
Լոս Անջելեսը բացեց դռները հայկական «Ֆեմիննօ»ի համար, որը կանանց եւ նորարարութեան շուրջ ամենամեծ հարթակն է Հայաստանում եւ ամբողջ Հարաւային Կովկասում։ Կազմակերպութիւնը պաշտօնապէս նշանաւորել է իր լոսանջելեսեան մասնաճիւղի բացումը տեղի հայկական համայնքի սրտում՝ Գլենդելում, վերջինիս քաղաքապետ Էլեն Ասատրեանի մասնակցութեամբ։
«Անհամբեր սպասում ենք ձեր հիանալի աշխատանքին եւ այն հնարաւորութիւններին, որոնք դուք կը բերէք համայնքին՝ հզօրացնելով կանանց իրենց նախաձեռնութիւններում յաջողութեան հասնելու համար եւ ստեղծելով առաջնորդութեան ու նորարարութեան հարթակ», նշուած է Ասատրեանի շնորհակալագրում, որը անձամբ է յանձնուել «Ֆեմիննօ»ի հիմնադիր Սեդա Պապոյեանին, իր բացման խօսքից յետոյ։
Հիմնադրուած լինելով Հայաստանում՝ «Ֆեմիննօ»ն համաշխարհային շարժում է, որն աջակցում է կանանց հզօրացմանը նորարարութեան, առաջնորդութեան եւ STEM (գիտութիւն, արհեստագիտութիւն, ճարտարագիտութիւն եւ ուսողութիւն) ոլորտում սահմանները յաղթահարելու միջոցով։ «Ֆեմիննօ»ի առաքելութիւնն է կոտրել սեռային կարծրատիպերը եւ ստեղծել հնարաւորութիւններ կանանց համար՝ աճելու եւ զարգանալու։ Լոսանջելեսեան նախաձեռնութիւնը «Ֆեմիննօ»ի առաջին միջազգային պաշտօնական մասնաճիւղն է։



«Հայաստանում անցած երեք փոխակերպող տարիներից յետոյ եւ արբանեակային միջոցառումներ անցկացնելով Սան Ֆրանցիսկոյում եւ Սիդնէյում՝ մենք շատ ոգեւորուած ենք «Ֆեմիննօ»ի ճամբորդութիւնն ուղղել դէպի Լոս Անջելես։ Սա հնարաւորութիւն է՝ զարգացնելու տեղական հայկական տաղանդը եւ միաժամանակ ներգրաւելու բազմազան համայնք՝ թէ՛ կանանց, թէ՛ տղամարդկանց», նշեց Պապոյեանը։
Մեկնարկային միջոցառմանը հանդէս են եկել ճանաչուած բանախօսներ, ովքեր մեծ ներդրում ունեն թէ՛ տեղական, թէ՛ միջազգային մակարդակներում։ Նրանց թւում էր դոկտոր Կարինէ Սարգսեանը՝ «Սիդարս-Սինա»ի բժշկական կենտրոնի քաղցկեղի բաժանմունքի գիտական տնօրէնը, ապագայագիտութեան գիտնական եւ հեղինակ։ Նրան էին միացել Զարիկ Պօղոսեանը՝ ZEMA Group-ի նախագահը եւ ձեռնարկատէր՝ 30 տարուց աւելի փորձով առաջատար արհեստագիտութիւններում։ Լինդա Մկրտիչեանը, ով մասնագիտացած է բարձր արագութեամբ ազդանշանների մշակման սարքերում, նոյնպէս կիսուեց իր փորձով։ Հայաստանեան հիւրերից էր Մարիամ Թորոսեանը՝ Safe YOU հարթակի հիմնադիր եւ գործադիր տնօրէնը, ով ներկայացրեց իր տեսլականը կանանց եւ աղջիկների համար ապահով թուային տարածք ստեղծելու վերաբերեալ։ Նրա հարթակը ներկայումս գործում է վեց երկրում, ներառեալ Ամերիկայում՝ պայքարելով սեռային բռնութեան դէմ։ Երեկոն հարուստ էր նաեւ այլ ոլորտների՝ ակադեմիական, ձեռնարկատիրական եւ արուեստի համայնքների ներկայացուցիչների ելոյթներով։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցաւ քննարկում հետեւեալ թեմայով՝ «Երբ կանայք են առաջնորդում STEM-ում. արդեօ՞ք նրանք բաւարար նորարար են, թէ՞ փորձում են հասցնել»։
Լոսանջելեսեան միջոցառման կարեւոր նորութիւնն էր «Ֆեմիննօ»ի նոր նախաձեռնութեան՝ AI Girls-ի («ԱԲ Աղջիկներ») մեկնարկը՝ ուղղուած Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս երիտասարդ աղջիկների հզօրացմանը՝ արհեստական բանականութեան ոլորտում։
«Պատկերացրէք, որ աղջիկները սկսում են հասկանալ արհեստական բանականութիւնը (ԱԲ) դեռ միջնակարգ դպրոցում, յետագայում դառնալով ոչ միայն օգտուողներ, այլեւ ստեղծողներ ու որոշում կայացնողներ։ Սա է AI Girls-ի տեսլականը», նշեց Պապոյեանը՝ յայտարարելով առցանց դրամահաւաքի մեկնարկի մասին, այս նախաձեռնութեանը աջակցելու համար։


Որպէս կանանց եւ նորարարութեան եզակի հարթակ՝ «Ֆեմիննօ»ն (www.feminno.com) կառուցում է համաշխարհային ցանց՝ տեղական մասնաճիւղերով՝ հրաւիրելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրուած են արհեստագիտութիւններով, առաջնորդութեամբ եւ նորարարութիւններով, միանալու այս ընդլայնուող շարժմանը։
(Թղթակցութիւնը՝ «Ֆեմիննօ»էն)