
Զինուած ուժերու ընդհանուր հրամանատար Էդուարդ Ասրեան Ազգային ժողովին մէջ լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին յայտնեց, թէ համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, որ Հայաստան պէտք է բռնագրաւուած տարածքները ետ բերէ ոչ-ռազմական ճանապարհով:
«Այո՛, ես միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետեւ կայ սահմանազատման գործընթաց, եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսւում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններում», ըսաւ ան՝ աւելցնելով. «Այո՛, ես վստահ եմ: Այո՛, սահմանազատման, խաղաղ գործընթացներով դա հնարաւոր է իրականացնել»:
Պատասխանելով այն հարցումին, թէ` «ի՞նչ տեղեկութիւնների արդիւնքում է իշխանութիւնն ասում, որ պատերազմի վտանգ կայ, Ադրբեջանը կարող է յարձակուել», Ասրեան ըսաւ. «Ո՛չ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան ներկայ դրութեամբ, իրադրութիւնը գնահատւում է սահմաններում յարաբերականօրէն կայուն»:
Ան վստահեցուց, որ ներկայ դրութեամբ ռազմական լարուածութեան վտանգ չկայ:
Բանակին մէջ մահուան դէպքերու վերաբերեալ ընդհանուր հրամանատարը վստահեցուց՝ ըսելով. «Սպայ, ենթասպայ, սերժանտ, շարքային ժամկետային, պայմանագրային ծառայողներ` իւրաքանչիւր զինծառայողի կեանքը մեր համար թանկ է, իսկ ինչ վերաբերում է քանակական համեմատականին, ես կարող եմ ասել, որ 23 եւ 22 թուականների համեմատութեամբ մենք դէպքերի աճ չունենք»: Սակայն, ան մերժեց թիւեր հրապարակել՝ «որովհետեւ դա գաղտնիք է»:
«Մենք բոլորս` սկսած ինձնից, բոլոր կանխարգելիչ աշխատանքները եւ միջոցառումները իրականացնում ենք: Պէտք է հասկանանք նաեւ, որ մենք բանակ ունենք հասարակութիւնից արատաւոր բարքերի ներթափանցում, որը կարող է իրականացուել ե՛ւ ամէնօրեայ, ե՛ւ, ե՛ւ, ե՛ւ: Մեր գործունէութեան հիմնական նպատակաուղղուածութիւնը նա է, որ այդ արատաւոր բարքերը բանակում արմատախիլ անենք: Եւ նաեւ լաւ էք հասկանում, որ բանակ են մտնում տարբեր դասակարգերի զինծառայողներ, որոնց դաստիարակութիւնը տարբեր ոլորտներում տարբեր է», ըսաւ Ասրեան:
Այդ բարքերը բանակին մէջ կը շարունակուին, «որովհետեւ մենք մեր անելիքներում եւս թերանում ենք, եւ նաեւ զինծառայողների մէջ էլ կան այդ բարքերը, որ պէտք է հանել մէջներից, ու դա եթէ իմանում էք հեշտ պրոցես (գործընթաց) է` շատ հեշտ պրոցես չէ, շատ դժուար պրոցես է, եւ այդ պրոցեսը մենք քայլ առ քայլ իրականացնում ենք»։