերգասրահում: Ի դէպ, նշեմ, որ Հայաստան եկայ ԼՂՀի նախագահի հրաւէրով: Արցախում եւս պէտք է ունենամ համերգ: Այնուամենայնիւ, ուրախանում եմ՝ տեսնելով, թէ լեփ-լեցուն դահլիճում մարդիկ ինչպէ՛ս են ինձ հետ կատարում իմ գրած երգերը: Ցանկացած երկիր էլ ունենում է իր դժուարութիւնները, ուղղակի փոքր ինչ ժամանակ է հարկաւոր՝ դրանք յաղթահարելու համար:
ՀԱՐՑ.- Եւ ամէն երկրում էլ կա՞յ այսպիսի օլիգարխիկ համակարգ, որից հասարակութիւնը վախենում է:
Լ.Գ.- Շատ երկրներում կայ, ու դա բնաւ զարմանալի չէ: Ընդհանրապէս ամէն մարդու տրուած չէ ինքն իրեն վերահսկելու հնարաւորութիւն: Ես լաւատես եմ. ամէն բան կամաց-կամաց շտկուելու է. (նա պայուսակից հանում է «Խօսենք հայերէն» վերնագիրով իր ձայնասկաւառակն ու նուիրում ինձ. Մ.Մ.)
ՀԱՐՑ.- Խօսենք հայերէ՞ն. բայց չէ՞ որ շուտով օտարալեզու դպրոցներում մեզ պարտադրելու են այլեւս չխօսել հայերէն:
Լ.Գ.- Այս երգը ես գրել եմ ոչ թէ հայրենիքի, այլ Սփիւռքի համար: Ամօթ կը լինի հայրենիքում հայերէնի օտարացումը: Ես իսկապէս չեմ ուզում խօսել Հայաստանի վարած քաղաքականութեան մասին, բայց միշտ պէտք է յիշել, որ հայրենիքը դպրոց է, իսկ Սփիւռքում ապրողները՝ աշակերտներ, այսինքն՝ նախեւառաջ ներսում պէտք է ամրապնդուի հայերէնը. այդ դէպքում՝ Սփիւռքն աւելի զօրեղ կը լինի:
«Հայաստանի
Հանրապետութիւն»