Յունուարի 7ի երեկոյեան, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպուել Թեհրանի «Արասբարան» մշակութային համալիրում: «Հայկական երաժշտութեան երեկոյ» խորագրով միջոցառումը նախաձեռնուել էր «Բա Թառանէ» պարբերաթերթի ծրագրերի շարանում: Օրուայ հաղորդավար եւ «Բա Թառանէ» պարբերաթերթի գլխաւոր խմբագիր Համիդ Նասեհին շնորհաւորելով Ամանորը անդրադարձաւ նման միջոցառումների կարեւորութեանը:
Երեկոյի ընթացքում մեծարուեցին Իրանի երաժշտական կեանքում, ի մասնաւորի իրանական էստրադային երաժշտական ոլորտում իրենց անմնացորդ դերը իրականացրած հայ երաժիշտներ ու երաժշտական տեխնիկաների (գիտարուեստներու) ներմուծողներ: Հանգուցեալ Անդրէ Արզումանեանի, Վարուժան Հախբանդեանի եւ Վիգէն Դաւուդիի մեծարման ընդմիջով, օրուայ բանախօսների միջոցով մեծարուեցին բոլոր այն հայ արուեստագէտ երաժիշտները, որոնց անունները բազմիցս հնչեց երեկոյի ընթացքում:
Լեփ լեցուն դահլիճում, որտեղ ներկայ էին «Ալիք» հաստատութիւնից, ազգային մարմիններից ու միութիւններից ներկայացուցիչներ, իրանահայ անուանի երաժշտական վերլուծաբաններ, երաժշտագէտներ ու դիրիժորներ եւ Իրանի երաժշտական երկնակամարի ականաւոր դէմքեր, հրաւիրուեցին իրենց խօսքերը փոխանցելու: Արտայայտուեցին Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, համալսարանի դասախօս, երաժշտագէտ դոկտ. Վարդան Սահակեանը, երաժիշտներ՝ Ֆերէյդուն Խոշնուդը, Միլադ Քիանին, Միրալի Նաղին եւ անուններ որոնցից իւրաքանչիւրը անդրադարձաւ Իրանի երաժշտական ոլորտում իրանահայութեան ներմուծումների մասին եւ պարբերաթերթի արտօնատէր Ազադէ Ռաբանին: Ապա երաժիշտ-դաշնակահար Արմէն Ասատրեանի ղեկավարած երաժշտական խմբի կատարումներով երգուեցին նշուած երաժիշտներից կտորներ:
Ցուցադրուեց տեսաֆիլմ, որի ընթացքում անուանի երգիչ Արտուշը անդրադարձաւ օրուայ թեմային: Գնահատագրեր յանձնուեցին հանգուցեալ Անդրէ Արզումանեանի ընտանիքին, եւ «Փափ» ստուդիայի հիմնադիր տնօրէն եւ կոմպոզիտոր Վարուժան Հախբանդեանի ընկեր Վիգէն Դաւուդիին:
Ընթացքում շնորհանդէսը կատարուեց «Բա Թառանէ» երաժշտական հանդէսի վերջին համարի, որը պարփակում էր հարցազրոյց անուանի երաժիշտ-երգիչ Արտաշէս Աւետեան՝ Արտուշի հետ:
Վերջում նուագախումբը՝ երգիչ Ռոմիկ Ազիզեանի կատարմամբ հնչեցրեց Իսակ Իւնանէսեանի գրչին պատկանող եւ Արմէն Ասատրեանի երաժշտութեամբ՝ «Իմ Թեհրան» երգը:
«ԱԼԻՔ»