ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսում անպտղութեան բուժման համաշխարհային ճանաչման կենտրոն, Կալիֆորնիայի Հայ Բժշկական Միութիւն նշուած երկու խոշոր կազմակերպութիւններն ունեն ընդհանրացում՝ Վիգէն Սեփիլիան:
Մասնագիտական գործունէութեան, առողջ կենսակերպի, ազգայինի մասին հարցազրոյց՝ երիտասարդ բժիշկ Վիգէն Սեփիլիանի հետ:

Ներդաշնակութիւն, վստահութիւն, հաւատ այս զգացողութիւններ են առաջանում CHA Պտղաբերութեան կենտրոնի (CHA Fertility Center) արդէն նախամուտքում, այն՝ ինչն այնքան անհրաժեշտ է այս կենտրոնի իւրաքանչիւր այցելուին:
«Ամուսնութեան 14 տարիների ընթացքում ես ու կինս փորձել ենք ամլութեան բուժման տարաբնոյթ միջոցներ: CHA Պտղաբերութեան կենտրոնում մեզ օգնեցին ունենալ այնքան սպասուած առաջնեկին», կենտրոնի սպասասրահում զրնգում է երեքամեայ աղջնակի ծիծաղը, պատերին փակցուած են տարբեր ազգերի երեխաների լուսանկարներ: Այս ամէնը՝ նաեւ մշտական դարձած երախտագիտութեան խօսքերն են CHA կենտրոնի գործունէութեան լաւագոյն արդիւնքն ու գնահատականը:
Այսօր, անպտղութեան խնդիր ունեն զոյգերի 15%ը, այսինքն՝ ամերիկացիների 5.3 միլիոնը: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով տարեկան գրանցւում է անպտղութեամբ տառապող շուրջ 2 միլիոն նոր զոյգ: Այս վիճակագրութեանը զուգահեռ, առողջապահական կազմակերպութիւնները մեծ ջանքեր են ներդնում անպտղութեան բուժման ուղղութեամբ: Այս ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման ու կատարելագործման աշխարհի առաջատար կազմակերպութիւններից է Լոս Անջելեսի CHA Պտղաբերութեան կենտրոնը, որ Կորէայի CHA Կանանց հիւանդանոցի ամերիկեան մասնաճիւղն է:
Լոս Անջելեսի CHA Պտղաբերութեան կենտրոնն իր արհեստավարժ ղեկավարի ու անձնակազմի շնորհիւ կարողացել է գործունէութեան ոչ շատ երկար ժամանակահատուածում ճանաչելի ու վստահելի դառնալ նաեւ Միացեալ Նահանգներից դուրս: Ճապոնիա, Չինաստան, Կորէա, Հայաստան, Արաբական եւ Մերձաւոր Արեւելքի երկրներ. երկար կարելի է թուել երկրների շարքը, որտեղից ամլութեամբ տառապող զոյգերը հասնում են Լոս Անջելես՝ դիմելով կենտրոնի ղեկավար Վիգէն Սեփիլիանի ու նրա հմուտ անձնակազմի օգնութեանը՝ ստանալով բաղձալի օգնութիւնը:
«Կենտրոնին դիմում են հիմնականում անպտղութեան խնդիրներով եւ մենք առաջարկում ենք ամենատարբեր ծառայութիւններ՝ անցկացնելով մանրազննին ուսումնասիրութիւններ տարբեր մակարդակներում եւ առաջարկելով համապատասխան անհատական մօտեցում», նշում է Վիգէն Սեփիլեանը:
Անպտղութեան կասկածներ զոյգի մօտ սովորաբար առաջանում է սեռական կեանքով մէկ տարի ապրելուց յետոյ: Անպտղութեան 40% դէպքերի պատճառը տղամարդն է, 50%ի դէպքում՝ կինը, դէպքերի 10%ի դէպքում պատճառներն անյայտ են մնում:
Բժիշկ Վիգէն Սեփիլիանն առանձնացնում է կնոջ ու տղամարդու անպտղութեան պատճառները: Կանանց դէպքում այն պայմանաւորուած է մի շարք խնդիրներով, այդ թւում՝ անատոմիական, երբ հնարաւոր են արգանդի, փողերի հետ կապուած խնդիրներ, ուռուցքներ, պոլիպներ:
Տղամարդկանց մօտ անպտղութեան պատճառ կարող են լինել սերմի տկարութիւնը, սերմնահեղուկի ծաւալի պակասումը, մորֆոլոգիական, անատոմիական խանգարումներ: CHA Պտղաբերութեան կենտրոնը բոլոր դէպքերի համար առաջարկում է տարաբնոյթ հետազօտութիւններ, համապատասխան խորհրդատուութիւն եւ բուժում: Կենտրոնն իր յաճախորդներին առաջարկում է նաեւ արհեստական բեղմնաւորում, կանանց՝ ձուաբջիջների սառեցում:
«Մեր առաջարկած բուժմանը հետեւելու դէպքում մեզ դիմած զոյգերի 85%ի մօտ դրական արդիւնքն երաշխաւորւում է», ներկայացնում է Սեփիլեանը:
Կենտրոնի յաջողութեան գլխաւոր նախապայման Սեփիլիանը համարում է խմբային մօտեցումը աշխատանքին:
«Մեզ դիմում են ամենատարբեր ազգերի ու տարիքի մարդիկ, եւ պահանջւում է անհատական, լիարժէք մօտեցում իւրաքանչիւրին: Մենք պէտք է մօտ լինենք կատարելութեանը, քանզի մեր աշխատանքում մանրամասնութիւններն են կարեւոր», նշում է բժիշկը՝ ընդգծելով յաջողութեան հարցում մեծ նշանակութիւն ունեցող սաղմնաբանութեան բաժնի գլխաւոր մասնագէտի աշխատանքը:
Բժիշկ Սեփիլեանի նշանաբանն է՝ աշխատել սիրով, ինչի դէպքում, հեշտօրէն է յաղթահարւում իւրաքանչիւր դժուարութիւն:
«Բուժման ընթացքում գլխաւոր նախապայման է տրամադրութիւնը, մեր դրական լիցքերը, որ մեծ ազդեցութիւն են ունենում հիւանդների վրայ»: Երիտասարդ մասնագէտն իր փորձառութիւններով կիսւում է նաեւ Հայաստանի գործընկերների հետ: Հայրենիք պարբերական այցերի ընթացքում նա հանդիպում է հայ բժիշկների, հանդէս գալիս դասախօսութիւններով, հանդիպում հիւանդների ու անմիջական օգնութիւն տրամադրում նրանց:
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿԵԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
Վիգէն Սեփիլեանը գլխաւորում է նաեւ Կալիֆորնիայի Հայ-ամերիկեան Բժիշկների Միութիւնը, որ ոլորտի ամերիկահայ մասնագէտներին համախմբում է նաեւ համայնքի խնդիրների շուրջ: 25 տարի գործող այս կազմակերպութիւնը, որ ներկայում ունի շուրջ 400 անդամ, տարբեր նախագծեր է իրականացնում Միացեալ Նահանգներում, Հայաստանում, Ղարաբաղում:
Ամերիկեան գործունէութեան շրջանակներում ամէն տարի հայ համայնքի համար կենտրոնն իրականացնում է Գլենդելի առողջապահական փառատօն, ինչի ընթացքում բժշկական տարբեր կազմակերպութիւնների ու մասնագէտների մասնակցութեամբ անվճար բուժօգնութիւն եւ խորհրդակցութիւն է տրւում համայնքի բնակչութեանը: Այս տարի փառատօնը նախատեսուած է Նոյեմբերի 6ին եւ նախատեսւում է բժշկական առաւել մեծ շրջանակի մասնակցութիւն: «Փառատօնի ընթացքում իւրաքանչիւր այցելուի, այդ թւում բժշկական ապահովագրութիւն չունեցող իւրաքանչիւր այցելուի կը տրուի համապատասխան օգնութիւն եւ խորհրդատուութիւն», համայնքին միջոցառմանը ակտիւ մասնակցելու կոչ է անում Միութեան նախագահ Վիգէն Սեփիլեանը:
ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՄԻՋՈՑ
Վիգէն Սեպիլեանը մասնագիտական գործունէութեան շրջանակներում եւ դրանից դուրս ազգային հարցերի մեծ ջատագով է: «Հայութեան տարբեր հատուածներում երբեմն խնդիրներ են առաջանում, որ մեզ բաժանում է, բայց առողջութիւնն այն հարցն է, որ կարծում եմ վեր է իւրաքանչիւր տարաձայնութիւնից եւ միաւորում է մեզ մեր այս առաքելութեան շուրջ», նշում է Սեփիլեանը:
ՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒ
Իր անձնական յաջողութիւնների ու կայացման հարցում Վիգէն Սեփիլեանն առացնքային է համարում ամուր ու ներդաշնակ ընտանիքը՝ հիմնասիւն համարելով կնոջը: «Հայ կինն այսօր ներգրաւուած է տարբեր ոլորտներում եւ մեծ յաջողութիւններ ունի, այդուհանդերձ մայրութիւնը նրա գլխաւոր առաքելութիւնն է», նշում է բժիշկը:
Վիգէն Սեփիլեանն առաջարկում է առողջ կենսակերպ՝ առանց ծխախոտի, ալկոհոլի աւելորդ չափաբաժնի ու արատաւոր սովորութիւնների, խորհուրդ է տալիս ճիշտ սնուել: Խօսքերը նա ամրագրում է սեփական օրինակով. մասնակցում է վազքի մարաթոնների, զբաղւում է լողով, սիրում է տարբեր ազգերի ու ոճերի երաժշտութիւն: Նրա հոբիներից է լուսանկարչութիւնը:
Բժիշկը չափազանց կարեւորում է դադարը՝ կեանքի տարբեր փուլերի միջակայքում. «Կարեւոր է ունենալ կեանքի ամբողջական տեսլական եւ ապրել լիարժէք՝ առանձնայատուկ չկենտրոնանալով մանրամասների վրայ: Հարկ է կարողանալ ճիշտ արձագանգել կեանքի առաջադրած ազդակներին՝ լինելով առաջնորդ, կամ հետեւորդ՝ ելնելով իրավիճակի պահանջներից», կեանքի իր փիլիսոփայութիւնն է ներկայացնում Սեփիլեանը:
«Կարեւոր է գտնել ու ակտիւացնել մեզ ուրախութիւն ու երջանկութիւն պարգեւող նեյրոններն ու առաջնորդուել սիրով», նշում է բժիշկը, ում գործունէութիւնը թերեւս խօսքերի լաւագոյն ապացոյցն է: