«Ապրիլ» գրատան կազմակերպութեամբ՝ Երեքշաբթի, 4 Մարտին, երեկոյեան ժամը 7էն սկսեալ, տեղի պիտի ունենայ Եուլիա Գրիգորեանցի «Տիեզերական Մենութիւն» հատորին ներկայացումը։
Ձեռնարկը տեղի պիտի ունենայ Հայկական արուեստներու կեդրոնին մէջ, որուն հասցէն է՝ 250 N. Orange St., Glendale, CA 91203։
Մուտքը ազատ է. յաւելեալ տեղեկութիւններու համար հեռաձայնել (818) 243-4112 թիւին կամ գրել noor@abrilbooks.com հասցէին։
Ստորեւ՝ կազմակերպիչներուն յղած բացատրականը․
««Տիեզերական Մենութիւն»ը մեկուսացման ու մենութեան ուսումնասիրութիւն է Հայաստանի լեռներում գտնուող խորհրդային ժամանակաշրջանի տիեզերական ճառագայթների հետազօտական խոշորագոյն կայեաններից մէկում: Նախկինում գիտական մեծ նշանակութիւն ունեցող այս կայանը գործում է նաեւ այսօր, սակայն ամբողջ տարուայ ընթացքում այստեղ ապրում եւ աշխատում է ընդամէնը երեք մարդ՝ շրջապատուած լռութեամբ, լեռներով ու բնութեամբ: Գրքում ներկայացուած տպաւորիչ պատկերները փաստագրում են կայանի առօրեան՝ թոյլ տալով տեսնել մի աշխարհ, որտեղ ժամանակն, ասես, կանգ է առել։
«Տիեզերական Մենութիւն»ն աւելին է, քան պարզապէս այս հեռաւոր վայրի ու դրա աշխատակիցների կեանքի վաւերագրումը: Այն տեղիք է տալիս խորհելու մենութեան խորքային շերտերի մասին՝ թէ՛ ֆիզիկական, թէ՛ գոյութենական իմաստով։ Գիրքը դիտողին ստիպում է մի պահ կանգ առնել եւ մտորել մարդու, միջավայրի ու ժամանակի կապի, ինչպէս նաեւ՝ մենութեան եւ մարդկային գոյութեան իմաստի մասին: Հանրայայտ խմբագիր Սառա Լինի կողմից խմբագրուած եւ Իտալիայում տպագրուած «Տիեզերական Մենութիւն» գիրքը տեսողական ճամփորդութիւն է դէպի աշխարհի հեռաւոր գիտական կենտրոններից մէկը, որտեղ խաղաղ գոյակցում են անցեալն ու ներկան:
«Եուլիա Գրիգորեանցը վաւերագրող լուսանկարիչ է Հայաստանից: Նրա աշխատանքները բացայայտում են մարդկային կեանքի անտեսուած կողմերը՝ փաստագրելով հակամարտութիւնների հետեւանքները, լուսանցքայնացուած համայնքների կեանքը եւ ընկերային ու մշակութային մարտահրաւէրների երկարատեւ ազդեցութիւնը։ Իր լուսանկարների միջոցով նա ուսումնասիրում է յիշողութեան, մարդկանց տոկունութեան ու կորուստը վերապրելու թեմաները: Ստեղծագործական այս մօտեցումը խորապէս կապուած է հեղինակի անձնական պատմութեան հետ: Ծնուելով Խորհրդային Ադրբեջանում՝ հայկական ընտանիքում, Գրիգորեանցը 1988ին ստիպուած է եղել լքել երկիրը՝ հայերի նկատմամբ տեղի ունեցող բռնութիւններից խուսափելու համար։ Նրա մանկութիւնն անցել է Հայաստանում՝ երկրի անկախացման բարդ տարիներին: Հեղինակը վերապրել է աւերիչ երկրաշարժ, մեծացել պատերազմի հետեւանքով առաջացած ընկերատնտեսական դժուար պայմաններում: Գրիգորեանցի աշխատանքները հրապարակուել են միջազգային հեղինակաւոր պարբերականներում, այդ թւում՝ The New York Times, The Sunday Times, The Wall Street Journal, The Washington Post եւ Al Jazeera:
«Հեղինակի լուսանկարները ներկայացուել են նաեւ Շարժայի արուեստի բիենալէում (ԱՄԷ), Ալբեր-Կանի անուան թանգարանում (Ֆրանսիա), Եւրոպայի խորհրդում (Ֆրանսիա), «Սոմերսէթ Հաուս»ում (ՄԹ) եւ ՄԱԿի տանը (Հայաստան)։ Նա արժանացել է մի շարք կարեւոր մրցանակների, այդ թւում՝ Ալբեր-Կանի անուան եւ Prix Maison Blanche մրցանակներին։ Գրիգորեանցն ապրում եւ աշխատում է Փարիզում եւ Երեւանում»։