ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Մեր ազգային կենսագրութեան մէջ կան անհատներ, որոնք իրենց պատմական առաքելութեամբ ու դերակատարութեամբ դուրս են ժամանակից, վեր՝ սեփական կուսակցական սահմաններից ու իրենց աննահանջ տեղն են ապահովել ազգայինի ու պետականի տիրոյթներում:
Ու թէեւ մեր իրականութիւնը շատ էլ հարուստ չի այսպիսի երեւելիներով, բայց, այնուամենայնիւ, նրանք կան, եւ այդ ընտրեալներից մէկն էլ Արամ Մանուկեանն է՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիրը, նոյն հանրապետութեան Ներքին գործոց նախարարը, գործիչ, որին անվերապահ հաւատով նուիրուած էր ժողովուրդը, առաջնորդ, որի կոչով ոտքի կանգնեց ու Սարդարապատի յաղթանակով նորից կենսունակ դարձրեց 600 տարի ընդհատուած հայ պետականութեան զարկերակը:
Երբ 2009ին ստեղծուեց Արամ Մանուկեանի 130ամեակը նշող կառավարական յանձնաժողով՝ վարչապետի ղեկավարութեամբ, ես (ու վստահ եմ՝ նաեւ շատերը), գոհունակութեան զգացողութիւն ունեցայ, որովհետեւ Արամ Մանուկեանի արժեւորումը նախ եւ առաջ մեր պետականութեանն է անհրաժեշտ, հերոսազերծ մեր հասարակութեանն ու բարոյական արժէքների անկում արձանագրող ժամանակներին: Աւաղ, գոհունակութիւնս սոսկ տեսական էր ու կարճատեւ, որովհետեւ նրանք, ովքեր ներկայ էին Փետրուարի 19ին Օպերայում կազմակերպուած յոբելեանական հանդիսութեանը, խոր հիասթափութիւն, եթէ ոչ վիրաւորանք ու յուսահատութիւն ապրեցին: Կիսադատարկ ու մութ դահլիճում խղճուկ ձեւաւորմամբ, խայտառակ ձայնային հնչողութեամբ, գաւառական, անճաշակ միջոցառում էր, որին պետական կարգավիճակ ունեցող ոչ մի համերգային կոլեկտիւ (խումբ-Խմբ.) չէր մասնակցում:
«Ի՞նչ են տուել, որ ինչ անենք», եղաւ մասնակիցներից մէկի արձագանգը, ու ես յիշեցի, որ 2007ին ընդամէնը մէկ համերգային ձեռնարկի համար 235,000 դոլար էր ծախսուել պետբիւջէից, ու այդ նոյն դահլիճում օրերս կազմակերպած «Եւրատեսիլի» մրցոյթը, որի արկածային ընթացքը (կարծես թէ ուրիշ դարդ չունենք) գրաւել է լրահոսը: Իսկ Արամ Մանուկեանը մեր ժամանակների հերոսը չի:
Արամի անունը կրող փողոցի վրայ՝ աւերակների վերածուած շէնքերից մէկի պատին, ուր կատուների ու շների հարեւանութեամբ իրենց վերջին օրերն են անցկացնում մի քանի անօթեւաններ, ցուցանակ է փակցուած՝ այդ տանը ապրել է Արամ Մանուկեանը: Մեկնաբանութիւններն աւելորդ են: Մնում է հարց տալ՝ ու՞մ է ծառայում այս պետութիւնը, ի՞նչ ազդակներ ենք հաղորդում երկու ճակատով թշնամու շնչառութիւնը շարունակ իր թիկունքում զգացող հայ հասարակութեանը: Յետոյ էլ զարմանում ենք, որ 10րդ դասարանցու երազանքն «ախրաննիկ» (թիկնապահ-Խմբ.) դառնալն է, իսկ երիտասարդութեան 70%ը, ով մտածել գիտէ ու անհանգիստ է իր հեռանկարով, իր ապագան տեսնում է Հայաստանի սահմաններից դուրս: Ու քանի դեռ այս արժէքներով ենք ապրում, հեռուստատեսութիւնների համար չափորոշիչներ սահմանելով՝ երկրի բովանդակութիւնը չես փոխի: Խնդիրը շատ աւելի խորքային է, ու քանի որ պատմութիւնն այդպէս էլ դաս չի դառնում մեզ համար, մեր նահանջներն ու ներքին պարտութիւններն անխուսափելի են:
Լիլիթ Գալստեանը Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցութեան անդամ է, Համազգային մշակութային միութեան Հայաստանի մէջ ներկայացուցիչը: