ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Երէկ (Երեքշաբթի, Մայիս 11) փոխվարչապետ Արմէն Գէորգեանը, պատասխանելով «Ա1+»ի հարցին, տեսակէտ յայտնեց, որ տնտեսական ճգնաժամը անցած տարի կանխել է արտագաղթը: Պաշտօնեաները նկատի ունէին, որ մեր «խոպանչիները»՝ տեսնելով, որ ճգնաժամի պատճառով արտերկրում աշխատատեղերը կրճատուել են, եւ վախենալով, որ նրանք գործազուրկ են դառնալու «դրսում», որոշել են նոյն կարգավիճակով մնալ տանը: Հաւանաբար, աշխատանքային միգրանտների (գաղթողներու-Խմբ.) հետ կապուած այդ դիտարկման մէջ կայ ճշմարտութեան հատիկ: Սակայն խօսքը ոչ թէ արտասահմանում ժամանակաւոր աշխատանք փնտռողների, այլ հայրենիքը ընդմիշտ լքողների մասին է: Հէնց դա է, որքան հասկանում եմ, կոչւում «արտագաղթ», եւ ասել, որ տնտեսական ճգնաժամն այս առումով բարելաւել է վիճակը, նշանակում է առաջնորդուել «որքան վատ, այնքան լաւ» կարգախօսով, որը աւանդաբար վերագրւում է ընդդիմութեանը:
Մարդիկ լքում են Հայաստանը, ի հարկէ, տարբեր պատճառներով՝ ոչ միայն «սոցիալական» (նիւթական, ստամոքսային): Քիչ թէ շատ բարեկեցիկ կեանքով ապրող մարդիկ նոյնպէս փախչում են ցինիկ եւ համատարած անօրինականութիւններից, իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունքից մեզ մօտ ոստիկանը յարձակւում է լրագրողի վրայ, իսկ երբ վերջինս բողոքում է, հէնց նրա՛ դէմ է գործ յարուցւում «սուտ մատնութեան» համար: Դա, ինչպէս տեսնում էք, «սոցիալական» խնդիր չէ՝ այն իմաստով, որը մենք սովորաբար ներդնում ենք այդ բառի մէջ:
Իսկ զուտ նիւթական տեսանկիւնից Հայաստանի նման երկրում մարդկանց կեանքը կարող է թեթեւացնել փոքր եւ միջին բիզնեսը: Ի՞նչ է դրա համար արւում Հայաստանում: Շատ բան. բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ եւ տէրութիւններ Փոքր եւ միջին ձեռնարկութիւնների (ՓՄՁ) համար դրամաշնորհներ են յատկացնում, մի քանի տասնեակ հասարակական կազմակերպութիւններ այդ դրամաշնորհներն «ուտում են», կան ինչ-որ «հիմնադրամներ», որոնց գործերը թղթի վրայ բարեյաջող են ընթանում: Այդ բուռն գործունէութեան արդիւնքում, սակայն, ՓՄՁ ոլորտը գնալով «հալւում է»՝ իր տեղը զիջելով օլիգարխիկ մենաշնորհներին: Ինչպէ՞ս է դա տեղի ունենում: Օրինակ, Կառավարութիւնն առաջարկում է փոխանակման կէտերի տարեկան տուրքը 50.000 դրամից դարձնել 1.000.000, իսկ գրաւատներինը՝ 100.000ից 6.000.000: Պարզ է, որ արդիւնքում «չենջնոցների» (դրամի փոխանակման կէտերու-Խմբ.) եւ գրաւատների մեծ մասը կը փակուի՝ մենաշնորհի ճանապարհը բացելով վարչապետի համար «հոգեհարազատ» բանկային (հրամատնային-Խմբ.) ոլորտի համար: Որպէս հետեւանք՝ ծառայութիւններն, ի հարկէ, կը թանկանան, իսկ մօտ 300 ընտանիք կը մնայ առանց եկամտի աղբիւրի: Այդ ընտանիքները ցանկութիւն եւ հնարաւորութիւն կ՛ունենա՞ն Հայաստանում մնալու:
«Առաւօտ», Մայիս 12, 2010