
Գլենդելի քաղաքային խորհուրդը մեկնարկել է «Քոյր Քաղաքներ» ծրագրի վերաշխուժացումը՝ վերահաստատելով իր յանձնառութիւնը կառուցելու համաշխարհային կապեր, որոնք հարստացնում են մեր տեղական համայնքը՝ մշակութային, կրթական եւ տնտեսական փոխանակումների միջոցով:
Քաղաքն hպարտօրէն պահպանում է երկարամեայ գործընկերութիւններ իր քոյր քաղաքների հետ․ Մարտունի՝ Արցախում, Սանտեագօ դէ լոս Կաբայերոս՝ Դոմինիկեան Հանրապետութիւնում, Գիւմրի եւ Կապան՝ Հայաստանում, Բոուն-Գուն, Գիմպօ եւ Գոսոնգ՝ Հարաւային Կորէայում, Հիգաշիոսակա՝ Ճապոնիայում, Թլաքեպաքէ եւ Ռոզարիտօ՝ Մեքսիկայում եւ Սանտա Ռոզա, Լագունա՝ Ֆիլիպիններում։
Ի լրումն, Գլենդելը զարգացնում է բարեկամական յարաբերութիւններ Երեւանի Կենտրոն թաղամասի, Սիոնգբուկ Գու (Սէուլ), Հայենդա-Գու (Բուսան) եւ Փաջու քաղաքների հետ Հարաւային Կորէայում:

Այս միջազգային կապերը տօնելու եւ ներկայացնելու համար, քաղաքապետարանը հիւրընկալեց «Մէկ երկնքի տակ» մեկնարկային միջոցառումը, որը տեղի ունեցաւ Մարտի 26ին։ Միջոցառումը համախմբեց համայնքի անդամներին, միջազգային ներկայացուցիչներին եւ տեղական առաջնորդներին՝ նշելու Գլենդելի համաշխարհային կապերը եւ համայնքին ներկայացնելու «Քոյր Քաղաքներ»ի առաքելութիւնն ու ազդեցութիւնը։ Այս միջոցառումը նաեւ եզակի հնարաւորութիւն ընձեռեց բոլոր հետաքրքրուած կողմերին տեղեկացուած լինելու ծրագրի մասին։ Գլենդելի քաղաքային խորհրդի միաձայն աջակցութեամբ՝ քաղաքապետարանը մշակել է կառուցուածքային ծրագիր՝ ապահովելու «Քոյր քաղաքներ»ի ծրագրի բարգաւճումը` ստեղծելով մշակութային փոխանակման, տնտեսական համագործակցութեան եւ համաշխարհային ներգրաւուածութեան նոր հնարաւորութիւններ:
Քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրեանը, ով առաջնորդել է «Քոյր Քաղաքներ» ծրագրի վերագործարկումը նշել է․ «Գլենդելը հպարտ է, որ Կալիֆորնիայի ամենաբազմազան քաղաքներից մէկն է: Նոր շունչ ստացած «Քոյր Քաղաքներ» ծրագրի միջոցով մենք ամրապնդում ենք միջազգային գործընկերութիւնները եւ բացում նոր ուղիներ մեր քաղաքի, բնակիչների եւ ձեռնարկութիւնների համար՝ մշակութային եւ տնտեսական փոխանակման հնարաւորութիւնների մէջ ներգրաւուելով»:
«Այս նախաձեռնութիւնն աւելին է, քան պարզապէս խորհրդանշական քայլ. այն գործնական միջոց է, որի միջոցով մեր համայնքը կարող է փոխանակուել գաղափարներով եւ մշակոյթով՝ անցնելով սահմաններից այն կողմ։ Խրախուսում եմ մեր բնակիչներին աշխուժօրէն ներգրաւուել եւ աջակցել ծրագրի ապագայի ձեւաւորմանը», նշել է քաղաքապետ Արա Նաճարեանը։
Քաղաքապետարանը ներկայումս ընդունում է յայտեր հետաքրքրուած բնակիչներից։ Լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելէք կայքէջ։
(Հաղորդագրութիւնը՝ Կլենտէյլի քաղաքապետարանէն)