ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Նախագահ Սերժ Սարգսեան Արցախ կատարած իր այցելութեան ընթացքին հարցազրոյց մը տուած է Ղարաբաղի հանրային հեռատեսիլի կայանին, ուր գոհունակութիւնը յայտնելէ ետք բանակի մարտունակ վիճակի մասին, պատասխանած է Ատրպէյճանի նախագահ Ալիեւի վերջին յայտարարութեանց վերաբերող հարցումի մը:
Ղարաբաղի հեռատեսիլի կայանի թղթակիցը հարց տուած է նախագահ Սարգսեանին, թէ «օրեր առաջ Ադրբեջանի նախագահը կրկին յայտարարեց, որ ձեռք են բերուել համաձայնութիւններ ԼՂՀ յարակից շրջանները վերադարձնելու շուրջ: Նա պնդել է, որ այդպիսի համաձայնութիւններ ձեռք են բերուել տարիներ առաջ եւ մեղադրել է Հայաստանին ներկայում բանակցութիւնները ձգձգելու մէջ: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այդ յայտարարութիւնը»:
Նախագահ Սարգսեան պատասխանած է ըսելով, որ «Ես այդ հարցին անդրադարձել եմ եւ հիմա առանձնապէս բան չունեմ աւելացնելու: Ուղղակի մէկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ մենք շատ լրջօրէն եւ պատասխանատուութեամբ ենք մօտենում բանակցային ողջ գործընթացին: Աւելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է՝ չկայ: Եւ հէնց Լեռնային Ղարաբաղն է ցանկանում, որպէսզի օր առաջ լուծուի այս խնդիրը:
Ես համոզուած եմ, որ, իրօք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնուել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսօրէն են մօտենում ստեղծուած իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտռում ենք երկարաժամկէտ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրօք, խաղաղութիւն կը բերեն եւ այն կը լինի տեւական: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գալ այնպիսի եզրակացութիւնների, այնպիսի լուծումների, որոնք ինչ-որ մի ժամանակահատուածի համար, միգուցէ, կարող են լինել ընդունելի, բայց չեն կարող ապահովել, ինչպէս արդէն ասացի, տեւական խաղաղութիւն: Ի հարկէ, ցանկացած բանակցութիւնում կողմերից իւրաքանչիւրը ցանկանում է ստանալ առաւելագոյնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցութիւնների ընթացքում կողմերից մէկը ձգտում է ստանալ ամէն ինչ, ղեկավարւում է «ամէն ինչ՝ ինձ» կարգախօսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցութիւնները կարող են լինել ոչ դուրեկան, եւ բանակցութիւնների արդիւնքները կարող են չբաւարարել, բայց դա արդէն մեր մեղքը չէ: Հիմա մենք ապրում ենք 21րդ դարում, երբ հնարաւոր չէ շատ բան թաքցնել, եւ այս իրավիճակը տեսնում են շատ-շատէրը ոչ միայն մենք կամ բանակցող կողմերը: Երբ որ բանակցութիւնների մեր գործընկերները գան այն եզրակացութեան, որ պէտք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտութեամբ կարող են գտնուել: Երբ որ նրանք իրատեսօրէն մօտենան խնդրին եւ, դեկլարացիաներ (յայտարարութիւններ-Խմբ.) անելուց բացի, իսկապէս ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կը լուծուի: Բանակցութիւններից յետոյ դժգոհութիւններ յայտնելը կամ յոխորտալը վերջնական լուծումը որեւէ կերպ չի մօտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, աւելացնում է անվստահութիւնը:
Ուզում եմ կրկնել, որ բանակցութիւնների կոնտեքստից (պարունակէն-Խմբ.)՝ լինեն դրանք նախկինում, թէ հիմա, կտրել ինչ-որ հատուած եւ փորձել այդ հատուածի մասին խօսել՝ ճիշտ չէ, մանաւանդ որ մինչեւ խօսելն իրենք են վերապահումներ անում: Եթէ իրենք ասում են, թէ ամէն ինչ բանակցուած չէ, թէ բոլոր կէտերի շուրջ համաձայնութիւն ձեռք բերուած չէ, սրանով արդէն ամէն ինչ ասւում է: Կարծում եմ՝ ճիշդ կը լինի, որ եւ մենք, եւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցութիւնների ներկա փուլի վրայ, ոչ թէ փորձենք ինչ-որ հատուած կտրել նախկին բանակցութիւններից եւ ներկայացնել սեփական լսարանին»: