
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունց, Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան, Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան յանձնախումբի անդամ Կարէն Բեքարեան յայտարարութեան մը միջոցով ողջունեցին 28 Յունիսին Միացեալ Նահանգներու քոնկրեսին ներկայացուած, Ատրպէյճանի կողմէ Արցախի բնակչութեան նկատմամբ ցեղային զտումները դատապարտող բանաձեւը:
Ստորեւ՝ նշեալ յայտարարութիւնը.
«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի եւ Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացուած բանաձեւը, որով առաջարկւում է պաշտօնապէս ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացուած էթնիկ (ցեղային) զտումները, պատասխանատուութիւն պահանջել Ադրբեջանից ռազմական յանցագործութիւնների համար եւ պաշտպանել արցախցիների` անվտանգ եւ ապահով վերադարձի իրաւունքը:
«Կարեւորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացուած այս բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թուականի Սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան (յարձակումը) եւ ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անյապաղ գործողութիւններ ձեռնարկել`
«- Ապահովելու Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի սեփական հայրենիք ազատ եւ անվտանգ վերադառնալու հիմնարար իրաւունքը` անվտանգային ամուր երաշխիքների ներքոյ,
«- Պատժամիջոցներ կիրառել ռազմական յանցագործութիւնների համար մեղաւոր ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ,
«- Հումանիտար (մարդասիրական) աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին` բռնի տեղահանուած արցախցիների հումանիտար խնդիրները հասցէագրելու համար,
«- Կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրուող ռազմական աջակցութիւնը,
«- Քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակման եւ Արցախում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ:
«Լիայոյս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացուած բանաձեւը պաշտօնապէս կ՛ընդունուի Ներկայացուցիչների պալատի կողմից, եւ դրանում ներկայացուած դրոյթները կ՛արտայայտուեն ԱՄՆ գործադիրի կողմից վարուող քաղաքականութեան մէջ` նպաստելով Հարաւային Կովկասում արդարացի եւ տեւական խաղաղութեան հաստատմանը»: