Ռ. ԿՈՐԻՒՆ

Աւանդութիւն դարձած ուրբաթօրեայ հանդիպում էր՝ Սեպտեմբերի 11ին, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան կենտրոնում: Նշուած թուականից մի քանի օր առաջ հանդիպելով իմ վաղեմի ընկեր՝ Արսէն Յովսէփեանին, որը Հայաստանից մէկ ամսով այցելութեան նպատակով գտնւում էր Գլենդելում, իրեն հրաւիրեցի այդ հանդիպմանը: Նա 1967ին վերածնուած Հայաստանով հպարտ, ընտանիքով Իրանից հայրենադարձում է․ այն ժամանակ երիտասարդ Արսէնը Քուշէշ-Դաւթեան հայկական դպրոցում միջնակարգը յաջողութեամբ աւարտած իր ուսումը շարունակում է Երեւանում աւարտելով թատերական բաժինը եւ աշխատանքի է անցնում նոյն բնագաւառում: Նախքան սովետի փլուզումը, յուսախաբ արտագաղթում են Ամերիկա, հաստատուելով Գլենդելում: Քսան երեք տարի հոն ապրելուց յետոյ, Հայաստանի կարօտով վերադառնում եւ այժմ ապրում է Երեւանում:
Այդ հանդիպման օրը բարեբախտաբար զով եւ հաճելի օր էր․ մի քանի օրերի կիզիչ արեւը մասամբ նահանջել էր, եթէ վերստին ջերմութեան թափը չբարձրանար, քանի որ չի լինում հաշիւ անել Լոս Անջելեսի օդերեւութաբանական տուեալների վրայ՝ փոփոխական, յեղյեղուկ մարդու նկարագրի նման:
Չենք կարող չասել որ, երբ հայեր իրար շուրջ են հաւաքւում ամէն ինչ մի կողմ դրած միայն ու միայն Հայաստանի մասին են խօսում, մտքերի փոխանակութիւն անում, երբեմն էլ տեսակէտների բախում է առաջանում․ բարեբախտաբար այս մեր հանդիպումները անցնում են փոխըմբռնման հասկացողութեամբ: Հայաստանը ապրող ոգի է սփիւռքահայ օջախներում, հայրենիքը էութեան մասնիկն է․ ակնկալելով միշտ յաջողութիւններ ազգային եւ հայրենասիրական ոլորտներում, պատրաստ են հարկ եղած օգտակարութեամբ աջակցելու:
Սեղանի շուրջ, իբրեւ յարգանք խօսքը տուինք հիւրին:
Նա մտերմաբար այսպէս սկսեց.
– Սիրելինե՛ր, ինչ կը ցանկանաք ասեմ այսօրուայ Հայաստանի մասին, չեմ ուզի ձեզ յուսախաբ անել, բայց չի կարելի այն ինչ իրականութիւն է, ծածկել․ դժգոհութիւնները իշխանութեան քաղաքականութեան մասին համարձակօրէն տարբեր խաւերից արձագանգւում են, իշխանութիւնը փոխանակ ժողովրդի մէջ միասնականութեան ոգին ամրապնդի, բանակը ուժեղացնի, սահմանները պաշտպանի, թշնամուն գրաւած տարածքներից դուրս հանի, հայրենիքի ապահովութեան, հայրենիքի եւ ազգային շահերը հետապնդի, անընդհատ զիջումներով խաղաղութեան մասին է ճառում։ Հասկանում ենք՝ խաղաղութիւնը յառաջընթաց կեանք է, սակայն չի կարելի մեր ազգային գոյատեւման կռուանները եւ հողերը զիջել․ անհեթեթ քաղաքականութիւն է եւ մոլորեցնող: Անշուշտ ցաւերը եւ խնդիրները շատ են, յուսով իշխանութիւնը խելքի կը գայ Հայաստանի մասին մտածելով, Սփիւռք-Հայաստան միասնաբար հզօրացնելով, իրաւ եւ փոխշահաւէտ դաշնակցային քաղաքականութիւնը պաշտպանելով:
Աւելի ուշ մեզ միացան Վարոսը եւ Գալուստը․ Վարոսը Բագրատ սրբազանի մտածումների մտորումների մէջ, հայոց եկեղեցու կողքին կանգնած, պաշտպանում է նրա եկեղեցական, ազգային, մշակութային եւ հայրենասիրական դրուածքը, որը աւանդուել է դարերի խորքից: Գալուստը մեր աւանդական դաշնակցից յուսախաբ, յոյսը դրել է իշխանութեան նոր արեւելումի քաղաքականութեան վրայ: Գրողներից մէկն էլ ասաց․ «Աշխարհային դաւերի զինուոր Եւրոպան այլեւս միրաժ է, ամէն պահ ցնդելու պատրաստ միրաժ»:
Այս բոլոր արտայայտութիւնները եղան մեղմ եւ հանդարտ մթնոլորտում․ դեհ այսպէս պիտի լինի, որպէսզի լսարանը դրական հայեացքների եւ մտքերի հետ համոզուած արդարացի որոշում կայացնի:
Արտայայտուած մտքերը անձնական բնոյթ ունեն չառնչուող Իրանահայ միութեան գործելակերպին, քանի որ միութիւնը նուիրուած է մշակութային եւ հայապահպանման ծառայութեան, իրեն զերծ պահելով քաղաքական հոսանքներից:
Մտքերի փոխանակութեան յաջորդեց գեղարուեստական բաժինը: Գիտնալով Արսէնի տաղանդը ասմունքի նկատմամբ առաջարկուեց արտասանի: Նա ապրումով արտասանեց Դանիէլ Վարուժանից՝ «Յաղթանակի Գիշեր…» եւ Շեքսփիրի՝ «Համլետ»ի «Ողբերգութիւն»ից հատուածներ արժանանալով գնահատանքի:
Ռուբէնը կարդաց մի պատմուածք իր՝ «Մի Բուռ Պատկերներ» գրքից՝ «Ի՜նչ Մարդահաճոյ Արարք» խորագրով: Պատմուածքը իրաւ պատահած կեանքից է, այդ մարդահաճոյ արարքի հեղինակը եղել է Արսէնը:
Այսպիսով մեր հանդիպումն էլ իր աւարտին հասաւ: