Կրակի Հետ Խաղալը Խոհեմ Չէ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ի թղթակից Գէորգ Յարութիւնեան հարցազրոյց մը ունեցած է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ: Ստորեւ կը ներկայացնենք սոյն հարցազրոյցը ամբողջութեամբ:
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ».- Պարոն Մանոյեան, ինչո՞ւ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումից անմիջապէս յետոյ Ադրբեջանը դիվերսիա (խափանարարական գործողութիւն-խմբ.) կատարեց Արցախում:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Կարծում եմ, այս կերպ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի ու Մինսկի խմբի եռանախագահների վրայ, քանի որ եռակողմ բանակցութիւններից Իլհամ Ալիեւը գոհ լինելու պատճառներ չունի: Ադրբեջանը աշխարհին ցանկանում է ցոյց տալ, որ կարող է նաեւ ռազմական գործողութիւնների դիմել, եթէ Արցախի հիմնախնդրի կարգաւորումը չի կատարուելու իրեն շահաւէտ ձեւով:
Իրագործուած դիվերսիայի հետեւանքը հայկական կողմի համար շատ ծանր է, քանի որ մէկ զոհն էլ մեծ կորուստ է, իսկ այս դէպքում չորս հայ զինուոր է սպանուել: Միաժամանակ, տեղի ունեցածը դեռ չի նշանակում, թէ Ադրբեջանը պատերազմական գործողութիւններ է սկսել, քանի որ դրա քաղաքական հիմքը չեմ տեսնում: Այսօր Ադրբեջանը դրա անհրաժեշտութիւնը չունի, սակայն նման դիվերսիաներն ինքնին կարող են անկանխատեսելի ծաւալումներ ունենալ, եթէ հակակշիռները խախտուեն:
Ադրբեջանի կազմակերպած դիվերսիան նաեւ սադրանք է, որին եթէ անհամարժէք, առաւել ծաւալուն պատասխան տրուի, կարող է պատերազմ սանձազերծուել: Պատերազմը մեր տարածաշրջանի համար կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ռազմական լուծումները կանխելու համար ադրբեջանական կողմի իրականացրած նման դիվերսիաները պէտք է համարժէք կերպով դատապարտի յատկապէս միջազգային հանրութիւնը, ինչն առ այսօր արուած չէ:
Միջազգային կազմակերպութիւնները, կարծում եմ, պէտք է Ադրբեջանին արդէն խստագոյնս զգուշացրած լինէին, որ թոյլ չեն տալու հարցեր լուծել ռազմական ճանապարհով: Հայաստանի նախագահն էլ իր անդրադարձում անհրաժեշտ համարեց, որ միջազգային հանրութիւնը դատապարտի ու պատժի Ադրբեջանին դիվերսիայ իրագործելու համար, եւ այդ ակնկալիքը լիովին արդարացուած է:
Կրակի հետ խաղալը խոհեմութիւն չէ: Քսան տարի առաջ եւս Ադրբեջանը ագրեսիա (յարձակում-Խմբ.) իրականացրեց Արցախի դէմ, որի հետեւանքները հիմա տեսնում ենք: Այս հանգամանքը հաշուի առնելով, Ադրբեջանի կողմից խոհեմութիւն չի լինի՝ նոյն սխալը կրկնել երկրորդ անգամ: Եթէ վերլուծելու լինենք ադրբեջանական դիվերսիայի հետեւանքները, ապա չնայած ԼՂՀ պաշտպանական բանակի «համարժէք» պատասխանին, ինչպէս նշուած է պաշտօնական հաղորդագրութեան մէջ, թշնամին որոշակի յաջողութեան հասել է, քանի որ նրանց յաջողուել է մէկ սպանուածով հետ նահանջել: Կարծում եմ, ճիշտ կը լինէր, որ ձեռնարկուէին կանխարգելիչ քայլեր, ու մենք խուսափէինք զոհերից:
Յստակ է, որ այս դիվերսիան հայկական կողմը որեւէ կերպ չի հրահրել, այլ դա Ադրբեջանի նախօրօք ծրագրուած քայլն էր, որ կատարուեց ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ Իլհամ Ալիեւի հանդիպումից յետոյ: Պարզ ասած, Ալիեւը, փողոցի տղայի նման ցանկացաւ ցոյց տալ, որ ինքը կարող է նման բաներ էլ անել:
Թէեւ յարձակումը Արցախի սահմանների վրայ էր, սակայն սա նաեւ միջազգային հանրութեանն ու Մինսկի խմբին հասցէագրուած հարուած էր: Ուստի կրկնակի տարօրինակ է, որ նրանք չեն պատասխանում Ադրբեջանի նման արհամարհական դրսեւորումներին:
Միաժամանակ տարօրինակ է Իլհամ Ալիեւի կեցուածքը, որ խռոված երեխայի նման ինքն իրեն մեկուսացնում է: Նախ Վաշինգտոն չհրաւիրելով՝ ԱՄՆը մեկուսացրեց նրան, հիմա էլ ինքը չմասնակցեց Սանկտ Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովին:
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ».- Ադրբեջանը անելանելի՞ վիճակում է: Արցախի հիմնախնդրի կարգաւորմանը թուրքական որեւէ միջամտութիւն բացառելուց յետոյ մենք աւելի մօ՞տ ենք ԼՂՀ մասնակցութեանը բանակցութիւններին:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Չեմ կարծում, թէ Ադրբեջանը հիմա անելանելի վիճակում է: Եթէ այդպէս լինէր, ապա հակառակորդը շատ աւելի մեծածաւալ ռազմական գործողութիւնների կը դիմէր: Պատերազմի հաւանականութիւնը նուազել է ճիշտ այնքան, որքան անհաւանական է դարձել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները վաւերացնելը:
Եթէ ստորագրուած արձանագրութիւնները վաւերացուած լինէին ու, ինչպէս թուրքերն են առ այսօր ասում՝ առանց Արցախի հիմնախնդիրը կարգաւորելու, ապա Ադրբեջանի համար, իրօք, կարող էր անելանելի վիճակ առաջանալ: Այդ դէպքում հակառակորդը ֆորս մաժորային իրավիճակ ստեղծելու համար ստիպուած պէտք է ռազմական գործողութիւնների դիմեր:
Հիմա Ադրբեջանը դիվերսիայի դիմելով, ուղղակի ցանկանում է ճնշում գործադրել միջազգային հանրութեան վրայ, որ յաջորդ հանդիպման ժամանակ մի փոքր աւելի շատ ականջ դնեն լալկան երեխային: Նախագահների յաջորդ հանդիպումը դժուար է ասել, թէ երբ կարող է լինել: Շան գլուխը՝ Մադրիդեան սկզբունքների լրացուած կամ վերամշակուած տարբերակն է, որն, ըստ երեւոյթին, կողմերի համաձայնութեանը չի արժանացել:
Ադրբեջանը յայտարարեց, թէ կողմ է, բայց նաեւ չկարողացաւ թաքցնել, որ վերապահումներ էլ ունի: Հայաստանն ուղղակի չասաց՝ թէ կողմ է նորացուած տարբերակին ու այսօր խօսում է միայն Մադրիդեան սկզբունքների մասին: Տպաւորութիւն է առաջանում, որ լրացուած տարբերակն արդէն դուրս է դրուել քննարկումներից: Շատ հաւանական է, որ հէնց սա է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից Իլհամ Ալիեւի դժգոհութեան պատճառը: