ՄԱՐԳԱՐԻՏ ԴՈՒՄԱՆԵԱՆ*
Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին Ֆրեզնոյի Սուրբ Պօղոս եկեղեցու բակում տեղադրուեց խաչքար՝ 1.5 միլիոն նահատակների յիշատակին: Ամէն տարի, Ապրիլի 24ին նախորդող շաբաթ օրը եկեղեցու բակում շաբաթօրեայ դպրոցը կազմակերպում էր սուրբ նահատակների յիշատակին նուիրուած միջոցառում: Եկեղեցու հովիւ Եսայի քահանայ Պետրոսի եւ Յակոբ սարկաւագ Իսկենեանի առաջնորդութեամբ դասարաններից երեխաները, ծնողները եւ ուսուցիչները դուրս էին գալիս, ծաղիկներ էին խոնարհում խաչքարի առջեւ, խնկարկում, մոմ վառում եւ միասնաբար երգում Տէրունական աղօթքը: Այնուհետեւ հայրենասիրական ոգեշնչող երգերով եւ բանաստեղծութիւններով ելոյթ էին ունենում վարժարանի սաները եւ խոստանում, որ մի՛շտ բարձր կը պահեն հայի պատիւը, միշտ կը խօսեն հայերէն եւ կը պահպանեն հայ մշակոյթը եւ հայի ինքնութիւնը։
Այս տարի վարժարանի սաները հրաւիրուած էին մասնակցելու Ֆրեզնոյի համալսարանի բակում հայոց Մեծ Եղեռնի յուշահամալիրի մօտ կազմակերպուած հայոց ապրիլեան նահատակների յիշատակութեան միջոցառմանը: Ի դէպ, այս յուշահամալիրը Ամերիկայում միակն է, որ կառուցուած է համալսարանի տարածքում: Բազմաթիւ հայեր եւ օտարներ եկել էին իրենց յարգանքի խոնարհումը մատուցելու սրբադասուած նահատակներին: Աշակերտները, ուսուցիչները եւ ծնողները ծաղիկներ խոնարհեցին յուշարձանի յաւէրժութեան նշան մօտ: Միջոցառման փակումը վստահուած էր մեր գալիք սերնդին՝ մեր հրաշալի բալիկներին: Յատուկ այս միջոցառման համար դպրոցի տնօրինութիւնը Հայաստանում պատուիրել էր խորհրդանշական վզկապներ՝ եռագոյն դրօշի վրայ մեր եկեղեցու վարժարանի անունը եւ Մեսրոպ Մաշտոցի նկարը: Երեխաները կատարեցին «Դէ, զարկէ՛ք, զարկէ՛ք» եւ «Հայ ենք մենք» երգերը: Կրթօջախի սաների ելոյթն արժանացաւ բուռն ծափողջոյնների:
Մի յիշարժան օր եւս անցաւ մեր վարժարանի պատմութեան գիրկը: Վարժարանի ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում, որպէսզի կրթեն հայրենիքին արժանի՝ հոգով եւ ողջ էութեամբ հայ քրիստոնեայ սաներ:
* Շաբաթօրեայի տնօրէն