ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
«Էշին աւետիս տուին՝ թէ ցնծայ եւ ուրախ եղիր եւ մեծ ընծայ պարգեւիր, որովհետեւ քեզ թոռ ծնուեց։ Եւ էշն ասաց. «Վա~յ ինձ բարեկամներ, եթէ հարիւր թոռ էլ ծնուի, չեն թեթեւացնի ծանրութիւնն իմ մէջքի»։
Վարդան Այգեկցու «Էշին թոռ ծնուեց» առակի խրատը միթէ՞ հասկանալի չէ նրանց, ովքեր երկիր կառավարելու, ազգի իրաւունքները պաշտպանելու, իրենց պարտականութիւնները կատարելու փոխարէն, յոյսը «համաշխարհային հանրութեան» քմահաճոյքներին կամ պատահականութեանը կապելով, իրենց ուժն ու կարողութիւնը ծառայեցնում են մասնաւոր նպատակների ու կրքերի, հպատակների գլխին ջարդելով իրենց արատաւոր էութեան ու գործունէութեան, իրենց ապիկարութեան հետեւանք դժբախտութիւնները, կորուստներն ու պարտութիւնները։
ԴԱՒԱՃԱՆՆԵՐԻ ՀՈԳՈՒ
ԴԵՐ ԶՕՐՈՒՄ Է ԹԱՂՈՒԱԾ «ԳԱՂՏՆԻՔԸ»…
Ստանիսլավ Տարասովը դատում է դրսից դիտողի հայեցակէտից՝ օտար երկրի եւ ժողովրդի մասին, ճիշդ այնպէս, ինչպէս հեռուստացոյցի առջեւ նստած, աշխարհի ինչ-որ մասում կատարուած ողբերգական դէպքերը ընկալում են որպէս պատկեր։ Մինչդեռ, ադրբեջանական դիրքորոշումն արտայայտող Իլքին Մելիքովը դատում է հայկական տարածքների բռնազաւթումով Հայաստանի վերացման, վաղուց ծրագրուած, ռազմավարութեան դիրքերից։
Արդէն տեսանք. 1. Եօթ շրջանների յանձնումից յետոյ, նախկին ԼՂԻՄի ստալինեան քարտէզի սահմաններում, չորս կողմից Ադրբեջանով շրջափակուած Արցախի հատուածը ծայրայեղ խոցելի կը դառնայ ու թշնամու պատերազմական գործողութիւնների դէպքում ժողովուրդը եթէ չյայտնուի գլխովին կոտորուելու վտանգի առաջ, ապա անհամար զոհեր կը տայ։ 2. Արցախ-Հայաստանը կը կորցնի Իրանի հետ ներկայ սահմանի մեծ մասը, պահպանելով լոկ Մեղրիով կապուող նեղլիկ հատուածը, որը պաշտպանելը երկու կողմից՝ Նախիջեւանից եւ Ադրբեջանից թշնամու յարձակման դէպքում, դարձեալ չափազանց ծանր, իսկ նրանց լաւ կազմակերպուած գործողութեան դէպքում անհնար կը լինի։ Հայաստանն իրօք կարող է յայտնուել վերացման վտանգի առաջ։
Այդ վտանգի ակունքը Ռուսաստանի եւ խնդրին առնչուող այլ երկրների քաղաքական-դիւանագիտական մտայնութիւնում դժ-բախտաբար ցարդ բուն դրած «գրաւուած տարածքների» գաղափարն է, որից բնականաբար, չի խուսափում նաեւ Տարասովը։ Այն, առաջին իսկ օրուանից վտանգաւոր կացութիւն ստեղծելով Արցախ-Հայաստանի համար, խիստ հարցականի տակ է դնում ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստանի միջնորդական ջանքերի արդիւնաւէտութիւնը։
Մադրիդեան նորացուած սկզ-բունքները էականօրէն չեն տարբերւում ոչ միայն հնից, այլեւ աւելի վաղ քննարկուող «փուլային» տարբերակից։ «Նուաճում» է համարւում այն, որ նորացուածում տարածքային ամբողջականութեան կողքին տեղ է գտել նաեւ ինքնորոշման սկզբունքը։
Իմիջիայլոց «կարգաւորման» սկզբունքները առանձնապէս գաղտնիք չէին թէ նախկինում, թէ հիմա։ Արցախի հարցի քննարկման որոշիչը եղել եւ մնում է Ադրբեջանի «ամբողջականութեան» պաշտպանութիւնը։ Մելիքովի դատողութիւններում նոյնպէս նորութիւն չկայ։
Դեռեւս 1997ին բացայայտելով ՀՀՇական իշխանութիւնների ընդունած «փուլային» տարբերակի էութիւնը գրել եմ. «…անցեալ տարուանից Մինսկի խմբում համանախագահում են ԱՄՆը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Նրանց միջնորդութեամբ հակամարտող կողմերին կոնֆլիկտի (հակամարտութեան-Խմբ.) կարգաւորման առաջարկ արուեց երեք փուլով։ Առաջին փուլ-հայկական զօրամիաւորումների դուրս բերում որոշ շրջաններից, Ադրբեջանը, իր հերթին պէտք է բացի Հայաստան տանող երկաթգիծը։ Երկրորդ փուլ-հայկական ուժերի լրիւ դուրսբերում Ղարաբաղից, իսկ երրորդ փուլում նախատեսւում է որոշել այդ տարածքի ստատուսը (կարգավիճակը-Խմբ.)… հայկական ջարդերը կազմակերպելուց առաջ թուրքերը ի թիւս այլ միջոցների, նախ զինաթափում էին հայերին… հնարը նոյնն է՝ նախ զինաթափել, յետոյ ինչքան յաջողուի կոտորել, ինչքան յաջողուի՝ գաղթեցնել… «միջազգային հանրութիւնը», «աշխարհը», ի հարկէ~, շատ բարի գործ են ուզում անել։ Ուզում են կարգաւորել «երկարաձգուած» հակմարտութիւնը, բայց արդիւնքում ստացուելու է հայերի հերթական ցեղասպանութիւն… առաջարկուած եռափուլ «կարգաւորումից» յետոյ Արցախում մնացած ողջ հայութիւնը լաւագոյն դէպքում գլուխն ազատելու համար պիտի փախչի Հայաստան… նորից թուարկենք.
Փուլ առաջին- հայկական զօրամիաւորումների դուրս բերում որոշ շրջաններից, Ադրբեջանը, իր հերթին պէտք է բացի Հայաստան տանող երկաթգիծը։ Այդ երկաթգծի նշանակութիւնն այժմ հասել է զերոյի՝ լինի, չլինի, էական դեր չի ունենալու, այն էլ՝ կը բացեն, չեն բացի, յայտնի չէ, բացելուց յետոյ էլ, յայտնի է, ինչ այլանդակութիւններ կ՛անեն։ Եւ այլանդակութիւնների փոխարէն Ադրբեջանին պիտի մատուցուեն ազատագրուած տարածքները…
Փուլ երկրորդ- հայկական ուժերի լրիւ դուրս բերում Ղարաբաղից։ ժողովուրդը պէտք է մնայ առանց բանակի, անզէն, բարի թուրքերի տրամադրութեան տակ։ «Վսեմաշուքը» )ԼՏՊ( խօսում է կէս միլիոն, Ալիեւը՝ մէկ միլիոն, իսկ Դեմիրել՝ գիտէք, թէ ում բաբան, մէկ ու կէս միլիոն փախստական «ադրբեջանցիների» մասին… Թուրքիայում պատրաստ սպասում են երեք միլիոն «Ղրիմի թաթար», առաջին իսկ պատեհ առիթով այնտեղ մեկնելու։ Հասկանալի է, դրանց մէջ նոյնքան «Ղրիմի թաթար» կայ, ինչքան «Ղարաբաղի ազերի»։ Այսինքն ո՛չ մէկը կայ, ո՛չ միւսը, ուստի Թուրքիայում պատեհ առիթի են սպասում նաեւ «Ղարաբաղի ազերիներին» Ադրբեջանի կազմում «Ինքնավարութեան արտակարգօրէն բարձր կարգավիճակ» «ստացած» Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար։ Մեր «վսեմաշուքը» խօսում է հայկական բոլոր տարածքներից հեռացածների մասին, որոնց ճշգրիտ թիւը հազիւ թէ կէս միլիոնի հասնի, Ալիեւը դրանց աւելացնում է առնուազն եւս կէս միլիոն, մի կէս միլիոն էլ Թուրքիայից պատրաստ է ուղարկել Դեմիրել՝ գիտէք ում բաբան։ Առաջին իսկ փուլում առաջին կէս միլիոն բարի թուրքեր կը լցնեն հայկական զօրամիաւորումներից ազատուած «որոշ շրջանները»։ Երկրորդ փուլում նախատեսուած կէս միլիոնը ներսից՝ Ադրբեջանից, միւս կէս միլիոնը Թուրքիայից կը բերեն ԼՂՀ։ Եթէ հայերը համարձակուեն այնտեղ մնալ, ամէն հայ կը շրջապատուի՝ հաշուէք, թէ քանի թուրքով։
Իսկ երրո~րդ փուլում, ի՞նչ ստատուս, ի՞նչ բան։ Լրիւ զինաթափուած, մէկ ու կէս միլիոն թուրքերի ջերմ գրկում յայտնուած Արցախում այժմ եղած-չեղած ասենք՝ 150 հազար հայութիւնը դատապարտուած կը լինի… ո՛չ կարծէք, ո՛չ պատկերացրէք, ո՛չ յիշէք Դեր Զօր անապատը եւ մեր ժողովրդի գլխին եկած նման բաներ… Ահա սա է ԼՂՀ հարցի լուծման փուլային տարբերակի էութիւնը։ Ոչ մի գաղտնիք չկայ, այլ լոկ անամօթ ու լկտի խաբէութիւն։ Իրենց հայ կոչող դաւաճանների հոգու Դեր Զօրում է թաղուած «գաղտնիքը», որ խնամքով թաքցնում են ժողովրդից» )տես՝ Ստ. Թօփչեան, Ապագայի յիշողութիւնը, գիրք 1, էջ 517-521(։
Անյուսալի ապուշը միայն կարող է չհասկանալ, որ Մադրիդեան սկզբունքներում նախատեսուած՝ բնակութեան նախկին վայրերը փախստականների ու տեղահանուածների վերադարձի իրաւունքը հնարաւոր կը լինի պաշտպանել միայն անվտանգութեան երաշխիք ունեցող ադրբեջանցիների համար։ Նման երաշխիք Ադրբեջանից փախստական հայերին «միջազգային հանրութիւնը» չի տալու, քանզի «խաղաղարարները» տեղադրուելու են բացառապէս Արցախի Հանրապետութեան ներկայ տարածքում, որտեղ, թեեւ երբեք այդքան ադրբեջանցիներ չեն եղել, միեւնոյն է ամէն ինչ կ՛արուի, որպէսզի «վերադառնայ» վերոնշեալ մէկից մէկ ու կէս միլիոնը։
«Պատերազմ, թէ՞ խաղաղութիւն-լրջանալու պահը» )1997( յօդուածում Լ. Տէր-Պետրոսեանը գրեց. «Երկրորդ թիւրիմացութիւնն այն անհիմն պնդումն է, թէ Ղարաբաղը շահել է պատերազմը, հետեւաբար կարիք չունի որեւէ զիջման գնալու։ Դժբախտաբար Ղարաբաղը շահել է ոչ թէ պատերազմը, այլ ճակատամարտը։ Պատերազմը շահում են միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կապիտուլեացիայի (անձնատուութեան-Խմբ.) է ենթարկւում։ Պատերազմի ու ճակատամարտի շփոթութիւնը շատ շատերին է փորձանքի բերել»։
Թէ որքան է համապատասխանում 1991ի Ապրիլից 1994ի Մայիս տեւած պատերազմը ճակատամարտ )սովորաբար՝ պատերազմող կողմերի վճռական բախում( համարելը, ի պաշտօնէ ՀՀ Զինուած ուժերի նախկին Գերագոյն հրամանատարի գիտնալիքն է։ Այսինքն՝ առնուազն ամէն մի շրջանի ազատագրման համար մղուած այլ ճակատամարտերը, համաշխարհային ռազմարուեստի պատմութիւն մտած վճռորոշ Շուշիի ճակատամարտով հանդերձ, ինչպէ՞ս են տեղաւորւում մէկ «ղարաբաղեան ճակատամարտի» մէջ. թերեւս՝ ռուսական մատրեօշկաների նման։ Կատարուածն այսպէս ներկայացնելը, ժողովրդի ազատագրական-հերոսական պատերազմի անտեսո՞ւմ չէ։ Վերջապէս, ո՞ւմ ապիկարութեամբ «ճակատամարտը» պատերազմ չդարձաւ, չաւարտուեց այնպիսի պայմանագրի կնքումով, որ Ադրբեջանը ստիպուած ընդունէր ԼՂն զաւթելու իր անկարողութիւնը։ «Պատերազմը չշահելու» հիմնական պատասխանատուութիւնը չի՞ ընկնում այն ժամանակուայ ՀՀՇական իշխանութիւնների եւ առաջին հերթին ՀՀ նախագահի վրայ։ Նրանք ոչինչ չարեցին հայկական բանակի յաղթական ընթացքը աւարտելու ազատագրուած գոնէ ներկայ տարածքի սահմաններում՝ ԼՂՀ անկախութեան ճանաչումով, «հակառակորդին կապիտուլեացիայի ենթարկելով»։ Չէ՞ որ «ճակատամարտը» շարունակելու դէպքում Ադրբեջանը տարածքային նորանոր աւելի ծանր կորուստներ էր կրելու եւ պայմաններ թելադրողը հայկական կողմն էր։ Այս կարեւոր խնդրին բոլորովին կամ գրեթէ չեն անդրադարձել։ Անկասկած, բարդ եւ դժուար կը լինէր Բիշքեկում հասնել նման արդիւնքի, բայց անկախ ամէն ինչից, հայկական կողմը ոչ միայն խնդիրը չբարձրացրեց ինչպէս հարկն է, այլեւ հարցականի տակ դրեց ԼՂՀ ինքնորոշման իրաւունքն անգամ։
(Շար. 3)