ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Վերջանում է ամառային արձակուրդների շրջանը, իսկ նրա հետ էլ, որպէս հետեւանք՝ քաղաքական «մեռեալ» սեզոնը։ Թէեւ պէտք է խոստովանել, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման առումով «մեռեալութիւնը» որոշակի իմաստով պայմանական է, քանի որ նոյնիսկ ամրանը ղարաբաղեան հիմնախնդիրն այս կամ այն չափով ներկայ է եղել միջազգային միջնորդների օրակարգում։ Այսպէս, Յուլիսի 17-18ին Մոսկուայում Ռուսաստանի նախագահի հովանու ներքոյ տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումները, Յուլիսի 25-26ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային հանդիպում են անցկացրել Մադրիդեան սկզբունքների նորացուած փաստաթղթի նախապատրաստման համար՝ որպէս ղարաբաղեան կարգաւորման հիմքի։ Ու թէպէտ յիշատակուած հանդիպումներն աւարտուել են անարդիւնք, այդուհանդերձ, կարելի է վստահ լինել այն բանում, որ գործընթացը չի շիջացել եւ իր շարունակութիւնը կը ստանայ։
Դատելով մի շարք նախանշաններից՝ հիմքեր կան խօսելու այն մասին, որ աւարտուել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի հերթական փուլը։ Ամէնից առաջ, դրանց կարելի է դասել միջազգային միջնորդների մտադրութիւնը՝ նորացնել Մադրիդեան սկզբունքների փաստաթուղթը, ինչին էլ նպատակաուղղուած է եղել նաեւ կրակովեան անյաջող հանդիպումը։ Երկրորդը՝ ԶԼՄներում (զանգուածային լրատուական միջոցներու-խմբ.) երեւան եկած հաղորդագրութիւնները Մինսկի խմբի երեք համանախագահներից առնուազն երկուսը՝ ամերիկեանն ու ռուսաստանեանը առաջիկայում փոխուելու մասին։ Մեթիւ Բրայզայի հարցը գործնականում արդէն որոշուած է. նա, ինչպէս հաղորդուել է մամուլում, նշանակուելու է Ադրբեջանում ԱՄՆի դեսպան։ Առայժմ, ճիշդ է, պարզութիւն չկայ ռուսաստանեան միջնորդի ապագայ քաղաքական ճակատագրի հարցում, թէեւ նա ինքն էլ է ասել այն մասին, որ եօթ տարի համանախագահ լինելուց յետոյ, ամէնից հաւանականն է, կը թողնի այդ պաշտօնը։ Սակայն խօսքը հիմա, հասկանալի է, Ռուսաստանի եւ ԱՄՆի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիւանագիտական կարիերայի (ասպարէզի-խմբ.) հեռանկարների մասին չէ, այլ՝ ղարաբաղեան կարգաւորման բուն գործընթացի հեռանկարների մասին։ Ինչպէս արդէն նշուել է վերը, աւարտուել է նրա մէկ փուլը եւս, որը պայմանականօրէն կարելի է անուանել մադրիդեան։ Եւ դատելով ամէն ինչից, աւարտուել է անարդիւնք։ Չնայած միջնորդների լաւատեսութեանն ու մեծ ակնկալիքներին։ Մադրիդեան սկզբունքները, որոնք, ըստ նրանց մտայղացման, պէտք է որպէս հիմք ծառայէին հիմնախնդրի վերջնական լուծումը գտնելու, ապա եւ խաղաղ համաձայնագրի կնքման համար, այդպէս էլ չդարձան այն սուրը, որը թոյլ կը տար հատել ղարաբաղեան բազմամեայ հակամարտութեան գորդեան հանգոյցը։ Իսկ նման զարգացման պատճառը կայանում է նաեւ այն բանում, որ փաստօրէն նրա երեք կողմերից ոչ մէկը չի ընդունել Մինսկի խմբի համանախագահների մադրիդեան առաջարկութիւնները։
Յիշատակուած սկզբունքները Երեւանը դիտել է որպէս զուտ հիմք բանակցութիւնների համար եւ գործընթացը «ջրի երեսին պահելու» հնարաւորութիւն։ Պաշտօնական Բաքուն, այսպէս կոչուած՝ «դիւանագիտական ճկունութիւն» ցուցադրելով, մինչեւ վերջին պահը այդպէս էլ պարզորոշ պատասխան չի տուել իր համար Մադրիդեան սկզբունքների ընդունելիութեան կամ անընդունելիութեան մասին հարցին։ Թէեւ առանց իր դիրքորոշման հրապարակային արտայայտման էլ Ադրբեջանը չի կարողացել թաքցնել փաստաթղթի դրոյթներից մէկի՝ կամքի ազատ արտայայտման միջոցով իր ապագայ քաղաքական կարգավիճակը որոշելու՝ Լեռնային Ղարաբաղին իրաւունք տրամադրելու դրոյթի բոլորովին անընդունելիութիւնը։ Ինչ վերաբերում է ԼՂՀին, ապա նա ի սկզբանէ եւ բոլոր՝ իշխանական, խորհրդարանական եւ հասարակական մակարդակներում միանշանակ յայտարարել է ղարաբաղեան կողմի համար այդ սկզբունքների անընդունելիութեան մասին, որոնց իրացումը սպառնալիքի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի անկախ պետականութեան ապագան եւ նրա բնակչութեան անվտանգութիւնը։
Ինչպէս էլ որ լինի, Մադրիդեան սկզբունքները նորացնելու, սրբագրելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկութիւնը վկայում է այն մասին, որ նրանք իրենք էլ են խոստովանել դրանց անիրատեսականութիւնը, իսկ հետեւաբար եւ՝ անիրացուելիութիւնը։ Դա նշանակում է՝ սկսւում է կարգաւորման մի նոր փուլ, բայց արդէն «թեթեւակի նորոգուած» հիմքի վրա։ Արդէն այս տարուայ աշնանը, ինչպէս համանախագահներն իրենք են հաղորդել, տարածաշրջանային այցի ընթացքում նրանք մտադիր են հակամարտութեան կողմերին ներկայացնել նորացած Մադրիդեան սկզբունքները։ Թէ դրանք ինչ են իրենցից ներկայացնելու, ինչպիսին են լինելու դրանց ուրուագծերը՝ առայժմ դժուար է ասել։ Ինչպէս եւ դժուար է ընթացիկ տարում դիւանագիտական ճեղքման յոյս պահել, առաւել եւս՝ ռուսաստանեան եւ ամերիկեան համանախագահների առաջիկայ փոփոխութեան հաշուառումով, որոնց յետնորդների համար, ամենայն հաւանականութեամբ, որոշակի ժամանակ կը պահանջուի, որպէսզի «թեմայի մէջ մտնեն»։
Ամէն դէպքում, բանակցային գործընթացի սպասուող ակտիւացման նախադռանը հայկական երկու կողմերի դիւանագիտութեանն անհրաժեշտ է էլ աւելի կոնկրէտացնել (յստակացնել-խմբ.) դիրքորոշումները եւ հերթական փուլն սկսել զինավառ վիճակում։ Իսկ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուժեղ ու արդիւնաւէտ զէնքը՝ դա իրաւունքի սկզբունքներն ու մեխանիզմներին եւ նրանցից բխող իրաւական հիմնաւորումները, որոնց ադրբեջանական կողմը հակադրելու պարզապէս ոչինչ չունի։
Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան լուծման գործընթացը գործնականում միշտ ընթացել է կարգաւորման քաղաքական սկզբունքների հիման վրայ, ինչն էլ դարձել է ներկայիս փաստօրէն փակուղային իրադրութեան պատճառներից մէկը։ Կարծում ենք, հակամարտութեան հայկական կողմերը բանակցութիւնների ընթացքում շեշտը պէտք է դնեն իրաւական ասպեկտները (երեսները-խմբ.) հաշուի առնելու անհրաժեշտութեան վրայ, եւ եթէ Ադրբեջանն այդքան շատ է սիրում անտեղի մէջ բերել միջազգային իրաւունքը, ապա թող բանակցութիւնների սեղանի շուրջ ապացուցի իր իրաւացիութիւնը, այլ ոչ թէ շարունակի ինչպէս միջնորդներին, այնպէս էլ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին շանտաժի ենթարկել պատերազմը վերսկսելու սպառնալիքով։
Ղարաբաղեան հիմնախնդիրն ունի զուտ իրաւական բնոյթ, եւ նրա արդարացի լուծումը, բնականաբար, հարկ է որոնել իրաւական հարթութիւնում։ Եթէ միջնորդներն իրօք անկեղծ են այն գտնելու իրենց ցանկութեան մէջ։
26-08-2009