ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Երեւանի 2791 ամեակի տօնակատարութիւնը բնականաբար չէր կարող չունենալ գալա համերգ: Բնականաբար այդ համերգին չէր կարող ներկայ չգտնուել հանրապետութեան իշխանական էլիտան (վերնախաւը-խմբ.): Էլ ինչ իմաստ ունէր այդ ծախսը, եթէ դա միայն երեւանցիների զուարճանալու համար էր, ոչ թէ էլիտայի, եւ յատկապէս բառացիօրէն դրա նախօրէին հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրած իշխանութեան ինքնացուցադրման համար: Ի հարկէ հասկանալի է, որ գործում է հաց եւ տեսարաններ սկզբունքը, բայց հասկանալի է նաեւ, որ իշխանութիւնը ոչ մի տեսարան յարմար չի համարում, եթէ կոմպոզիցիան առանց իրեն է:
Այդ ամէնի մէջ կար մի անհասկանալի հանգամանք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցութիւնը: Ինչ էր անում Հանրապետութեան հրապարակում Գարեգին երկրորդը: Այդ հարցը յատկապէս էական դարձաւ այն պահին, երբ բեմահարթակը տրամադրուեց չգիտես որ սլաւոնական երկրից եկած աղջիկների խմբին, որոնց էրոտիկ (գրգռայարոյց-խմբ.) հագուկապն ու շարժումները թերեւս շատ շատերի մօտ առաջացրին այն մտայնութիւնը, որ համերգի կազմակերպիչներն իրականում ծաղրում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Որեւէ այլ բան, քան ծաղր, դժուար է անուանել այն, որ երբ գիտես, որ համերգին ներկայ է լինելու Ամենայն Հայոց Հայրապետը, հրաւիրում ես այդօրինակ խումբ, եւ խումբը հանդէս է գալիս այդօրինակ համարով, այդօրինակ հագուկապով:
Դա ի հարկէ բարոյականութեան քարոզ կամ խրատ չէ: Պարզապէս հարց պէտք է տալ Ամենայն Հայոց Հայրապետին, թէ արդեօք նա իրեն ինչպէս էր զգում այդ համարի կատարման ժամանակ: Արդեօք նա համատեղելի էր համարում տուեալ կատարումն ու իր ներկայութիւնը: Արդեօք Հայ Առաքելական եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ այդքան զգայուն է իր հանդէպ հնչող ցանկացած քննադատութեան հանդէպ, որեւէ հարց ուղղել է համերգի կազմակերպիչ, արդէն կարելի է ասել ամենայն հայոց կազմակերպիչ Շարմ ընկերութեանը: Եկեղեցին փորձել է արդեօք նախապէս պարզել, թէ ինչ բովանդակութիւն է ունենալու Կաթողիկոսի մասնակցութեամբ համերգը, ովքեր են լինելու, ինչ բեմական հագուստ է լինելու: Կամ արդեօք եկեղեցին փորձել է բացատրութիւն ստանալ համերգից յետոյ:
Շատերի, յատկապէս համերգի կազմակերպիչների համար, կատարուածի հանդէպ այդ գնահատականը կարող է թուալ աւելորդ բարոյախրատականութիւն: Բայց խնդիրը բարոյականութիւնը չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանում բոլոր, այդ թւում հոգեւոր առումներով տեղի է ունեցել միջավայրերի խեղում: Որեւէ մէկը այլեւս չի գիտակցում իր տեղն ու դերը, այլ ընդամէնը վախենում է, որ կարող է ինչ որ տեղից բացակայել ու բաց թողնել ինչ որ բան: Դրա համար էլ հոգեւորականները մասնակցում են մեղմ ասած աշխարհիկ երգերի մասսայական ունկնդրութեանը, օրհնում են իշխանական եւ իշխանամերձ կուսակցութիւնների համագումարներ, մասնակցում են նախընտրական իշխանական քարոզներին, վախենալով, որ յանկարծ կարող են ինչ որ բան բաց թողնել, ինչ որ բան, որի համար արժէր ապրել:
«ԼՐԱԳԻՐ»