ԵՐԵՒԱՆ.- «Երկիր» կազմակերպութիւնը կը հաղորդէ, որ «2009թ. Հոկտեմբերի 16ին ջաւախքահայ քաղաքական ակտիւիստ (գործիչ Խմբ.) Վահագն Չախալեանը, որը ներկայումս պահւում է Ռուսթաւիի խիստ ռեժիմի գաղութում, իր փաստաբան՝ Ստեփան Ոսկանեանին փոխանցել է իր յայտարարութիւնը դատական նիստերին մասնակցելուց հրաժարուելու վերաբերեալ»: Ստորեւ կը ներկայացնենք այդ յայտարարութիւնը ամբողջութեամբ:
«2009թ. Յուլիսի 23ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ հօր՝ Ռուբէն Չախալեանի, կրտսեր եղբօր՝ Արմէնի եւ իմ նկատմամբ կայացուած դատավճռի բողոքարկման դատալսումները:
«Առ այսօր տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցոյց է տալիս, որ դատավարութիւնը շարունակւում է տարուել նոյն կոպիտ օրինախախտումներով, որոնք առկայ էին եւ առաջին ատեանի դատալսումների ժամանակ: Դատավարութիւնն ընթանում է առանց իմ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապեանի, որին վրացական իշխանութիւններն անօրինական կերպով հրաժարուել են թոյլ տալ իրականացնել իմ պաշտպանութիւնը, դատաւորը անընդունելի հիմնաւորումներով մերժում է պաշտպանական կողմի գրեթէ բոլոր միջնորդութիւնները, դատալսումների հայերէն թարգմանութիւնը տարւում է խիստ անպատշաճ կերպով, ինչի հետեւանքով ես հնարաւորութիւն չունեմ լիարժէքօրէն հետեւել դրանց ընթացքին, ինչպէս նաեւ մասնակցել դրանց, այսինքն՝ իրականացնել բոլոր օրէնքներով ինձ վերապահուած պաշտպանութեան իրաւունքը:
«Նման պայմաններում շարունակել մասնակցել դատավարութեանը նշանակում է իմ կամքին հակառակ օրինականացնել դատարանի դահլիճում տեղի ունեցող խայտառակ զաւեշտախաղը: Ուստի, ես այլեւս հրաժարւում եմ կամովին մասնակցել դատական նիստերին:
«Վահագն Չախալեան,
«16 Հոկտեմբերի 2009թ.»