ԵՐԵՒԱՆ, «ՀՅԴ Մամլոյ դիւան».- Փետրուար 8ին, Մոսկուայի «Պրեզիդենդ» հիւրանոցում տեղի է ունեցել ԱՊՀ սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների առաջին ֆորումը՝ «Մեր ընդհանուր նպատակը արդարութիւնն ու համերաշխութիւնն է» խորագրով։
Դրան մասնակցում էին 14 կուսակցութիւնների պատուիրակութիւններ՝ ԱՊՀ 8 երկրներից: Մասնակից կուսակցութիւններից 7ը՝ Սոցինտերնում (Ընկերվար միջազգայնական-Խմբ.) ունեն դիտորդի, միայն Դաշնակցութիւնը՝ լիարժէք անդամի կարգավիճակ։
Ֆորումում Դաշնակցութիւնը ներկայացնում էին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Մոսկուայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Եուրա Նաւոյեանը։
Ֆորումի մասնակիցներին դիմել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ, «Արդար Ռուսաստան» կուսակցութեան նախագահ Սերկէյ Միրոնովը։ Նա նշել է, թէ ունենալով միջկուսակցական երկկողմ եւ միջազգային համագործակցութեան փորձ՝ ԱՊՀ սոցիալիստական կուսակցութիւնները այսօր եկել են փոխըմբռնման, որ յենուելով իրենց երկրների փոխադարձ շահերի, տնտեսական, պատմական եւ մշակութային գործօնների եւ ընդհանրութիւնների վրայ՝ համախբուելով պէտք է նպաստել մեր պետութիւնների հետագայ զարգացմանն ու համագործակցութեանը։
Դաշնակցութեան անունից ֆորումի հրաւիրումը ողջունել է Արմէն Ռուստամեանը։ Նա նման հաւաքի հասունացած լինելը կարեւորել է յատկապէս ԱՊՀ երկրներում սոցիալիզմի աղաւաղուած ընկալման յաղթահարմանը, այդ երկրներում ոչ ամբողջապէս ձեւաւորուած քաղաքական համակարգերի գաղափարական յենքի վրայ բիւրեղացմանը եւ միջպետական ինտէգրացիոն (համարկումի, միաձուլման-Խմբ.) գործընթացներին նպաստելու տեսանկիւններից։
Ռուստամեան նշել է, որ ԱՊՀ տարածաշրջանում գաղափարակից կուսակցութիւնների համախմբումից շահելու է նաեւ միջազգային սոցիալիստական շարժումը։ Նա կարեւոր է նկատել, որ ֆորումի առաքելութիւնը պէտք է իրականացուի առանց հակասութիւններ առաջացնելու Սոցինտերնի կանոնագրի եւ նպատակների հետ, եւ համաքայլ լինի միջազգային սոցիալիստական շարժման հետ։ Այս նպատակն ընդգծելով՝ Դաշնակցութիւնը Ֆորումի համատեղ յայտարարութեանը միացաւ համապատասխան վերապահումով։
Ֆորումին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները հետագայ համագործակցութիւնում կարեւոր են համարել կուսակցական շինարարութեան, օրէնսդրական գործունէութեան եւ ընտրական համակարգերի վերաբերեալ փորձի փոխանակման իրականացումը, արհմիութենական (արհեստակցական միութիւն-Խմբ.) շարժման ծաւալմանը, երիտասարդական եւ այլ հասարակական կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան զարգացմանը աջակցութիւնը։ Մի շարք կուսակցութիւնների ներկայացուցիչներ կարեւորել են քաղաքական լիարժէք մրցակցութեանը, մամուլի ազատութեանը նպաստելու խնդիրները։
Մասնաւորապէս, Ադրբեջանի պատուիրակները, ներկայացնելով իրենց երկրում քաղաքական համակարգի ճգնաժամը, մէկ ընտանիքի ու անձի համար Սահմանադրութեան ու օրէնքների ծառայեցումը՝ նպատակայարմար են համարել, որ ֆորումը ազդեցութեան ժամանակակից մեխանիզմներ ձեւաւորի այն երկրների համար, ուր դեռ ժողովրդավարական մշակոյթը չի առաջացել։
Ֆորումի մասնակիցները միակամ են եղել, որ ԱՊՀ երկրների միջեւ մի շարք խնդիրների լուծմանը հնարաւոր է հասնել քաղաքացիական հասարակութիւնների, կուսակցութիւնների համագործակցութեան միջոցով։ Այս իմաստով խորհրդանշական է, որ առաջինը հէնց սոցիալիստական ուժերն են հռչակում համերաշխութեան եւ համագործակցութեան պատրաստակամութեան մասին։
Սոցիալիստական կուսակցութիւնների նախաձեռնած երկխօսութիւնը ամրապնդելու է նաեւ միջպետական համագործակցութեանը։
Հարկ է նշել, որ իբրեւ սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների ղեկավարներ, ֆորումի պատուիրակների թւում էին Մոլդովայի նախկին վարչապետ Դումիտրու Բրագիշը, Մոլդովայի խորհրդարանի նախկին խօսնակ Դմիտրի Դեակովը, Կիրգիզիայի նախկին վարչապետ Ռոզա Օտենբաեւան, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը։ Ներկայ էր Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի երկրների կոմիտէի համանախագահը, «Ռոզա Լիւքսեմբուրգ» եւ «Էբերտ» հիմնադրամների ներկայացուցիչները։
Որոշուել է նման ֆորումներ հրաւիրել պարբերաբար՝ անցկացնելով նաեւ թեմատիկ քննարկումներ։
Ֆորումը ընդունել է յայտարարութիւն ԱՊՀ սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների համագործակցութեան նպատակների, ուղղութիւնների եւ դրանք իրականացնելու քայլերի վերաբերեալ։