ԵՐԵՒԱՆ.- Յունիս 4-6ին, Աղաւնաձորի մէջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն 15րդ ժողովը:

Շրջանաւարտ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի խօսքով, վերջին 10 տարիներու ժամանակահատուածին, ասիկա առաջին անգամն է, որ Դաշնակցութիւնը իր Գերագոյն ժողովը կը կատարէ իբրեւ իշխանութեանց ընդդիմադիր ուժ: Ժողովի ընթացքին հարց դրուած է նաեւ հրապարակաւ ներկայացնել գնահատականներ՝ իշխանութեան մէջ գտնուելու փուլին առնչութեամբ: Ժողովին կողմէ ընդունուած յայտարարութեան մը մէջ տրուած են գնահատականներ թէ՛ ձեռքբերումներու եւ թէ բացթողումներու վերաբերեալ:
(Յայտարարութիւնը ամբողջութեամբ կրնաք կարդալ այսօրուան «ՕՐԸ ՕՐԻՆ» սիւնակով)
Ժողովը իր աւարտին ընտրած է Հայաստանի կազմակերպութեան ղեկավար նոր մարմինը, որ ի տարբերութիւն նախորդ շրջանի 15 հոգինոց կազմին՝ կը բաղկանայ ինը անդամներէ:
Գերագոյն մարմինի նոր կազմի անդամներն են՝ Հրաչ Թադեւոսեան, Արմէն Ռուստամեան, Միքայէլ Մանուկեան, Հայրապետ Բաբայեան, Սիմոն Սիմոնեան, Արսէն Համբարձումեան, Թաթուլ Յարութիւնեան, Սպարտակ Սէյրանեան եւ Արա Նռանեան:
Յունիս 7ին, Գերագոյն մարմինը իր առաջին նիստին, Արմէն Ռուստամեանը ընտրած է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:
Երէկ, Արմէն Ռուստամեանը եւ ԳՄ անդամ, ԱԺ պատգամաւոր Արա Նռանեանը տուած են մամլոյ ասուլիս մը, ուր ներկայացուցին Գերագոյն ժողովի վերաբերեալ որոշ մանրամասնութիւններ:
Ռուստամեան անդրադարձած է Հայաստանի իշխանութեան մաս կազմած շրջանին ՀՅԴի իրագործումներուն, որոնց շարքին՝ «Մեր երկրի ազգային պետական ուղեգծի հետ կապուած հարցերը, Սահմանադրութեան բարեփոխումը, օրէնսդրօրէն ամրագրուած՝ ընդդիմութեան գործունէութեան հնարաւորութիւնների ընդլայնումը եւ այլն»:
Ռուստամեան նշած է, որ Գերագոյն ժողովի «յայտարարութեան մէջ մանրամասնուած է, թէ ինչո՞ւ շատ հարցերում ՀՅԴին չի յաջողուել իր նախաձեռնութիւնները հասցնել ցանկալի արդիւնքների»:
«Դաշնակցութիւնը լիարժէք իշխանութիւն չի եղել, այլ մաս է կազմել դրան: Սա տարբեր բան է: Հայաստանում լիարժէք իշխանութիւն 20 տարուայ ժամանակահատուածում, ըստ էութեան, եղել է ՀՀՇն, վերջին շրջանում՝ ՀՀԿն: Եւ այս ժամանակահատուածի համար ամբողջ պատասխանատուութիւնը կրում են հէնց այդ ուժերը: Կոալիցիայի մէջ էլ լինում են վճռորոշ ուժեր, եւ լինում են ուժեր, որոնք մասնակի դերակատարութիւն են ունենում: Եւ երբ մենք ասում ենք, որ շատ հարցերում Դաշնակցութեանը մեղադրելն ուղղակի արդար չէ, ազնիւ չէ, հէնց ա՛յս չափանիշներով արդար չէ», պարզաբանած է Ռուստամեանը՝ նշելով, որ այն արդարացի դժգոհութիւնները, որոնք գոյութիւն ունին, պէտք է ուղղել անոնց, որոնք եղած են լիարժէք իշխանութիւն, բայց չեն կրցած համապատասխան ուղղումները կատարել, ինչին հետեւանքով ալ կուտակուած են բազմաթիւ հարցեր, որոնք այսօր արդէն Հայաստանը կանգնեցուցած են լուրջ մարտահրաւէրներու առջեւ: Այնքան տագնապայարոյց են այդ մարտահրաւէրները, որոնք ըստ Ռուստամեանի, անոնք արդէն ներքին անվտանգութեան խնդիր դարձած են:
Ա. Ռուստամեանն ընդծեց, որ 1998ին Դաշնակցութեան ջանքերով կարելի եղաւ վերականգնել պետութեան ազգային ուղեգիծը, սակայն հայ-թրքական գործընթացը եկաւ խաթարելու այդ վիճակը:
Ընկերային արդարութեան վերականգնումը նոյնպէս ՀՅԴ գաղափարական առաջանահերթութիւններէն է:
«Պետութիւնն այսօր ՀՀ քաղաքացու կողքին չէ: Կայ պետութիւն, որը սպասարկում է արտօնեալ խաւերի շահերը, եւ ունենք մի պետութիւն, որը մեծամասնութեան պետութիւն է, եւ այն բախտի քմահաճոյքին է թողնուած: Ու եթէ ոեւէ մէկը այսօր փորձի պաշտպանել իր իրաւունքները, կը ձախողուի», յայտնեց Ռուստամեան՝ ընդգծելով, որ երբ դատարանները խայտառակ որոշումներ կը կայացնեն յանուն Հայաստանի հանրապետութեան (ՀՀ), եւրոպական դատարանները որոշում կը կայացնեն ընդդէմ ՀՀի:
Այս բոլոր խնդիրները լուծելու համար, Հայաստանի մէջ պէտք է ձեւաւորուին նոր իշխանութիւններ: Նոր որակի իշխանութիւն ձեւաւորելու համար, պէտք է ստեղծուին համապատասխան նախադրեալներ, յայտնած է ԳՄի ներկայացուիցչը:
«Մենք ուզում ենք ընտրութիւնների միջոցով իշխանութիւնը փոխել: Միշտ վտանգաւոր է ցնցումների միջոցով իշխանափոխութիւնը, յատկապէս, երբ Հայաստանը չաւարտուած պատերազմի կարգավիճակում է: Բայց կարծէք թէ այդ հանգամանքը մեր իշխանութիւնները չարաշահում են: Իրենք էլ պէտք է իմանան, որ չափ կայ, չպէտք է անընդհատ պատսպարուել նրանով, որ արտաքին վտանգն ուժեղ է, եւ դրա վրայ կառուցել քաղաքականութիւնը», յստակացուց Ռուստամեան՝ աւելցնելով. «ՀՅԴն պատրաստ է ինչպէս հերթական, այնպէս էլ արտահերթ ընտրութիւնների, որի անհրաժեշտութեանը կարող է առաջանալ ֆորս-մաժորային (արտասովոր-Խմբ.) իրավիճակներում»:
Ըստ Ա. Ռուստամեանի, այսօրուայ ընտրական համակարգը ժողովուրդի վստահութիւնը չի վայելեր, հետեւաբար, բնական է, որ այս ճանապարհով իշխանութիւններու ընտրութիւնը կասկածներ յառաջացնէ:
«Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ այդ համակարգը դարձնենք ադեկուատ (համապատասխան-Խմբ.) միջազգային չափանիշներին, որպէսզի ընտրուելուց կամ չընտրուելուց յետոյ, ոեւէ մէկը չկասկածի արդիւնքներին», նշեց ան:
Ասուլիսի ընթացքին Ռուստամեանի հարց տրուեցաւ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի եւ ՀՅԴ համագործակցութեան մասին: «Մէկընդմիշտ ուզում եմ պարզ դառնայ, որ ՀՅԴն ոեւէ մէկի կուսակցութիւնը չէ, որ հաւաքուենք ու Քոչարեանին յետ բերենք: Դա Քոչարեանի խնդիրն է եւ ի՛նչ ուզում է, թող անի: Ի դէպ, Քոչարեանի իշխանութեան տարիներին նոյնպէս մեր բոլոր ծրագրերը չեն իրականացել: ՀՅԴն երբեք այսպիսի խնդիր չի դրել եւ չի դնելու: Մենք մեր յստակ ծրագիրը, պատկերացումներն ունենք, եւ մենք վստահ ենք, որ եթէ ՀՅԴն չեկաւ իշխանութեան, լուծումները կիսատ-պռատ են լինելու: Բնականաբար, մենք՝ որպէս ընդդիմութիւն, իշխանութեան գալու խնդիր ենք դնում, որպէսզի նաեւ կարողանանք լիարժէք պատասխանատուութիւն կրել մեր գործունէութեան համար», հարցին պատասխանեց Ռուստամեան:
Հայաստանի արտաքին քաղաքականութեան մասին խօսելով՝ Ռուստամեան յայտնեց, որ ՀՅԴ միշտ զգուշացուցած է, թէ հայ-թրքական յարաբերութիւնները պիտի ընդլայնեն մեր արտաքին մարտահրաւէրներու ճակատը:
«ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում հնարաւորութիւն տուեցինք Ադրբեջանին շատ աւելի սանձարձակ իրեն պահել, եւ դա օգտագործել՝ իր ուզած ձեւով խնդրի կարգաւորմանն ուղղութիւն տալու համար: Հետեւանքները տեսնում ենք, ճնշումները այդ իմաստով Հայաստանի նկատմամբ ուժեղացել են», յայտնեց Ռուստամեան:
«Բանակցութիւններն ունեն երկու փուլ. երբ բանակցում են՝ առաջարկութիւնները համաձայնեցնելով, գտնելով ինչ որ լուծում, եւ կայ մի փուլ, որով պարտադրում են, այսպէս կոչուած՝ խաղաղութիւն: Հայաստանն այսօր ամէն ինչ պէտք է անի այդ վիճակից խուսափելու համար: Ես զգում եմ դրա տարրերը: Խաղաղութեան պարտադրումը նշանակում է, որ ինչ-որ մի բանաձեւ մշակւում է ուրիշների կողմից եւ յետոյ ուժով պարտադրւում կողմերին: Որքանո՞վ է այդ բանաձեւը նպաստաւոր կողմերին՝ սա այլ հարց է: Բնականաբար, որ կողմը այդ բանաձեւից դժգոհ չէ, նրան կարիք չկայ այն պարտադրել… Եւ հիմնական հարցը, որ բարձրացնում ենք, հետեւեալն է. մենք շեղուել ենք ընդհանուր ելակէտից: Հայկական կողմից ցանկացած բանակցող պարտաւոր է առաջնորդուել Արցախում 1991 եւ 2006 թուականների հանրաքուէների արդիւնքներով», յայտարարեց Ռուստամեան:
Ա. Նռանեանը խօսք առնելով՝ նկատել տուաւ, որ անհրաժեշտ է հասարակութեան համախմբումը այն տեսակէտին շուրջ, թէ ներկայ իշխանութիւնը ի վիճակի չէ լուծելու ո՛չ ընկերային, ո՛չ տնտեսական եւ ոչ ալ արտաքին քաղաքականութեան խնդիրները:
«Եթէ մեր ժողովրդի 70 տոկոսի մօտ ձեւաւորուի այդ կարծիքը, հաւատացէք, անգամ 5000 դրամ ընտրակաշառքը չի կարող դեր խաղալ: Այսինքն, մեր առաջնային խնդիրը դա է լինելու՝ մեր ազգաբնակչութեան ցոյց տալ, որ այս իշխանութիւնները իրականում ոչ մի հարց չեն կարող լուծել, եւ անհրաժեշտ է նոր իշխանութիւն: Ոչ թէ նախկին իշխանութիւնների վերադարձ, այլ բոլորովին նոր իշխանութիւն, բոլորովին նոր տիպի իշխանութիւն, եւ ցանկալի է՝ նոր մարդկանցով իշխանութիւն», յայտնեց ԱԺ պատգամաւորը:
ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Շնորհավորում եմ Ձեզ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ընտրվելու առիթով և մեծ հույսեր կապում Ձեր անձի հետ, որ այսուհետ Ձեր շնորհիվ Հայաստանյան ՀՅԴ-յան գործունեությունը նոր որակ ու աշխատանքային նոր թափ կհաղորդի ինչպես Հայ-դատի մեր պահանջատիրության, այնպես էլ մեր ազգի դեմ ծառացած բազում խնդիրներին Ձեր գործուն մասնակցությունը բերելով և հրատափ լուծումներ տալով: Մաղթում եմ ՀՅԴ-ը գալիք նախագահական ընտրություններին փայլուն հաղթանակ, որ վերջապես մեր ժողովուրդը ձերբազատվի այսօրվա ապազգային իշխանություններից: Այսօր մեծ մտահոգություն է ոչ միայն
արտաքին քաղաքականությունում իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը սկասած ֆուտբոլային դիվանագիտությանից ծնունդ առած
հայ-թուրքական սիրախաղով, այլ նաև այսօրվա ներքին ապազգային օրենքների, որը
հարվածում է մեր ինքնության պահպանմանը հենց բուն Հայաստանում, օտարալեզու
հանրակրթական դպրոցների բացման մտահղացումը գիտության ու կրթության նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Վստահ եմ, Դաշնակցության հաղթանակը լինելու է հայ ժողովրդի հաղթանակը , մեր ազգի իղձերի իրականացման ճանապարհին: Տա Աստված, որ մեր ազգը գիտակցաբար համախմբվի դաշնակցության շուրջը և միասնական ուժերով կերտենք մեր ազգի վաղվա լուսավոր օրը. հասնենք Հայ – դատի հաղթանակին…
Ի սրտե լավագույն մաղթանքներով’
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս, հայ-դատի պաշտպան)