ՍԱՅԱԹ ԲԱԲՈՒՄԵԱՆ

Նախքան միջնադարը, հայ բժիշկների եւ բժշկական գրքերի մասին գրաւոր տուեալներ չկան: Սակայն դա չի նշանակում, որ դրանից առաջ Հայաստանի քաղաքներում բնակուող կամ շրջիկ բժիշկներ չեն եղել: Նրանք գոյութիւն են ունեցել բովանդակ երկրում եւ հոգ են տարել հիւանդների առողջութիւնը վերականգնելու գործով: Վստահաբար նրանք ունեցել են նաեւ իրենց բուժարան գրքոյկները, որոնք, ցաւօք, մեզ չեն հասել: Այս իրողութեան հաւաստիացումը կը լինի այն, որ 15րդ դարի սկզբից եւ իսկ, հայ բժիշկներից մեզ մնացած գրքերում մէջբերումներ կան:
Առանձին եւ ընդարձակ թեմա է բժշկական բնագաւառում սնոտիապաշտութիւնը, որին հնարաւոր է անդրադառնալ մասնաւորապէս. այստեղ բաւականանանք այնքանով, որ շատ յաճախ հիւանդների հարազատները հիւանդին փրկելու նպատակով, անճարակութիւնից եւ յուսահատութիւնից այնքան էին խեղճանում, որ դիմում էին սնոտիապաշտական հիմունք ունեցող բազմազան հնարքների ու միջոցների, միայն թէ փրկել կարողանային իենց հարազատին: Այս բերումով, նրանք ապաւինում էին կրօնական հաւատալիքներին, կամ անգրագէտ մարդկանց տուած խորհուրդներին: Նշենք նաեւ, որ մինչեւ մեր օրերն անգամ, մնացել են բուժման այդպիսի հնարքներ, որոնք գալիս են հին դարերից եւ ունեն իրենց հաւատացեալների մի ստուար բանակ:
Արդիական բժշկութեան եւ սին հաւատալիքների կողքին առկայ է նաեւ բուսական բժշկութիւնը, որտեղ մարդկութիւնը դարերի փորձառութիւններից ելնելով՝ հաւաքել է տեղեկութիւններ բոյսերի իւրայատկութիւններից, որոնք օգտագործել է հիւանդներին բուժելու համար: Այս բնագաւառը այսօր եւս խիստ հետաքրքրուողներ եւ հետեւորդներ ունի. չմոռանանք նշելու, որ արդի բժշկութեան մէջ շատ մեծ տեղ է յատկացուած բոյսերից ստացած այն նիւթերին կամ հիւթերին, որոնք օգտագործւում են դեղագործութեան մէջ: Արեւելեան երկրներում իւրաքանչիւր թաղամասում կայ նաեւ բուսական դեղորայքի վաճառանոցներ, որոնց վաճառորդները, ինչպէս դեղատների գործողները, ունեն իրենց գործին վերաբերուող հմուտ մասնագիտութիւն, ծաւալուն տեղեկութիւններ՝ բուսականութիւնից պատրաստուած դեղերի բուժման զօրութիւններից եւ դեղերից իւրաքանչիւրի ո՞ր հիւանդութեան բուժման կապուածութեան մասին:
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ
Միջնադարեան բժշկութեան ակնառու դէմքերից մէկն է Մխիթար Հերացին: Նրա գիրքը կոչւում է՝ «æերմանց մխիթարութիւն» եւ գրուել է 1184 թուականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկութեամբ: «Անուանեցաք «Ջերմաց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիւանդն՝ առողջութեամբ» (Հանր.):
Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել: Նա գրել է ակնաբուժական գիրք, որտեղ նկարագրել է աչքի հիւանդութիւններրի տեսակները եւ դրանց բուժման դեղերը: Ներսէս Շնորհալի կաթողիկոսը (1098-1173 թ.) նրան անուանել է բժշկապետ եւ աստղագէտ:
Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք: Այդ տեղեկութիւնների սկզբնաղբիւրն է համարւում իր գրքի ներածականի բովանդակութիւնը, որից պարզւում է, որ նա ծնուել է 12րդ դարի առաջին կէսի ժամանակահատուածում (շուրջ 1120թ.), Պարսկաստանի Խոյ քաղաքում. պատմական Հայաստանի Խոռխոռունեաց իշխանների պատկանող շրջան, որը Զարեւանդ գաւառի հարեւանութեամբ կազմել է մէկ միասնական վարչական միաւոր՝ Ուրմիա լճի հիւսիսարեւմտեան կողմում: Փոքր հասակից սիրել է բժշկութիւնն ու իմաստութեան արուեստը:
Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մէկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատուածներ, որոնք պահւում են Մատենադարանում: Հերացու գրքերից մէկի բովանդակութիւնն, ինչպէս ինքն է մատնանշում, պարփակւում է միայն ջերման երեք տեսակների ախտաճանաչման եւ բուժման մէջ, եւ այն չէր ծաւալուել ամբողջ բժշկական գիտութիւնների բնագաւառում: Նա լաւապէս տիրապետել է արաբերէնին, պարսկերէնին եւ յունարէնին: Այս լեզուները սովորելը եւ տիրապետելը պատահական հիմք չէ ունեցել, քանի որ այն օրերի աշխարհում նշուած լեզուներով բժշկագիտական հարուստ գրականութիւն կար, եւ տուեալ ազգերի մէջ բաւականին զարգացած եւ առաջացած էր բժշկութիւնը:
Հերացին իր գրքի ներածականում յիշատակել է, որ իր գիրքը գրելիս օգտուել է նշեալ աղբիւրներից թարգմանաբար, սակայն բանասէրները այն կարծիքին են, որ գիրքը լոկ թարգմանութիւն չէ եւ հայ բժշկապետը ունի իր սեփական ներդրումները եւս այդ գրքում: Իր իսկ ասութեամբ, նա գիրքը գրել եւ թարգմանել է: Նա բացի վերը նշուած գրքից, գրել է նաեւ այլ բժշկական գրքեր եւս, որոնք ամբողջական կերպով մեզ չեն հասել: Դրանցից որպէս պատառիկներ մնացել է բժշկական այլ գրքոյկներում: Այս բոլորով հանդերձ, անվարան կարելի է եզրակացնել, որ Մխիթար Հերացին եղել է մեր բժշկական գրականութեան հիմնադիրը, որից յետոյ իրենց բաժինն են ներդրել յաջորդ ժամանակների հայ բժիշկները:
ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ
Մխիթար Հերացուց յետոյ, Ամիրդովլաթ բժշկապետը 15րդ դարի խոշորագոյն դէմքերից մէկն է համարւում: Նրա ծննդեան յստակ թիւը յայտնի չէ. ըստ Մանուկ Աբեղեանի, նա ծնուած պիտի լինի 1414 կամ 1419 թուին: Բրիտանիայի թանգարանում գտնուող Ամիրդովլաթի «Անգիտաց Անպէտ» ձեռագրի վերջում, նրա մահուան թուականը յիշատակուած է. «Փոխեցաւ ի Քրիստոս Ամիրդովլաթ բժիշկն թարգմանող գրոցս ի թվ. ՌԽԵ (1496), Դեկտ. (8), օրն Հինգշբթի»:
Ստոյգ է, որ իր բժշկական գիրքը գրել է 1459 թուականին: Բուն անունը եղել է Գէորգ, իսկ մականունը՝ Ամիրդովլաթ, որը արաբերէն ամիր եւ դովլաթ արմատներից է կազմուած. առջինը նշանակում է իշխան, իսկ երկրորդ արմատը՝ պետութիւն:
Որպէս պալատական բժիշկ, եղել է թուրք սուլթան Մահմուդի պալատում, վայելել է սուլթանի եւ պալատականների սէրն ու յարգանքը: Սուլթանը նրան շնորհել է «ճառահպաշի»՝ վիրաբուժ տիտղոսը: Նա բաւական հարուստ բժշկական գրականութիւն է թողել իր յաջորդներին: Նրա իսկ վկայութեամբ, ինք շատ դժուարութիւններ է կրել, մինչեւ կարողացել է տիրապետել բժշկական մասնագիտութեանը: Տիրապետել է արաբերէն, պարսկերէն, թուրքերէն եւ լատիներէն լեզուներին, որոնց օգնութեամբ եւ թարգմանութեամբ գրել է իր բուժարան գիրքը եւ բժշկական այլ գործերը:
Այս կապակցութեամբ, նա յստակօրէն խոստովանութիւն ունի եւ նշում է, որ մէկ առ մէկ յիշատակելու է օգտագործուած աղբիւրները: Ամիրդովլաթ բժշկապետի գիտական աշխատանքներից են՝
Ա. «Օգուտ բժշկութեան»
Այս գրքի ձեռագիրը գտնւում է Հայաստանի Մատենադարանում եւ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի հայագէտ Ստեփ. Մալխասեանի խմբագրութեամբ: Գիրքն ունի մի յառաջաբան, որտեղ նա յիշատակում է. «Այլ իմացի՛ր, եղբայր, որ գիրքս մեր խօսքն չէ. առաջին իմաստասիրացն եւ բժշկական իմաստասիրացն եւ վերջին փիլիսոփայիցն եւ այս ամէն բժշկացն խօսքն է…»:
Ըստ Ամիրդովլաթ բժշկապետի, կատարեալ բժիշկն պիտի ունենայ հետեւեալ հինգ պայմանները. «ա) Իմանայ զօդն քաղաքաց, բ) իմանայ զեղանակն, գ) իմանայ հիւանդին զմահն եւ զկեանքն, դ) իմանայ հիւանդութեան պատճառն եւ զբնութիւն հիւանդի, ե) իմանայ զդեղին բնութիւնն եւ զօրութիւնն»: Եթէ բժիշկն այդ հինգ պայմանը գիտէ, նշանակում է՝ «բժիշկ է կատարեալ», իսկ եթէ չի տիրապետում դրանց, նշանակում է՝ «նա չէ բժիշկ եւ իմաստուն, եւ ոչ ունի մասն բժշկութեան»:
«Եղիր հետեւող իմաստութեան հետ, եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ», (Ա.Գ. Առաքելեան, հատոր բ.):
Բ. «Անգիտաց Անպէտ»
Այս գիրքը նա սկսել է գրել 1478թ., Կ. Պոլսում, եւ աւարտել է 1482 թուականին: Գիրքը համարում է անգէտներին ոչ պիտանի, դրա համար էլ այդպէս է վերնագրել այն:
Շարադրանքը միջին հայերէնով է, որպէսզի հասկանալի դառնայ ընթերցողներին: Գրքի նախաբանին մէջ նա հանգամանօրէն թուել է դեղորայքին կապուող ենթավերնագրեր, ինչպէս՝ «դեղերու բնութիւն, դեղերու համերն, դեղերու հոտերն, դեղերու գոյներն, դեղերու գործքն եւ զօրութիւնն, դեղերու պատրաստութեան արուեստը…», (Ա.Գ. Առաքելեան, հատոր բ.):
Գիրքը հիմնականում բժշկական հանրագիտարան է, որտեղ բնութագրուած են շուրջ 3754 դեղանուններ՝ այբենական կարգով դասաւորուած:
Գ. «Ախրապատին»
Միջին դարերում դեղագիտութեան եւ դեղաշինութեան գիրք, որի մէջ բացատրւում էին դեղերի յատկութիւնը, պատրաստելու եղանակը եւ գործածութիւնը՝ «ֆարմակոպիա»:
Բժշկապետը գիրքը գրել է 1481թ., Պոլսում: Սա եւս դեղագործական, բժշկական կիրառութիւն ունի. այնտեղ բացատրուած են դեղերի պատրաստման եղանակները, դրանց ազդեցողութիւնը մարմնի անդամների վրայ եւ դրանց պատկանելիութիւնը իւրաքանչիւր հիւանդութեան:
Դ. «Գիրք Ռամկական»
Ամիրդովլաթ բժշկապետի տուեալ աշխատութեան մասին Ա.Գ. Առաքելեանի ամբողջական բնութագրումն է՝ «Այս գիրքը Ամիրդովլաթի սեփական ստեղծագործութիւնը չէ, այլ արաբերէնից թարգմանութիւն է, որ կատարել է Ամիրդովլաթը 1474թ.: Գիտական աշխատանք չէ այն, այլ մոլորակների շարժումների հիման վրայ կատարուած գուշակութիւնների ու կախարդութիւնների մի ժողովածու: Մինչեւ այժմ պարզուած չէ, թէ ինչո՞ւ պէտք է այդպիսի մի գիրք թարգմանի Ամիրդովլաթը»:
Դրանով հանդերձ, հայ բժշկութեան մէջ իր դասական տեղն ունի նա, որի վաստակը հիմք ծառայեց իրենից յետոյ եկող հայ բժիշկների գործունէութեան ծաւալումներին:
Օգտագործուած Աղբիւրներ՝
* Ա.Գ. Առաքելեան, «Հայ ժողովրդի մտաւոր մշակութային զարգացման պատմութիւն»:
* Մ. Աբեղեան, «Հայ հին գրականութեան պատմութիւն»:
* Ս. Վարդանեան, «Բժշկութիւնը հին եւ միջնադարեան Հայաստանում»: