Շաբաթ օրը, «Մարիոթ Արմենիա» հիւրանոցում հանդիպելով «շուրջ 1700» երիտասարդ էնտուզիաստների հետ, նախկին նախագահը սեթեւեթանքով ասել է. «Ես ընդամէնը ձեր գործիքն եմ»։ Բայց համազգային շարժումը համակարգի (իմա՝ երբեմնի ծաղկուն տնտեսութեան) կազմալուծման-կազմաքանդման գործիք դարձնելու «գործընթացի» ականատեսներս հօ լա՛ւ գիտենք, որ իրականում երիտասարդութիւնն է «ընդամէնը գործիք»՝ Տէր Պետրոսեանի վրէժխնդրական նկրտումներն առաջ տանելու համար։
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Երիտասարդ գործիչների հետ հարցուպատասխանը (որի ընթացքում Տէր Պետրոսեանը ապագայ յեղափոխականներին մանրամասնօրէն բացատրում է, թէ ինչպէս պէտք է 88ի օրինակով թաւշեայ յեղափոխութիւն անել եւ, «պատմութիւնը կեղծ կատեգորիա է» հիմնարար թեզին հաւատարիմ, փորձում «սրբագրել» ոչ հեռու անցեալի իրադարձութիւնները) ոչ միայն չի բացում բազմիցս եւ տարբեր մակարդակներով ՀՀՇին հասցէագրուած օրինաչափ հարցադրումների փակագծերը, այլեւ բազում նոր հարցականներ է առաջացնում։
Անդրադառնանք դրանցից մի քանիսին։
«Մենք նրանց (յանցաւոր վարչախմբի) դէմ այդպէս (օրէնքի տառը մինչեւ վերջ յարգելով) պէտք է պայքարենք. թող իրե՛նք օրէնքը խախտեն, թող գիշեր-ցերեկ խախտեն։ Միշտ էլ չարը վերջ է ունենում», ասում է ԼՏՊն։ Հարց՝ արդեօք, սա նշանակո՞ւմ է, որ հհշական վրէժխնդրութեան լծուածները շարունակելու են Հոկտեմբերի 23ի օրինակով ընդհարումներ հրահրել իրաւապահների հետ՝ ստիպելով դիմել ուժային գործողութիւնների, եւ յետոյ՝ նստել թերիտէյվիսների ականջին, զեկուցելով, որ իշխանութիւնները գիշեր-ցերեկ խախտում են օրէնքը։
Հարց երկրորդ. 98ին չարի վերջը իսկապէս եկաւ, եւ երկիրը կամաց-կամաց սկսեց յաղթահարել տէր-պետրոսեանական վարչակարգի «շինիչ գործունէութեան» հետեւանքները. երիտասարդ յեղափոխականներին հրահանգաւորելով՝ նախկին նախագահը յոյս ունի չարը ի շրջանս իւր վերադարձնել եւ ժողովրդի գլխին վերստին փորձա՞նք բերել։
ՂԱՐԱԲԱՂՈՎ ՉԿԱՅ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
Հերթական անգամ զարգացնելով «Ղարաբաղն է Հայաստանի բոլոր դժբախտութիւնների պատճառը եւ մեր լուսաւոր ապագայի գլխաւոր խոչընդոտը» ռազմավարական դրոյթը, ԼՏՊն այդպէս էլ չի բացայայտում սոյն անյաղթահարելի արգելքը վերացնելու, իմա՝ Ղարաբաղի հարցը կարգաւորելու բանաձեւը։
Փոխարէնը մի քանի անգամ կրկնում է ատրպեճանական տեսակէտը, թէ բոլոր վերջին տարիներին ոչ թէ Ատրպէյճանն է իր առաւելապաշտական նկրտումներով ու ռազմատենչ յայտարարութիւններով միտումնաւոր խոչընդոտել բանակցային գործընթացը, այլ Հայաստանը. անձամբ նախագահ Քոչարեանը՝ 10 տարի անընդմէջ «կարգաւորումը խափանելու, վիժեցնելու» ճանապարհով։ Միաժամանակ անուղղակի «բանաձեւում» է փրկութեան բանալին՝ ասելով. «Միայն մի տարր կայ, որի հետ ոչ ոք չի կարող հաշուի չնստել՝ Հայաստանի ապագայ նախագահը պէտք է լինի ոչ ղարաբաղցի»։ Այլ կերպ ասած՝ «թէկուզ պոլի փետ լինի, միայն թէ ղարաբաղցի չլինի»։
Քայլ առաջ անելով 97ի «սկզբունքային» ղարաբաղատեացութիւնից, նախկին նախագահը բացայայտօրէն հակադրում է Ղարաբաղը՝ Հայաստանին, ղարաբաղցիների շահերը՝ հայաստանցիների շահերին. «Ղարաբաղը խնդրին մօտենում է Ղարաբաղի շահերի տեսակէտից։ Սա յատուկ է բոլոր տեղական մարզային կամ գաւառային հայրենասիրութիւններին», եւ «այսպիսի պարագայում ծագում են հակասութիւններ Ղարաբաղի շահերի եւ Հայաստանի շահերի միջեւ»։
Հայաստան-Սփիւռք «հակասութիւնները» նոյնպէս չի շրջանցում. «Եթէ կ’ուզէք իմանալ իմ հիմնական խոհը Սփիւռքի մասին՝ Սփիւռքը հարակայ ինքնուրոյն գոյութիւն է. դրա հետ պէտք է հաշտուել, դա կայ եւ դա չի փոխուի։ Հայաստանը ուրիշ ինքնութիւն է»։ Այնպէս որ, նարինջ ուտողները թող զբաղուեն սեփական խնդիրներով ու քթները չխոթեն մեր ներքին գործերի մէջ։ Առաւել եւս՝ չխանգարեն հայ-թուրքական «հաշտեցմանը»։
ԳԱԼԻՍ Է՝ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ
Ոչ պակաս հետաքրքրաշարժ է, թէ Տէր Պետրոսեանը վերընտրուելու դէպքում ինչպէս է պատրաստւում «աշխատել» խորհրդարանի հետ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «այսօր աւազակապետական իշխանութիւնը որեւէ հակակշիռ չունի»։
Եւ այսպէս. «Ինչ պէտք է անի նոր նախագահը։ Ինձ թւում է ոչինչ չպէտք է անի, պէտք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էութեան, նրա լուծարման մեքանիզմ չկայ։ Պիտի համոզմունքով, իր խօսքով, իր ծրագրերով, կարողանայ այնպէս անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանութեան ներկայացրած օրէնքները ընդունելուն»։ Ուշադրութիւն դարձրէք՝ ա՛յն գործադիր իշխանութեան, որ նոյն խորհրդարանի քաղաքական մեծամասնութիւնն է ձեւաւորում։ Եւ, բնականաբար, ոչ թէ այլընտրանքային «նոր նախագահի», այլ ժողովրդի վստահութեան քուէն ի՛ր ծրագիրն է իրականացնելու։
Այստեղից՝ հետեւութիւն. ԼՏՊն լիովին պատրաստ է անգլիական թագուհի աշխատել ԱԺ «աւազակապետական» մեծամասնութեան մօտ։ Եւ սրանով ամէն ինչ ասուած է։
Ուստի շատ չերկարացնենք. ԼՏՊն իր ղեկավարման «եօթուկէս տարիների» հմայքներին անտեղեակ երիտյեղափոխականների հարցերին ի պատասխան՝ միանշանակ փաստում է, որ հհշական կարմիր կովը կաշին չի փոխել։ Ընդամէնը ծերացել է, որքան էլ ոմանք փորձեն սոյնը քօղարկել՝ ջանասիրաբար ռըթուշի ենթարկելով եւ «երիտասարդացնելով» առաջնորդի՝ Տորիըն Կրէյի դիմանկարի հանգոյն աղճատուած «դիմագիծը» հանրահաւաքաւորներին միթինկի հրաւիրող «ծանուցագրերում»։
Այսքանից յետոյ մնում է զարմանալ. եթէ ԼՏՊն, ինչպէս ինքն է ասում, քաղաքականութիւնը հասկանում է այնպէս, որ «եթէ քաղաքականութեան մէջ մտար եւ չունես հարուածներ տալու եւ հարուածներ ընդունելու ընդունակութիւն, աւելի լաւ է գնաս տուն, քաղաքականութեամբ պէտք չէ զբաղուել», ինչո՞ւ որոշեց դաւաճանել սոյն գործնապաշտ թեզին։ Հարուածներ տալու եւ հարուածներ ստանալու անկարողութիւնը փաստելով՝ 98ին, յուրախութիւն բոլորիս, փակուեց իր սեւ ապարանքում եւ քաղաքականութեամբ չէր զբաղւում (ինչը, ի դէպ, շատերը ճիշդ չէին հասկացել. կարծում էին՝ իր շրջապատին հակառակ, նախկին նախագահը բաւականաչափ պարկեշտ է՝ իրողութիւնները ոտքից գլուխ շուռ տալու, սեւին սպիտակ, սպիտակին սեւ ասելու համար)։
Հիմա ինչո՞ւ է յայտնուել. 10 տարի անց եկել է՝ ասելու, որ մազաչափ անգամ չի՞ նահանջել իր իսկ ստեղծած ակնյայտ կեղծ կարծրատիպերից, եթէ չասենք աւելի է խորացել իր մտասեւեռումներում։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նոյեմբեր 8, 2007