ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Ամերիկեան լրատուամիջոցներից տեղեկանում ենք, որ մեր արիւնարբու թշնամին՝ Ադրբէյջանը, գնում է իսրայէլեան ամենաարդիական զէնքեր, իսկ մենք զբաղուած ենք Յիսուսի արձանը կանգնեցնելով…:
Փոխարէն մեր «օլիգարխ» մեծահարուստը յատկացնի իր փողերը զէնքի գործարաններ ու զինամթերք արտադրելու գործին, նախընտրում է նմանօրինակ անտեղի ցուցադրութեամբ զարմացնել աշխարհին…
Լաւ, Յիսուսի արձանը ունի իր տեղն ու ԺԱՄԱՆԱԿԸ, ոչ թէ հիմա, երբ մեր հայրենիքը լուրջ, օրհասական, ԼԻՆԵԼՈՒ/ՉԼԻՆԵԼՈՒ շեմին է կանգնած:
Մենք պէտք է լուրջ ըմբռնենք մեր թշնամուն, թուրքի եւ ազերիի ուզածը, որ Հայաստանի ոչնչացումն է, եւ ըստ այնմ աշխատենք: Այո, պիտի ամէն տեսակ ուժով ու խելքով դիմադրենք: Ճիշդ է, նմանելու ենք Դաւիթի եւ Գոլիեաթին կամ մեզ հարազատ՝ Սասունցի Դաւիթիի եւ Մսրա Մելիքին, բայց տեսէք թէ վերջում ով յաղթեց: Ուրիշ ելք չունենք:
30 տարի մեր թշնամին, մեր աչքի առջեւ, «ափ աշքարա» զինւում էր ու յայտարարում էր, իսկ մենք անլուրջի առինք նրա ասածները, յոյսներս դրինք ապիկար ՀԱՊԿի ու միջնորդ գործակալների վրայ, փոխարէն նման զէնքերով զինուէինք:
Չէ, ուզում եմ հաւատալ, աւելի շուտ համոզուած եմ, որ մենք այդ աստիճանի չենք ԱՊՈՒՇԱՑԱԾ: Ափսոս որ վերջին 20-30 տարիներին փոխարէն եկեղեցիներ կառուցէինք, զէնքի գործարաններ սարքէինք, այսպիսի խայտառակ պարտութիւն չէինք ունենայ:
Լաւ տեսէք, որ ինչպէս է արձագանքում ամբողջ աշխարհը պայքարող Ուկրայինային: Ոչ ոք մուրացող ժողովուրդին չի յարգում ու չի սիրում:
Անգամ տեսանք, թէ ինչպէս մեր իբր թէ դաշնակից ռուսը վարուեց մեզ հետ:
Այո, այս նոյն Զելենսկին, որ հիմա լացելով օգնութիւն է աղերսում Ամերիկայից, 44 օրուայ պատերազմից յետոյ առաջիններից էր, ով շնորհաւորեց Ալիեւին, իր յաղթանակի առիթով: Անգամ նա Ադրբեջանին տրամադրեց մահացու անօդաչու սարքեր:
Բազմաթիւ երկրներ հարստանում են զէնքի վաճառքով իսկ մենք աղքատանում ենք սոյն միջոցներով մեզ պաշտպանելու առիթից, որ միեւնոյն ժամանակ կրնայ նիւթական շահ ապահովել մեր ազգային գանձարանին:
Գարեգին Նժդեհն ասել է․ «Այն ազգը, որ մեռնել չի ուզում, չի մեռնի…»:
Հաւաքենք մեր դիմացկուն ԳԵՆԵՐԻ ուժը, վռնտենք մեր մէջից հայանուն թուրքին, շտկենք մեր մէջքը, հաւատանք ու վստահենք ՄԻԱՅՆ ՄԵԶ որ փրկենք մեր Աւետեաց Հայաստան Աշխարհը:
Հաւատացէք, որ մեզ յարգող ու լսող կլինի, աւելի ճիշդ, ԿԸ ՍՏԻՊԵՆՔ, ՈՐ ՄԵԶ ԼՍԵՆ ՈՒ ՅԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԱՑՆԵՆ…