ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴԵԱՆ
Այս օրերին տեղական եւ միջազգային լրատուամիջոցների հրապարակումների գլխագրերը սկսւում են Հայոց Ցեղասպանութեան մասին անդրադարձերով, որը վերջին մի քանի շաբաթներին դարձել է միջազգային եւ տեղական քաղաքական կառոյցների թէժ քննարկման թեմա: Ինչու՞մն է այստեղ խնդիրը. այս օրերին հայկական հեռուստաեթերից բազմաթիւ անգամ հնչում է՝ «Հայոց Ցեղասպանութեան 95ամեակ», «Հայոց Ցեղասպանութեան 95րդ տարելից»:
Այս տարբերակներից ո՞րն է ճիշդ. ամեա՞կ, թէ՞ տարելից: Այս հարցադրումը թող չյիշեցնի հայոց լեզուի քննական հարց: Չնայած, որ ունէի իմ հարցադրման պատասխանը, որը եւ ճիշդ էր, սակայն, շփոթմունքս վերածուեց կասկածանքի, որովհետեւ օրէցօր յաճախացաւ «Հայոց Ցեղասպանութեան 95ամեակ» տարբերակի կիրառումը բարձրաստիճան իշխանաւորների, քաղաքական մեկնաբանների ու լրագրողների կողմից: Ի վերջոյ, ամեա՞կ, թէ՞ տարելից:
Կասկածանքս փարատելու համար, դիմեցի հայոց լեզուի առաջատար մի քանի մասնագէտների՝ նրանց պատասխանները եւ հիմնաւորումները ստանալու համար:
Իմաստով նոյնն են այս երկու բառերը, սակայն, առկայ է ոճական նրբութիւն, ընդգծուած տարբերութիւն, որի ընկալումը հասու չէ շատերին:
«Աամեակ»- արմատը՝ «ամ», նշանակում է տարի: «Ամեակ» բառը, սովորաբար, կիրառւում է ծննդեան, ամուսնութեան, ընկերութեան տարեդարձների, յոբելեանների, իսկ հասարակութեան լայն շրջանում՝ պետութեան հիմնադրման, անկախութեան, յաղթանակի եւ այլ դէպքերում: Մի խօսքով, երբ իրադարձութիւնը տօնական մթնոլորտ եւ տրամադրութիւն է հաղորդում հասարակութեանը:
«Տարելից»- արմատը՝ «տարի»: «Տարելից» բառը կիրառւում է մարդու մահուան տարին լրանալու, կամ կործանարար, տարերային աղէտների, աւերածութիւնների, պատերազմների, զանգուածային կոտորածների՝ ցեղասպանութիւնների ժամանակ զոհուածների յիշատակի եւ դէպքի բոլորող տարին կամ տարիները նշելու դէպքում, որոնք հասարակութեան շրջանում թախիծ ու վիշտ են առաջացնում եւ պարունակում են ոգեկոչման՝ սգոյ ծիսակատարութիւն:
1915-1923 թուականներին Արեւմտեան Հայաստանում գազանաբար կոտորեցին հայ մտաւորականութեան ողնաշարը, արմատախիլ արեցին հազարամեայ ռանչպարին: Աշխարհասփիւռ հայութեան համար Հայոց ցեղասպանութիւնը շարունակում է կորստի ցաւ ու մեծ կսկիծ առաջացնել աւելի քան ինը տասնամեակի հեռաւորութիւնից:
Ուրեմն, պէտք է ասել Հայոց ցեղասպանութեան 95րդ տարելից, կամ Հայոց ցեղասպանութեան 95րդ տարի: Հայոց ցեղասպանութեանն անդրադառնալիս «ամեակ» բառի կիրառումը սխալ է:
Կան ազգային արժէքներ, որ չի կարելի վերածել ինքնահոսի, համոզումով, որ «մէկ է, ժամանակն իր գործն անելու է»: Քանի որ հազուադէպ է պատահում, երբ ստացուած արդիւնքը համապատասխանում է պետութեան ու ժողովրդի ազգային շահերին: Հայերէնը մեր ազգային արժէքներից մէկն է, կնիքը՝ հայի ինքնութեան: Հայերէնը մեր ժողովրդի ազգային խորհդանիշն է՝ հազարամեայ պահապանը, որն արժանի է միայն յարգանքի: