

Հոգեկան առողջութեան վերաբերեալ ընդունուած կարծիքների հերքումը կարող է օգնել վերացնելու խարանը եւ ձեւաւորելու այնպիսի մշակոյթ, որը կը խրախուսի ցանկացած տարիքի մարդկանց՝ անհրաժեշտութեան դէպքում դիմել մասնագէտի: Ահա 5 տարածուած միֆ (առասպել) հոգեկան առողջութեան վերաբերեալ.
1. Միֆ. եթէ անձն ունի հոգեկան առողջութեան խնդիր, ապա դա նշանակում է, որ նա ունի ցածր մտաւոր կարողութիւններ:
Իրողութիւն․ հոգեկան հիւանդութիւնը, ինչպէս ֆիզիկականը, կարող է սպառնալ իւրաքանչիւրին՝ անկախ մտաւոր կարողութիւնից, ընկերային խաւից կամ եկամտի չափից:
2. Միֆ. հոգեկան առողջութեան վիճակի մասին հարկաւոր է հոգ տանել միայն այն դէպքում, երբ առկայ է խնդիր:
Իրողութիւն․ սեփական բարեկեցութիւնը խթանելու եւ հոգեկան առողջութիւնը բարելաւելու նպատակով գործուն քայլեր ձեռնարկելը օգտակար է իւրաքանչիւրի համար: Ինչպէս հոգ ենք տանում մեր ֆիզիկական առողջութեան համար, այնպէս էլ պէտք է հոգ տանենք մեր հոգեկան առողջութեան համար։
3. Միֆ. հոգեկան առողջութեան վիճակի վատթարացումը խնդիր չէ դեռահասների դէպքում: Նրանք պարզապէս ունենում են տրամադրութեան տատանումներ, որոնց պատճառը հորմոնային փոփոխութիւններն են, եւ նրանք դա անում են ուշադրութիւն գրաւելու համար:
Իրողութիւն․ դեռահասները յաճախ են ունենում տրամադրութեան փոփոխութիւններ, բայց դա չի նշանակում, թէ նրանք չեն կարող հոգեկան առողջութեան խնդիրներ ունենալ: Աշխարհի դեռահասների 14 տոկոսն ունենում է հոգեկան առողջութեան խնդիրներ: Ողջ աշխարհում 10-15 տարեկանների շրջանում մահացութեան ամենատարածուած պատճառների թւում հինգերորդն ինքնասպանութիւնն է, իսկ 15-19 տարեկանների շրջանում այս ցուցանիշը չորրորդն է:
4. Միֆ. հոգեկան առողջութեան խնդիրները հնարաւոր չէ կանխել:
Իրողութիւն․ շատ գործօններ կան, որոնք կարող են պաշտպանել հոգեկան առողջութեան խնդիրների զարգացումից. դրանց թւում են ընկերային եւ յուզական հմտութիւնների զարգացումը, վաղ փուլում օգնութեան եւ աջակցութեան դիմելը, աջակցող, սիրալիր, ջերմ ընտանեկան յարաբերութիւնների ձեւաւորումը, դրական դպրոցական միջավայրը եւ առողջ քունը:
5. Միֆ. հոգեկան առողջութեան խնդիրը թուլութեան նշան է. եթէ մարդը ուժեղ լինէր, այդ խնդիրը չէր առաջանայ:
Իրողութիւն․ հոգեկան առողջութեան խնդիրը որեւէ առնչութիւն չունի թոյլ կամ կամազուրկ լինելու հետ: Մարդիկ չեն որոշում՝ ունենա՞լ այդ խնդիրը, թէ՞ ոչ: Հոգեկան առողջութեան խնդիր կարող է ունենալ իւրաքանչիւրը:
Փորձենք չանտեսել մեր հոգեկան առողջութիւնը, որը ինչպէս նշեցինք նախորդ ակնարկում, լիարժէք կեանքի կարեւոր բաղկացուցիչն է: All For Health, Health For All բժշկական կենտրոն կարելի է դիմել հոգեբանական օգնութեան համար: Առողջ եղէ՛ք: