ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Գերմանական ազդեցիկ «Տէր Շպիկել» հանդէսը իր Ապրիլ 3ի թիւով հրապարակած է «Անցեալի չարքերը» վերնագրով ծաւալուն յօդուած մը, ուր անդրադարձած է Հայկական Ցեղասպանութեան: Թերթի նոյն համարին մէջ լոյս տեսած է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ հարցազրոյց մը, զոր կը ներկայացնենք առանձին (տես կողքի լուրը եւ էջ 10): Յօդուածի համահեղինակներն են Տանիէլ Շթայնուորթ, Պենճամին Պիտերի եւ Պերնարտ Զանտի: Յօդուածին մէջ կը նկարագրուի «հարիւրամեայ վաղեմութեան արհաւիրքը՝ վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայութիւններ»:

Ստորեւ՝ կը ներկայացնենք «Արմէնփրէս»ի տեղեկագրութիւնը սոյն յօդուածի մասին:
«95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսուեց Հայոց Ցեղասպանութիւնը»,- գրում է «Շպիկելն» ու նախեւառաջ ներկայացնում այդ արհաւիրքը վերապրածներին, աւելի ճիշտ՝ նրանցից երկուսին: Մէկը երեւանաբնակ 100ամեայ Տիգրանուհի Ասատրեանն է, ով արդէն երկու տարի է՝ կորցրել է համի զգացումը, մէկ տարի առաջ էլ դադարել է տեսնել: «Մահուանս եմ սպասում»,- հանդէսը մէջ է բերում ահասարսուռ տառապանքներ տեսած կնոջն ու գրում. «92 տարի առաջ նա սպասում էր թուրքական այսօրուայ սահմանի հակառակ կողմում գտնուող մի գիւղում՝ տներից մէկի նկուղում: Փողոցում մի հայ տղայ էր պառկած՝ սպանուած: Հարեւան տներից մէկում կանանց էին բռնաբարել. ութամեայ աղջնակը լսում էր նրանց գոչիւնները: «Կան բարի ու չար թուրքեր»,- ասում է նա: Չար մարդիկ պատանիներին էին սպանում: Բարիները օգնեցին իրեն ու իր ընտանքին փախչել նահանջող ռուսական զօրքի հետ»:
Ցեղասպանութեան միւս ականատեսին «Շպիկելը» սահմանի միւս կողմում է գտել: «Ֆերմեր Աւետիս Դէմիրչին 97 տարեկան է, եւ հաւանաբար նա Թուրքիայում ցեղասպանութիւնը վերապրած վերջին հայն է»,- ներկայացնում է հանդէսն ու վերաշարադրում ծերունու պատմութիւնը. «1915 թուականի Յուլիսին թուրք ժանդարմները հասան գիւղին: Երբ մենք փախչում էինք, հայրս ինձ կապել էր մէջքին,- ասում է Դէմիրչին,- այդ մասին ծնողներս են պատմել: Նրա ու շրջակայքի միւս վեց գիւղերի բնակիչները՝ որսորդական հրացաններով ու ատրճանակներով ամրացան, Մուսայ լեռան՝ Մովսէսի սարի վրայ: 18 տարի անց աւստրիացի գրող Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան քառասուն օրը» վէպում նկարագրում է զինուորականներին բնակիչների ցոյց տուած դիմադրութեան մասին»:
«Վերֆելի գիրքն ու Ծիծեռնակաբերդից (յուշահամալիր Երեւանում) բացուող տեսարանը, որ գտնւում է ձիւնաճերմակ ու անհասանելի Արարատ լեռան հայեացքի ներքոյ, չեն կարող շատ չյիշեցնել հայերի ցեղասպանութեան մասին, որի վերջին վերապրածները գտնւում են մահուան եզրին»,- նշում են հեղինակներն ու ներկայացնում եղելութիւնը. «Ժամանակակից Թուրքիայի արեւելեան հատուածում 1915ից մինչեւ 1918 թուականը կոտորուել կամ դէպի հիւսիսսիրիական անապատներ տանող բռնագաղթի ճանապարհին սպանուել է 800 000ից մինչեւ 1.5 միլիոն մարդ: Դա 20րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր: Դրանից յետոյ այլ ցեղասպանութիւններ էլ են տեղի ունեցել՝ եւրոպական հրէաների, Կամբոջայում, Ռուանդայում»:
Յօդուածի յաջորդ հատուածում հեղինակներն անդրադառնում ու ներկայացնում են այն հանգամանքները, որոնք խանգարել են հայ ժողովրդին բարձրացնել արդարացի պահանջ:
«Մինչ օրս ապրող ժողովրդից՝ մի մասը՝ կոտորուած, մի մասն՝ աշխարհի տարբեր երկրներում ցրիւ եկած, եւ մի փոքր մասը՝ մեկուսացուած երկրում, տասնամեակներ պահանջուեց սեփական աղէտի պահանջը բարձարցնելու համար»,- գրում է «Շպիգելը» ու տեղեկացնում, որ միայն 20րդ դարի վաթսունական թուականներին՝ այն էլ՝ Մոսկուայի հետ տեւական քննարկումներից յետոյ, հայերը համարձակուեցին յուշահամալիր կառուցել:
Պատմական փաստն անտեսելու այս դրսեւորման պատճառների մասին գերմանացի հեղինակները լաւագոյնս տեղեկացուած են: «Թուրքիան, որի տարածքում է տեղի ունեցել ոճրագործութիւնը, մինչ օրս հրաժարւում է ճանաչել Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների արարքները: Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանեան կայսրութեան դաշնակիցը, ու Խորհրդային Միութիւնը՝ երիտասարդ Թուրքական հանրապետութեան հետ բարեկամական իր կապերով, որեւէ շահ չէին տեսնում Ցեղասպանութեան մասին հրապարակաւ խօսելու մէջ»: Այստեղ «Շպիկելը» զարմանք է արտայայտում, որ «մինչ օրս Գերմանիան պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը», եւ տեղեկացնում է, որ «գերմանական Բունդեսթագը 2005 թուականին Թուրքիային կոչ արեց ընդունել սեփական «պատմական պատասխանատուութիւնը»՝ սակայն չօգտագործելով «ցեղասպանութիւն» տերմինը»:
Հեղինակներն անդրադառնում են նաեւ Երկրորդ աշխարհամարտից յետոյ Հայոց Ցեղասպանութեան թեման շօշափելուց հրաժարուելու դրդապատճառներին. «Անկարայի քաղաքական ու ռազմավարական կշիռը «սառը պատերազմի» տարիներին նրա արեւմտեան դաշնակիցներին եւս Ցեղասպանութեան թեմայով քննարկումներից յետ էին պահում»:
Քննարկումների բացակայութիւնը, ըստ հեղինակների, բացի արդարադատութեան յետաձգումից, մէկ այլ վնաս էլ էր ենթադրում՝ ժամանակի հետ դժուարանում է Հայոց ցեղասպանութեան դէպքերի վերականգնումը. «Հայկական աղէտի մասին պատմող լուսա- ու տեսանիւթերի սակաւութիւնը՝ համեմատած Հոլոքոստի ու յետագայ միւս բոլոր ցեղասպանութիւնների հետ, լրացուցիչ բարդացնում էին տեղի ունեցածի վերականգնումը»:
Միաժամանակ, սակայն, «Շպիկելը» նկատում է, որ Օսմանեան Թուրքիայի իրագործած ոճրագործութեան բաւականաչափ ականատեսներ կան, հիմնականում՝ ամերիկացի ու գերմանացի, ոորոնց արխիւներում գտնուող հաշուարկները, թղթակցութիւնները, զեկոյցներն ու հաշուետուութիւններն էլ կարող են հիմք դառնալ եղելութիւնն ամբողջապէս վերականգնելու համար:
Հանդէսը ներկայացնում է այս ուղղութեամբ արուած քայլերից մէկը, մասնաւորապէս՝ գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի «Աղէտ» (գերմաներէնում օգտագործուել է «Aghet») ֆիլմը, որը առաջիկայ Ուրբաթ օրը հեռարձակուելու է գերմանական ալիքներից մէկով: «Շպիկելի» ներկայացմամբ, ֆիլմը հիմնուած է այդ օրերին Թուրքիայում գործունէութիւն ծաւալած դիւանագէտների, ճարտարագէտների ու միսիոներների վկայութիւնների վրայ, որոնց ուսումնասիրութիւնը, ըստ թերթի, զարմացրել է անգամ ֆիլմի համար խորհրդատուութիւն ապահոված պատմաբանին: Ըստ հեղինակների՝ արխիւներում հարուստ վկայութիւններ կան, որոնք անգամ արխիւագէտներին են անծանօթ:
Դառնալով ֆիլմին՝ «Շպիկելը» գրում է, որ այն ոչ թէ փաստագրական դրամայի ոճով է, այլ՝ չոր տեքստային. ժամանակակից դերասաններն ընդամէնը մարմնաւորում են Հայոց Ցեղասպանութեան ականատեսներին ու առաջին դէմքով ներկայացնում նրանց վկայութիւնները՝ բնօրինակով:
«Առաջինը դերասան ու գրող Հանս Ցիշլերն է՝ «Ժամանակի վազքում», ով ներկայացնում է արեւելաանատոլիական Հարպուտ քաղաքում (Խարբերդ-Խմբ.) ԱՄՆ հիւպատոս Լեսլի Դէյվիսի տպաւորութիւնները»,- նշւում է յօդուածում եւ տեղեկացւում, որ յիշեալ քաղաքից հազարաւոր հայեր միաժամանակ տեղահանուել են ու մահուան երթերով ուղղարկուել հարաւ-արեւելք: Այս իրողութեան մասին Լեսլի Դէյվիսն արձանագրել է, իսկ ֆիլմում նրա դերակատարը կրկնել. «1915 թուականի Յունիսի 28ին հրապարակաւ յայտարարուեց, որ բոլոր հայերը երկիրը պէտք է հինգ օրում լքեն: Այնպիսի սարսափելի կոտորած եղաւ, որ տեղահանումները դրա հետ համեմատած հումանիստական էին»:
Յաջորդ առանցքային վկայախօսը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է, ում դերը ֆիլմում խաղում է Ֆրիդրիխ ֆօն Թունը. նա յայտնի է «Շինդլերի ցուցակը» հռչակաւոր ֆիլմից: Հանդէսը հակիրճ նկարագրում է դեսպան Մորգենթաուի մի քանի վկայութիւններ, որ տեղ են գտել նաեւ ֆիլմում: «Նա պատմում է ներքին գործերի նախարար Թալէաթ փաշայի հետ հանդիպումների մասին, ով նրան յայտնել է հայերին «վտանգազերծելու» հարցը «վերջնականապէս լուծելու» օպերացիան (գործողութիւնը-Խմբ.) սկսելու մասին: Ցեղասպանութեան աւարտից յետոյ նա հրաւիրում է նրան ու հարց տալիս, որը Մորգենթաուի կարծիքով, «երբեւէ լսած ամենազարմանալի բանն էր»՝ Թալէաթը պահանջում է ամերիկեան «Նիւ Եորք ինշիւրենս» եւ «Նիւ Եորք էքուիթէյբլ լայֆ» ապահովագրական ընկերութիւնների հայ յաճախորդների ցուցակը: Հայերն արդէն սպանուած էին՝ առանց ժառանգ թողնելու: Այդպիսով ժառանգորդը դառնում էր կառավարութիւնը: Մորգենթաու. «Ես, բնականաբար, մերժեցի այդ առաջարկը»»:
Այսպէս, ֆիլմում բազմաթիւ դերասաններ, ըստ հանդէսի, խօսում են ականատեսների անունից. «Մարթինա Գեդեկն ու Կատարինա Շիւթլերը ներկայացնում են շուէդ ու շուեյցարացի միսիոներուհիների տպաւորութիւնները. Հաննա Հերզշպրունգն ու Լիւդուիգ Տրեպտեն՝ երկու վերապրածների, Պետեր Լոմայերը՝ գերմանացի հիւպատոս Վիլհելմ Լիթենի օրագիրը՝ այդ օրերի ամենայուզիչ վկայագրերից մէկը: 1916 Յունուարի 31ին Լիթենը գտնւում է Դէր Զօրի ու Տիբնիի միջեւ՝ այսօրուայ Սիրիայում, ու գրում է. «Կէսօրուայ ժամը մէկն է: Ճանապարհին՝ ձախ կողմում երիտասարդ կին է ընկած՝ մերկ, հագին միայն դարչնագոյն գուլպաներ են, գլուխն առնուած է ձեռքերի մէջ: Կէսօրի ժամը 1.30, աջ ճամբեզրին սպիտակ մօրուքով ծերունի է՝ մերկ, մէջքի վրայ պառկած: Երկու քայլ հեռու պատանի է ընկած՝ մերկ, ամորձատուած»»:
Ըստ հանդէսի՝ ֆիլմում անդրադարձ է կատարւում նաեւ Թուրքիայի դաշնակիցների «արդարացումներին» ու գնահատական տրւում դրան. «Գերմանիայի այն ժամանակուայ ռէյխսկանցլեր Թէոբալդ ֆոն Բեթման-հոլվեգի ռեպլիկը՝ գերմանացի դեսպանի առաջարկի առթիւ, որ օսմանեան դաշնակիցները բացայայտ մեղադրւում են յանցագործութեան համար, սահմռկեցուցիչ է. «Մեր միակ նպատակն այն է, որ Թուրքիային մինչեւ պատերազմի աւարտը պահէինք մեր կողմում՝ անկախ նրանից հայերը կը սպանուեն, թէ «ոչ»:
«Շպիկելը» նկատում է, որ 90 րոպէ տեւողութեամբ ֆիլմը ծանր է նկարագրել, ինչի պատճառներից մէկն էլ այն է, որ «Ցեղասպանութեան մասին բանավէճը Թուրքիայում ծաւալւում է ընդամէնը հիմա՝ փաստից մօտ հարիւր տարի անց»: Եւ չնայած դրան, ըստ հանդէսի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանութիւնը:
«Տասնամեակներ շարունակ Ցեղասպանութիւնից յետոյ ծնուած հայերը տառապում են եւ գրգռւում: Ողբերգութիւնը,- ասում է Հայկ Դեմոյեանը՝ Երեւանի Ցեղասպանութեան ինստիտուտի տնօրէնը,- դարձաւ մեր ազգային նոյնացման հիմքը»: Նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն է կարծում. «Ոճրագործութիւնը չկրկնուելու լաւագոյն ճանապարհն այն միանշանակ դատապարտելն է:
«Դրանից յետոյ ծնուած թուրքերը հանգիստ քնել են: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ հանրապետութեան հիմնադիրը՝ արմատապէս խզեց Օսմանեան կայսրութեան ու Թալէաթի, Էնվէրի, æեմալի՝ Ցեղասպանութեան երեք հիմնական պատասխանատուների հետ եղած կապը: Նա ընդունեց այդ «ամօթը», որն իր հետեւորդները մինչ օրս ժխտում են, բայց նա իր թիմում (շրջապատին մէջ-Խմբ.) վերցրեց այն պետական ծառայողներին ու զինուորականներին, ովքեր անմիջական մասնակցութիւն են ունեցել դրան»:
Յօդուածագիրները նկատում են, որ այսօր, առաջին հերթին, հայկական սփիւռքի ճնշումների ներքոյ են «անցեալի չարքերը կրկին զարթնում»: Ըստ հանդէսի՝ ամէն գարուն Ապրիլի 24ն ազդանշան է դառնում, որպէսզի «տարբեր խորհրդարաններ բանաձեւ ընդունեն Ցեղասպանութեան փաստը ճանաչելու մասին. 2001ին՝ Ֆրանսիան, 2003ին՝ Շուեյցարիան, այս տարի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ու Շուէդիայի խորհրդարանը»:
«Անկարան ամէն անգամ սպառնալից զգուշացումներ է անում քաղաքական հետեւանքների մասին, որոնք վերջում տեղի չեն ունենում: Ծէսի է վերածուել, որի ուղղակի ձեռքբերումը Հրանտ Դինքի նման մարդիկ են»,- գրում է «Շպիկելն» ու, ներկայացնելով Հրանտ Դինքի պայքարը, նշում, որ նա սեփական կեանքով հատուցեց դրա համար:
Ամփոփելով յօդուածը՝ «Շպիկելը» ներկայացնում է Ֆաթհիէ Չեթինի աներեւակայելի պատմութիւնը. «Ստամբուլցի փաստաբան Ֆաթհիէ Չեթինը ութսունականների սկզբին յայտնաբերեց, որ ինքը հայկական արմատներ ունի: Նրա Սեհեր տատը իրեն վստահել էր իր տառապալից տասնամեակների մասին պատմութիւնը: Երեխայ ժամանակ Սեհերը՝ հայկական անունը՝ Հրանոյշ, 1915ին ականատես է եղել, թէ ինչպէս են իրենց գիւղի տղամարդկանց կոկորդները կտրել: Նա ինքն էլ վերապրել է դա, որդեգրուել է մի թուրք սպայի ընտանիքում, մեծացել որպէս մահմեդական աղջիկ ու ամուսնացել թուրքի հետ: Նա տասնեակ հազարաւոր «քօղարկուած հայերից» մէկն էր, ովքեր փախան մարդասպաններից ու «թուրքացուեցին»: Տատիկի այդ անկեղծութիւնը շոկ (ցնցում-Խմբ.) առաջացրեց թոռնիկի մօտ, եւ նա սկսեց շրջապատին այլ աչքերով նայել: 2004 թուականին Չեթինը գրեց իր ընտանիքի պատմութեան մասին: «Իմ տատիկը» գիրքը դարձաւ բեսթսելեր (ամէնէն շատ վաճառուած-Խմբ.), ընթերցողների մեծ մասը Չեթինին երախտագիտութեան խօսքեր էին յղում: Ոմանք նրան վիրաւորում էին՝ «դաւաճան» ասելով: Բայց տաբուն (արգիլուած նիւթ ըլլալու վիճակը-Խմբ.) կոտրուեց»:
Նկատենք, որ ծաւալուն յօդուածում «Շպիկելը» զետեղել է նաեւ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող բազմաթիւ լուսանկարներ, ինչպէս նաեւ տեղահանութիւնների ու համակենտրոնացման ճամբարների սխեմատիկ քարտէզ: Հանդէսը նոյն յօդուածի հետ մէկտեղ հրապարակել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ հարցազրոյց, որտեղ հանրապետութեան ղեկավարը բացի Հայոց Ցեղասպանութեան ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտութեան մասին հարցերից, խօսել է նաեւ հարեւանների հետ Հայաստանի յարաբերութիւնների ու տարածաշրջանային խնդիրների լուծման հրամայականի մասին: