
Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի` 18 Դեկտեմբերին տուած հարցազրոյցի լոյսին տակ ծագած զանազան հարցերու պատասխան ունենալու նպատակով «Արմէնփրէս»ը հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին հետ, որ շեշտեց, թէ Ատրպէյճանի կողմէ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը անտեղի է, որովհետեւ անոր մէջ չկան Ատրպէյճանին մտահոգող տարածքային պահանջներ այդ երկրէն: Աւելի՛ն, Փաշինեան դիտել տուաւ, որ Ատրպէյճանի մէջ ընդունուած զանազան փաստաթուղթերով, Ատրպէյճանն է, որ հողային պահանջներ ունի Հայաստանէն:
Ստորեւ՝ այդ հարցազրոյցը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ադրբեջանի նախագահը ռուսական լրատուամիջոցներից մէկին տուած հարցազրոյցում հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի նախագծի 17 յօդուածներից 15ը համաձայնեցուած են, եւ չհամաձայնեցուած հարցերից մէկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, միւսը՝ միջազգային ատեաններում միմեանց դէմ ներկայացուած հայցերի ետքաշմանը: Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումը այս հարցում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Մենք շարունակում ենք կառուցողական ներգրաւուած մնալ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի քննարկումներում: Խաղաղութեան պայմանագրի չհամաձայնեցուած երկու յօդուածների վերաբերեալ էլ արդէն մէկ ամսից աւելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերեալ դեռեւս պատասխաններ չենք ստացել: Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրոյթը տարածուի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատուած հատուածների վրայ, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատուածներում հէնց սահմանազատման բերումով էսկալացիայի (մագլցումի) ռիսկն (վտանգը) էականօրէն նուազեցւում է, եթէ չասենք նուազագոյնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից յետոյ, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատուածում երրորդ ուժի ներկայութեան կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետութիւնն առաջարկում է այս տրամաբանութիւնը: Ինչ վերաբերում է միմեանց դէմ ներկայացուած հայցերի ետքաշմանը, երբ խաղաղութեան պայմանագիր է ստորագրւում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կայ երկու նրբութիւն. դրանցից մէկն այն է, որ միջազգային ատեաններում քննարկուող անհատական հումանիտար (մարդասիրական) խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պէտք է լինի եւ երկրորդը, պէտք է յստակ լինի, որ միւս հարցերով միջազգային հարթակներից վէճերը ետ քաշելուց յետոյ կողմերը նոյն հարցերը այլեւս չպէտք է դնեն եւ սրեն երկկողմ յարաբերութիւնների օրակարգում՝ դրանք էսկալացիաների յարատեւ աղբիւր դարձնելով:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ի՞նչ նկատի ունէք:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատեաններում վէճերը լուծելուց պէտք է հրաժարուել, այլեւ բուն վէճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտռում նաեւ անհատական բնոյթի հումանիտար խնդիրների մասով:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Նոյն հարցազրոյցում Ադրբեջանի նախագահը կրկին առաջ է քաշել Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութեան հարցը՝ կրկին պնդելով, թէ մեր Սահմանադրութիւնը տարածքային պահանջներ է պարունակում ընդդէմ Ադրբեջանի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ եւ կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթէ դա Ադրբեջանի կողմից արտայայտուող անկեղծ մտահոգութիւն է, այդ մտահոգութիւնը փարատուած համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետեւ պնդումները, թէ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնւում է այն փաստարկի վրայ, թէ մեր Սահմանադրութեան նախաբանում կայ ընդհանրական յղում Անկախութեան հռչակագրին, որտեղ իր հերթին յիշատակւում է Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. Սեպտեմբերի 26ին կայացրած որոշման մէջ արձանագրել է, որ Սահմանադրութեան նախաբանում Անկախութեան հռչակագրին յղումը վերաբերում է հռչակագրի բացառապէս այն դրոյթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրութեան յօդուածներում: ՀՀ Սահմանադրութեան որեւէ յօդուածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի յիշատակում չկայ: Եթէ Սահմանադրութեան բովանդակութիւնն ընդունենք այնպէս, ինչպէս Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դէպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թուականի սահմանադրական հանրաքուէին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացուել եւ մարդիկ չեն քուէարկել Սահմանադրութեան հարցով: Նոյնը կարելի է ասել դրանից յետոյ տեղի ունեցած ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների մասին: Բացի այդ, եթէ ՀՀ Սահմանադրութեան ադրբեջանական մեկնաբանութիւնը ճիշդ լինէր, ղարաբաղցի մեր քոյրերին եւ եղբայրներին Հայաստանի Հանրապետութեան կողմից փախստական ճանաչելն անհնար կը լինէր:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Դուք ասել էիք, որ Հայաստանն էլ մտահոգութիւն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրութիւնը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Այո՛, եւ այդ մտահոգութիւնը հիմնւում է այն փաստի վրայ, որ Ադրբեջանի Սահմանադրութեան նախաբանը յղում է պարունակում 1991թ. Հոկտեմբերի 18ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունուած Սահմանադրական ակտին (օրէնքին): Սահմանադրական ակտն իր հերթին յղում է անում 1918թ. Մայիսի 28ին ընդունուած Ադրբեջանի առաջին Հանրապետութեան Անկախութեան հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետութիւնը ներառում է Արեւելեան եւ Հարաւային Անդրկովկասը: 1919թ. Նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետութիւնը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտէզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկուած են Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջութեամբ, ինչպէս նաեւ Արարատի, Արմաւիրի, Գեղարքունիքի, Տաւուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրութիւնը պարունակում է տարածքային պահանջներ ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրութիւնը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կը մտցնի Հայաստան-ադրբեջան խաղաղութեան գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղութեան պայմանագրի համաձայնեցուած մասում կայ յօդուած, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող յղում անել իրենց ներքին օրէնսդրութեանը՝ արդարացնելու սոյն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղութեան պայմանագրի համաձայնեցուած մասի մէկ այլ յօդուածում ասւում է, որ կողմերը ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը, միմեանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտաւորւում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Նկատի ունէք, որ Սահմանադրութեան հետ կապուած մտահոգութիւնների պատճառով պէտք է ոչ թէ չստորագրել խաղաղութեան պայմանագիրը, այլ պայմանագրի ստորագրումը կը փարատի՞ նաեւ այդ մտահոգութիւնները:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Միանշանակ: Եւ եթէ հարցին մօտենանք Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան տեսակէտից, մեր օրէնքներով խաղաղութեան պայմանագիրը ստորագրուելուց յետոյ պէտք է վաւերացուի Ազգային ժողովում: Դրանից առաջ կառավարութիւնը պարտաւոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանութիւնը ՀՀ Սահմանադրութեանը ստուգելու համար: Եթէ Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղութեան պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրութեանը (թէեւ 2024թ. Սեպտեմբերի 26ի որոշումից յետոյ նման զարգացումը քիչ հաւանական է), կը ստացուի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշդ էին, եւ Հայաստանը ստիպուած կը լինի ընտրութիւն կատարել Խաղաղութեան պայմանագրի եւ Սահմանադրութեան որոշ դրոյթների միջեւ: Բայց եթէ Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղութեան պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրութեանը, այն կ՛անցնի վաւերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրութեան 5րդ յօդուածի 3րդ կէտի համաձայն, ՀՀ վաւերացուած միջազգային պայմանագրերի եւ օրէնքների նորմերի միջեւ հակասութեան դէպքում կիրառւում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղութեան պայմանագիրը Խորհրդարանում վաւերացուելուց յետոյ կը ստանայ գերակայ իրաւաբանական ուժ ՀՀ օրէնքների եւ այլ նորմատիւ (օրինաչափական) իրաւական ակտերի նկատմամբ եւ տարածքային պահանջների թեման վերջնականօրէն կը փակուի: Նոյնը տեղի կ՛ունենայ նաեւ Ադրբեջանում: Այսինքն, խաղաղութեան պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կը փարատի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի մտահոգութիւնները, այդ թւում՝ սահմանադրութիւնների հետ կապուած:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբակի լուծարելու գաղափարի վերաբերեալ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթէ չկայ կոնֆլիկտ (հակամարտութիւն), ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգաւորմամբ զբաղուող ձեւաչափի գոյութիւնը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզուել, որ հէնց այս նոյն տրամաբանութեամբ է հարցին մօտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջան»ի խօսոյթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ ագրեսիւ (յարձակողապաշտ) քաղաքականութիւն իրագործելը չէ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Բայց Ադրբեջանն ասում է, թէ դրանով ոչ մի տարածքային պահանջ առաջ չի քաշում ընդդէմ Հայաստանի, դա փախստականների վերադարձի իրաւունքի հարց է եւ ՀՀ Կառավարութեանը կոչ է անում արձագանգել այդ իրաւունքին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Ակնյայտ է, որ այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջան»ի խօսոյթով պաշտօնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպէս վերը ցոյց տուեցի, արձանագրուած են Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ: Եթէ այդպէս չէ, ու մենք մեր ընկալումներում սխալւում ենք, ուրեմն Արեւմտեան Ադրբեջան ասելով պէտք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետութեան Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբէյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետեւաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի կառավարութիւնն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդէն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն յարաբերութիւնների հաստատումը, որոնք կ՛ապահովեն, այդ թւում, Ադրբեջանի արեւմտեան եւ Հայաստանի արեւելեան սահմանների անվտանգութիւնը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ոչ պաշտպանական զէնքեր ձեռք բերելու մէջ բայց եւ ասում, որ Հայաստանը չի դիմանայ իր հետ սպառազինութիւնների մրցավազքում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Հայաստանը որեւէ երկրի հետ սպառազինութիւնների մրցավազքի մէջ չէ, մենք սպառազինութիւնները ձեռք ենք բերում բացառապէս Հայաստանի սահմանները եւ տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ մեր նպատակները թափանցիկ են: Մեզ փորձում են ասել, թէ պաշտպանական նպատակներով պէտք է ձեռք բերել պաշտպանական զէնքեր: Բայց պաշտպանական զէնքով հնարաւոր չէ պաշտպանութիւն կազմակերպել. ասենք Հայաստանն ունեցաւ գերյագեցած ՀՕՊ եւ ՌԵՊ միջոցներ, ինչո՞վ պէտք է պաշտպանուի ցամաքային յարձակումներից. ի հարկէ՝ հրետանիով, իհարկէ՝ հրթիռներով, իհարկէ՝ խոցման այլ միջոցներով: Ադրբեջանն էլ է ոչ-պաշտպանական սպառազինութիւն ձեռք բերում, նշանակում է ռեւանշիստական (վրէժխնդրական) քաղաքականութի՞ւն է վարում:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ադրբեջանն ընդհանրապէս Հայաստանի Հանրապետութեան կողմից սպառազինութիւնների ձեռք բերումը փորձում է դարձնել օրակարգային խնդիր:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Միջազգային բոլոր նորմերի (կանոններուն) համաձայն՝ Հայաստանի Հանրապետութիւնը զինուած ուժեր ունենալու իրաւունք ունի եւ պարտաւորութիւն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թւում՝ հնարաւոր արտաքին սպառնալիքներից: Բանակի բարեփոխումները մեր լեգիտիմ (օտինական) իրաւունքն է: Արդեօ՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ո՛չ, որովհետեւ մենք յստակ ճանաչել եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը Խորհրդային Ադրբեջանի տարածքով եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, համաձայն մեր ձեռք բերած պայմանաւորուածութիւնների եւ ձեռնպահ մնայ սպառնալիքների քաղաքականութիւնից: Գործնականում ամէն օր Ադրբեջանից սպառնալից յայտարարութիւններ են հնչում Հայաստանի Հանրապետութեան հասցէին: Այս պայմաններում մեր արձագանքը նոյնիսկ ներքին քննադատութիւնների է արժանանում, որովհետեւ մենք ասում ենք, որ նոյնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացուած (գրաւուած) աւելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատուածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման հարցում ձեռք բերուած ինստիտուցիոնալ (կառուցային) լուծումները հնարաւորութիւն են տալիս այդ հարցը կարգաւորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նոյնիսկ այս ամէնի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բիւջեների տարբերութիւնն արդէն 3 անգամ է՝ յօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինուելու մէջ, առնուազն արդար չէ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Իսկ որքանո՞վ էք բարձր գնահատում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Ես կարող եմ երաշխաւորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրայ յարձակուելու, սադրիչ գործողութիւններ ծաւալելու ոչ մի մտադրութիւն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթէ Ադրբեջանն էլ Հայաստանի վրայ յարձակուելու մտադրութիւն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հաւանականութիւնը զրօ է:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Իսկ սահմանազատման գործընթացը կը շարունակուի՞, եթէ այո՝ ո՞ր տեղամասում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Թէ՛ Հայաստանում, թէ՛ Ադրբեջանում սահմանազատման յանձնաժողովների կանոնակարգերը վաւերացուած են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պէտք է շարունակուի: Կարծում եմ առաջիկայում սահմանազատման յանձնաժողովները կը հանդիպեն՝ քննարկելու, թէ ո՞ր հատուածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրուած ենք կոնկրետ (յստակ), կառուցողական աշխատանքի:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների՞ (հաղորդակցութիւններու) հարցը. Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանութիւնը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թէ ինչպէս վերաբացել երկաթուղային հաղորդակցութիւնը, որ լիարժէք ընդունելի լինի թէ՛ Հայաստանի, թէ՛ Ադրբեջանի համար: Եւ այդ լուծման առաջարկը գրաւոր ձեւով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանգին: Երբ այդ արձագանգը լինի, անհրաժեշտ կը լինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը: